Search This Blog

2010-04-21

Հեղափոխությունը հասունանում է մտքի հարստությունից, այլ ոչ թե մարդկանց աղքատությունից


Ի դեպ, հեղափոխությունները չեն ծնվում աղքատությունից, ինչպես կարծում են շատերը մեր մոտ, եւ առաջին հերթին իշխանամետ ուժերի ներկայացուցիչները:
Աղքակոտւթունը կամ ինչպես մեզ մոտ սիրում են ասել "ծանր սոցիալական պայմանները" (կարծես սոցիալականը միայն նյութականի հոմանիշ է) կարող է որոշ դեպքերում առիթ հանդիսանալ ընդվզման կամ պայթյունի համար, բայց, կարծես պատմությունից հայտնի չեն նշանակալի հեղափոխութուներ, որոնց հիմնական պատճառը աղքատությունը լիներ:
Հաճախ նույնիսկ հակառակն է լինում: Հեղափոխական իրավիճակը հասունանում է այն ժամանակ, երբ մարդիկ, լուծելով իրենց նյութական պահանջների խնդիրը, սկսում են մտածել ավելի "բարձր" ոլորտների պահանջների մասին: Սոված փորով մարդը հաճախ ժամանակ չունի մտածելու արդարության, օրենքի առաջ բոլորի հավասարության եւ այլ նման բաների մասին: Բայց երբ նա կշտանում է, նրա համար խնդիր են դառնում նաեւ դրանք:
Բացի այդ, պատմական օրինակներից կարելի է համոզվել, որ հեղափոխությունները ծնվում են մտավոր մեծ շարժումներից կամ մտքի ոլորտում տեղի ունեցող փոփոխություններից: Ֆրանսիայում կամ Ռուսաստանում կամ այլուր միշտ էլ եղել են աղքատներ, հաճախ են եղել "ծանր սոցիալական" պայմաններ, բայց հեղափոխական իրավիճակները առաջացել են այն ժամանակ երբ այդ երկրներում ծավալվել են լայն մտավոր շարժումներ: Հեղափոխությունը շատ հաճախ մտքից է ծնվում:
Մեկ այլ գործոն: Արդարության, ճշտի ու սխալի մասին վերաձեւակերպված պատկերացումները: Գալիս է մի օր, երբ մարդիկ հանկարծ սկսում են զայրանալ այն բաներից, որոնք դարերով հանդուժել են` բռնություն, դաժանություն եւ այլն: Հանմկարծ նրանք սկսում են ընկալել դրանք որպես անարդարության դրսեւորում: Իհարկե, այդ հանկարծն էլ արդյունք է մտքի մեջ նախօրոք տեղի ունեցած փոփոխությունների:
Մի խոսքով հեղափոխական իրավիճակը մեծ հաշվով նախապատրաստվում է հումանիտար ոլորտում: Իսկ մնացյալ գործոնները` տնտեսական, ժողովրդագրական եւ այլն, թեեւ կարեւոր են, բայց ի վերջո օժանդակ դեր են կատարում:
Հայաստանում այսօր մարդիկ ոչ միայն եւ ոչ այնքան նյութական վիճակի բարելավում են պահանջում, այլ նախ` արդարություն: Ավելի քչերի մոտ, կարելի է ձեւակերպված համարել նաեւ ազատության պահանջը:
Իսկ նրանք, ովքեր մտածում են, որ կարելի է ընդվզումից խուսափել "սոցիալ-տնտեսական" վիճակի բարելավմամբ միայն, նմանվում են Պոլիտբյուրոյի այն պերդուններին, որոնք կարծում էին, որ Ղարաբաղի հարցը կարելի է լուծել մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի իրագործմամբ:




2 comments:

  1. ա կտօ էտօտ սիպածիչնիյ մալադոյ չելավեկ?
    ՄԶ

    ReplyDelete
  2. А этот симпатинчый человек, гроза 1792 года Сен Жюст:
    http://en.wikipedia.org/wiki/Louis_Antoine_de_Saint-Just

    ReplyDelete