Search This Blog

2011-04-25

Կաթողիկեն առանց կաթողիկոսի: Խալդիի զորությամբ:

Աչքերը լայն բացած, միամիտ հայացքով եւ ամաչկոտ ժպիտով դեռատի աղջիկը՝ սբ. Կաթողիկե եկեղեցին, կանգնած էր մեծ քաղաքի կենտրոնական խաչմերուկում: Մեքենաների ազդանշանները, խցանումները, քրտնած ու կոպիտ վարորդների հայհոյանքները, փողոցի աղմուկը, դեպի մոտակա սրճարաններ շտապող անցորդների երամները, սովետական եւ նորակառույց բարձրահարկերը... Այս ամենի դեմ ի՞նչ կարող էր հակադրել 13-րդ դարում կառուցված, 17-ում վերակառուցված, 20-ի սկզբին քանդված (եւ միայն նախնական կառույցը պահպանած) եւ 21-ի սկզբին նորից վերաբացված փոքրիկ եկեղեցին:

Նա կառուցվել էր եւ գործում էր միանգամայն այլ պայմաններում, միանգամայն այլ քաղաքային լանդշաֆտում. փոքրիկ տների ու այգիների մեջ նա կարող էր իրեն նույնիսկ հպարտ ու անհաս գեղեցկուհի համարել: Երբ նոր քաղաքը կառուցեցին, նրան թաքցրեցին շենքերից մեկի բակում: Նրա գոյությունը շատերին անհայտ էր: Պատահական անցորդը մտնելով բակ անակնկալի էր գալիս եւ մի կոնֆետ նվիրում փոքրիկին՝ էս ինչ քաղցր բալիկ ա կորել-մոլորել այստեղ, ծնողներն ո՞ւր են, ո՞ւմ է սպասում, ո՞ւմից է վախեցել: Հետո շենքը քանդեցին, ու փոքրիկը մեն մենակ հայտնվեց նոր քաղաքի դեմ: Մի քիչ մեծացավ, հասունացավ, կրծքերը լցվեցին, նորահարսի տեսք ստացավ, բայց մնաց նույն միամիտը, նույն երեխան: Միակ զարդարանքը գարնան սկզբին սպիտակ ծաղիկներով ծաղկող իր պես փոքր ու ամաչկոտ մի քանի բալենիներն էին: Իրոք, ի՞նչ պիտի կարողանար հակադրել նա ինքնավստահ, գոռոզամիտ, առավոտները գործի, երեկոները՝ զվարճանքի շտապող քաղաքին: Հո դու օյին չե՞ս, այ բալա, գնա տո՛ւն: Մանավանդ երեկոներն ու գիշերները` հազար ու մի մարդ, հազար ու մի վտանգ՝ ի՞նչ ես անելու:
            Նա լիովին բաց էր քաղաքի առջեւ, անպաշտպան, ոչինչ չուներ ու չէր էլ կարող թաքցնել: Նույնիսկ իր պատարագն ու ժամերգությունը տեղի էին ունենում համարյա բաց երկնքի տակ, գրեթե` փողոցի մեջտեղը: Ծեսի երգեցողությունն ուղեկցվում էր մեքենաների ազդանշաններով: Շոգից, ցրտից, անձրեւից անպաշտպան: Բայց սա, հիրավի, այն դեպքն էր, երբ թվացյալ թուլությունը լավագույն ուժն էր: «Լկտիության» հասնող միամտությամբ փոքրիկ Կաթողիկեն ավելի ուժեղ էր, քան ողջ միլիոնանոց քաղաքը, քան քաղաքի կենտրոնն իր ամեն ինչով: Նա ձգողական կենտրոն էր, իրապես հոգեւոր որակ, երկնքի կտոր երկրի վրա, տիեզերանավ, որը կարող էր ցանկացողին մի քանի րոպեում տանել դեպի տիեզերքի ամենահեռավոր անկյուն, կանգնեցնել ժամանակի հոսքը, տեսնել սեւ խոռոչներն ու Սլոունի մեծ պատը: Ու միաժամանակ զգալ, տեսնել, ինչպես Հիսուսը հենց այս պահին, հենց այստե՛ղ խաղում է էրեխեքի հետ ամառվա արեւից չորացած խոտին, հեռվից բարեւում տաքսու վարորդներին, զրույցի բռնվում անցորդների հետ: Սա՛ էր Կաթողիկեն: Հիրավի՛ Կաթողիկե՝ ընդհանրական: Ժպիտ է առաջացնում այդ անունն` օգտագործված Երեւանի ամենափոքր եկեղեցու նկատմամբ: Բայց, ոմանք ասում են՝ խոնարհների մոտ եկավ Աստված ու մեղավորների: Ու մեր Կաթողիկեն դարձրեց ձգողականության ուժը հաղթահարող հրթիռ:
            Բայց «մեծերը» որոշեցին Կաթողիկեն հզորացնել: Քաղաքի կենտրոն է՝ նրանք էլ պիտի այդտեղ նստավայր ունենան, հո չեն թողնի էդքան թանկ տարածքն ինչ-որ անհայտ որբուկին: Տիեզերանավեր, խոտի վրա խաղացող Հիսուս՝ էդ ամենը ցնորք է, գուցե, նույնիսկ հերետիկոսություն: Պետք է հզոր ամրոց կառուցել: Հողն ամայի էր՝ մեծ սխրանքներ կատարեցի ես այնտեղ: Խալդին ինձ հետ էր, նրա պատվին մեծ տաճար կառուցեցի, անունը դրեցի...: Նոր՝ անհամեմատ մեծ եկեղեցին ու քրմապետի նստավայրը պետք է հաստատեն այսօրվա գերակայությունը: Նրանք պիտի քաղաքի մաս դառնան եւ մրցեն բարձրահարկերի ու թանկ ավտոմեքենաների հետ հանուն այժմեականության, իշխանության ու Խալդիի հզորության: Ո՞վ է ավելի ժամանակակից ու հզոր, ո՞վ է ավելի ուժեղ ու հարուստ, ո՞վ է ավելի հմայիչ ու գեղեցիկ, ո՞վ է ավելի բարեպաշտ ու բարեկիրթ: Խալդին հզոր է, Խալդիի խոսքը հզոր է, Խալդիի հրամանով.....: Նախկին Կաթողիկեն ծիծաղելի է ու անտեսելի: Նրան, իհարկե, չեն քանդի, ուսին մի երկու հատ կխփեն` յանի դու էլ ոչինչ, կարող ես էստեղ մնալ, քեզ ամուր վահան կլինենք: Բայց էդ թիթիզություններդ թող: Մենք լուրջ մարդիկ ենք` քաղաքի տղերք` հարցեր լուծող, կյանքը վայելող, տվող-առնող, նստող-վերկացող, հեղինակություն ունեցող: Կյանքը դաժան ա, բալիկ ջան, ու պետք ա բաշարես՝ ուտես, որ չուտվես: Չէ, չմտածես, մենք էլ աստվածավախ ենք: Ուղղակի դու դեռ շատ փոքր ես, շատ բան չես հասկանում: Հավատա մեզ, մենք կյանք ենք տեսել, շատ ճանապարհներ ենք անցել: Տե՛ս` ոնց ենք քեզ էլ հարդարելու, տե՛ս` ի՜նչ զարդեր ենք բերել: Որ անտեր բոմժ մուրացկանի պես չկանգնես խաչմերուկում: Հիմա մոտդ հարուստ տղերքն են հյուր գալու: Իրանք թանկ հագնված աղջիկների են սովոր ու ծեսերի դիմաց պատրաստ են լավ գումարներ վճարել: Դե սա ուղղակի ընդունված ձեւ ա, ուրիշ բան չմտածես: Մենք սուրբ մարդիկ ենք...

            ...Ի՞նչ անենք, Տե՛ր Աստված: Խալդին միշտ այնքան մոտ է, տեսանելի ու հասկանալի: Նա ամենուր է: Իսկ ո՞րտեղ փնտրենք քեզ: Ո՞րտեղ է, վերջապես, քո խոստացած արդարությունը, սերը, ճշմարտությունը: Չեղած բանե՜ր են: Ոնց-որ հենց դո՛ւ: Բայց եթե եղած բան լիներ, նույնիսկ լուրջ տղերքը կհավատային: Աստված չկա՛: Մենք կա՛նք: Յանիմ:







Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources




No comments:

Post a Comment