Search This Blog

2012-06-22

Պացիֆիզմ թե՞ պոֆիգիզմ



Վերջին շրջանում, երբ ընդհանուր առմամբ անհոգ հայ հասարակությունը, շնորհիվ հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած արյունոտ դեպքերի, կրկին մի պահ հիշեց, որ մենք պատերազմի վտանգի մեջ ապրող երկիր ենք, աշխուժացան նաեւ վեճերը «պացիֆիստների» եւ «միլիտարիստների» միջեւ (այս անվանումներն, իհարկե, պայմանական եմ դնում):
Ինձ համար, սակայն, առանց այս վերջին առիթի էլ պարզ է, որ համենայն դեպս խաղաղասիրության այն տեսակում, որն առավել տարածված է մեզանում, շատ լուրջ խնդիրներ կան: Ես դա կոչում եմ ՀԿ-ական պացիֆիզմ:
Իմիջայլոց, ուզում եմ նշել, որ վերջին չորս տարիների քաղաքացիական ակտիվության փորձը ցույց է տալիս, որ ՀԿ-ական ձեւաչափն առհասարակ լուրջ ճգնաժամի մեջ է, քանի որ այս տարիների ընթացքում պարզ դարձավ, որ բոլոր կարեւոր համարվող հարցերը ձեւակերպվել են ոչ թե ՀԿ-ների, այլ արագ ինքնակազմակերպվող խմբերի կողմից: Կարծում եմ ավելի հուսադրող չէ նաեւ ՀԿ-ական միջինացված առաջարկի արդյունավետությունը Հայաստան-ԼՂՀ-Ադրբեջան հակամարտության շրջարկում: Այդ առաջարկի հիմնական ձեւակերպումներն, իհարկե, Հայաստանից չեն, տեղական մտքի արդյունք չեն, այլ ներմուծովի են: Ասածս այն չէ, որ ինչ որ դավադրություններ եւ «գեոպոլիծիկա» փնտրենք: «Գեոպոլիծիկայի» տարրեր, իհարկե, միշտ էլ կարող են լինել, բայց կարծում եմ խնդիրը միայն դա չէ:
Ինչպիսի՞ բնորոշ գծեր ունի ՀԿ-ական պացիֆիզմը: Առանձնացնեմ մեկ-երկու հատկանշականները: Յուրահատուկ «բառամոգականություն»: Օրինակ, ասվում է, որ եթե մենք ադրբեջանցի թուրքերին կոչենք ոչ թե հակառակորդ, այլ ասենք հարեւան, դրանով լուրջ քայլ կանենք դեպի խաղաղություն: Կամ, եթե հասկանանք, որ նրանք էլ մարդիկ են:
Միշտ «կոմպս կախում է» նման մտքերից: Իհարկե, բառերը, անվանումները շատ կարեւոր դեր են խաղում հասարակական կյանքում, բայց, չեմ կարծում, որ այն աստիճան, որ միայն անվանումների փոխակերպմամբ հնարավոր լինի հասնել իրականության փոփոխությանը: Եթե այդպես լիներ, ապա նույն տրամաբանությամբ, կարող էինք առաջակել՝ եկեք կոչենք պատերազմը խաղաղություն եւ կլինի խաղաղություն: Չափազանցված չէ համեմատությունս, այլ ճիշտ նույն «ծիրին մեջ է»: Եթե սա յուրահատում նորմոգականություն չէ, ապա ի՞նչ է: Հնում էլ մարդիկ, փորձում էին, օրինակ, բուժել հիվանդությունները հմայությունների միջոցով: Չեմ կարծում, որ դա նպատակին հասնելու ամենաարդյունավետ ճանապարհն էր: Բայց սա էլ այդքան էական չէ տվյալ դեպքում:
Ի՞նչ ասել է՝ կոչել հարեւան եւ մարդ, այլ ոչ թե հակառակորդ եւ թշնամի: Առաջին՝ Հայաստանում շատ քիչ մարդ կա, որ կարծում է, թե թուրքերը ոչ թե մեր հարեւանն են, այլ, ասենք Նոր Զելանդիայի բնակիչ: Նմանապես քիչ են նաեւ նրանք, ովքեր կարծում են, թե թուրքերը ոչ թե մեզ պես մարդիկ են, այլ ասենք երկքթանի, տաս ձեռնանի այլմոլորակայիններ կամ էլ, չգիտեմ, օվկիանոսի խորքում բնակվող ծովային կենդանիներ: Բայց չէ, եկեք խեղճ հայ ժողովրդին, որն այդ նույն թուրքերի հետ համատեղ ապրելու ահագին փորձ ունի, բացատրենք, որ նրանք մարդ են ու հարեւան: Բացատրեցինք. հետո՞: Հետո գալիս է մի պարզ՝ երկքայլանի մտավոր գործողության ժամանակը. գործողություն, որը, մեր մեջ ասած, հասուն մարդիկ կարող են անել նախքան հասուն մարդկանց այլ խմբին տեղեկացնելը թուրքերի մարդ եւ հարեւան լինելու մասին խիստ կարեւոր եւ խիստ գաղտնի տեղեկությունը: Խնդիրն այն է, որ առանց պատմագիտության կամ քաղաքագիտության մեջ առանձնապես շատ խորանալու էլ, կյանքում մի երկու բան գոնե ձեռքի հետ մտածած մարդուն պարզ է, որ իրար թշնամի ու հակառակորդ լինում են հե՛նց հարեւաններն ու հե՛նց մարդիկ: Երբ գալիս է այս պարզ բանը բացատրելու պահը, միշտ մի տեսակ անհարմար եմ զգում ինձ: Իրոք, միթե՞ բացատրելու կարիք կա, որ իրար թշնամի են լինում ոչ թե մարդն ու գետաձին, այլ մարդն ու մարդը: Չի լինում մարդկանց ու գետաձիների միջեւ պատերազմ: Պատերազմը, հակամարտությունը լինում է միայն ու միայն մարդկանց ու մարդկանց միջեւ: Լավ է սա, թե վատ, այլ խնդիր է, բայց սա այնքան ակներեւ փաստ է, որ կարելի է միայն տարակուսել, որ համակարգչային վիրուսի նման գլխուղեղից գլխուղեղ տարածվող կարծրատիպային այդ տափակությունները կարող են այն աստիճան մթագնել մարդկանց գլուխը, որ նրանք այսքանը չնկատեն: Բացի այդ՝ մարդկանց միջե՛ւ էլ հակամարտություն եւ պատերազմ լինում է հատկապես այն դեպքում, երբ մարդիկ՝ խմբերը կամ անհատները, հարեւաններ են: Սա էլ ոչ թե մասնագիտական գիտելիք, այլ սովորական, առողջ բանականություն պահանջող եզրահանգում է: Ինչո՞ւ Հայաստանն ու Նոր Զելանդիան չունեն խնդիրներ: Որովհետեւ չունեն հատվող շահեր, իսկ չունեն այդպիսիք, քանի որ հարեւաններ չեն: Անշահախնդիր պատերազմներ չեն լինում, հետեւաբար չի լինում նաեւ անշահախնդիր խաղաղություն:
Ի՞նչ է ստացվում: «Թուրքին մի՛ ասեք թշնամի կամ հակառակորդ, այլ ասեք հարեւան եւ մարդ» առաջին հայացքից խիստ խաղաղասիրական այս պնդումը ոչ միայն չունի իրականությունը փոխելու մոգական այն ներուժը, որը նրան վերագրվում է, այլեւ ինքն իրենով իսկ անիմաստ է, քանի որ, եթե բոլոր հարեւաններն ու բոլոր մարդիկ միմյանց թշնամի ու հակառակորդ չեն, ապա բոլոր թշնամիներն ու հակառակորդները պարտադիր ե՛ւ մարդ են, ե՛ւ հարեւան: Այսինքն` ասելով թուրքին հարեւան՝ ոչ միայն չենք փոխում իրականությունը, այլեւ հաստատում ենք այն. այո՛ թուրքերը հարեւան են ու մարդ եւ այդ հիմքով էլ հենց թշնամի են ու հակառակորդ:
Սա, իհարկե, պացիֆիստական զեղումներից ընդամենը մեկն է, թեեւ շատ հատկանշականը: Կարելի է բերել եւ այլ օրինակներ: Բայց կարեւոր է հասկանալ, որ որեւէ դրական արդյունքի, այդ թվում հարցի շուրջ թեկուզ արդյունավետ բանավեճի, էլ չասած նույն խաղաղությանը հասնելու համար պետք է նախեւառաջ դաշտը մաքրել այսպիսի կարծրացած կաղապարներից, որոնք փակուղուց բացի այլ տեղ չեն կարող տանել մեր միտքն ու մեր գործը: Առիթի դեպքում այս խոսակցությունը կփորձեմ շարունակել:

No comments:

Post a Comment