Search This Blog

2010-05-28

Մեր արհամարված անկախությունը

Այսօր Առաջին Հանրապետության անկախության հռչակման օրն է: Մի քանի տասնամյակ այդ խեղճ՝ հազիվ երկուսուկես տարի գոյատեւված հանրապետությունը սովետական քարոզչության ինքնահաստատման, ծաղրուծանակի, նվաստացման գլխավոր առարկաներից էր: Ճիշտ այնպես, ինչպես Երրորդ հանրապետության առաջին տարիները սովետահայերի ատելության գլխավոր օբյեկտն են այսօր:
Ոմանք սիրում եմ սեփական երկիրը միայն երբ այն հզոր է, մեծ է եւ հարուստ: Որբերի, փաստականների, սովի ու պատերազմի Առաջին Հանրապետությունը այդպիսի սիրո առարկա չէր կարող ու չի կարող լինել: Նա գոյատեւեց ընդամենը երկու տարի, եւ նրան շանս չտրվեց ապացուցելու, որ Հայաստանի առաջին անկախությունը հղի էր շատ ավելի զարգացած, առաջադեմ, մշակութապես ուժեղ Հայաստանով, քան ստալինյան ՀՍՍՀ-ը: Առաջին Հանրապետության այլընտրանքային պատմությունը՝ գիտական վերլուծության մեթոդի կիրառմամբ դեռ չի գրվել, որպեսզի ապացուցվի կամ հերքի այսպիսի հնարավորության հավանականությունը:

Սովետական Հայաստանի պատմաբանները, որոնց մի զգալի մասն այսօր էլ մեր գիտական վերնախավի միջուկն են կազմում մրցում էին միմյանց հետ, որպեսզի ապացուցեն, որ անկախ Հայաստանը դժոխք էր, իսկ երկրային դրախտը հաստատվեց գաղութացված Սովետական Հայաստանում: Ճիշտ է, Առաջին Հնարապետության հետ վեճ ուներ նաեւ Սովետական Հայաստանի առաջին սերունդը՝ Չարենց, Բակունց եւ այլոք, բայց դա գոնե ազնիվ վեճ էր, քանի որ դեռ մինչեւ վերջ պարզ չէր, այն հանգամանքը, որ Ստալինի ղեկավարությամբ Սովետական միության ուտոպիան վերաձեւում է սովորական կայսերական պրավոսլավ-բյւոզանդական կայսրության՝ մոդեռնիզացիայի որոշ մնացուկներով:
Ամեն ինչ արվեց, որպեսզի հիմնավորվի այն միտքը, որ հայի համար անկախությունը փորձանք է, իսկ գաղութականացումը՝ փորկություն: Ցայսօր էլ Սովետական Հայաստանի մշակութային եւ տնտեսական ծաղկումը անհերքելի դոգմա է շատերի համար:
Պատահական չէ, որ նման ոգով դաստիարակված սովետահայ "ազգը"պետք է նմանակող վերաբերմունք ունենար նաեւ իր հաջորդ անկախության նկատմամբ: Փոխվում են ժամանակները եւ իրավիճակները, բայց կառուցվածքը նույնն է մնում: Եղկելի սովետահայկաան մտածողությունը անկախության եւ հաղթանակի տարիները կոչում է "ցուրտ ու մթի" տարիներ: Դարերի ընթացում առաջին անգամ հայկական զենքը կայուն հաղթանակ է տանում եւ փոքրանալու փոխարեն Հայաստանի տարածքը մեծանում է, բայց դա գնահատվում է որպես անկման շրջան՝ հակադրվելով սովետական Հայաստանի վերելքին: Ճի՛շտ հասկանանք: Խոսքը 90-ականների սուբյեկտիվ եւ օբյեկտիվ բացթողումների մասին չէ, ոչ էլ այն մասին, որ վիճարկվում է բոլորիս ծանր նյութական վիճակն այդ տարիներին: Առավել եւս խոսքը քաղաքական ղեկավարության սխալների արդարացման մասին չէ: Խնդիրն էլ հենց այն է, որ սովետահայկական ռեւանշիզմն իր հակաանկախական մտածողությունը հաջողությամբ քողարկում է այդ ամենով: Կան մարդիկ, որոնք չեն ընդունում կամ ամենադաժան կերպով քննադատում են ՀՀՇ-ի իշխանությունը, եւ այդ մարդկանց հետ որեւէ խնդիր չի կարող լինել, բայց կան մարդիկ, որոնք ատում են "Լեւոնին", որովհետեւ ատում են անկախությունը: Ավելին ասեմ. այսօր էլ մարդիկ կան, որոնք ընդդիմադիր են ոչ թե ներկա վարչակարգին, այլ առհասարակ անկախ Հայաստանին, չնայած սովետահայերի մեծ մասն, իհարկե այսօր այլ ճամբարում է:
Մեր հասարակության մի զգալի մասը չի ուզում տեսնել կարեւորը: Երրորդ Հանրապետության թերիների մեծ մասը ոչ թե բնածին արատներ են, այլ սովետական ժառանգության հետագա "զարգացման" հետեւանք: Իհարկե այստեղ մի բարդ թեմա եմ բացում, որովհետեւ կան նաեւ երանգներ, բայց տվյալ դեպքում դրանք էական չեն:
Սա հոգեբանական պատերազմ է հայ հասարակության դեմ: Առաջին եւ Երրորդ Հանրապետությունների կայացման տարիների նսեմացումը անվտանգության ամենամեծ սպառնալքիներից է, եւ խոչընդոտում է սուբյեկտության զգացման առաջացմանը հայաստանցիների մոտ: Եվ Հայաստանի ներկայիս կառավարության անհամարժեքությունը եւ քաղաքական ղեկավարություն (իրականում ներկայիս "իշխանությունը" ոչ թե քաղաքական, այլ զուտ վարչատարածքային ղեկավարություն է իրականացնում) կոչվելու իրավունք չունենալը շեշտվում է նաեւ այն հանգամանով, որ 2008-ի նախընտրական արշավում նրանք օգտագործեցին այդ արգելված զենքը՝ ցրտի ու մթի քարոզչությունը: Եթե նրանք լինեին անկախ Հայաստանի, թեկուզ եւ շատ վատ ու բռնակալ, բայց այնուամենայնիվ անկախ Հայաստանի ղեկավարներ, նրանք թույլ կտային իրենց ամեն բան, սակայն ոչ պետության հոգեբանական հիմքերի այդպիսի սասանում:
Այնսպես, որ Հայաստանի նորագույն պատմության սովետական հայեցակարգն ուժի մեջ է՝ անկախությունը թշվառություն է: Միայն թե Առաջին Հանրապետության փոխարեն, որին կպնելն այսօր առանձնապես ակտուալ չէ, որպես թիրախ է ընտրվել Երրորդ Հանրապետության կայացման տարիները:

Հ.Գ. Ի դեպ, օբյեկտիվ լինելու համար պետք է նշել, որ "հհշ"-ական կոչվող ուժերն էլ իրենց մեղքի բաժինն ունեն Առաջին Հանրապետության վարկաբեկման գործում: Նրանք էլ չեն զգացել այն սահմանը, որից անդին հակադաշնակցական քարոզչությունը վերածվում է հակաանկախական քարոզչության:

Չարչարենց:







5 comments:

  1. shat karevor harc eq barcracnum! mianum em bolor mtqerin!

    ReplyDelete
  2. Նայեցի ձեր բլոգը: Առայժմ մեկ գրառում կարդացի՝ ""Խառը մտքեր` ամենագլխավորի մասին": Շատ հետաքրքրիր ու հասուն մտքեր էին՝ ինչո՞ւ բլոգը չեք շարունակում:

    ReplyDelete
  3. Իմ կողմից երևի անսպասելի թվա, բայց պիտի նշեմ, որ անգամ ամենասանձարձակ հակադաշնակցական պրոպագանդայի տարիներին ԼՏՊն (անձամբ ինքը) որոշ սահման կապված առաջին Հանրապետության դերի նվաստացման հետ չանցավ: Երևի հասկանում էր, թե որքան մեծ միֆոլոգիական և այլ ընդհանրություններ կան երրորդ հանրապետության հետ: Հանրապետականները, որ անհամեմատ ավելի "կոդային" հարազատություն ունեն դաշնակների հետ (90 ին ՀՀԿն անվանում էին Դաշնակցության մոտորով ԱԻՄ, կամ հակառակը) առաջին իսկ տարաձայնությունների ժամանակ կեղտաջուր սկսեցին լցնել մեր "դաշնակցական" անցյալի վրա: Հիրավի պետական բնազդի բացարձակ ատրոֆիա...

    ReplyDelete
  4. Սիրելի Հրանդ,
    Չգիտեմ, քեզ պատահել է մտածէս մի բան եւ տեսնէս գրել է մէկ ուրիշը՝ նոյնիսկ օգտագրծով նոյն բառապաշարը։ Ինձ հետ, եւ քո յօդւածները կարդալիս յաճախ է պատահում։
    Կեցցէ՛ս։

    ReplyDelete