Search This Blog

2012-05-31

«Առաջին Ապառնու» նախագիծը

Հայաստանը վերածվում է ռեզերվացիայի՝ տարածքի, որի գոյության հիմնական կերպը պահպանումն ու «գոյատևումն» է: Երեք հազարամյա մշակույթի մասին «մուղամը» պարզապես նողկալի է դառնում ժամանակակից մշակութային արտադրանքի բացակայության, ինչպես նաև ազգայինի մասին բացարձակ անիրապաշտական, հեքիաթային՝ «արիական» պատկերացումների գերակայության պայմաններում: Մշակույթը պետք է արտադրվի հենց այսօր՝ ներկայում, և, ինչ-որ իմաստով, նաև կերտվի ապագայից, որպեսզի կարելի լինի արդարացիորեն հպարտանալ անցյալով:
Ռեզերվացիայի կայացմանն այլ գործոնների շարքում նպաստում է սփյուռքակենտրոն մտածողությունը, որի սահմաններում Հայաստանը նախնիների առասպելական երկիր է , ուր ամռանը կարելի է թան խմելով զովանալ: Էստրադային երգերում Երևանը ներկայացվում է որպես մի տեղ, որտեղ սառնորակ ջուր և ծիրանի չիր կա, կարծես Երևանը ոչ թե քաղաք է, որում մարդիկ աշխատում են, սիրում կամ ատում, ճամբարների բաժանվում, նույնիսկ ապստամբում, այլ բարի տատիկների գյուղ: Սփյուռքակենտրոն մտածողություն ունեցող մտավորականությունը քիչ ջանք չի թափում աշխարհին հայանպաստ նյութեր ներկայացնելու համար, սակայն, միևնույն ժամանակ, կարծես չի մտահոգվում, որ հայկական մշակույթի բնական միջավայրը՝ հայերենը, դադարում է արդիական տեղեկատվության և մտքի ստեղծման ու տարածման միջոց լինել: Մտավոր դաշտում նոր մթնոլորտ ստեղծելու համար, սակայն, պարտադիր չէ սպասել, երբ այդ խնդրով կհետաքրքրվի պետությունը: Հասարակության գործունյա հատվածն ինքը կարող է նախաձեռնել համապատասխան հաստատությունների նախագծման և կայացման մի գործընթաց: Հաստատությունների ձևավորման և կենտրոնացման երկարատև ճանապարհի առաջին քայլը կարող է լինել մտավոր և մշակութային հեղափոխության իրագործմանն ուղղված պարբերական Հանդեսի հիմնումը: Մտավոր և մշակութային գործընթացները մեզանում ինչ-որ իմաստով հետ են ընկնում վերջին երեք-չորս տարիների բուռն քաղաքական, մասամբ նաև քաղաքացիական վերելքից: Ժամանակն է փորձեր կատարել այդ բացը լրացնելու ուղղությամբ: Մանավանդ որ քաղաքականն ու քաղաքացիականը մտավոր և մշակութային գործընթացներից սնվելու առաջնային կարիք ունեն: Այս իմաստով, «Առաջին Ապառնին», որը մտահղացվել է դեռևս 2008թ. աշնանը, համարում ենք նույն այդ տարվա փետրվարյան օրերի Ազատության հրապարակի օրինավոր ծնունդ: Այլ հասարակական համատեքստում այս նախագիծը պարզապես հնարավոր չէր լինի, և սա ոչ թե սահմանափակում է, այլ առավելություն, քանի որ հաջող գործը պետք է իր ժամանակին համահունչ լինի: Պատերազմի հայտարարության հռչակագիրը Յուրաքանչյուր նոր սուբյեկտ իր ինքնությունն ու իր տեղն աշխարհում որոշակիացնելու համար պետք է նախ հայտնի, թե ով նա չէ՛՝ զտելով իրեն մյուս նման սուբյեկտներից և ընտրելով արժանի հակառակորդներ: Սեփական դրոշը հողում ամրացնելուց առաջ պետք է հստակեցվեն այն սահմանները, որոնց պահպանման խորհդանիշն է այն: «Առաջին Ապառնին» չհայտարարված պատերազմի կողմնակից չէ, ուստի պահպանելով ասպետականության կանոնները՝ նախօրոք հայտարարում է այն նշանակետերը, որոնց ուղղությամբ կրակելու մտադրություն ունի՝ միաժամանակ հույս ունենալով գտնել իրապես հավասար և ակնածանքի արժանի հակառակորդներ: Մյուս կողմից, հարկ եղած դեպքում «Առաջին Ապառնին» չի խորշի նաև «հրել ընկնողին» և տարբեր տրամաչափի մտացիրներից կրակել նաև իր դարն ապրածի ու քայքայվողի ուղղությամբ՝ իրականացնելով մտային զտումներ այնքանով, որքանով ընկնողը (անկումայինը) և քայքայվողը, կամավոր չհեռանալով ասպարեզից, թունավորում են մթնոլորտն իրենց անառողջ ներկայությամբ: Մեր արժանի և ոչ արժանի հակառակորդներն են. Ա. Հետգաղութատիրական մտավորականության «ազգային գաղափարը» Մինչ օրս էլ կողմնակիցներ ունեցող այս մտավոր ուղղության հիմնական առասպելույթներից է այն, որ Սովետական Հայաստանը հայոց պատմության ամենածաղկուն մշակութային շրջանն էր, որին աննախադեպ անկում հետևեց: Չմերժելով Երկրորդ Հանրապետության ժառանգության դրական մասը՝ գտնում ենք, որ ազգային ավանդույթից[3] կտրված և համաշխարհային մշակույթից արհեստականորեն մեկուսացված սովետահայ մշակույթը, մանավանդ իր գոյության երկրորդ շրջանում՝ 1940-60-ական թվականներից սկսած, ոչ միայն աննախադեպ ծաղկման պատկեր չէր, այլև, ընդհանուր առմամբ, անկումային, հետընթացային և փակուղային մշակութային միջավայր էր: Իսկ առանձին, իրապես փայլուն ձեռքբերումներն առավել հաճախ ոչ թե համակարգի ստեղծած բարենպաստ պայմանների, այլ համակարգի հանդեպ բացահայտ կամ քողարկված դիմադրության արդյունք էին: Ավելին, անկախության շրջանի մշակութային ամլության արմատների մեծ մասը հե՛նց սովետական շրջանում է: Պնդում ենք, որ բոլոր թերություններով հանդերձ՝ այսօր անկախ Հայաստանում ստեղծագործելու ավելի նպաստավոր պայմաններ կան, քան Սովետական Հայաստանում: Հետգաղութատիրական մտավորականության մյուս առասպելույթն «ազգային գաղափարն» է: Սակայն ա՛յն, ինչ ներկայացվում է որպես «ազգային գաղափար», իրականում, կամա թե ակամա, սպասարկում է օտարերկրյա որևէ շահ. այն է՝ հայերին և հայ-թուրքական խնդիրը գործիք դարձնել ռուսական, իսկ պոտենցիալում նաև ցանկացած այլ կայսերական հավակնությունների համար: Եթե անդրադառնանք նաև այս մտավոր ուղղության՝ ազգայինի ճանաչման և ընկալման կերպին, ապա այն գաղութի բնիկ վերնախավի տիպիկ «ներքին արևելագիտական» հայացք է ազգայինի հանդեպ: Բ. «Սալոնային պոստմոդեռնը» Այս զուտ պայմանական անվամբ կոչում ենք ա՛յն խմբերը և անհատներին, որոնք, փորձելով հակադրվել սովետից ժառանգած փուչ պաթոսին և ճոռոմաբանությանը, ստեղծագործման նոր ուղիներ են փնտրում, և որոնք միաժամանակ այս կամ այն չափով համահունչ են համաշխարհային հետարդիական «իրավիճակին»: Սակայն, ինչպես և աշխարհում, Հայաստանում նույնպես հետարդիական թուլացածությունը, իրոնիան, խաղային ոճը սպառում են իրենք իրենց: Զգացվում է նոր պաթոսի կարիք, որը հաշվի կառնի թե՛ հետարդիականության, թե՛ 20-րդ դարի արդիականության փորձը: «Պոստմոդեռնին» ցանկանում ենք հակադրել նոր հաստատողականություն, նախագծային մտածողություն, ֆուտուրիստական պաթոս՝ ինչ-որ չափով վերակենդանացնելով 20-րդ դարի 10-30-ական թվականների ավանգարդիստական ոճը: Գ. Հեքիաթային՝ «արիական» ազգայնականությունը «Արիական» ազգայնականությունը հավակնում է ազգայինի անունից խոսելու մենաշնորհին: Ինչ-որ տեղ բնական ծաղկում ապրելով 90-ականներին՝ այս ուղղությունը շարունակում է որոշ ազդեցություն ունենալ ցայսօր (համենայն դեպս, ազգայնականությունը հասարակական ընկալմամբ նույնացվում է դրա հետ): Սրա ծագումը ևս մասամբ կապված է սովետական ժամանակաշրջանի հետ. ազգային բարդույթը ծնունդ է տվել ազգայինի չափազանցված գերարժևորման և սնապարծության, իսկ կտրվածությունն ազգային ավանդույթից ազգայինի մասին անիրական պատկերացումներ է ծնել: Հեքիաթային ազգայնականությանը պետք է հակադրվի ազգային իրապաշտության համեստ արժանապատվությունը, որի հիմքում հանգիստ, մի ծայրահեղությունից մյուսն ընկնող հիսթերիզմից զուրկ հայացքն է հայոց պատմությանը՝ իր ձեռքբերումներով և կորուստներով, իր «մարդկային, չափազանց «մարդկային» բնույթով: Դ. Պատմական նիհիլիզմը Որպես ազգայինի գերարժևորմանը բնական հակազդեցություն՝ ձևավորվում է ազգայինի թերարժևորումը՝ պայմանավորված նույն բարդույթով: Նման անհամարժեք և բարդույթավորված հայացքը հանգեցնում է նրան, որ հայոց պատմությունը ներկայացվում է որպես լիակատար ձախողում, բոլոր դասագրքային արժեքները պատկերանում են շրջված նշանով և այլն: Այս ուղղության օգուտն այն է, որ մտցնում է սուր քննադատականություն, որով իրականացնում է մտավոր դաշտի մաքրում հնացած և քննական փորձությանը չդիմացող պատկերացումներից: Սակայն այս գործառույթի դրական դերը ժամանակավոր է՝ այն կրում է տհասության նույն ծննդանշանը, ինչ նրա երկվորյակ հակապատկերը : Տհաս հեղափոխականության այս տիպին կարող է հակադրվել ավելի հասուն մոտեցումը, որի հիմքում արդեն հիշատակված սթափ, բայց միաժամանակ խնամատար հայացքն է ազգային պատմությանը և մշակույթին: Ե. Սփյուռքակենտրոն ազգասիրությունը Այս մտայնությունը, որ տարածված է նաև Հայաստանում, «ազգասիրական» գլխավոր առաքելությունը տեսնում է արտերկրում «հայանպաստ» քարոզչության մեջ: Ինքն իրենով սա, իհարկե, վնասակար գործ չէ: Սակայն քարոզչությունը չի կարող ինքնանպատակ լինել: Մինչդեռ «հայանպաստ քարոզչությունն» առավել հաճախ մոռանում կամ անտեսում է իրական Հայաստանում ապրող իրական հայերին հուզող խնդիրները՝ նախընտրելով գործ ունենալ վերացական «հայրենասիրության» հետ: Իմաստից զուրկ է օտարներին ծանոթացնել հազարամյա մշակութային անցյալին, եթե այսօր Հայաստանում մշակույթ չի ստեղծվում: Ավելի մեծ կարևորություն տալով արտերկրացուն ներկայանալուն, քան բուն հայկական գոյությանը՝ «քարոզչական ազգասիրությունը» մատնում է իր գավառամիտ՝ կենտրոնն իրենց դուրս տեսնող բնույթը, որի համար «թվալն» ավելի՛ կարևոր է, քան «լինելը»: Զ. Ավանդական նվնվոցը՝ բարձր ինտելեկտուալիզմի հավակնությամբ Նվնվոցը Հայաստանում ոչ միայն զարդարված է ինտելեկտուալ փետուրներով, այլև հատուկ հարգանք ու պատիվ վայելող առանձին մտավոր ուղղություն է: Հայ մտավորականը պետք է նվնվա. սա ոչ միայն իր կարևոր զբաղմունքներից է, այլև նույնացվում է բուն իսկ մտավոր գործառույթի հետ: Ձանձրալի և անվերջ այս մուղամը պետք է, իհարկե, տարբերել իրական քննադատականությունից: Հիմնական տարբերությունն այն է, որ նվնվոցի կողմից արձանագրվող «չկա»-ն չի ենթադրում դրությունը փոխելու կամք, ապագայի դրական տեսիլ և ներկայի ծրագիր: Բացի այդ, նվնվոցին բնորոշ չէ «չկա»-յի պատճառները սթափ վերլուծելու կարողությունը: Է. Կեղծ վերլուծականությունը Կեղծ վերլուծականությունը ծաղկում է ապրում Հայաստանում՝ զինված դավադրության տեսության գիտականակերպ կաղապարներով: Այն կեղծ է, քանի որ արհամարհում է բանական մտածողության հարազատ մեթոդի՝ վերլուծականության հիմնական սկզբունքը՝ իրողությունները բացատրել նախ՝ ներքին գործոններով, ապա միայն՝ դիմել արտաքիններին: Իր գիտականակերպ բառապաշարով դավադրության տեսությունը վերլուծության լոկ պատրանք է ստեղծում: Կեղծ վերլուծականությունն իր թեզերի հիմնական մասը ներմուծում է արտասահմանյան, հիմնականում ռուսական աղբյուրներից և նշանակալի խանգարիչ դեր է կատարում հայաստանակենտրոն հայացքի ձևավորման գործում: Կեղծ վերլուծականությունը նպաստում է ներքին թշնամու դիվականացված կերպարի ստեղծմանը, ինչը հղի է հասարակական սուր բախումներով և արյունահեղությամբ: Այն նաև ստեղծում է արհեստական օրակարգեր, որոնք շեղում են հայաստանյան հասարակությանն իրական խնդիրներից: Ստալինյան գիտության այս հավատարիմ ժառանգների մտածողությանը պետք է հակադրել օրակարգերի իրապաշտությունը, բանական վերլուծությունը, քաղաքական գործընթացների ներկայացման ապամոգականացումը: Այսպիսով, իրապաշտ և սթափ պահպանողականությունը համատեղվում է նորարարության ձգտող ապագայատենչության և հեղափոխականության հետ, որով և ստացվում է Առաջին Ապառնի: Հ.Գ. “Առաջին Ապառնի” հանդեսի առաջին համարը կարող եք գնել Երեւանի գրախանութներում:

1 comment:

  1. Իսկ էլ ինչ նյութեր կան "Առաջին Ապառնիում", ցանկ կա՞ որևէ տեղ

    ReplyDelete