Search This Blog

2010-03-24

Այս բլոգի մասին



Ուշադրություն: Այս բլոգում կարող են հանդիպել չար, երբեմն էլ չարաճճի մտքեր, ավելի հազվադեպ` չարաչար սխալներ: Շատերը կարծում են, թե պատմությունը առաջ են տանում բարիները: Կա եւ հակառակ կարծիքը. բարիները խաչ են հանում Քրիստոսին: Հաճախ էլ նրանք դառնում են արյունոտ եւ բութ բռնակալությունների լավագույն հպատակները: Շատ բարի մարդ էր Ստալին պապիկը, որը սիրում էր երեխաներին, եւ այդ սերը փոխադարձ էր: Դատելով կեղծանունից` չար էր Եղիշե Չարենցը, որի գերեզմանի տեղը մինչ այժմ անհայտ է ի տարերություն իր բազմաթիվ բարի ու ժպտերես ժամանակակիցների:
Չարությունն, ի դեպ պետք չէ պատկերացնել մռայլ ու հոնքերը կիտած դեմքով: Կարծես, հակառակն է. մռայլ լրջության ավելորդ քանակը բնորոշ է բարեպաշտ դոդոներին, որոնց մոտ հազվադեպ չեն նաեւ "սրբազան բարկության" պրիստուպները` բարկությունը, որը փոխարինում է բանականությունն ու տրամաբանությունը: Ենթադրելի է, որ տրամաբանությունը նույնպես ստեղծվել է ոչ այնքան բարի մարդկանց կոմղից, որոնց նպատակն է եղել սասանել բարեպաշտ դրախտավորների կայունության հիմքերը: Վերլուծողականությունը նույնպես ինքնին չարություն է թվում, քանի որ իր մեթոդով իսկ կոչված է "լուծանել", բաժանել եւ երկատել: Երկատումից, այսինքն` երկունքից ծնվում է նորը:
Միաժամանակ, բարիների սրբազան բարկությունը, հաճախ առիթ է դառնում ոչ բարիների չարաճճի խաղերի: Չարությունն, այդպիսով լավ հարաբերությունների մեջ է ուրախության հետ: Չարությունը ապահովագրված չէ չարաչար սխալվելուց (մյուս կողմից բարիները չարաչար սխալվում են "по жизни", քանի որ միշտ ճիշտ են): Բայց չարաչար սխալվելը նույնպես նորի ծննդի եւ առաջընթացի կարեւոր մասն է: Բարիները միշտ ճիշտ են քանի դեռ ամեն բան ընթանում է իր հունով: Բայց, երբ գալիս է ժամանակների փոփոխության պահը, այդժամ նրանք տակ են տալիս մի այլ ձեւի, քանի որ բացարձակ անզոր են կանխատեսել ճեղկումները:
Մի խոսքով` բարի, այո՛, այնուամենայնիվ բարի լույս:

Հրանտ Չարչարենց:





No comments:

Post a Comment