Search This Blog

2010-05-04

Արդյո՞ք փոքր ազգ են հայերը

«Մեր նման փոքր ազգերը», լսում եմ ծնվածս օրվանից: Էսօր էլ օտարալեզու դպրոցների հարցի քննարկման ընթացքում այս կլիշեն օգտագործում են թե՛ դպրոցները բացման հակառակորդները, թե՛ պաշտպանները:
Բաց, ինձ թվում է, եթե հարցնես` ի՞նչ է փոքր ազգ եւ ինչո՞ւ են հայերը փոքր, ապա ոչ մի որոշակի պատասխան չես ստանա:
Եթե խոսքը քանակի մասին է, ապա հայերը, որոնց թիվն ըստ Վիքիպեդիայի կազմում է մոտ 8 միլիոն մարդ, մոտավորապես նույն կարգի ազգերին են պատկանում ինչ շվեդները (8 ու կես միլոին ըստ նույն աղբյուրի), նորվեգացիները (10), ավսիտրիացիները եւ այլն: Արդյո՞ք շվեդները, նորվեգացիները եւ ավստրիացիները պատկանում են փոքր ազգերի շարքին:
Մյուս կողմից, Ֆիլիպիններում ապրող Վիսայա ժողովուրդը 26 միլիոն է: Մե՞ծ ազգ են Վիսայաները:
Օրինակները կարելի է բազմացնել: Դրանք բերեցի, որպեսզի պարզ դառնա, որ փոքր ազգը որքա՛ն անհասականալի ու անիմաստ հասկացություն է, եթե փորձում ես դա հարմարեցնել ինչ որ մի կոնկրետ ու շոշափելի փաստի հետ: (Կարելի է, անշուշտ խոսել, փոքր ժողովուրդների մասին, որոնց թավաքանակը հազարներով կամ տասնյակ հազարներով է հաշվվում,բայց դա հայերիս դեպքը չէ):
Մնում է ենթադրել, որ եթե խոսքը քանակի մասին չէ, ուրեմն փոքրը այստեղ նշանակում է ինչ որ որակ: Բայց ի՞նչ որակ: Աստվա՛ծ գիտի: Չեմ կարծում, որ կարելի լինի գտնել որեւէ օբյեկտիվ ու սահմանելի որակական չափանիշներ, որով ազգերը կբաժանվեն փոքրերի ու մեծերի:
Մնում է երրորդ ենթադրութունը: Խոսքը ոչ թե օբյեկտիվ, այլ սուբյեկտիվ որակի, այսինքն զուտ հոգեբանության մասին է: Եթե դու քեզ փոքր ես համարում, ուրեմն` փոքր էլ կաս: Հետեւաբար փոքրից ոչ փոքրի վերածվելու համար, ընդամենը մի բան է պետք. Դադարել մտածել, որ դու փոքր ես:



No comments:

Post a Comment