Search This Blog

2012-12-27

Սևերով խաղը. հայկական հակահեղափոխությունը



Հայաստանում տեղի է ունեցել հակահեղափոխություն:

Որպեսզի հասկանալի լինի, թե ինչի մասին է խոսքը, նախ մի երկու բառով քննենք, թե ինչն է՛ և ինչը չէ՛ հեղափոխություն:
Նախ՝ հեղափոխությունն այն չէ, ինչը հայ լրագրության մեջ սովորաբար կոչվում է «սոցիալական բունտ»: Պատմությանը, իհարկե, հայտնի են դեպքեր, երբ չունևորները, ցածր խավերի ներկայացուցիչները, ստրուկները, գյուղացիներն իրենք իրենցով, առանց այլ՝ միջին կամ բարձր դիրք ունեցող հասարակական շերտերի ներկայացուցիչների կազմակերպման, ապստամբում են իշխող վերնախավի դեմ: Սակայն ես գոնե չեմ հիշում որևէ դեպք, երբ այդ ապստամբությունները հաջողությամբ են պսակվել: Գուցե կան այդպիսիք, բայց բացառություն են:
Հեղափոխության խաղաղ կամ ոչ խաղաղ ձևերի տարբերակումը տվյալ դեպքում անկարևոր է, քանի որ զուտ տեխնիկական հարց է՝ էությունը նույնն է: Այնպես որ մեծ հետաքրքրություն չեն ներկայացնում նաև «սահմանադրակա՞ն, թե՞ ոչ սահմանադրական ճանապարհի» մասին մեզանում նույնպես մոդայիկ խոսակցությունները:
Հեղափոխությունը նախ գիտակցության և այդ գիտակցությունը կրող դասի, շերտի, հասարակության հատվածի խնդիր է: Իհարկե, անհրաժեշտ են նաև առարկայական պայմաններ, բայց դրանք կարող են դարերով անգամ գոյություն ունենալ և ոչնչի չբերել, եթե չկա գիտակցությունը և այն կրող ու ձևակերպող «առաջապահը» (ավանգարդը): Հեղափոխության մասին խոսելիս չփորձենք ավելի խելոք լինել կամ թվալ, քան այդ գործի վարպետներ ու տեսաբաններ Լենինն ու Գրամշին:

2012-12-24

Սերժը փրկի՞չ: Օ, ո՛չ:



Առաջ ասում էին մոտավորապես այսպես. քանի որ պատերազմի վտանգ կա, ապա հանո՛ւն ազգային միասնության, հանո՛ւն Արցախի եւ այլն, մի կողմ ենք դնում մեր սկզբունքային տարաձայնությունները իշխանության հետ: Կամ. քաղաքացիական բախումների, ցնցումների, արյունահեղության, պատերազմի վտանգերից խուսափելու նպատակով եւ հետո էլի նույնը: Հիմա ավելի մոդայիկ տարբերակ է շրջանառության մեջ դրվում՝ բացահայտորեն կամ էլ ակնարկներով: Այն է՝ Սերժ Սարգսյանը մեզ փրկելու է Պուտնինից, ռուսներից, Եվրասիական միությունից եւ այն, հետեւաբար հանուն այդ վեհ նպատակի, պետք է մի կողմ դնել բոլոր նախկին տարաձայնությունները եւ.....: Շարունակությունը պարզ է: Տեսնենք, թե ի՞նչ է սա նշանակում:

2012-06-30

Երեւակայական արևելքը


Ռ. Սեւակի բանաստեղծություններում հաճախ է հանդիպում արեւելքի թեման ընդհանրապես եւ արեւելքի ու արեւմուտքի հակադրության մոտիվն ի մասնավորի: Ընդ որում, հակադրության մեջ շահեկան դիրքերից է ներկայացվում արեւելքը: Հեղինակն ինքը, ուղղակիորեն կամ միջնորդված իրեն նույնացնում է արեւելքի հետ: Թվում է՝ բավականին տրամաբանական ինքնանույնացում Եվրոպայում սովորած եւ գերմանուհու հետ ամուսնացած, այսինքն` արեւմուտքի հետ անմիջական շփման մեջ մտած, եւ այդ շփման արդյունքում իր` հայի եւ պոլսեցու տարբերությունը արեւմուտքի մարդկանց հետ վերապրած, ինչպես նաեւ արեւմուտքցիների կողմից իրեն որպես արեւելքցու ընկալումը ճաշակած մեկի համար: Քանի որ այս մոտիվը երկրորդական չէ հայ մշակութային ինքնության համատեքստում, փորձենք ավելի մանրամասն դիտարկել այն Ռ. Սեւակի մեկ` «Գյուղական ճամբուն վրա» բանաստեղծության օրինակով:

2012-06-22

Պացիֆիզմ թե՞ պոֆիգիզմ



Վերջին շրջանում, երբ ընդհանուր առմամբ անհոգ հայ հասարակությունը, շնորհիվ հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած արյունոտ դեպքերի, կրկին մի պահ հիշեց, որ մենք պատերազմի վտանգի մեջ ապրող երկիր ենք, աշխուժացան նաեւ վեճերը «պացիֆիստների» եւ «միլիտարիստների» միջեւ (այս անվանումներն, իհարկե, պայմանական եմ դնում):
Ինձ համար, սակայն, առանց այս վերջին առիթի էլ պարզ է, որ համենայն դեպս խաղաղասիրության այն տեսակում, որն առավել տարածված է մեզանում, շատ լուրջ խնդիրներ կան: Ես դա կոչում եմ ՀԿ-ական պացիֆիզմ:

2012-05-31

«Առաջին Ապառնու» նախագիծը

Հայաստանը վերածվում է ռեզերվացիայի՝ տարածքի, որի գոյության հիմնական կերպը պահպանումն ու «գոյատևումն» է: Երեք հազարամյա մշակույթի մասին «մուղամը» պարզապես նողկալի է դառնում ժամանակակից մշակութային արտադրանքի բացակայության, ինչպես նաև ազգայինի մասին բացարձակ անիրապաշտական, հեքիաթային՝ «արիական» պատկերացումների գերակայության պայմաններում: Մշակույթը պետք է արտադրվի հենց այսօր՝ ներկայում, և, ինչ-որ իմաստով, նաև կերտվի ապագայից, որպեսզի կարելի լինի արդարացիորեն հպարտանալ անցյալով:

2012-05-22

Անհանդուրժո՛ղ եմ եւ «միազան»

Ես ո՛չ հանդուրժող եմ, ո՛չ էլ նույնիսկ բազմազանության կողմնակից (վերջինի դեպքում, իհարկե, միայն որոշակի, այլ ոչ թե բացարձակ իմաստով): Պնդում եմ սա ամենայն լրջությամբ: Ինձ համար կա, անշուշտ, հարգանք այլոց կարծիքների նկատմամբ, բայց հանդուրժողականություն որպես բացարձակ կամ նույնսիկ որպես առաջնային արժեք ինձ համար գոյություն չունի: Բազամզանությունն էլ, հաստատ ինքնանպատակ չէ: Ավելին՝ անհադուրժո՛ղ եմ եւ այսպես ասած՝ «միազանության» կողմնակից: Եվ սա էլ պնդում եմ ամենայն լրջությամբ, առանց էպատաժի, հեգնանքի եւ նման այլ ենթատեքստի:

2012-04-30

Հակաանկախական ռեւանշիզմ

Վերջին հինգ տարվա փորձը ցույց է տալիս, որ ցանկացած ընտրարշավի ընթացքում իշխանական քարոզչամեքենան չի դիմանում գայտակղությանը, եւ սեղանին է նետում իր վերջին «ղոզ»-երից մեկը՝ «ցուր ու մթի» թեման։ Անցած շաբաթ ֆեյսբուքը հեղեղցին քարոզչական պաստառներով, որոնք հայաստանցիներիս «հիշեցնում» էին 90-ականների հերթերը, հացի կտրոնները, լույսի բացակայությունը, «կիպյածիլնիկը» եւ այլն։ Ես նույնիսկ ավելորդ եմ համարում եւս մեկ անգամ հիշեցնել, որ իրականում այդ պաստառների հեղիանկերը խփում են ոչ թե «հհշ»-ին կամ առավել եւս տարաբնույթ քաղաքական ուժերից բաղկացած ՀԱԿ-ին, այլ ստվերում եւ սեւացնում են Հայաստանի անկախության գաղափարը եւ հաղթանակը արցախյան պատերազմում՝ իրականացնելով ըստ էության հակապետական քարոզչություն։ Սա պարզապես սեւ փիառ չէ, այլ օտարերկրյա գործակալին վայել գործողություն։ Ավելորդ եմ համարում հիշեցնել, բայց ստիպված եմ այնուամենայնիվ մի քանի բան ասել։ Այժմ հերթով՝ թեթեւից ծանր։ Ա. Հակաանկախական պաստառների ստեղծման ու տարածման անմիջական առիթը, դա պատրաստող խումբը ներկայացրեց որպես պատասխան վերջին չորս տարվա ընթացքում Հայաստանի իշխող ուժի քաղաքականությունը քննադատող հոլովակներին, ուր ներկայացվում էր երկրի արտաքին պարքտը, բանակի առնչվող խնդիրները եւ արտագաղթի խնդիրը։ Եթե այդ միանգամայն այժմեական խնդիրներին ի պատասխան իշխող ուժի քարոզչամեքենան տարածում է անցյալին նվիրված պաստարռեն, դրանով իսկ բացահայտորեն խոսոտվանում է, որ որեւէ ասելիք չունի ներկայիս խնդիրների, ներկայիս քննադատությանն ի պաստասխան։ Եվ իրոք, ի՞նչ կարելի է պատասխանել պաշտոնական վիճակագրության վրա հիմնված նյութերին։ Սա վաղուց արդեն իշխանամետ քարոզչության ոճն է՝ ի պատասխան քննադատության եւ կոնկրետ հարցադրումների՝ «բա ձեր վախտ էլ էր տենց» կամ «բա Ամերիկայում էլ են ընտրություններ կեղծում»։ Եթե թարմ նյութ եք փնտրում, կարդեացեք, թեկուզ հանրապետականների պատասխանները Օսկանյանին։ Կարծես, եթե Օսկանյանը «փիսն ա», դրանից հետեւում է, որ իրա ասածները ժխտվեցին։ Կամ եթե Ամերիկայում մի ղալաթ են անում, ուրեմն մեզ մոտ էլ պիտի նույնը լինի։ Իսկական վայրենու «տրամաբանություն»։ Բ. Եթե ճիշտ է ենթադրությունս, եւ խնդրո առարկա պաստառների հեղինակների մեջ են նախագահականի հետ համագործակցող «ջահել» «քարոզչության մասնագետների» խումբը, ապա հետաքրքրիր բան կարող է ստացվել։ Դեռեւս 2008-ին նկատել էի, որ իշխանամետ որոշ առավել «հայրենասեր» լրատվամիջոցներ եւ բլոգերներ, ըստ էության ադրբեջանամետ քարոզչություն էին տանում հայ ժողովդրի դեմ։ Ինչպե՞ս։ Նրանք, իհարկե, ակամայից, բայց այնուամենայնիվ հստակորեն կրկնում էին ադրբեջանական քարոզչության թեզերը հայերի մասին՝ հայ ժողովուրդը ջարդարար է, նրա հերոսները հանցագործներ են, հայ զանգվածները մութ ուժերի դավադրության գործիք են եւ այլն։ Այսպես էր ստացվում, երբ մարտի մեկի ցույցի մասնակիցներին համեմատում էին սումգաիթյան ջարդարարների հետ, երբ ցուցարարբերին վերագրում էին թալանը (հետագայում որեւէ դատական գործով չապացուցված, բայց հոգ չէ, ոչ ոք ներողություն չխնդրեց ու նույնիսկ չգիտակցեք իր պատասխանատվությունը), քաղբանտարկյալ-ազատամարտիկներին հանցագործներ էին ներկայացնում, ինչպես եւ 88-ին ադրբեջանական քարոզչությունը, 2008-ի հանրահավաքները նույնպես համարում էին «ՑՌՈՒ»-ի սարքած եւ այլն։ Հիմա մոտավորապես նույնն է տեղի ունենում։ Երբ Արցախի հարցը բարձրացվեց եւ հետագայում պատերազմի ընթացքում ադրբեջանական քարոզչությունը եւ առհասարակ նրանց քաղաքականությունը հիմնված էր այն հույսի վրա, որ հայերին կարելի է ծնկի բերել տնտեսական շրձափակման եւ թվային առավելության միջոցով։ Հայաստանցիներն ապրեցին իրապես դժոխային տարիներ, բայց մեր երկիրը ոչ միայն ծնկի չեկավ, այլեւ հաղթելով պատերազմում, զոհի բարդույթը փոխանցիկ դրոշի պես փոխանցեց Ադրբեջանի թուրքերին։ Այո՛, չունեցանք լույս, ջուր, հաց, բայց դարերի ընթացքում առաջին անգամ ոչ թե տարածք կորցրեցինք, այլ հայրենիք ազատագրեցինք։ Կոչե՞նք սա ազգային աղետի տարիներ։ Կարծում եմ ցանկացած պետություն եւ ժողովուրդ պետք է հպարտանային այդպիսի իրավիճակով, այդպիսի հերոսական դիմադրողականությամբ։ Իսկ մենք անամոթաբար կոչում ենք սա ցուրտ ու մթի տարիներ, ազգային աղետի տարիներ....։ Գ. Հետաքրքրիր է ի դեպ, որ այդ պաստառներից ոչ մեկում չի խոսվում 90-ականների իրապես քննադատելի կողմերի մասին։ Օրինակ չեն հիշատակվում 90-ականների ընտրակեղծիքները, կոռուպցիան, անարդար դատավարությունները եւ այլն, որոնք այն ժամանկվա իրական օրագարգերն էին։ Շեշտը դրվում է ոչ թե կոնկրետ քաղաքական ղեկավարման բանական քննադատության, այլ փաստարեն պետության եւ անկախության փչացման, սեւացման վրա։ Երկու ենթադրությոյն կարելի է անել այս առումով։ Առաջինը՝ իշխանամետ քարոզչություն նույնիսկ այս կետում չի կարողանում բանական, ռացիոնալ ասելիք ձեւակերպել։ Երկրորդ՝ անկախ այս պաստառների պատրաստման մեջ ընդգրկված անձանց անձնական մղումներից, փաստացիորեն սպասարկվում է օտարկերյա մի շահ՝ սեւացնել Հայաստանի անկախացման եւ պատերազմական հաղթանակի գործըթնացը, ներկայացնել հայերին որպես անկախությանը եւ պետությանը անարժան ժողովուրդ։ Դ. Պաստառների գաղափարախոսությունն իր ձեւով նույնանում է կոմունիստական ռեւանշիստական հակաանկախական քարոզչությանը եւ այն էլ երկու իմաստով։ Նախ՝ նույն կերպ բոլշեւիկները սեւացնում էին Առաջին Հանրեպետությունը (1918-20 թթ.)։ Այդ տարիներին էլ կային թե՛ առարկայական գործոններով պայմանավորված դժոխային դժվարություններ, թե՛ վատ կառավարման հետեւանքով առաջացած լուրջ թերություններ։ Այս ամենից օգտվելով բոլշեիկյան քարոզչությունը շուրջ 70 տարի ներկայացրեց անկախ Հայաստանը որպես մի դժոխք, իսկ հայերին որպես անկախությանը ոչ ունակ ազգ, որը կարող է ապրել միայն օտարի հովանավորչության տակ։ Հասկանալի է, որ մի բան է քննադատել առաջին Հանրապետության ղեկավարման սխալները, թեկուզ շատ սուր քննադատել, մի այլ բան՝ օգտվելով սխալներից ու առարկայական բարդություններից սեւացնել անկախության գաղափարն ա՛ռհասարակ։ Իսկ ինչպե՞ս տարբերել մեկը մյուսից։ Շատ պարզ՝ եթե մեկը խոսում է կոնկրետ սխալներից, մատնանշում է կառավարման սխալ քայլերը, միաժամանակ չմոռանալով առարկայական պայմանները, դա մի բան է, իսկ եթե մեկը պարզապես համատարած սեւ է ներկայացնում պատկերը եւ շեշտը դնում է ծանր տնտեսական վիճակի վրա՝ չհիշատակելով նաեւ դրա առարկայական պատճառները, ապա կամա թե ակամա մասնակցում է հակահայկական քարոզչությանը։ Երկրորդ՝ այսօր էլ ՀԿԿ հոլովակները ներկայացնում են նույն սեւ գույներով ե՛ւ Առաջին ե՛ւ Երրորդ Հանրապետությունները՝ Հայաստանի երկու անկախությունները, որոնց արանքում, ըստ այդ հոլովակի «աննախադեպ ծաղկումն էր» (իհարկե հոլովակի հեղինակները մոփռանում են հիշատակել, թե այդ ծաղկման տարիներին ինչպես գնդակահարվեցին Հայաստանի մտավորական եւ քաղաքական սերուցքը, ոտնահարվեց խոսքի եւ մնացած բոլոր ազատությունները, Հայաստանից անջատվեցին Արցախն ու Նախիջեւանը հոգուտ թուրքերի, մեկուսացվեց գիոտթյունն ու մշակույթը, իսկ վերջում ծաղկեց կոռուպցիան, ստվերային տնտեսությունը եւ պատմության մեջ առաջին անգամ խաղաղ պայմաններում կտրոններով մթերք էին տալիս)։ Ի դեպ, երեւի միայն ինձ մոտ չի կասկած առաջացել, որ ՀԿԿ հոլովակն իր պրոֆեսիոնալիզմով հազիվ թե հին բիձեքի սարքած լինի։ Զգացվում է մասնագիտական ձեռագիրը, որն էժան հաճույք չէ։ Իմիջայլոց ավելացնեմ նաեւ, որ այս կասկածը կարող է անուղղակիորեն հաստատվել նաեւ Pozor.am կայքի որոշ նյութերի ոճով։ Հետաքրքիր է, որ նույնիսկ Գագիկ Ծառուկյանին քննադատելով, կայքի անանուն «գրչիստները» չեն զլանում նախադասությունը սկսել «20 տարի առաջ երբ Հայաստանն ավելի կարգին երկիր էր» տիպի նախադասությամբ։ Ու այս նախադասությունից հետո, ինձ բացարձակ մեկ է, թե ո՛վ եւ ինչո՛ւ է քննադատվում, որովհետեւ այս նախադասությունը նշանակաում է անհավատրմություն Հայաստանի Հանրապետությանը եւ օտարերկրյա շահերի սպասարկում։ Ե. Իշխող ուժը՝ Հանրապետականը, որը չնայած իր այսօրվա վիճակին, ամեն դեպքում իր ավանդն ունի անկախության կերտման գործում, ինչպես նաեւ Սերժ Սարգսյանը, ով նույնպես երկրոդական պաշտոններ չի զբաղեցրել 90-ականներին, եւ կարծում եմ հավասարապես կիսում է այդ թվերի թե՛ ձեռքբերումների, թե՛ թերությունների համար, ըստ իս, պետք է պաշտոնապես դատապարտեն Հայաստանի անկախության դեմ ուղված հակաքարոզչությունը՝ հրաժարվելով մեկընդմիշտ այդ հակապետական հնարից։ Իսկ մենք քաղաքացիներս՝ անկախ մեր քաղաքական դիրքորոշումներից եւ հակասություններից, պետք է հստակ գիտակցենք այն սահմանը, որից այն կողմ ցանկացած քարոզչություն արդեն անհավատարմություն է Հայաստանի Հանրեպատության նկատմամբ։ Հ.Գ. Իհարկե, անմիջապես կասեք, բա ընդդիմության քարոզչությունը, բա իրանք չե՞ն անցնում սահմանը։ Ես միայն մի կետ եմ առայժմ նկատում, ուր որոշ ընդդիմադիր գործիչներ մոտենում են անթույլատրելիի սահմանին։ Այն է՝ երբ ասում են, թե երկիրը կործանման եզրին է, եւ այլընտրանքը կա՛մ իշխանությունը փոխելն է, կա՛մ արտագաղթելն է։ Կարծում ես սա շատ սխալ թեզ է, որը լեգիտիմացնում է արտագաղթելու որոշումը, փոխանակ մարդկանց քարոզելու, որ ելքը ոչ թե արտագաղքն է, այլ ինքնորոշված ժողովդրի պայքարը հանուն երկրում սահմանադրականության հաստատման։ 90-ականներին կարողացանք լուծել պատերազմի եւ տնտեսական կոլապսի խնդիրները։ Այսօր պարտավոր ենք լուծել, այն ինչ ի վիճակի չեղանք լուծել այն ժամանակ՝ օրինականության խնդիրը։ Վաղը կլինեն այլ օրակարգային խնդիրներ, որովհետեւ մենք ոչ թե դրախտ ենք կառուցում երկրի վրա, այլ ընդամենը պետություն։ Արտագաղթելու խորհուրդ կարելի էր տալ միայն սովետահայ ռեւանշիստներին, բայց ցավոք նրանց հայրենիքը կործանվել է եւ նրանք տեղ չունենալով գնալու, դատարապրտված են հավետ սեւացնելու Հայաստանի անկախությունը։

2012-02-19

Քաղաքականացրե՛ք ամեն ինչ

«Մի՛ քաղաքանացրեք», «քաղաքական աստառ մի՛ փնտրեք»՝ այս եւ նման դարձվածքները հետսովետական մարդու հրապարակային հասարակական լեզվի կարեւոր մասն են կազմում, գուցե նույնիսկ՝ հիմնաքարն են այդ լեզվի եւ այն մտածողության, որն ինքնարտահայտվում է դրա միջոցով: Եվ եթե մի՛ քաղաքականացրեք կենցաղային խնդիրները կամ արվեստն ու մշակույթը պնդումները դեռ ինչ որ տեղ հասկանալի կարող են թվալ գոնե մակերեսային մոտեցման տեսանկյունից, ապա իրավիճակը մոտենում է զավեշտի երբ նույնը պնդում են հասարակական հնչեղություն ունեցող հարցերով՝ բնապահպանությամբ, հասարակագիտությամբ, իրավապաշտպանությամբ զբաղվողները: Վերջապես իրավիճակը նաեւ անցնում է զավեշտի սահմանը, երբ նույնը պնդում են քաղաքական գործիչները եւ պաշտոնյաները:

2012-01-18

Ազատ չափի մահախոսականը

Ազատ չափի բանաստեղծությունից այնքան եմ հագեցել, որ այլեւս չեմ կարողամում ոչ միայն որեւէ նոր հեղինակ ընկալել այդ չափի մեջ, այլ պարզապես մի տեսակ նյարդայնանում-կատաղում եմ: Եղածները, այդ թվում իմ կողմից սիրված-հարգված հեղինակները լրիվ բավական են: Այլեւս կարծես ի վիճակի չեմ նոր հեղինակ մարսելու, եթե նա գրում է վերլիբրով: Եվ սա, ճիշտն ասած, քաղաքական խնդիր է: Քաղաքակա՞ն: Իմ համեստ կարծիոքվ չկա աշխարհում ավելի մեծ քաղաքականություն քան քերթողությունը՝ պոեզիան: