Search This Blog

2010-08-18

Քաղաքականությունը եւ պառակտումը

Քաղաքականութունն անընդհատ դիրքորոշվելու «արվեստ է»: Տվյալ դեպքում նկատի ունեմ ոչ թե «բարձր քաղաքականությունն», այլ քաղաքական գործընթացների մեջ այս կամ այն կերպ ներգրավված կամ քաղաքական համակրանքներ ունեցող անձի «արվեստը»: Քաղաքական տարերքը նրբերանգներ չգիտի, եւ առավել հաճախ սեւ ու սպիտակի՝ «կողմ ու դեմ»-ի, «այո կամ ոչ»-ի լեզվով է խոսում: Քաղաքականը չկա նաեւ բաժանումից ու տարանջատումից դուրս: Իրական քաղաքական առաջնորդը նա է, ով «պառակտում է», ում խոսքերի, գործերի, կերպարի շուրջ ծավալվում է բանավեճը, իսկ ավելի ստույգ՝ դիրքավորումը: Եվ կարեւոր չէ՝ արդյո՞ք գործ ունենք ծավալուն եւ «խելոք» փաստարկներով հագեցած բանավեճի, թե ուղղակի պարզագույն՝ «այո կամ ոչ»-ով արտահայտված «լեզվակռվի» հետ: Էականը հստակ ընտրության պահն է: Էականը երկու դրոշակներից մեկի կողմից լինելն է: Իհարկե, կարելի է երկու դրոշակներն էլ մերժել, բայց այդ դեպքում, բնականաբար հայտնվում ես խաղից դուրս վիճակում:
Հաճախ բողոքում ենք. ե՞րբ պիտի վերջապես գա այն պահը, երբ ստիպված չենք լինի ընտրել երկու չարյաց փոքրագույնների միջեւ: Ճիշտն ասած, կարծում եմ, որ այդ պահը երբեք չի գա: Մեծ հաշվով, թե՛ պետությունը, թե՛ քաղաքականությունն իրենք իրենցով չարյաց փոքրագույնն են: Նրանցից չի կարելի սպասել ավելին, քան նրանք ի զորու են տալ՝ վերագրելով քաղաքականությանը (կամ առնվազն պետությանը) վախճանաբանական նպատակներ (ազատության, արդարության եւ խաղաղության արխետիպերի վերջնական հաստատում): Ընտրության պահն ինքնին ենթադրում է սկզբնական երկատվածություն, հետեւաբար իդեալի՝ միասնականության եւ խաղաղության բացակայություն: Աշխարհը սկսվում է երկատումից, եւ դա, ըստ հին ուսմունքների, «չարի», բայց նաեւ արարման, սկիզբն է:


2010-06-03

Հակադեմոկրատական լիբերալիզմը

Գազայի շուրջ ծավալվող դեպքերը նորից գալիս են ապացուցելու, որ ձախ լիբերալիզմի այն տեսակը (կոչե՛ք այն ինչ անունով, որ ուզեք, բայց կարծում եմ հասկանում եք, ո՛ր երեւույթի մաիսն է խոսքը), որը հավակնում է մենաշնորհել եվրոպական եւ միջազգային հասարակական կարծիքը ոչ մի առանձնապես կապ էլ չունի դեմոկրատիայի  եւ արեւմտյան արժեքների հետ: Եւ ի դեպ, բացի աջ՝ պահպոնաղական հակասեմականությունից, գոյություն ունի նաեւ յուրահատուկ ձախ հակասեմականություն: Իսրայելը բոլոր տեսակի "առաջադեմ" դեմքերի եւ պոստմոդեռնիստ լիբերալների աչքի փուշն է, որովհետեւ մի պետություն է, որն ունի հստակ եւ չլողզված արժեքային դաշտ, պետություն է, որն ունի իր այո՛-ն եւ ո՛չը, կո՛ղմն ու դեմը, սիրելն ու ատելը: Ամեն տեսակի հաստատումից, օբյեկտիվությունից, կենտրոնից խուսափող պոստոմդեռնիստական գիտակցութունը բնազդորեն վախենում է համակարգերից, որոնք կենտրոն ունեն եւ գիտեն՝ ո՛րն է ճշմարտությունը: Պիղատոսի նման նրանք հարցնում են՝ "ինչ է ճշմարտությունը":

2010-05-28

Մեր արհամարված անկախությունը

Այսօր Առաջին Հանրապետության անկախության հռչակման օրն է: Մի քանի տասնամյակ այդ խեղճ՝ հազիվ երկուսուկես տարի գոյատեւված հանրապետությունը սովետական քարոզչության ինքնահաստատման, ծաղրուծանակի, նվաստացման գլխավոր առարկաներից էր: Ճիշտ այնպես, ինչպես Երրորդ հանրապետության առաջին տարիները սովետահայերի ատելության գլխավոր օբյեկտն են այսօր:
Ոմանք սիրում եմ սեփական երկիրը միայն երբ այն հզոր է, մեծ է եւ հարուստ: Որբերի, փաստականների, սովի ու պատերազմի Առաջին Հանրապետությունը այդպիսի սիրո առարկա չէր կարող ու չի կարող լինել: Նա գոյատեւեց ընդամենը երկու տարի, եւ նրան շանս չտրվեց ապացուցելու, որ Հայաստանի առաջին անկախությունը հղի էր շատ ավելի զարգացած, առաջադեմ, մշակութապես ուժեղ Հայաստանով, քան ստալինյան ՀՍՍՀ-ը: Առաջին Հանրապետության այլընտրանքային պատմությունը՝ գիտական վերլուծության մեթոդի կիրառմամբ դեռ չի գրվել, որպեսզի ապացուցվի կամ հերքի այսպիսի հնարավորության հավանականությունը:

2010-05-24

Ազգադավների եւ ազգասերների մասին

Ֆեյսբուքյան վերջին քննարկումները, հատկապես Մարինե Պետրոսյանի հարուցած թեմաները, իմ համար նորից ակտուալացրեցին մի թեմա, որին այստեղ միայն շատ կարճ կանդրադառնամ՝  հետագայում դրան նորից վերադառնալու հույսով: Դա ազգադավների եւ ազգասերների թեման է: Մի կողմ թողնենք դրա պատմական առումները, որովհետեւ դրանց քննարկումը շատ կբարդացներ մեր խոսակցությունը: Պատմությունից Հայաստանում հնարավոր չէ այլեւս խոսել, քանի որ ներկայիս սերունդը դեռ չի ձեւակերպել Հայոց պատմության իր շարադրանքը՝ պատումը: Բայց հե՛նց այսօրվա մասին էլ խոսելիս առատորեն օգտագործվում է "դավաճանների" ու "հայրեսնասերնեի" բաժանումը: Այս բաժանումը այսպես կոչված "հայրենասերներ"-ի առասպելաբանաության գյուտն է:

2010-05-18

Լաչինի ազատագրման տարեդարձը

Այսօր լրանում է Լաչինի ազատագրման 18-րդ տարեդարձը: Սա հիշատակման եւ շնորհավորանքի արժանի օր է բոլոր հայերիս համար: Չնայած 1992-ի այս օրը առջեւում էին դեռ ծանր մարտեր, այդ թվում` պարտություններ, բայց, կարելի է ասել, որ Լաչինից (եւ անշուշտ նաեւ Շուշիից) սկսվեց դարերի ընթացքում մեր առաջին կայուն հաղթանակը: Լաչինը` Բերձորը այսօր այն ազատագրված տարածքներից է, որը քիչ թե շատ բնակեցված է հայերի կողմից` շնորհիվ Ալեքսան Հակոբյանի գործնեության "ազգադավ" վարչակարգի օրերին: "Հայրենասերների" օրոք ազատագրված տարածքների բնակեցումը աստիճանաբար դադարեցվեց: Տարածքն առանց մարդու ոչինչ է: Անմարդաբնակ տարածքները (եթե խոսքն, ի սկզբանե անապատաի մասին չէ) ուշ թե շուտ պետք է հանձնվեն: Եթե կան դեռ ոմանք, որոնք կարծում են, թե հայրենանվեր կառավարությունը չի պատրաստվում ուշ թե շուտ հանձնել ազատագրված տարածքենրը, ապա նրանց այս կարծիքը լավագույնս հերքովում է հենց տարածքների չբնակեցված լինելու փաստով: Այսօր բանը հասել է նրան, որ խոսում են նմույնիսկ Լաչինի միջանցքի եւ Քարվաճառի հանձնման մասին: Սա այն դեպքում, երբ նախկինում այս տարածքների, եւ հատկապես Լաչինի մասին խոսք չի եղել: Բայց հայ, այդ թվում արցախյան հասարակության մի մասը շարունակում է միամտորեն, իսկ ոմանք էլ չարամտորեն հավատալ հայրենասիրության այն տիպին, որը գերակայում է Հայաստանում` պոռոտախոս, հորս արեւ երդվող, եւ առնվազն` անմիտ, իսկ իրականում Հայաստանը դեպի կործանում տանող: Հայրենասերն նա՛ է մեզ մոտ, ով ավելի բարձր է գոռում իր հայրենասիրության մասին: Կարծես սեփական երկրի նկատմամաբ սերը մի ինչ որչ առանձնահատուկ շնորհ է, որի մասին պետք է ամեն անգամ բարձրաձայնել, կամ, կարծես սերն, առհասարակ այն զգացմունքն է, որի մասին բարձրաձայն պատմում եմ բոլորին: Պրոֆեսիոնալ հայրենասերների մոտ տարածված է մարդկանց բաժանումը հայրենասերների եւ ոչ հայրենասերների: Բայց հարենասիրությունը չի կարող լինել հատուկ քաղաքական դիրքորոշում կամ ինքնանույնացման հիմք: Եթե այդպիսին է դառնում, արդեն իսկ կասկածելի է: Է՛լ չասած այն բանի մասին, որ հայրենասիրությունը եւ ազատության արժեքի ժխտման համատեղումը աբոսուրդ է ինքնին: Բայց սա արդեն մի առանձին թեմա է: Այսօր հիշում ենք Լաչինի ազատագրումը, որպես եւս մի առիթ վերջապես իմաստավորելու մեր հաղթանակը: Չիմաստավորված հաղթանակը ուշ թե շուտ վերածվելու է պարտության:






2010-05-17

Լեզվակռիվը սկսվեց

Որոշեցի լեզվի հետ առնչվող թեմաների համար բացել առանձին հարթակ` http://lezvakriv.blogspot.com/:
Իսկ այս բլոգում կշարունակեմ խոսել այլ` ի սկզբանե նախատեսված թեմաների շուրջ:
Նոր բլոգում արդեն կան թարմացումներ
Լեզվի մանիֆեստը կամ անասուն ազգ Մաս Ա եւ նույնի Մաս Բ






2010-05-07

Հրանտ Նազարյանց` 20-րդ դարասկզբի հայ բանաստեղծ

Վերջապես ավարտեցի դեռ անցյալ տարվանից սկսած ընթերցանությունը` Հրանտ Նազարյանցի բանաստեղծությունները տպված այդ հեղինակի "Ընտրանիում" (2008 Սարգիս Խաչենց հրտարակության կողմից): Ընդհանրապես այս բլոգիս սկզբնական նապատակներից էր նոր հրատարակված հայկական գրքերից իմ տպավորւթյունները կիսելն էր, ինչը ցավոք նոր եմ անում, որովհետեւ էս դպրոցների թեման շատ շեղեց Չարչարենցին:
Հրանտ Նազարյանցը մինչ այժմ մեր մոտ գրեթե անծանոթ հեղինակ էր: Նույնիսկ Ինդրայի կամ Եղիա Դեմիրճիբաշյանի մասին ինչ որ բաներ լսել էինք, բայց Նազաևրյանցը գոնե իմ համար լրիվ նոր անուն էր: Հեղինակի մասին չեմ պատմի, որովհետեւ այդ ինֆորմացիան կարող եք ինքնուրույն գտնել: Ասեմ, որ դարասկզբի Պոլսի պոեզիայի առաջատար դեմքերից էր:
Տպավորություններս երկակի են: Որպես վարպետ Նազարյանցն իրոք բարձրագույն մակարդակի է: Կարող է ոչ միայն մրցել, այլեւ հաճախ հեշտությամբ հաղթել մեր ճանաչված պոետներին: Իմ սիրված պոետների տիպից է, որոնց համար ձեւական կողմը առաջնային է, որոնք գրում են լեզվի միջից եւ ոչ էնքան իրենք են արտահայտվում, որքան լեզուն խոսացնում, լեզվի մեջ թաքնված իմաստները վերհանում: Իմ կարծիքով սա պոեզիայի բարձրագույն տիպն է, ու իմ ճանաչած հայ պոետներից Նարեկացուց բացի, գուցե միայն Մեծարենցին հիշատակեմ էս շարքում, մեկ էլ, իհարկե նույն Ինդրային: Համաշխարհային անուններից` Ռիլկե, Մանդելշամ, Բրոդսկի եւ այլոք (բայց որ, օրինակ, Խլեբնիկով, որի մոտ լեզվի հետ խաղը չափից ավելի բացահայտ է: Դա էլ է շատ հետաքրքրիր, բայց դա ուրիշ դեպք է): Նազարյանցի մոտ կա ե՛ւ պոեզիայի երաժշտական կողմը` հնչյունների, ռիթմի ուշադիր ընտրություն, ե՛ւ "նկարչական"` անսապեսլի պատկերներ, իմպրեսիոնիստական երանգներ եւ այլն: Սա մի կողմից:
Մյուս կողմից, իմ անձնական, բայց, կարծում եմ, թերեւս նաեւ ոչ միայն անձնական տեսակետից, Նազարյանցը շատ ուշ է հայտնվում: Եթե անձնականի մաիսն խոսեմ, ապա սիմվոլիզմի նկատմամաբ երբեմնի հակումս գրեթե ի սպառ վերացել է, եթե չասեմ փոխվել է հակառակի: Իսկ Նազարյանցը սիմվոլիստ է, թեեւ նաեւ Մարինետիի Ֆուտուրիզմի մանիֆետսի թարգմանինչն է հայերեն: Ու եթե նրա պոեզիայի ձեւական կողմը հաճախ կարող է բավարարել ամենանրբին ճաշակը, էլ չեմ ասում իմ պես սովորական ճամփորդին, ապա բովանդակության առումոն նա գրեթե ոչինչ չունի ասելու ինձ:
Վախենամ թե ոչ միայն ինձ: Այսինքն` հաստատ կան մարդիկ, որոնց Նազարյանցը կունենա նաեւ բովանդակային ասելիք հենց այսօր: Բայց վախենամ, թե դա ավելի շուտ լինեն կեղծ եւ նուշացած նեոռոմանտիզմով տառապող արվեստի քրմերը: Նրանց համար կարող է շատ գայտակղիչ լինել Նազարյանցի էլիտարիստական պոզաները: Բայց եթե Նազարյանցին որպես ձեւի իսկական վարպետ դա կարելի է ներել, ապա անտաղանդ բայց միայնակ հանճարների դեպքում ավելի շատ ցանկալի է բուժման ենթարկել: Բայց ամեն դեպքում, կարում եմ, չի կարելի այս նորահայտ անունը առանց պայքարի զիջել քրմական դասին:
Եթե հաշվի առնենք, որ սովետական ընթերցողի ճաշակը շատ ուժեղ է փչացվել հատկապես 40-80-ական թթ-ի սովետական պոեզիայի շնորհիվ (առանձին բացառություները հաշիվ չեն), եթե հաշվի առնենք, որ պոեզիան այսօր էլ շատերը հասկանում են որպես ուղղակի խելոք ու լավ մտքեր հանգավորելու ու ասմունքելու արվեստ, ապա այսօր էլ Նազարևյանցի նման լեզվի տքնաջան արհեստավորների գործը կարող է կարեւոր դեր կատարել պոեզիայի իրական իմաստը վերադարձնելու համար: Իրականում բանաստեղծությունն այն ոլորտն է, որը չի զիջում փոիլիսոփայությանը լեզվի եւ իմաստների հետ աշխատանքի իր լրջթւթյամբ: Խոսքը բնավ բարդության կամ պարզության մասին չէ: Նազարյանցը գրում է "բարդ", բայց դա չէ նրա գաղտնիքը: Գաղտնիքը այն է, որ եթե գրում ես բանաստեղծություն ապա միշտ պետք է կարողանաս պատասխանել հետեւյալ հարցին` ինչու նույնը չես կարող գրես արձակ: Եթե կարող ես գրես արձակ, ուրեմն պոեզիադ` պոզա է: Վերածեք ցանկացած բանաստեղծություն` արձակի: Եթե նորմալ ու հանիստ ստացվի, կարելի է անտեսել դա:
Եւ ամեն ինչիցբացի Նազարյանցի, ինչպես եւ այլ րեւմտահայ գրողների գիրքը հայոց լեզվիկենդանի դասագիրք է: Խնդիրը ոչ թե այն է, որ տեքստերը արեւմտահայերեն են, այլ այն, որ բազմաթիվ բառեր, որոնք ընդհանւր են երկու գրական լեզուների մեջ մենք ուղղակի չգիտենք: Եվ Նազարյանցի նման բանաստեղծների ընթերցումը լավ առիթ է այդ բացը լրացնելու` բառարանների մեջ նայելու համար:


Հ.Գ. Կոստան Զարյանի քնարերգությունները դեռ կարդում եմ: Երբ ավարտեմ, իսկ դա շուտ չի լինի, հաշվի առնելով ծայրահեղ դանդաղ տեմպերս, կգրեմ նաեւ դրանց մասին: Սա նույնպես հայ պոեզիայի պատմութան կարեւոր բացի լրացում է:
Հ.Հ.Գ Ի դեպ Նազարյանցի մասին կա միայն իտալական Վիքիպեդիայում: Նա հայտնի է եղել նաեւ Իտալիայում, ուր 1913-ից հետո ապրել է:


Չարչարենց:





2010-05-06

Հարցազրույցս Լրագրում

http://lragir.am/armsrc/interview34596.html
Նկարս իհարկե սպանիչ ա (ոնց որ պառաված իզվրաշեն լինեմ), բայց կարեւորը տեքստն ա: )




Ամփոում լեզվի թեմայի

Քանի որ օտարալեզու դպրոցների թեման շարունակվում է, եւ նոր կարքիներ են ի հայտ գալիս, ուզում եմ եւս մի անգամ ամփոփել էս հարցի շուրջ իմ այս պահի տեսակետը:
Առիթը հատկապես իմ ամենասիրելի ընկերներից մեկի` Ապրես Զոհրաբյանի հանդես գալն էր ի պաշտպանություն օտարալեզու դպրոցների վերաբացման:
1. Օտարալեզու դպրոցը օտար լեզու սովորելկու տեղ չի:
Եթե խոսոը օտար լեզուների ուսուցումն է՛լ ավելի խորացնելու մասին է, ապա ես երկու ձեռքով կողմ եմ:
Բայց այդ նպատակին հասնելու համար շատ ավելի արդյունավետ ճանապարհ կարող է լինել.
ա. Արդեն եղած հանրակրթական դպրոցներում օտար լեզուների ուսուցմնա խրախուսումը, նոր մոտեցումների մշակումը
բ. Լեզվական թեկումով նորանոր դպրոցների բացումը: Որքա՛ն շատ, այդքա՛ն լավ:

Ընդ որում, ավելի քան ցանկալի կլիներ, որ դասվանդվեին ոչ միայն մեզանում ամանետարածված անգլերենն ու ռուսերենը: Շատ ցանկալի կլիներ, որ բոլոր հանրակրթական դպրոցներում, բացի ասյ երկուսից նաեւ հնարավորություն ստեղծվեր թեկուզ ընդհանուր պատկերացում կազմել
ա. Մեկ ժամանակակից եվրոպական կամ ասիական լեզվի հետ, բացի անգլերենից:
բ. Մեկ տարածաշրջանային լեզվի հետ:
գ. Մեկ դասական լեզվի հետ:
Երեք կետերն էլ շատ կարեւոր են: Հայ երեխաները չպետք է մտաեն, որ աշխարհում կա մենակ անգլերեն ու ռուսերեն:

2. Օտարալեզու դպրոցը աշխարհայացք ձեւավորելու տեղ է, ինչպես եւ դպրոցն ընդհանրապես:
Նույնիսկ եթե դպրոցի ղեկավարությունը անմիջական նպատակ չհետապնդի աշակերտների մոտ որոշակի աշխարհայացք ձեւավերելու առումով, դա գրեթե անխուսափելի է դառնում: Հատկապես հումանիտար առարկաները` պատմություն, գրականություն եւ այլն աշխարհայացք ձեւավորող են: Օտարալեզու դպրոցներում կդաստիարակվեն օտարերկրյա քաղաքացիներ կամ պոտենցիալ ազդեցության գործակալներ:

3. Էլիտարության պահը: Սրա մասին շատ եմ գրել` չկրկնվեմ:

4. Շատերի մոտ կարծիք կա, որ
ա. Հայերեն մարդ առանց այդ էլ կիմանա` ապրելով Հայաստանում: Հայերեն իմանալը, ու հայարենին տիրապատելը նույն բաները չեն: Որպես ռուսական դպրոցի շրջանավարտ կարող եմ ասել, որ չնայած այն փաստին, որ հայերեն լավ գիտեմ ու քանի տարի է հայերենով հոդվածներ եմ գրում, իրականում ես հայերենին չեմ տիրապետում: Դա իմ կրթության հետեւանքն է, որը շատ դժվար է շտկել, նույնիսկ իմ նման գրեթե ամեն օր հայերեն գրողի ու կարդացողի պարագայում:
բ. Հայերենի դասավանդումը դպրոցներում նույնպես պետք է խորացնել: Հայերենը միայն գրական արեւելահայերնեը չէ: Հայերնին իրապես տիրապետելու համար, երեխաները պետք է պարտադիր պատկերացում ունենան գրաբարից: Բացի այդ որոշ պատկերացում անհրաժեշտ է անեւ գրական արեւմտահայերենից: բայց դա էլ քիչ է. պետք է պարտադիր պատկերացում ունենա հայ բարբառների համակարգից: Ուշադիր` չեմ ասում բարնառ անցնեն դպրոցում, բայց պատկերացում ունենալ պարտավոր են, որովհետեւ հայոց լեզուն միայն գրական երեք լեզուների եւ բարբառների ամբողջական համակարգն է:

5. Հայը համաշխարհային ազգ է: Սա վիճելի թեզ է: Բայց մի բան հստակ է: Առանց Հայաստանի եւ հայաստանակենտրոնության եւ առանց հայերենի ոչ մի համաշխարային հայություն չի լինի:

Լեզվի թեման շատ բազմազան է: Եվ, ըստ երեւույթին, ստիպված եմ լինելու նորից ու նորից անդրադանալ սրա տարբեր ասպեկտներին, չնայած ինձ էլ սա արդեն մի քիչ հոգնեցնում է:







2010-05-05

Մի քիչ էլ լեզվի մասին նույն կոնտեքստում


Կենդանի լեզուների ստույգ քանակը հայտնի չէ: Մինչեւ վերջ պարզված չէ նաեւ բարբառի եւ լեզվի տարբերակման զուտ լեզվաբանական չափանիշը: Բայց ամեն դեպքում մոտավոր հաշվարկով աշխարհում գոյություն ունի մոտ 6000 կենդանի լեզու: Հայերենը մեկ միլիոնից ավելի մարդու կողմից որպես առաջին լեզու խոսացվող աշխարհի լեզուների ընդամենը 5,6 տոկոսի մեջ է մտնում: Լեզուների մնացած 94,4 տոկոսով խոսում են միլիոնից ավելի քիչ մարդիկ: (http://www.ethnologue.com/ethno_docs/distribution.asp?by=size): Ըստ նույն աղբյուրի, հայերենը խոսողների քանակով (աբյուրում նշված է 6,4 միլիոն, միգուցե իրական թիվը ավելի պակաս է, բայց տվյալ դեպքում դա շատ էական չէ) զբաղեցնում է 104 –րդ տեղը: Հիշեցնեմ` 104-ը մոտավորապես 6.000 լեզուների մեջ: Օրինակ, ֆիներենը, սլովակերենը, իվրիտը, վրացերենը, էստոներենը ավելի ցածր տեղերում են: Ընդհանուր առմամաբ աղյուսակում նշված է 172 լեզու, որոնցով խոսում են 3 միլիոնից ավելի մարդ: Այսինքն` սրանց մեջ էլ հայերենը միջին տեղ է գրավում:
Ինչպես տեսնում ենք հայերենը, թեեւ չի կարող մրցել անգլերենի, չինարենի կամ իսպաներենի պես բազամամարդ լեզուների հետ, բայց ընդհանրապես մտնում է աշխարհի ամենախոսացվող լեզուների մոտավորապես 100-ի մեջ: Դա էլ, իր հերթին, ինչպես համոզվեցինք ամենեւին էլ ցածր տեղ չի:
Հետեւաբար, անիմաստ են հայերենի անկենսունակության, փոքրիկության եւ այլնի մասին խոսակցությունները: Այդպիսի պնդումներ կարելի է անել մի քանի 1000 մարդու կողմից խոսացած լեզուների մասին, այն էլ, չգիտեմ որքանով ճիշտ կլինեն դրանք: Իհարկե, քանակական տվյալները չեն կարող հիմք լինել միայն իրենք իրենցով, բայց նույնիսկ դրանց հիման վրա կարելի է որոշ նախնական եզրակացություններ անել: Հենց թեկուզ միայն իրենով խոսացողների քանակի հաշվին, հայերենը բավականին ռեսուրս ունի առնվազն միջնակարգ որակյալ կրթություն ապահովելու համար: Այսինքն` խնդիրը ոչ թե գործքին է` լեզուն, որը նորմալ վիճակում է, այլ մարդիկ, որոնք չեն կարողանում բովանդակությունը` կրթությունը փոխանցել այդ լեզվով: 





2010-05-04

Արդյո՞ք փոքր ազգ են հայերը

«Մեր նման փոքր ազգերը», լսում եմ ծնվածս օրվանից: Էսօր էլ օտարալեզու դպրոցների հարցի քննարկման ընթացքում այս կլիշեն օգտագործում են թե՛ դպրոցները բացման հակառակորդները, թե՛ պաշտպանները:
Բաց, ինձ թվում է, եթե հարցնես` ի՞նչ է փոքր ազգ եւ ինչո՞ւ են հայերը փոքր, ապա ոչ մի որոշակի պատասխան չես ստանա:
Եթե խոսքը քանակի մասին է, ապա հայերը, որոնց թիվն ըստ Վիքիպեդիայի կազմում է մոտ 8 միլիոն մարդ, մոտավորապես նույն կարգի ազգերին են պատկանում ինչ շվեդները (8 ու կես միլոին ըստ նույն աղբյուրի), նորվեգացիները (10), ավսիտրիացիները եւ այլն: Արդյո՞ք շվեդները, նորվեգացիները եւ ավստրիացիները պատկանում են փոքր ազգերի շարքին:
Մյուս կողմից, Ֆիլիպիններում ապրող Վիսայա ժողովուրդը 26 միլիոն է: Մե՞ծ ազգ են Վիսայաները:
Օրինակները կարելի է բազմացնել: Դրանք բերեցի, որպեսզի պարզ դառնա, որ փոքր ազգը որքա՛ն անհասականալի ու անիմաստ հասկացություն է, եթե փորձում ես դա հարմարեցնել ինչ որ մի կոնկրետ ու շոշափելի փաստի հետ: (Կարելի է, անշուշտ խոսել, փոքր ժողովուրդների մասին, որոնց թավաքանակը հազարներով կամ տասնյակ հազարներով է հաշվվում,բայց դա հայերիս դեպքը չէ):
Մնում է ենթադրել, որ եթե խոսքը քանակի մասին չէ, ուրեմն փոքրը այստեղ նշանակում է ինչ որ որակ: Բայց ի՞նչ որակ: Աստվա՛ծ գիտի: Չեմ կարծում, որ կարելի լինի գտնել որեւէ օբյեկտիվ ու սահմանելի որակական չափանիշներ, որով ազգերը կբաժանվեն փոքրերի ու մեծերի:
Մնում է երրորդ ենթադրութունը: Խոսքը ոչ թե օբյեկտիվ, այլ սուբյեկտիվ որակի, այսինքն զուտ հոգեբանության մասին է: Եթե դու քեզ փոքր ես համարում, ուրեմն` փոքր էլ կաս: Հետեւաբար փոքրից ոչ փոքրի վերածվելու համար, ընդամենը մի բան է պետք. Դադարել մտածել, որ դու փոքր ես:



2010-05-03

Չարչարենցի մայսիմեկյան թեզերը

Հիմնված է Չարչարենցի նորհայատ սեւագրերի վրա (1932 թ.)

Ամբողջությամբ տես` այստեղ



"Աշխատանքը նորից պետք է դառնա հիմնարար արժեք:   

Ստեղծագործողականության ռոմանտիկայով տառապող մտավորականի փոխարեն, պետք է գա մտավոր արտադրողականության ռիթմով եւ աշխատանքի կազմակերպման տեխնոլոգիայով մտահոգված աշխատավորը:

Աշխատանքը ենթադրում է ուսման եւ արտադրության շարունակական գործընթաց եւ տեխնոլոգիա:

Պետք է ոչ թե արվեստի տաճառ, այլ արհեստավորի լաբորոտորիա կամ գործարանային արտադրական ցեխ:

Անցողիկ ոգեշնչման փոխարեն` արտադրական պլան:

Իմաստությունը չի կարող բնական լինել: Մարդու իմաստությունը աշխատանքն է, տեխնիկան ու գործիքները:

Աշխատանքը ենթադրում է մոբիլիզացիա` զորակոչ եւ ռազմաճակատ:

Աշխատանքի սկզբունքը հավասարապես ժխտում է ավանդական ռոմանտիկ հայրենասիրության եւ ավանդական ռոմանտիկ լիբերալիզմի հիմքերը:

Մտավոր մշակի աշխատանքի նպատակը ոչ թե անհատի ստեղծագործական ինքնաարտահայտումն է, այլ ժամանակի պահանջների ըմբռնումը:

Մտավոր աշխատանքը հեղափոխական է":




2010-05-01

Աշոտ Յերկաթ

Մետաղե ձողեր բետոնից ցցված
Մայրուղու ճամփեզրին.
Անավարտ կիսավեր կառույց
Ամայի լեռնային քարաստանում.
Նվաղ գույներ
Արագածի լանջերի.
Ձեռքերդ են քո դեպ երկինք հառած,
Թագավոր հայոց, Աշո՛տ Յերկաթ:

Չարչարենց, Յերեվան, 1926




2010-04-30

Միյան հայ "հայրենասերը" կարող է ատել իր երկրի անկախությունը


Դեռ պարզ չէ կբացվեն Հայաստանում օատարալեզու դպրոցներ թե՞ ոչ: Պարզ չէ դրանք կլինեն ռուսական թե՞ անգլիական, բայց քննարկումն արդեն հետաքրքրիր բացահայտումներ բերեց:
Օրինակ ֆեյսբուքում մի այպիսի մեկնաբանություն եղավ ռուսալեզու դպրոցի բացման հնարավորութան հետ կապված` «yes indz noric zgaci 90-akanneri kesin, yerb ays zhoxovurd@ chortacvec!»:
Այս մեկնաբանության հեղինակն իրեն նորից ճորտացված զգաց, որովհետեւ քննարկման մասնակիցները դեմ էին ռուսական դպրոցների բացմանը, իսկ նա կողմ էր: Ճորտացված զգաց ինչպես 90-ականներին, երբ ռուսական դպրոցները փակվեցին:
Շատ հատկանշական է, դրա համար էլ ուզեցի այստեղ դա մեջբերել:
Ուրեմն, նորից 90-ականներ:
Վիճել, այն բանի մասին, որ 90-ականներին ծանր էր, որ այդ ժամանակ դրվեցին այսօրվա իրավիճակի հիմքրեից շատերը` անիմաստ է, քանի որ դա իրոք այդպես է:
Բայց վաղուց եմ նկատել. շատ շատերը 90-ականներն ատում են, ոչ թե այդ բացասական երեւույթների, այլ անկախության համար:
Պարզվում է «ժողովուրդը» ճորտացվեց ոչ թե այն ժամանակ, երբ նա օտար կայսրության իշխանության տակ էր, ոչ թե այն ժամանակ, երբ ռուսական դպրոցների շնորհիվ նա ձուլման եզրին էր, այլ այն ժամանակ երբ 600 տարվա իր առաջին ռազմական հաղթանակը տարավ եւ այն ժամանակ երբ սեփական լեզվին տիրապետելը խրախուսելի նորմա դարձավ:
Կարելի՞ է ավելի այլասերված մտածողություն պատկերացնել քան ներկայացվածն է:
Ճորտը խոսում է ճորտացման մասին:
Պարադոքսալ կերպով այս հակաանկախական մտածողությունը որոշ դեպքերում կարող է հայրենասիրության հանդերձանքով հանդես գալ: Որովհետեւ միայն հայ «հայրենասերը» կարող է ատել անկախության կայացման տարիները եւ ճորտացման տարիներ կոչել դրանք կամ անտարբեր մնալ օտարալեզու դպրոցների հարցի ճակատագրում: 
"Հայրենասիրության" մասինդեռ կխոսենք: 

Չարչարենց

2010-04-28

Օտարալեզու դպրոցների մասին (նորից)

Համաձայն օրենսդրական տխրահռչակ նախաձեռնության, օտարալեզու դպրոցներ բացելը նպատակ է հետապնդում ավելի որակյալ կրթություն ապահովել: (Տես. http://www.gov.am/files/meetings/2010/4900.pdf):
Խնդիրը փաստորեն շատ ավելի բարդ ու լայն է, քան ուղղակի ռուսական դպրոցներ վերաբացելը: Բացահայտվում է մի գաղափարախոսական բոմբ, որը եւս մեկ անգամ շեշտում է սահմանը երկու Հայաստանների միջեւ: Ի՞նչ է ասում այս հիմնավորումը: Որակյալ կրթություն կարելի է ստանալ միայն ոչ հայերենով: Ենթադրելի է` անգլերենով կամ ռուսերենով (կապրենք`կտեսնենք):
Հայաստանի պետական լեզուն` հայերենը պաշտոնապես հռչակվում է ոչ որակյալ կրթության լեզու:
Հետեւաբար Հայաստանը` գաղութացված պետություն եւ երկրորդ սորտի ազգ:
Հայաստանի հասարակությունը ապագայում ենթադրվում է պաշտոնապես բաժանել երկու անհավասար հատվածների. "որակյալ" (եթնադրելի է նաեւ` թանգ) եւ օտարալեզու կրթություն ստացող վերնախավային փոքրամասնության եւ "անորակ"` հայալեզու կրթություն ստացող մեծամասնության:
Այսինքն` գաղութատերերի եւ նվաճված բնիկների հարաբերություն:
Այսինքն` կարող է այնպես ստացվել, որ հայալեզու կրթություն ստանալը եւ հայալեզու լինելը Հայաստանում այսուհետ դառնա բիդլոյի հատկանիշ: Բիդլո, որը պետք է կառավարվի օտարալեզու կրթություն եւ ենթադրաբար նաեւ օտարալեզու վերնախավի կողմից: Վսյո: Վերջն ա:
Այս ամենը, կրկնեմ, պաշտոնապես: Ավելորդ է բացատրել, որ մի բան է, երբ կա փաստացի իրավիճակ, այլ բան է, երբ դա նաեւ օրենքի ուժ է ստանում:
Ինչ վերաբերվում է օտարալեզու դպրոցների ներկայիս ծրագրին, ապա կրկնում եմ կարծիքս. պետք է ամեն ինչ անել դրա խափանման համար: Անկախ նրանից խոսքը ռուսական, անգլիական թե չինական դպրոցի մասին է: Ծայրահեղ դեպքում, եթե ծրագիրը սկսվի իրագործել, դպրոցների շենքերը ուղղակի պետք է վառել, պայթեցնել, պատոհանները ջարդել` ամեն բան եւ ամեն գնով: Սա պատերազմ է:


Տես նաեւ. Օտարալեզու դպրոցի այլընտրանքները
եւ Доктор филИсофских наук




2010-04-26

П***ец, сказал отец, да, х***я, подтверждали сыновья


Ապշած նստած եմ, աչքերս բացուխուփ եմ անում, գրում-ջնջում եմ, ուղղես լարում եմ, բայց բան չի ստացվում: Որ անկեղծ ասեմ` ջղայնանալս էլ չի գալիս: Չնայած ջղայնանալու բան կա: Բայց չեմ կարողանում ընտրել, որի առիթն ա ավելի շատ` ջղայնանալու, ծիծաղելու, թե ապշելու: Ռուսական դպրոցների վերաբացման հարցը: Հայաստան` 2010 թ.-ան: Յանները լրիվ ա տարել, ապե՞ր

Թալեատը` բյուզանդացի



Հայերի ցեղասպանությունը իրականացրել են ոչ թե վայրենի ու քոչվոր թուրքերը, այլ բյուզանդա-հռոմեական եւ հին արեւելյան կայսերական ավանդույթներով կազմակերպված Օսմանյան Կայսրությունը: Ընդ որում, իրականացրեց իր պատմության այնպիսի շրջանում, երբ օսմանյան վերնախավը ակտիվորեն, թեեւ ինչ որ տեղ մակերեսայնորեն արդիականացվում եւ եվրոպականացվում էր (պանթուրքիզմ, ցեղապաշտություն, հեղափոխականություն եւ ազգայնականություն): Բացի այդ ցեղասպանությունը իրականութուն դարձավ, բյուզանդական ժառանգության հավակնորդ երկու կայսրությունների սահմանային գոտում, պայմանավորված երկուսի պայքարով: Լայն պատմական համատեքստում հայերի ցեղասպանությունը մասն էր զանգվածային տեղահանումների, էթնիկ զտումների եւ ջարդերի մի փուլի, որը տեղի էր ունենում Օսմանյան եւ Ռուսական կայսրության սահմանային գոտում նրանց միջեւ ընթացքող պայքարի համատեքստում: Այս մեծ պատմական դրամայի առաջին արարներից էր հյուսիսկովկասյան ժողովուրդների տեղահանումն ու զտումը 19-րդ դարի կեսին, իսկ հետգրությունը` Կարսի պայմանագիրն էր` Մոլոտով-Ռիբենտրոպի պայմանագրի նախատիպը: Պետք է հաշվի առնել նաեւ, որ հայերի ցեղասպանության հիմքում ընկած գաղափարախոսությունը` հայատյացությունը (արմենոֆոբիան) որպես կուռ համակարգ ուներ բյուզանդական ակունքներ, իսկ նոր շրջանում վերաձեւակերպվեց ռուսական եւ վրացական պրավոսլավ պահպանողական միջավայրում, ապա արտահանվեց Օսմանյան կայսրություն Ռուսաստանի թյուրք-թաթար գործիչների կողմից, եւ այսօր էլ ծաղկում է Ադրբեջանում, իսկ ռելիկտայն ձեւով պահպանվում է նաեւ Վրաստանում:
Այպիսով հայերի ցեղասպանությունը լայն համատեքստում դիտված
ա. Հայերի նկատմամաբ բյուզանդական քաղաքականության կատարումն ու ավարտն էր
բ. Օսմանյան կայսրության արդիականության գործոնը նույնպես պետք է հաշվի առնել:
գ. Երկու կայսրությունների սահմանային գոտում տեղի ունեցող պայքարի մասն էր: Այդ գոտում տեղի ունեցած այլ նման դեպքերի հետ ուղիղ կապի մեջ է:
դ. Որպես գաղափարական հիմք ուներ նույն սահմանային գոտում վերաձեււակերպված հին բյուզանդական գաղափարական համակարգված հայատյացությունը:
Այս մտորումների առաջին մասի վերաբերյալ, ավելի մանրամասն` http://ustahrant.wordpress.com/2010/04/26/kayserirum/:
Մնացյալի հիմնավորումը, հետագայում, ըստ հնարավորության եւ պատեհ առիթի:




Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

2010-04-21

Հեղափոխությունը հասունանում է մտքի հարստությունից, այլ ոչ թե մարդկանց աղքատությունից


Ի դեպ, հեղափոխությունները չեն ծնվում աղքատությունից, ինչպես կարծում են շատերը մեր մոտ, եւ առաջին հերթին իշխանամետ ուժերի ներկայացուցիչները:
Աղքակոտւթունը կամ ինչպես մեզ մոտ սիրում են ասել "ծանր սոցիալական պայմանները" (կարծես սոցիալականը միայն նյութականի հոմանիշ է) կարող է որոշ դեպքերում առիթ հանդիսանալ ընդվզման կամ պայթյունի համար, բայց, կարծես պատմությունից հայտնի չեն նշանակալի հեղափոխութուներ, որոնց հիմնական պատճառը աղքատությունը լիներ:
Հաճախ նույնիսկ հակառակն է լինում: Հեղափոխական իրավիճակը հասունանում է այն ժամանակ, երբ մարդիկ, լուծելով իրենց նյութական պահանջների խնդիրը, սկսում են մտածել ավելի "բարձր" ոլորտների պահանջների մասին: Սոված փորով մարդը հաճախ ժամանակ չունի մտածելու արդարության, օրենքի առաջ բոլորի հավասարության եւ այլ նման բաների մասին: Բայց երբ նա կշտանում է, նրա համար խնդիր են դառնում նաեւ դրանք:
Բացի այդ, պատմական օրինակներից կարելի է համոզվել, որ հեղափոխությունները ծնվում են մտավոր մեծ շարժումներից կամ մտքի ոլորտում տեղի ունեցող փոփոխություններից: Ֆրանսիայում կամ Ռուսաստանում կամ այլուր միշտ էլ եղել են աղքատներ, հաճախ են եղել "ծանր սոցիալական" պայմաններ, բայց հեղափոխական իրավիճակները առաջացել են այն ժամանակ երբ այդ երկրներում ծավալվել են լայն մտավոր շարժումներ: Հեղափոխությունը շատ հաճախ մտքից է ծնվում:
Մեկ այլ գործոն: Արդարության, ճշտի ու սխալի մասին վերաձեւակերպված պատկերացումները: Գալիս է մի օր, երբ մարդիկ հանկարծ սկսում են զայրանալ այն բաներից, որոնք դարերով հանդուժել են` բռնություն, դաժանություն եւ այլն: Հանմկարծ նրանք սկսում են ընկալել դրանք որպես անարդարության դրսեւորում: Իհարկե, այդ հանկարծն էլ արդյունք է մտքի մեջ նախօրոք տեղի ունեցած փոփոխությունների:
Մի խոսքով հեղափոխական իրավիճակը մեծ հաշվով նախապատրաստվում է հումանիտար ոլորտում: Իսկ մնացյալ գործոնները` տնտեսական, ժողովրդագրական եւ այլն, թեեւ կարեւոր են, բայց ի վերջո օժանդակ դեր են կատարում:
Հայաստանում այսօր մարդիկ ոչ միայն եւ ոչ այնքան նյութական վիճակի բարելավում են պահանջում, այլ նախ` արդարություն: Ավելի քչերի մոտ, կարելի է ձեւակերպված համարել նաեւ ազատության պահանջը:
Իսկ նրանք, ովքեր մտածում են, որ կարելի է ընդվզումից խուսափել "սոցիալ-տնտեսական" վիճակի բարելավմամբ միայն, նմանվում են Պոլիտբյուրոյի այն պերդուններին, որոնք կարծում էին, որ Ղարաբաղի հարցը կարելի է լուծել մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի իրագործմամբ:




2010-04-19

Անխուսափելի է արդյո՞ք հեղափոխությունը Հայաստանում


Վերջերս Հայաստանի պաշտոնյաներից ոմանք, ղրղզական դեպքերի ֆոնին, շտապում են հերթական ծիսական հավաստիացումները տալ առ այն, որ Հայաստանում հեղափոխություն լինել չի կարող: Մի կողմ թողնենք էս պահին, թե որքանով անկեղծ են այս հավաստիացումները, կամ որքանով արժի ոգեւորվել կամ չոգեւերվել ղրղզական դեպքերից: Հեղափոխությունն էլ ընդունենք լայն իմաստով` անկախ դրա թավշյա, բռնի կամ մի այլ ձեւի լինելուց:
Հարցը մնում է. արդյո՞ք Հայաստանում հնարավոր է հեղափոխություն` ղրղզական թե մեկ այլ սցենարով: Իմ կարծիքով հարցի պատասխանն է, ոչ միայն` այո՛, հնարավոր է, այլ ավելի կոշտ` այո՛, նման զարգացումը մի օր գրեթե անխուսափելի է: Իրական հարցը կարող է լինել միայն հետեւյալը. ինչպե՞ս անել, որպեսզի կարողանանք խուսափենք նման զարգացման բացասական հետեւանքներից` զոհերից եւ այլն:
Իսկ ինչո՞ւ է հեղափոխությունը որեւէ տեսքով անխուսափելի: Առիթ ունեցել եմ ավելի երկար հիմնավորում տալու մեկ այլ տեղ: Ստեղ միայն մի փաստարկ բերեմ` պարզ, բայց, ըստ իս, իր պարզությամբ հանդերձ ոչ պակաս համոզիչ:
Մեր պաշտոնյաները հեղափոխության հնարավորության հերքման համար հերթագրվելու փոխարեն, ավելի լավ է մտածեն այն բանի մասին, թե արդյո՞ք նրանք լսել են որեւէ ոչ բռնկալական կամ ոչ ավտորիտար երկրի մաիսն, ուր հեղափոխություն է եղել: Այլ կերպ ասած, հնարավոր է արդյո՞ք հեղափոխություն ժողովրդավարական համակարգի պայմաններում, որքան էլ դեռեւս իդեալից հեռու եւ իրականում սահմանափակ լինի նույնիսկ այսօրվա արեւմտյան ժողովրդավարությունը: Ի՞նչ շանսեր ունի հեղափոխությունը այսօրվա Ֆրանսիյաում, Գերմանիայում, ԱՄՆ-ում:
Հակառակը: Բռնակալությունն ու ավտորիտարիզմը հենց իրենք են հեղափոխության կարեւորագույն նախապայմաններից: Նրանք հղի են հեղափոխությամբ, ընգրկում են իրենց մեջ հեղափոխությունը որպես իրենց գրեթե անխուսափելի ապագա:
Պատճառը հասկանալի է եւ բնական: Անհնար է որեւէ քիչ թե շատ հասուն հասարակությունում (հասուն ասելով, պետք չէ հասկանալ մի եսիմ ինչ` ընդամենը ցեղային-համայնքային մակարդակից մի քիչ այս կողմ գտնվող) կանխել ընդդիմադիր տրամադրությունները եւ հակաէլիտաների ձեւավորումը: Իսկ եթե չկան մրցակցության հավասար պայմաններ եւ խաղի կանոններ բոլորի համար, ուրեմն հարցերը ուշ թե շուտ լուծվում են բռնությամբ կամ զանգվածային ընդվզումով:
Հետեւաբար, Հայաստանի այսօրվա կառավարությունը եւ նրա պաշտպանները, չնայած այն բանի, որ խորշում են հեղափոխության հեռանկարից եւ բառից իսկ, հենց իրենք են հեղափոխության թիվ մեկ դայակները:





2010-04-16

LSD -ի մրջազգային օր:


Ինչ որ տարբեր էր տոներ են նշում էսօր. մեկն ասում է ոստիկանության, մյուսը` համասեռականների: Ես էդ երկուիսց ոչ մեկին դեմ չլինելով, բայց նաեւ տոնելու առիթ էլ չունանելավ, առաջարկում եմ ԼՍԴ-ի միջազգային օր: Կամ հոգեհայտնության, քանի որ պսիքոդելիք նյութերի խմդբի անվանումը, որոնցից գլխավորն է ԼՍԴ-ն, հենց այդպես է բառացիորեն թարգմանվում հին հունարենից:
1943-ի ապրիլի 16-ին շվեյրացարացի քիմիկոս Ալբերթ Հոֆմանը առաջին անգամ պատահական փորձեց իր իսկ կոմղից սինթեզաց ԼՍԴ-ն: Իսկ երեք օր անց նա արդեն կատարեց գիտակցված փորձ, որը հայտնի է որպես "հեծանվի օր":
Մինչ այժմ չեն դադարում վեճերը. արդյո՞ք ԼՍԴ-ի արգելումը սկսկած 1966-ից (առաջին անգամ Քալիֆորնիայում) ունի իրոք բժշկաան հիմքեր, թե դա զուտ քաղաքական գործողություն էր` դրդված ԼՍԴ-ի հասարակական էֆեկտի վախից: Խնդիրն այն է, որ ԼՍԴ-ն սովորական թմրանյութ չէ. այն չի առաջացնում ֆիզիկական կախվածություն, իսկ նրա վնասակարությունը, կարծես հարցի տակ է:
ԼՍԴ-ի ազդեցությունը արդի աշխարհի կայացման վրա չի կարելի թերագնահատել: Միանգամից երկու Նոբելյան մրցանակակիր հաստատել են, որ իրենց կարեւորագույն գյուտերը արել են ԼՍԴ-ի ազդեցության տակ: Գյուտերից մեկը ԴՆԿ-ի մոլեկուլկար կառուցվածքն է:
ԼՍԴ-ի ազդեցության մասին երաժշտության վրա կարելի է նույնիսկ չհիշեցնել: Հենց 1965-67 թթ-ի ընթացքում է, որ հայտնի գրող Քեն Քիզիի շուրջ հավաքված խմբակի երաժշիտները Սան Ֆրանցիսկոյում սկսեցին փորձարկել ԼՍԴ-ն: Այդ փորձերի արդյունքում է, որ կայացավ ռոք-համերգի ֆենոմենը` իմպրովիզացիայոիվ, էքսպերիմենտով, իսկ ռոքը վերածվեց բողոքական հասարակական ուժի: Բացի ռոքից, այսօրվա փոփ երաժշտության բազմաթիվ տարրեր, հատկապես բեմականացումը ծագում են պսիքոդելիք փորձերից:
ԼՍԴ-ի շուրջ ձեւավորված 60-ականների սերունդը, ձեւակերպեց այն նոր իդեալները, որոնք ցայօսր էլ ակտուալ են մնում` մասամաբ իրականացված, մասամբ` ոչ, մասամբ էլ վերարժեքավորմանը սպասող:
Այնպես որ մի թերագնահատեք ԼՍԴ-ի դերը պատմության մեջ: Դա շատ տարբեր է այլ թմրանյութերի ավերիչ դերից:
Իսկ ԼՍԴ-ի ասպետներից մեկի` Թիմոթի Լիրիի կյանքը իսկական վեպ է: Կարդացեք` չեք փոշմանի:
Հղումներ`
http://en.wikipedia.org/wiki/Lysergic_acid_diethylamide կամ նույնի ռուսերենը
http://en.wikipedia.org/wiki/History_of_LSD
http://en.wikipedia.org/wiki/Timothy_Leary
http://www.leary.ru/
http://leary.hpsy.ru/publication.php





2010-04-14

Խորհդարանական հանրապետություն

Դեռ նախորդ posting-ումս գրել էի խորհդարանական եւ դաշնային հանրապետության հնարավորության մասին: Հիմա էլ նույն ուղղությամբ եմ մտածում: Իմ համար մեծ տարբերություն չկա, կկոչվի այս առաջարկը Չորրորդ Հանրապետություն թե՞ Երրորդի սահմանադրական բարեփոխում: Նաեւ չեմ պնդում, որ սա լավագույն տարբերակն է, բայց կարծում եմ անհետաքրքրիր չէր լինի այս ուղղությամբ մտածել:

Շատ կարճ եթե փորձեմ ձեւակերպել (հիմնվորելու ժամանակ այս պահին չունեմ, համ էլ կարծում եմ, շատերդ ինձ կօգնեն էս հարցում), հետեւյալը կարող է լինել:

ա. Նախագահի լիազորությունների վերանայում: Նախագահը պետք է իրականացնի ռազմավրական հեռանկարային կառավարում: Դրա համար նա չպետք է չափից ավելի խրված առօրյա քաղաքականության եւ գործադիրի վարչարարական խնդիրների մեջ: Թե ի՛նչ է ռազմավարական կառավարումը իմ հասկանալով հիմա չեմ ուզում խորանամ, որ շատ չշեղվեմ ու չծավալվեմ:
բ. Երրի փաստացի առօրյա կառավարումը ընկնում է վարչապետի եւ խորհդարանի վրա: Վարչապետը կարող է նաեւ ընտրվել հենց ժողովորդի կողմից:
գ. Փոխվում է համակարգի տրամաբանությունը` մտնում են ուղիղ ժողովրդավարության տարրեր` հանրաքվեների նախաձեռնության իրավունք, ժողովրդական վետոյի իրավունք եւ այլն (շվեյցարական օրինակով):
դ. Նաեւ` ամերիկյան օրինակով` ընտրովի դատավորներ, զենք կրելու իրավունք եւ այլն:
ե. Դաշնային համակարգ ունիտար համակարգի փոխարեն: Հայաստանը փաստացի դաշնային երկիր է իր պատմությամբ եւ ազգագրությամբ:
զ. Ընդհանրապես ֆրանսիական ունիտարական մոդելի զտում: Օրինակ այնպիսի հաստատությունների իմաստի հարցականի տակ դնելը, ինչպիսին է Մշակույթի նախարարությունը: (Վերջերս Անդրեասյան Կարենի հետ ենք խոսացել նաեւ էս թեմայով)
է. Կարելի է մտածել նաեւ ապստամոբւթան իրավունմքի մասին, բայց միայն եթե հնարավոր է դրան համոզիչ եւ հստակ սահմանում գտնել: Հիմնավորումը պարզ է, եւ իմ համար 100 տոկոս ընդունելի, բայց կան հարցեր դրա իրացման հետ կապված:

Էս ամեն ինչն իհարկե շատ սեւագիր ու օրվա ընթացքում հոգնած մարդու մքտեր են, բայց հիմնական ուղղությունը ես էդպես եմ տեսնում: Նաեւ ասեմ, որ էս պահին ո՛չ պաշտպանում, ո՛չ էլ հերքում եմ էս տարբերակը, ուղղակի հետարքրքիր է մտածել, գուցե վերջում մի գործնական բան դուրս գա սրանից:
Իսկ նախագահական իշխանության սահմանափակման հիմնավորման մասին մասամբ եւ անուղղակիորեն գրված է այստեղ` http://ustahrant.wordpress.com/2008/01/09/arcibidini/
http://ustahrant.wordpress.com/2008/01/15/arcibidini2/




2010-04-13

Չորրորդ Հանրապետության չոր մնացորդը



Չորրորդ Հանրապետություն: Բարե՛ւ ձեզ: Առաջին անգամ այս մոգական բառակապակցությունը լսեցի 2000 թե 2001 թ-ին, երբ ազգայնական ակումբի "Դարձ" ամսագրում Չորրորդ Հանրապետության անհրաժեշտութունը հիմնավորում էր մի խմբագրականում, որի հեղինակը, եթե չեմ սխալվում Գեւորգ Յազըճյանն էր: Վերջերս էլ Միքայել Հայրապետյանը մասնավոր զրույցում պնդեց, որ ինքը այդ եզրը առաջարկել է դեռ 1994-ին: Էական չէ: Սա գրեցի ընդամենը այն բանի համար, որ համոզվենք, որ եզրը մոտավորապես նույնքան հին է որքան Երրորդ Հանրապետությունը: Անկեծղ ասած, իմ համար սա արդեն ինքնին կասկածելի է դարձնում Չորրորդ հանրապետության գաղափարը, բայց սա թերեւս, իմ անձնական խնդիրն է, հետեւաբար, ի գիտություն ընդունելով, անցնենք առաջ:
Իր հարցազրույցում Մարինեն չի տալիս Չարրորդ Հանրեպտության որեւէ սահմանում կամ բացատրություն, միայն ասում է մեզ, թե ինչպե՛ս ի հայտ կգա այն (հետեւաբար անհայտ է մնում թե ինչպես կգա ի՛նչը), եւ որ Երրորդ Հանրապետության հիմքերը, ըստ իրեն, ի սկզբանե սխալ են: Այս համատեքստին ես հիմա չեմ անդրադառնա: Ենթադրում եմ, որ հետագայում դա առանձին posting-ով կանեմ:
Այս պահին ուզում եմ վերցնեմ Չորրորդի գաղափարն ինքնին: Որքան նկատել եմ, Մարինեն, որը վերջերս հաճախ է օգտագործում այս գաղափարը, ոչ միայն տվյալ հարցազրույոցում, այլեւ այլ տեղերում երբեք չի տվել ո՛չ դրա բացատրությունը, ո՛չ նկարագրությունը, ո՛չ էլ առավել եւս սահմանումը: Ուրիշներից էլ նման սահանում չեմ լսել կամ կարդացել:
Մնում է զբաղվել ինքնագործնեությամբ եւ չարամտորեն ենթադրելով, որ սահմանում չկա, փորձել սեփական համեստ ուժերի ներդրումով հասկանալ ի՛նչ կարող է նշանակել այս գաղափարը:
Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ սա հերթական ամպագոռգոռ եւ մեծաբարբառ մի կարգախոս է, որը չի նշանակում ոչինչ բացի օդի ցնցումից: Եթե սխալվում եմ` Մարինեն եւ մյուսները կուղեն ինձ:
Իրոք, ի՛նչ կարող էր նշանակեր Չորրորդ Հանրապետության կարգախոսը, եթե այն իսկականից իմաստ ունենար: Իմ հասկանալով դա պետք է նշանակեր` հասարակարգի եւ սահմանադրական հիմնական դրույքների փոփոխության կոչ:
Ինչ է Հանրապետությունը: Պարզ է, որ դա կոնկրետ կառավարությունը չէ (այսպես կոչված վարչակաչգը), կոնկրետ կառավարության վարած քաղաքականություն չէ, ոչ էլ երկրում տիրող իրավիճակն է: Այսինքն` եթե նույնիսկ բոլոր կառավարություն-վարչակարգերը անկախ Հայաստանում վատն են եղել, կամ եթե Երրորդ Հանրապետության բոլոր կառավարությունների քաղաքականությունն ի սկզբանե, հենց 1991-ից իր հիմքում սխալ է եղել դա դեռ չի նշանակում, որ սխալ է Երրորդ Հանրապետությունը, եթե իհարկե ուզում ենք մնալ հստակ եզրերի, սահմանելի հասկացություների եւ պատասխանատու մքտերի դաշտում: Եթե ուզում ենք ուղղակի գեղեցիկ եւ հնչեղ խոսքեր ասել, ապա խնդրեմ` թող լինի Չորրորդ, Հինգերորդ եւ վեշտասներորդ Հանրապետություններ:
Հանրապետությունը դա սահմանադրորեն ամրագրված հասարակարգն է եւ այդ հասարակարգի իրականացման նույնպես սահմանադրորեն ամրագրված մեխանիզմներն են: Կարող ենք նպատակադրվել փոխել բուն հասարակարգը` անցնենք, ասենք միապետության կամ ժխտելով անկախությունը, միանանք որեւէ այլ պետության: Կարող ենք, առանց փոխելու հասարակարգը` հանրապետությունը, փոխել մեխանիզմները, ասենք, անցնենք խորհդարանական կամ դաշնային հանրապետության:
Այս վեճը կարող է ինչ որ տեղ սքոլաստիկ թվալ: Բայց այն կարեւոր է որպես բառերի եւ մանավանդ վերացական հասկացուոթյունների անպատասպխանատու եւ դատարկաբան օգտագործման, որը տարածված է մեր հրապարակայաին գործիչների մոտ: Իսկ հասկացուոթյունների անորոշության ուղիղ հետեւանքն է գործնական որոշումներ ընդունելու դժվարությունը կամ անհնարին լինելը: Այլ կերպ քաղաքական կամազրկությունը եւ "բառաշարժութանը":
Բացի այդ կարեւոր է նաեւ բացահայտել "թղթի" նկատմամաբ արհամարանքը: Մինչդեռ թուղթը ավելի կարեւոր է քան ցանկացած իրականություն եւ քաղաքականություն: Երրորդ Հանրապետությունը նախ թուղթն է, եթե կուզեք` թուղթ ու գիրը, իսկ հետո միայն քաղաքականությունը եւ իրավիճակը:

Հ.Գ. Գրածս չի նշանակում, որ ես առհասարակ դեմ եմ Չորրորդ Հնարպետության գաղափարին կամ դրա քննարկմանը: Ես դեմ եմ միայն բառերի անտեղի օգտագործմանը եւ աղմուկի ստեղծմանը հոդաբաշխության փոխարեն: