Search This Blog

2012-06-30

Երեւակայական արևելքը


Ռ. Սեւակի բանաստեղծություններում հաճախ է հանդիպում արեւելքի թեման ընդհանրապես եւ արեւելքի ու արեւմուտքի հակադրության մոտիվն ի մասնավորի: Ընդ որում, հակադրության մեջ շահեկան դիրքերից է ներկայացվում արեւելքը: Հեղինակն ինքը, ուղղակիորեն կամ միջնորդված իրեն նույնացնում է արեւելքի հետ: Թվում է՝ բավականին տրամաբանական ինքնանույնացում Եվրոպայում սովորած եւ գերմանուհու հետ ամուսնացած, այսինքն` արեւմուտքի հետ անմիջական շփման մեջ մտած, եւ այդ շփման արդյունքում իր` հայի եւ պոլսեցու տարբերությունը արեւմուտքի մարդկանց հետ վերապրած, ինչպես նաեւ արեւմուտքցիների կողմից իրեն որպես արեւելքցու ընկալումը ճաշակած մեկի համար: Քանի որ այս մոտիվը երկրորդական չէ հայ մշակութային ինքնության համատեքստում, փորձենք ավելի մանրամասն դիտարկել այն Ռ. Սեւակի մեկ` «Գյուղական ճամբուն վրա» բանաստեղծության օրինակով:

2012-06-22

Պացիֆիզմ թե՞ պոֆիգիզմ



Վերջին շրջանում, երբ ընդհանուր առմամբ անհոգ հայ հասարակությունը, շնորհիվ հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած արյունոտ դեպքերի, կրկին մի պահ հիշեց, որ մենք պատերազմի վտանգի մեջ ապրող երկիր ենք, աշխուժացան նաեւ վեճերը «պացիֆիստների» եւ «միլիտարիստների» միջեւ (այս անվանումներն, իհարկե, պայմանական եմ դնում):
Ինձ համար, սակայն, առանց այս վերջին առիթի էլ պարզ է, որ համենայն դեպս խաղաղասիրության այն տեսակում, որն առավել տարածված է մեզանում, շատ լուրջ խնդիրներ կան: Ես դա կոչում եմ ՀԿ-ական պացիֆիզմ: