Search This Blog

2010-05-18

Լաչինի ազատագրման տարեդարձը

Այսօր լրանում է Լաչինի ազատագրման 18-րդ տարեդարձը: Սա հիշատակման եւ շնորհավորանքի արժանի օր է բոլոր հայերիս համար: Չնայած 1992-ի այս օրը առջեւում էին դեռ ծանր մարտեր, այդ թվում` պարտություններ, բայց, կարելի է ասել, որ Լաչինից (եւ անշուշտ նաեւ Շուշիից) սկսվեց դարերի ընթացքում մեր առաջին կայուն հաղթանակը: Լաչինը` Բերձորը այսօր այն ազատագրված տարածքներից է, որը քիչ թե շատ բնակեցված է հայերի կողմից` շնորհիվ Ալեքսան Հակոբյանի գործնեության "ազգադավ" վարչակարգի օրերին: "Հայրենասերների" օրոք ազատագրված տարածքների բնակեցումը աստիճանաբար դադարեցվեց: Տարածքն առանց մարդու ոչինչ է: Անմարդաբնակ տարածքները (եթե խոսքն, ի սկզբանե անապատաի մասին չէ) ուշ թե շուտ պետք է հանձնվեն: Եթե կան դեռ ոմանք, որոնք կարծում են, թե հայրենանվեր կառավարությունը չի պատրաստվում ուշ թե շուտ հանձնել ազատագրված տարածքենրը, ապա նրանց այս կարծիքը լավագույնս հերքովում է հենց տարածքների չբնակեցված լինելու փաստով: Այսօր բանը հասել է նրան, որ խոսում են նմույնիսկ Լաչինի միջանցքի եւ Քարվաճառի հանձնման մասին: Սա այն դեպքում, երբ նախկինում այս տարածքների, եւ հատկապես Լաչինի մասին խոսք չի եղել: Բայց հայ, այդ թվում արցախյան հասարակության մի մասը շարունակում է միամտորեն, իսկ ոմանք էլ չարամտորեն հավատալ հայրենասիրության այն տիպին, որը գերակայում է Հայաստանում` պոռոտախոս, հորս արեւ երդվող, եւ առնվազն` անմիտ, իսկ իրականում Հայաստանը դեպի կործանում տանող: Հայրենասերն նա՛ է մեզ մոտ, ով ավելի բարձր է գոռում իր հայրենասիրության մասին: Կարծես սեփական երկրի նկատմամաբ սերը մի ինչ որչ առանձնահատուկ շնորհ է, որի մասին պետք է ամեն անգամ բարձրաձայնել, կամ, կարծես սերն, առհասարակ այն զգացմունքն է, որի մասին բարձրաձայն պատմում եմ բոլորին: Պրոֆեսիոնալ հայրենասերների մոտ տարածված է մարդկանց բաժանումը հայրենասերների եւ ոչ հայրենասերների: Բայց հարենասիրությունը չի կարող լինել հատուկ քաղաքական դիրքորոշում կամ ինքնանույնացման հիմք: Եթե այդպիսին է դառնում, արդեն իսկ կասկածելի է: Է՛լ չասած այն բանի մասին, որ հայրենասիրությունը եւ ազատության արժեքի ժխտման համատեղումը աբոսուրդ է ինքնին: Բայց սա արդեն մի առանձին թեմա է: Այսօր հիշում ենք Լաչինի ազատագրումը, որպես եւս մի առիթ վերջապես իմաստավորելու մեր հաղթանակը: Չիմաստավորված հաղթանակը ուշ թե շուտ վերածվելու է պարտության:






No comments:

Post a Comment