Search This Blog

2012-12-24

Սերժը փրկի՞չ: Օ, ո՛չ:



Առաջ ասում էին մոտավորապես այսպես. քանի որ պատերազմի վտանգ կա, ապա հանո՛ւն ազգային միասնության, հանո՛ւն Արցախի եւ այլն, մի կողմ ենք դնում մեր սկզբունքային տարաձայնությունները իշխանության հետ: Կամ. քաղաքացիական բախումների, ցնցումների, արյունահեղության, պատերազմի վտանգերից խուսափելու նպատակով եւ հետո էլի նույնը: Հիմա ավելի մոդայիկ տարբերակ է շրջանառության մեջ դրվում՝ բացահայտորեն կամ էլ ակնարկներով: Այն է՝ Սերժ Սարգսյանը մեզ փրկելու է Պուտնինից, ռուսներից, Եվրասիական միությունից եւ այն, հետեւաբար հանուն այդ վեհ նպատակի, պետք է մի կողմ դնել բոլոր նախկին տարաձայնությունները եւ.....: Շարունակությունը պարզ է: Տեսնենք, թե ի՞նչ է սա նշանակում:

            Մինչ բուն հարցադրմանս անցնելը, մի քանի բան շեշտեմ:
            Նախ՝ անձամբ միշտ դեմ եմ եղել ռուսական ցանկացած ինտեգրոացիոն նախաձեռնությունների հետսովետական տարածքում, այդ թվում եվրասիականին, միշտ համարել եւ համարում եմ, որ ռուսական ռեւանշիստական գաղափարախոսությունն ու սովետական գաղութատիրական ժառանգությունը Հայաստանի անվտանգության եւ անկախության թիվ մեկ մարտահրավերներից են, եթե ոչ այս պահի թիվ մեկը: Բազմիցս արտահայտել եմ այդ դիրքորոշումս հրապարակավ, այդ թվում ամենավերջին շրջանում, եւ այդ իմաստով, երբեք չեմ եղել ոչ մի «գծի» մեջ, բացի սեփական գծիծ: Նաեւ երբեք չեմ հավատացել ու չեմ հավատում, որ ռուսները կարող են իրապես աջակցել որեւէ հակաբռնապետական շարժմանը Հայաստանում:
            Երկրորդ՝ ես ուրախ եմ, որ խնդրո առարկա թեզը վերջապես մտավ բաց քննարկման դաշտ: Այն, որ Սերժը մեզ պետք է փրկի ռուսներից (ինչպես նաեւ «օլիգարխներից») վաղուց են ակնարկում քաղաքական եւ լրատվական դաշտի որոշ սուբյեկտներ, օրինակ, Լրագիր.ամ, Առաջին լրատվական համացանցքային քաղաքական-լրատվական կայքերը (քաղաքական եմ կոչում, քանի որ պարզ է, որ այդ ԶԼՄ-ները որոշակի քաղաքական գիծ են տանում, ինչն ինքնին վատ չէ, եւ ցանկացածի իրավունքն է, բայց լավ չէ, որ դա արվում է անկախ լրատվամիջոց ցուցանակի ներքո): Բայց լուրջ հասարակական եւ բարոյական խնդիր էր, որ դա մինչեւ վերջերս չէր ասվում բացահայտ: Նշված սուբյեկտները շարունակելով հանդես գալ թունդ, եւ նույնիսկ թնդից էլ թունդ, անկաշառից էլ անկաշառ, «սկզբունքային», «արմատական» ընդդիմադիրների կեցվածքով, տակից առաջ էին տանում Սերժի որպես չարյաց փոքրագույնի թեզը, որն ի հայտ էր գալիս միայն ուշադիր դիտարկման եւ վերլուծման դեպքում: Ստեղծված իրավիճակում մնում էր միայն վիճել ուրվականների դեմ, մանավանդ, որ, օրինակ, նշված ԶԼՄ-ների վերլուծական նյութերի մեծ մասը գրվում էր կեղծանունների տակ, ինչպես, որ հիմա ընդհանրապես մոդայիկ է դարձել մեզանում՝ յուրահատոկ լրատվական-վերլուծական ֆեյքեր: Այժմ, կրկնեմ, ուրախ եմ, որ Սերժի որպես չարյաց փոքրագույնի թեզը պաշտպանվում է որոշ նախկին ընդդիմադիրների կողմից արդեն բացահայտ, եւ դա հնարավորույթյուն է տալիս բաց հրապարակային քննարկման:
            Հիմա բուն խնդրի մասին: Հանուն Պուտնինից ազատվելու Սերժին պաշտպանելը ներկայացվում է որպես ռեալիստական քաղաքական մոտեցում: Այսինքն՝ քաղաքականության մեջ տեղ չկա հույզերին եւ այլն, այլ ամեն բան հիմնված է հաշվարկների վրա: Շատ լավ: Չնայած, կարծում եմ, քաղաքականությունը միայն չոր հաշվարկ չէ, բայց ընդունում եմ, որ անշուշտ նաե՛ւ հաշվարկ է: Այդ դեպքում եկեք հարցն իրոք ռեալիստորեն դնենք: Ի՞նչ ասել է Սերժ Սարգսյանը կարող է մեզ ազատել ռուսական ազդեցությունից կամ եվրասիական ինտեգրացիայի մարտահրավերից (իսկ դա իրոք մարտահրավեր է ըստ իս): Նախ՝ հնարավո՞ր է արդյոք հաշվի առնելով Հայաստանի դիրքն ու խնդիրները (Ղարաբաղի հարց, հայ-թուրքական հարաբերություններ) լիովին ազատվել ռուսական ազդեցությունից կամ ուղիղ առճակատման գնալ Ռուսաստանի հետ: Կարծում եմ, որ սա հեռու է իրապաշտական լինելուց, նույնիսկ, եթե ցանկությունը մեծ լինի: Երկրորդ՝ ո՞վ ասեց, եւ ինպե՞ս կարելի է ապացուցել, որ Սերժ Սարգսյանը այդ տիպի նպատակներ ընդհանրապես ունի: Ցայսօր, պարզ է միայն, որ Սերժ Սարգսյանը յուրահատուկ «պոստմոդերնիստ է» քաղաքականության մեջ: Չունենալով որեւէ հեռահար քաղաքական նպատակ՝ նա ավելի շատ տաղանդավոր տակտիկի քան հմուտ ստրատեգի տպավորություն է թողնում: Նա հմուտ է դատարկ տեքստեր եւ խոսոտումներ արտասանելու, հակառակորդներին գցելու, ամենատարբեր տիպի մարդկանց եւ գաղափարները՝ ռուսամետ եւ արեւտամետ, պահպանողական եւ ազատական, ազգայնական եւ «կոսմոպոլիտ», ռազմատենչ եւ խաղաղասեր իր օգտին օգտագործելու եւ իր շուրջը համախմբելու գործում: Այլ կերպ ասած՝ նա կամ նրա թիմը լավ է խաղում իմաստներով, բայց չի երեւում, որ ունենա սեփական «իմաստը» կամ դավանանքը, բացի պահի թելադրած մանեւրներից: Երրորդ՝ եթե այնուամենայինվ եթնադրենք, որ ամեն բան մեր արգո առաջադիմականների ասածով է, ապա գլխավոր խնդիրն է մնում, թե ո՞րոնք են այն ռեալիստական քաղաքական միջոցները, որոնցով Սերժ Սարգսյանը պետք է կարողանա հասնել, եթե ոչ ռուսական ազդեցությունից լիակատար ազատմանը, ապա գոնե դրա թուլացմանը եւ առհասարակ Հայաստանի շահերի պաշտպանությանն ընդդեմ ռուսական ծավալապաշտության, որի նորագույն անունն է եվրասիական նախագիծ: Այդպիսի լայնածավալ ծրագիր իրականացնելու համար բավարար չէ նույնիսկ ամենաուժգին ցանկությունը: Անհրաժեշտ են ռեսուրսներ եւ ռեսուսրների իրատեսական հաշվարկ: Անհրաժեշտ է հենվել ներքին կամ արտաիքն որեւէ ուժի վրա: Արտաքին ուժի վրա հենվելու մարտավարույթյունը, որը կարծես թե միակ հասանելին է տվյալ դեպքում ՍՍ-ի համար, կարծում եմ շատ վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ: Առճակատման գնալ ռուսների հետ, հույսը դնելով ամերիկյան աջակցության վրա՞: Կարծում եմ, նույնիսկ ռուսական վտանգը առաջնային համարող որեւէ հայաստանյան գործիչ չի գնա նման քայլի՝ հաշվի առնելով դրա բոլոր ռիսկերը: Իսկ ո՞րը կարող է լինել ՍՍ-ի ներքին հենարանը: Ակնհայտ է, որ միայն «առաջադեմ մտավորականությունը» շատ քիչ է լայն հենարան եւ օրինակարգ վիճակ ապահովելու համար: Ինչպես այսօր, այնպես էլ տեսանելի ապագայում Հայաստանի ոչընտիր նախագահը չի կարող իր քաղաքականության մեջ հենվել հասարակության լայն շերետի, երկրի վրա: 5.000 դրամով իբր ծախվող, իսկ իրականում բռնի կաշառվող զանգվածը չի կարող լինել այդպիսի հենարան: Գալիս հանգում ենք նորից նույն հին խնդրին՝ մինչեւ Հայաստանը չունենա իրապես ազատ եւ արդար ընտրությունների միջոցով ըտրված իշխանություն, Հայաստանի անկախությունը վտանգի տակ է, եւ ՀՀ ցանկացած կառավարիչ ստիպված է լինելու փնտրել իր իշխանության երաշխիքը դրսում: Այն խնդիրները, որոնք դնում են ՍՍ-ի առջեւ «առաջադեմները» արտաքին, տվյալ դեպքում՝ ռուսական չափազանցված ազդեցության չեզոքացում եւ հեղափոխություն վերեւից (ազատում այսպես կոչված «օլիգարխիայից») լուծելի չեն առանց ներքին լայն աջակցության եւ ներքին օրինակարգության նույնիսկ, եթե հավատանք, որ լուծման ցանկությունը մեծ է: Եթե հարց է դրվում Հայաստանի անկախության մասին, ապա դա անհնար է պաշտպանել առանց ներքին օրինակարգության: Լավագույն դեպքում ռուսական գաղութի փոխարեն կարող ենք ստանալ ամերիկյան գաղութ: Ամերիկյանն, իհարկե, ռուսականից լավ է, բայց հաստատ այն չէ, ինչին արժե ձգտել ու հանուն ինչի արժե փոխզիջման գնալ իշխանության հետ, մանավանդ, որ իշխանությունն ինքը հասարակության հետ փոխզիջման գնալու որեւէ գործողություն չի արել:

No comments:

Post a Comment