Search This Blog

2012-06-30

Երեւակայական արևելքը


Ռ. Սեւակի բանաստեղծություններում հաճախ է հանդիպում արեւելքի թեման ընդհանրապես եւ արեւելքի ու արեւմուտքի հակադրության մոտիվն ի մասնավորի: Ընդ որում, հակադրության մեջ շահեկան դիրքերից է ներկայացվում արեւելքը: Հեղինակն ինքը, ուղղակիորեն կամ միջնորդված իրեն նույնացնում է արեւելքի հետ: Թվում է՝ բավականին տրամաբանական ինքնանույնացում Եվրոպայում սովորած եւ գերմանուհու հետ ամուսնացած, այսինքն` արեւմուտքի հետ անմիջական շփման մեջ մտած, եւ այդ շփման արդյունքում իր` հայի եւ պոլսեցու տարբերությունը արեւմուտքի մարդկանց հետ վերապրած, ինչպես նաեւ արեւմուտքցիների կողմից իրեն որպես արեւելքցու ընկալումը ճաշակած մեկի համար: Քանի որ այս մոտիվը երկրորդական չէ հայ մշակութային ինքնության համատեքստում, փորձենք ավելի մանրամասն դիտարկել այն Ռ. Սեւակի մեկ` «Գյուղական ճամբուն վրա» բանաստեղծության օրինակով:
            Ահա մի քանի կարեւոր հատվածներ քերտվածքից:

Եկեղեցիեն մինչև գերեզման
Տանող ճամբուն վրա, քարի մը վրա
Նստեցա տրտում, ու լո՜ւռ դիտեցի
-Հոգվույս ծարավո՜վը արեւելքցի
-Հոգվույս հանդա՜րտ, հեռուները լա՜յն,
Հեռուները ջի՜նջ, միսթի՜ք, լռելյա՜յն:
Հո՜ն, երկինքներու տակ հավետ ծա՜վի.
Առա՛նց ժպիտի ու առանց ցավի
.....
Սե՛գ Արեւմուտքեն ու հեգնելով զայն...
Հեռուները ջի՜նջ, միսթիք, լռելյայն...
.....
Ասոր համար, երբ միտքն Արեւմուտքին՝
Կյանք բառին առջեւ զարմացագին
Հարցական նշան մը կդնե նենգ...
Մենք կախման երեք կետեր կդնենք...
....
Այսպես ապրեցան, ու այսպես կապրին
Բոլո՛ր որդինե՛րը Արեւելքին:
Խունկի՛, կնդրուկի՛ ծոցը լռակյաց,
Իրենց հոգիին անծանոթ մնաց
Պոռո՛տ Գիտությանց շեփորը սոփեստ
....
Անոնք նայեցին հեռվե՜ն մարդկային
Հառաջադիմության կուռ մեքենային,
Ինչպես անտառին ծո՛ցը ամայի,
Ծերունի եղնիկն հանդարտ կնայի
Տքացո՛ղ, շաչո՛ղ սեւ շոգեկառքին
....

            Ինչպես տեսնում ենք, արեւելք-արեւմուտք հակադրության տարբերակներից մեկի բավականին տիպական վերարտադրություն է: Արեւելքը նույնացվում է բարձրագույն իմաստության, բնականության, խաղաղության հետ, որոնք հասու չեն տեխնիկական առաջընթացով, ճշգրիտ գիտելիքներով, պայքարով տարված արեւմուտքի համար: Թերեւս այդքան էլ ակնհայտ չէ հեղինակի ինքնանույնացումը, սակայն նա խոսում է «մենք արեւելքցիներս»-ի անունից, որը կարել է ընկալել նաեւ որպես հեղինակի ոչ ուղղակի ինքնանույնացում:
            Բառացի մեկնության դեպքում, կարող ենք արձանագրենք, որ հեղինակն ընդունում է արեւելյան ինքնությունը, գովաբանում է արեւելքը, այդպիսով հաստատում է հայկական ինքնության արեւելյան տարրը, եւ այս եզրակացությամբ էլ սահմանափակվենք: Լավագույն դեպքում կարող ենք օգտագործել այքսանը որպես հավելյալ փաստարկ` արդյո՞ք արեւմտյան է թե արեւելյան կամ արդյո՞ք երկուսի խառնորդ է հայկական ինքնությունը բանավեճում: Այլ ասելիք այս դեպքում չկա:
            Հեղինակի ինքնագիտակցությունն իրոք արեւելյան է թվում: Բայց բավական է արդյո՞ք դա որպեսզի մենք էլ հեղինակի մեջ ճանաչենք արեւելքի ներկայացուցիչ: Կարծում եմ` ո՛չ: Պետք է ավելի մոտիկից դիտարկել ինչպիսի՛ տեքստ է մեր առջեւ: Եւ այդ դեպքում, տեսանելի է, որ տեքստը «բնագիր» չէ, այլ ավելի շուտ մեջբերում: Իհարկե խոսքը գրագողության կամ բառացի մեջբերման մասին չէ: Խոսքը մշակութային «տեքստ»-ից մեջբերման մասին է: Եւ հատկանշական է, որ այդ մեջբերումն արված է արեւմտյա՛ն մշակութային համատեքստից: Սևակի բանաստեղծության երկու հիմնական հակադրություններն էլ` «բնական իմաստություն – տեխնիկական առաջընթացի գիտելիք» եւ «արեւմուտք-արեւելք» բնորոշ են եւ ընկալելի հենց արեւմտյան մշակույթի դիտակետից[1]` մշակույթ, որը զարգացրել է տեխնիկական քաղաքակրթությունը, բայց ժամանակ առ ժամանակ կարոտախտ է ապրում կամ իդեալականացնում է սեփական իսկ նախատեխնոլոգիական եւ նախաբանական անցյալը: Այն արեւելքի համար, որը նկարագրում է Սեւակը այդպիսի հակադրություն գոյություն չունի այնքան ժամանակ, քանի դեռ այն չի յուրացրել արեւմտյան արժքները եւ ինքն էլ չի արեւմտականացել: Մեր առջեւ արեւմուտքցու, այլ ոչ թե արեւելքցու տիպիկ մտորումներ են: Եթե նույնիսկ ընդունենք, որ հեղինակն իրոք արեւելքցի է, ապա նա ուղղակի «արտագրել» կամ վերարտադրել է արեւմտյան մտածողության արգասիկ «տեքստ»-ի մի հատված:
            Կա ավելին: Սեւակի նկարագրած արեւելքն էլ զուտ արեւմտյան մտքի կառուցվածք է: Դա քիչ կապ ունի որեւէ «իրական» արեւելքի հետ, ուր խաղաղությունը, իմաստությունը, նիրվանան և այլն ամենևին էլ նորմա չեն, ինչպես որ դրանք նորմա չեն աշխարհի ցանկացած կետում: Սեւակի արեւելքը ընդամենը արեւմուտքի փոխհատուցող երեւակայության արդյունք է: Համոզվելու համար, բավական է համեմատել նրա ստեղված պատկերն իրական արեւելքի հետ:
            Արեւմուտքն ինքը մի ժամանակ եղել է «արեւելք»: Կարելի է «դեռ արեւմուտք չլինելու» կամ «ավելի ու ավելի արեւմւոտք» դառնալու տարբեր ժամանակարական կետեր ընդունել՝ մինչեւ հունական փիլիսոփայություն, մինչեւ քրիստոնեական աստվածաբանություն, մինչեւ նոր դարերի հասարակական եւ գիտա-մշակութային հեղափոխություններ եւ այլն, բայց ինքը փաստը՝ ինչ որ ժամանակ առաջ արեւմուտքը չի տարբերվել իր իսկ կողմից ստեղծված երեւակայկան արեւելքից անժխտելի է թվում:  Եւ ժամանակ առ ժամանակ արեւմուտքն ունենում է հետընթաց ցնորքների նոպաներ իր իդեալականացվաց անցյալի՝ յուրահատուկ մանկության նկատմամբ, որն այլեւս անդառնալի է, որով էլ անվտանգ եւ երազելի: Այլ կերպ ասած, Սեւակի «արեւելքցին» տիպական արեւմտյան օրիենտալիզմ է` բառիս լայն իմաստով:
            Սեւակի դեպքը, իր ժամանակի հայ գրականության համար, անշուշտ եզակի չէ, եւ դրանով էլ իսկ հետաքրքրիր: Զուտ պատահականության սկզբունքով հիշենք նաեւ նույն մոտիվները Հ. Նազարյանցի ինչպես նաեւ Չարենցի մոտ (գազելներ, ռուբայաթներ եւ այլն): Սրանք նույնպես արեւմտյան մշակութային համատեքստի տիպիկ դրսեւորոումներ են: Այսինքն` նույն Չարենցը գրել է ռուբայաթներ ոչ թե որովհետեւ նա արեւելյան ինքնության կրող է եղել ամբողջությամբ կամ մասնակի, այլ որովհետեւ նա հենց արեւմտյան մշակույթի համատեքստում է ստեղծագործել` հետեւելով Գյոթեի, Պուշկինի եւ այլոց օրինակին, այլ ոչ թե բնագիր արեւելյանին: Իհարկե, հայ բանաստեղծների դեպքում, կա «ծանրացուցիչ հանգամանք», քանի որ Հայաստանը գտնվում է արեւելքի սահմանին, եւ արեւլեյան մոտիվները կարող են ընկալվել որպես բնիկ ավանդույթի արգասիկ: Սակայն դա այդպես չէ: Հայ միջնադարյան բանաստեղծությունում մինչեւ 13-14 դդ. չկա երեւլյան ազդեցության գրեթե ոչ մի նշույլ, չնայած արեւելյան պոեզիան ամբողջապես շրջապատում էր հայկականին: Ավելի ուշ շրջանում հայտնված արեւելյան մոտիվները, եւ դրանց բարձրակետ Սայաթ Նովան, հայկական բնիկ ավանդույթի անկման շրջանում են հանդես գալիս, եւ կարելի է ասել, յուրահատուկ «մաքսանենգություն» են:
            Հայ բանաստեղծների արեւելյան մոտիվները ավելի քան որեւէ այլ բան հաստատում են նրանց արեւմտյան գրող եւ արեւմտայն ավանդույթի շրջանակներում ստեղծագործող լինելը:


[1] Կամ առնվազն արեւմտյան մշակութային համատեքստին ծանոթ լինելու դեպքում:

No comments:

Post a Comment