Search This Blog

2012-02-19

Քաղաքականացրե՛ք ամեն ինչ

«Մի՛ քաղաքանացրեք», «քաղաքական աստառ մի՛ փնտրեք»՝ այս եւ նման դարձվածքները հետսովետական մարդու հրապարակային հասարակական լեզվի կարեւոր մասն են կազմում, գուցե նույնիսկ՝ հիմնաքարն են այդ լեզվի եւ այն մտածողության, որն ինքնարտահայտվում է դրա միջոցով: Եվ եթե մի՛ քաղաքականացրեք կենցաղային խնդիրները կամ արվեստն ու մշակույթը պնդումները դեռ ինչ որ տեղ հասկանալի կարող են թվալ գոնե մակերեսային մոտեցման տեսանկյունից, ապա իրավիճակը մոտենում է զավեշտի երբ նույնը պնդում են հասարակական հնչեղություն ունեցող հարցերով՝ բնապահպանությամբ, հասարակագիտությամբ, իրավապաշտպանությամբ զբաղվողները: Վերջապես իրավիճակը նաեւ անցնում է զավեշտի սահմանը, երբ նույնը պնդում են քաղաքական գործիչները եւ պաշտոնյաները:
Այո՛, կարելի է չզարմանալ, եթե հետսովետական տարածքում մի օր հայտնվի մեկը, ով կոչ անի «չքաղաքականացնել քաղաքականությունը»: Ըստ էության անուղղակիորեն այդպես էլ ասվում է, երբ, օրինակ, որեւէ կուսակցական գործիչ կոչ է անում իրենց կազմակերպության այս կամ այն որոշման մեջ չտեսնել քաղաքական աստառ: Ընդ որում սա կարծես այն կետն է, որտեղ հասարակության զգալի մասը վեճ չունի պաշտոնյաների խոսքի հետ: Քաղաքականը կարծես մի թաբո՛ւ է, հայհոյա՛նք է, բո՛ր է, որից ազատ լինելը բոլորս ուզում ենք ապացուցել: Ինչո՞ւ է այդպես, ինչո՞ւ է հետսովետական մարդը (բայց, կարծես, ոչ միայն նա, այլեւ որոշ չափով այսօրվա միջին մարդն աշխարհում ա՛ռհասարակ) այդպես վախենում քաղաքականացումից: Իհարկե, այստեղ որոշ բանական հիմք կա, այն իմաստով, որ մարդկանց մի մասը չքղաքականացնելու տակ նկատի ունի նեղ իմաստով՝ չկուսականացնելը (ինչն ինքնին վատ բան չէ, բայց որոշ դեպքերում, անշուշտ անցանկալի): Սակայն, կարծում եմ, կա եւ ավելի խորքային պատճառ: Քաղաքականն, անշուշտ, ավելի լայն իմաստ ունի քան նեղ կուսակցականը: Երբ մարդիկ այդքան վախենում են որեւէ բան քաղաքականացնելուց, իրականում առավել հաճախ հոգեբանորեն ուզում են շեշտած լինել իրենց «անվտանգ» լինելը, թույլի դիրքից են խոսում, ինքնակամորեն հրաժավում են իրենց ինքնիշխանությունից: Ինչո՞ւ: Քաղաքականն, իհարկե, բազմաթիվ սահմանումներ ունի, բայց կարծում եմ, չեմ սխալվի, եթե դրանց միջից տվյալ դեպքում կարեւորեմ քաղաքականության որպես որոշումներ եւ վճիռներ ընդունելու ունակություն եւ իրավունք, միջավայրը փոխելուն ուղված գիտակցված գործողություն, եւ պատասխանատվության ստանձնում: Քաղաքական է այս դեպքում այն կեցվածքը, որն իրեն իրավունք է վերապահում առանցքային հարցերում որոշումներ ընդունելու գործըթնացին ազդելու: Քաղաքականությունը հատուկ եւ առանձին զբաղմունք չէ, ինչպես լռելյայն կարծում են մեզանում, մասնագիտությո՛ւն չէ, արհե՛ստ չէ, նույնիսկ գիտությո՛ւն չէ, այլ հենց կեցվածք է կամ գոյության կերպ է՝ միջավայրի նկատմամբ ինքնիշխան, ազատ, ստեղծագործական եւ պատասխանատու վերաբերմունք: Ով հրաժարվում է «քաղաքականացնելուց» ընդամենը հրաժարվում է իր իրավունքից եւ ըստ էության ասում է՝ «ես ոչինչ չեմ որոշում, ձյաձ ջան, մի՛ խփի ինձ, ես ազատ մարդ չե՛մ»: Այս դեպքում արդեն լրիվ այլ իմաստ են ստանում ոչ միայն հասարակական հարցերի, այլեւ արվեստի, մշակույթի, նույնիսկ՝ կենցաղի չքաղաքականացնելու կոչերը: Իրական արվեստն ու մշակույթը իրենք իրենցով իսկ քաղաքական են, այնքանով որքանով կոչված են փոխել կյանքն իրենց շուրջ, եւ որոշ իմաստով գուցե նույնիսկ քաղաքականության բարձրագուն ձեւ են: «Ապաքաղաքական» արվեստն ընդամենը մակերեսային զարդանախշում եւ զվարճանք է: Բայց նույնը որոշ չափի մեջ կարող ենք ասել նաեւ գիտության մասին: Առնվազն հասարակագիտության բացարձակ ապաքաղաքականացումը ոչ միայն հնարավոր չէ, այլեւ կեղծիք է, ինչը չի նսեմացնում գիտության արժեքը: Ավելին՝ լայն իմաստով քաղաքականացման է ենթակա նույնիսկ կենցաղն ընդհուպ մինչեւ անձնական կյանքը, սե՛րը, սե՛ռը: Քաղաքականացրե՛ք ամեն ինչը՝ փոխեք կյանքը ձեր շուրջ, գիտակցվա՛ծ ապրեք, ստանձնե՛ք պատասխանատվություն, եղեք տե՛ր, որոշո՛ղ, սահմանո՛ղ ամեն ինչում: Ի վերջո եղեք նաեւ կողմնակալ, ինչո՞ւ ոչ: Հաճախ անկողմանակալության մյուս անունը՝ հարմարվողականություն է: Ավելին՝ հաճախ հենց չքաղաքականացման կոչերի ներքո են կատարվել եւ կատարվում քաղաքական ամենաստոր հանցանքները եւ կեղծիքները:









2 comments:

  1. Ընդամենը «քաղաքական» բառի ևս մի մեկնաբանություն է, ու հա, դեմ չէմ վատ մեկնաբանություն չէ, բայց դեմագոգիկ տարր կա, որը չէմ սիրում քո աշխատանքների մեջ երբ հայտնվում է:)

    ReplyDelete
    Replies
    1. Արտակ ջան, դե, որ մեկնաբանություններից մեկն ա, համաձայն եմ, եւ նյութում էլ նշել եմ: Բայց քաղաքականի մեկ եւ համընդհանուր ընդունված մեկնաբանություն կարծես չկա էլ կամ ինձ հայնտի չի: Իսկ դեմագոգիկը....դե չգիտեմ: Նայած ի՛նչ նկատի ունես: )

      Delete