Search This Blog

2010-04-19

Անխուսափելի է արդյո՞ք հեղափոխությունը Հայաստանում


Վերջերս Հայաստանի պաշտոնյաներից ոմանք, ղրղզական դեպքերի ֆոնին, շտապում են հերթական ծիսական հավաստիացումները տալ առ այն, որ Հայաստանում հեղափոխություն լինել չի կարող: Մի կողմ թողնենք էս պահին, թե որքանով անկեղծ են այս հավաստիացումները, կամ որքանով արժի ոգեւորվել կամ չոգեւերվել ղրղզական դեպքերից: Հեղափոխությունն էլ ընդունենք լայն իմաստով` անկախ դրա թավշյա, բռնի կամ մի այլ ձեւի լինելուց:
Հարցը մնում է. արդյո՞ք Հայաստանում հնարավոր է հեղափոխություն` ղրղզական թե մեկ այլ սցենարով: Իմ կարծիքով հարցի պատասխանն է, ոչ միայն` այո՛, հնարավոր է, այլ ավելի կոշտ` այո՛, նման զարգացումը մի օր գրեթե անխուսափելի է: Իրական հարցը կարող է լինել միայն հետեւյալը. ինչպե՞ս անել, որպեսզի կարողանանք խուսափենք նման զարգացման բացասական հետեւանքներից` զոհերից եւ այլն:
Իսկ ինչո՞ւ է հեղափոխությունը որեւէ տեսքով անխուսափելի: Առիթ ունեցել եմ ավելի երկար հիմնավորում տալու մեկ այլ տեղ: Ստեղ միայն մի փաստարկ բերեմ` պարզ, բայց, ըստ իս, իր պարզությամբ հանդերձ ոչ պակաս համոզիչ:
Մեր պաշտոնյաները հեղափոխության հնարավորության հերքման համար հերթագրվելու փոխարեն, ավելի լավ է մտածեն այն բանի մասին, թե արդյո՞ք նրանք լսել են որեւէ ոչ բռնկալական կամ ոչ ավտորիտար երկրի մաիսն, ուր հեղափոխություն է եղել: Այլ կերպ ասած, հնարավոր է արդյո՞ք հեղափոխություն ժողովրդավարական համակարգի պայմաններում, որքան էլ դեռեւս իդեալից հեռու եւ իրականում սահմանափակ լինի նույնիսկ այսօրվա արեւմտյան ժողովրդավարությունը: Ի՞նչ շանսեր ունի հեղափոխությունը այսօրվա Ֆրանսիյաում, Գերմանիայում, ԱՄՆ-ում:
Հակառակը: Բռնակալությունն ու ավտորիտարիզմը հենց իրենք են հեղափոխության կարեւորագույն նախապայմաններից: Նրանք հղի են հեղափոխությամբ, ընգրկում են իրենց մեջ հեղափոխությունը որպես իրենց գրեթե անխուսափելի ապագա:
Պատճառը հասկանալի է եւ բնական: Անհնար է որեւէ քիչ թե շատ հասուն հասարակությունում (հասուն ասելով, պետք չէ հասկանալ մի եսիմ ինչ` ընդամենը ցեղային-համայնքային մակարդակից մի քիչ այս կողմ գտնվող) կանխել ընդդիմադիր տրամադրությունները եւ հակաէլիտաների ձեւավորումը: Իսկ եթե չկան մրցակցության հավասար պայմաններ եւ խաղի կանոններ բոլորի համար, ուրեմն հարցերը ուշ թե շուտ լուծվում են բռնությամբ կամ զանգվածային ընդվզումով:
Հետեւաբար, Հայաստանի այսօրվա կառավարությունը եւ նրա պաշտպանները, չնայած այն բանի, որ խորշում են հեղափոխության հեռանկարից եւ բառից իսկ, հենց իրենք են հեղափոխության թիվ մեկ դայակները:





No comments:

Post a Comment