Search This Blog

2012-12-27

Սևերով խաղը. հայկական հակահեղափոխությունը



Հայաստանում տեղի է ունեցել հակահեղափոխություն:

Որպեսզի հասկանալի լինի, թե ինչի մասին է խոսքը, նախ մի երկու բառով քննենք, թե ինչն է՛ և ինչը չէ՛ հեղափոխություն:
Նախ՝ հեղափոխությունն այն չէ, ինչը հայ լրագրության մեջ սովորաբար կոչվում է «սոցիալական բունտ»: Պատմությանը, իհարկե, հայտնի են դեպքեր, երբ չունևորները, ցածր խավերի ներկայացուցիչները, ստրուկները, գյուղացիներն իրենք իրենցով, առանց այլ՝ միջին կամ բարձր դիրք ունեցող հասարակական շերտերի ներկայացուցիչների կազմակերպման, ապստամբում են իշխող վերնախավի դեմ: Սակայն ես գոնե չեմ հիշում որևէ դեպք, երբ այդ ապստամբությունները հաջողությամբ են պսակվել: Գուցե կան այդպիսիք, բայց բացառություն են:
Հեղափոխության խաղաղ կամ ոչ խաղաղ ձևերի տարբերակումը տվյալ դեպքում անկարևոր է, քանի որ զուտ տեխնիկական հարց է՝ էությունը նույնն է: Այնպես որ մեծ հետաքրքրություն չեն ներկայացնում նաև «սահմանադրակա՞ն, թե՞ ոչ սահմանադրական ճանապարհի» մասին մեզանում նույնպես մոդայիկ խոսակցությունները:
Հեղափոխությունը նախ գիտակցության և այդ գիտակցությունը կրող դասի, շերտի, հասարակության հատվածի խնդիր է: Իհարկե, անհրաժեշտ են նաև առարկայական պայմաններ, բայց դրանք կարող են դարերով անգամ գոյություն ունենալ և ոչնչի չբերել, եթե չկա գիտակցությունը և այն կրող ու ձևակերպող «առաջապահը» (ավանգարդը): Հեղափոխության մասին խոսելիս չփորձենք ավելի խելոք լինել կամ թվալ, քան այդ գործի վարպետներ ու տեսաբաններ Լենինն ու Գրամշին:

Ավանգարդը

Ուրեմն, ինչպե՞ս և ե՞րբ է տեղի ունենում հեղափոխություն: Երբ տվյալ հասարակության մի հատվածը դառնում է երկրում քաղաքական, մշակութային, տնտեսական, հասարակական հիմնարար փոփոխությունների անհրաժեշտության գիտակցության կրողը՝ հստակության այս կամ այն չափով սահմանելով հեղափոխական գաղափարները, նպատակները և միջոցները: Մնացած մանրամասները տեխնիկական են:
Հասարակության ո՞ր հատվածի մասին է խոսքը: Հեղափոխական գիտակցության կրողն է դառնում գրագետ շերտի մի հատվածը՝ մարդիկ, որոնք ունեն միջին կամ բարձր հասարակական դիրք և հասարակական կարծիքի ձևավորման վրա ազդեցություն: Այս խումբը կարող ենք կոչել «ավանգարդ» կամ «հակաէլիտա» (եթե «էլիտա» բառն օգտագործենք որպես չեզոք եզր՝ իշխող դաս իմաստով): Հակաէլիտայի հետևից արդեն գնում են ավելի լայն զանգվածներ, իսկ հակաէլիտայի ներկայացուցիչների մի մասից ձևավորվում են քաղաքական խմբերն ու առաջնորդները: Ուրեմն հեղափոխության հարցն այս ավանգարդի կամ հակաէլիտայի հարցն է:

Եռամիասնությու՞ն

Այժմ տեսնենք, թե այս տեսակետից ի՛նչ տեղի ունեցավ Հայաստանում վերջին տարիների ընթացքում:
Կարելի է ասել, որ 2007-ի դրությամբ մեր երկրի գրագետ դասի մեջ քիչ թե շատ ձևավորվել էր հեղափոխական գիտացության պոտենցիալ կրողների մի խումբ, որն արձագանքեց քաղաքականություն վերադարձած Լևոն Տեր-Պետրոսյանի համապատասխան՝ հեղափոխական քաղաքական առաջարկին: Նրա հանրահավաքային առաջին ելույթի ենթավերնագիրն էր «Իրերն իրենց անունով կոչելու ժամանակը»: Հետաքրքիր է, որ Լ. Տրոցկին դիպուկ նկատում է՝ «հեղափոխությունը ոչ այլ ինչ է, քան իրերն իրենց անունով կոչելը»: Այսպես կոչված «հասարակ ժողովուրդը» նույնպես դրական արձագանքեց Տեր-Պետրոսյանի առաջարկին: Արդյունքում ձևավորվեց յուրահատուկ եռաշերտ համակարգ՝ քաղաքական առաջնորդ, «կոնտրէլիտա»՝ «հեղափոխական գիտակցությունը» կրող «քաղաքացիական ակտիվ», «հասարակ ժողովուրդ»: Այս եռաշերտ դաշինքը, չնայած որ այդպես էլ չունեցավ որևէ աջակցություն դրսից և միայն շատ քիչ աջակցություն՝ իշխանության ներսի տատանվող շերտից, այնուամենայնիվ այնքան ուժեղ գտնվեց, որ նրա հաղթանակը կանխելու նպատակով իշխանությունը ստիպված զինված ուժ կիրառեց: Եթե քո դեմ զինված ուժ են կիրառում, ուրեմն քո ներկայացրած ուժն ու վտանգը մոտավորապես համարժեք են դրան:

Հետագան

Չեմ ուզում մանարամասնել հետագան, որը բոլորիս աչքի առջև տեղի ունեցավ, բայց ինչ-որ պահից հիմնական միտումը եղավ այս եռաշերտ կառուցվածքի աստիճանական քայքայումը: Մոտավորապես 2008-ի աշնանից, բայց ավելի արագ՝ 2010-2012 թթ.-ի ընթացքում «հեղափոխական դասի» առանձին հատվածների ավելի ու ավելի շատ ներկայացուցիչներ սկսեցին պոկվել Տեր-Պետրոսյանի քաղաքական բևեռից: Պատճառները տարբեր են, որոնց թվում, իհարկե, կարևոր են նաև առաջին նախագահի ղեկավարած քաղաքական կառույցի սխալները՝ քաղաքական և տեխնոլոգիական, ռեսուրսային թուլությունը և ի վերջո զուտ առարկայական հանգամանքը՝ չորս տարի անընդմեջ քաղաքական և քաղաքացիական դիմադրության վիճակի մեջ լինելու բարդությունը: Սակայն սրանք միակ պատճառները չեն: Ավելին՝ այս պատճառները քիչ թե շատ տեսանելի են և հայտնի: Տվյալ դեպքում առավել հետաքրքիր է մյուս կարևոր խնդիրը. «հեղափոխական դասը» ոչ միայն պոկվեց շարժումից, այլև նրան աստիճանաբար և հաջողությամբ պոկեցին: Ինչպե՞ս: Այ սա իրո՛ք հետաքրքիր գործընթաց էր:

Արթուր Բաղդասարյան «դլյա ինծիլիգենցիի»

Տեղի ունեցածը հակահեղափոխություն էր հեղափոխական տեխնոլոգիաներով, իսկ իրականացնողները նախկին հեղափոխականներն էին, որոնք շարունակում էին խոսել հեղափոխության լեզվով և հեղափոխության անունից:
Հակահեղափոխության էությունն է՝ հեղափոխական խոսքի նմանակմամբ, որոշ դեպքերում գերհեղափոխական, «սկզբունքային» դիրքերից խոսելով՝ քայքայել հեղափոխական գիտակցությունը և ձևավորել կեղծ-հեղափոխական, իսկ փաստացի՝ հակահեղափոխական գիտակցություն՝ առանց հակահեղափոխության կամ «Սերժ Սարգսյանին աջակցելու» ուղիղ քարոզի:
Աշխատանքի թիրախ-խումբը նույնն էր՝ պոտենցիալ «հեղափոխական ավանգարդը»: Սա Սերժի կողմից դեռ վաղուց կիրառված «գեղամյան» կամ «արթուր-բաղդասարյան» տեխնոլոգիայի օգտագործումն էր, բայց այս անգամ ոչ թե բուն քաղաքական, այլ խոսքի՝ քարոզչության և գաղափարախոսության դաշտում:

Նրանց անունն է լեգիոն

Ումո՞վ և ինչպե՞ս իրականացվեց հայկական հակահեղափոխությունը: Այդ գործընթացն ունեցավ իր «չար հանճարները» և անմիտ կատարողները: Հակահեղափոխության առաջին գծում աշխատեցին «Առաջին Լրատվական» և «Լրագիր» կայքերը: Բացի այս կայքերի խմբագիրներից, որոնց անունները հայտնի են և արժանի են հակահեղափոխության ապագա թանգարանի պատերին փորագրվելու՝ հատուկ պետք է հիշատակվի «չար հանճարը»՝ տաղանդավոր լրագրող Հակոբ Բադալյանը, նույն ինքը՝ Արամ Ամատունին, Ջեյմս Բադալյանը, Եղիազար Այնթափցին, Հովհան Մանդակունին և էլի Սերժը գիտի, թե ով:
Ես դեռ շատ առիթներ կունենամ ավելի մանրամասն ներկայացնելու հակահեղափոխության մեխանիկան: Այժմ միայն մի քանի խոսք դրա կարևոր դետալներից:

Լրատվական դաշտի ֆեյքերը

ա. Դիմակահանդես: Հակահեղափոխությունը չի ներկայանում իր դեմքով: Այն հագնում է դիմակներ: Բանավիճել նրա հետ՝ նշանակում է ոգեկոչել ուրվականներին: Կեղծանունները նրա ոճն են: Երկու-երեք հոգի, գրելով մոտ 10 հոգու անունից, ստեղծում են բազմամարդության պատրանք: Կեղծվում են ոչ միայն անունները, այլև խոսքը. եթե հակահեղափոխությունը խոսեր ուղիղ և բաց ներկայացներ իր հիմնական քաղաքական դիրքորոշումները, այն է՝ «Սերժ Սարգսյանը՝ որպես հայ «առաջադիմականության» հայր, հույս և հավատ», այն չէր ունենա իր ներկա ընթերցողների 10 տոկոսն իսկ: Այդ իսկ պատճառով, եթե հեղափոխությունն իրերն իրենց անունով կոչելն է, ապա հակահեղափոխության գլխավոր մարտավարությունն է խոսքի կեղծումը՝ կեղծանվանումը, չասելիքի գերակայությունն ասելիքի նկատմամբ, դատարկ տեքստերը, քարոզչության և հակաքարոզչության բացարձակ գերակայությունը տեքստային բովանդակության հանդեպ:
բ. Հարվածի թիրախները: Ցանկացած ուժ, որը կարող էր իրական սպառնալիք ներկայացնել Սերժ Սարգսյանի ռեժիմին: Կարևոր չեն այդ ուժի որակները: Կարևորը, որ Սերժ Սարգսյանը չպետք է ունենա մրցակիցներ: Այսօր, երբ բոլորին պարզ է, որ գալիք ընտրություններում Սերժ Սարգսյանն այդպիսիք չի ունենա, կարող եք հետադարձ հայացքով ընթերցել նույն նյութերը, որոնցից շատերդ հրճվել եք, և մտածել, թե, անկախ դրանց մեջ եղած ճիշտ և սխալ գնահատականներից, ինչպիսի՞ քաղաքական իրավիճակի ստեղծմանն են դրանք նպաստել:
գ. Խրախուսական մրցանակներ: Հնարավորինս անջատել քաղաքական և քաղաքացիական դրսևորումները: Չափազանցնել և ուռճացնել ցանկացած քաղաքացիական դրսևորում, որն իր ազնիվ նպատակներով հանդերձ չի կարող ինքն իրենով իրական մարտահրավեր լինել Սերժ Սարգսյանի իշխանությանն ու կապիտալին, և արհեստականորեն հակադրել այն քաղաքական պայքարին:
դ. «Իձյոլոգիա»: Ո՜չ, այս մարդիկ Ժոզեֆ Դե Մեստր չեն, ոչ էլ Շարլ Մոռաս: Նրանց հակահեղափոխականությունը գաղափար չէ, ապրում չէ, համոզում չէ: Այն սովորական, դատարկ տեխնոլոգիա է, որը չի ներկայանում իր անունով: Հայկական հակահեղափոխականությունը հանդես եկավ և գալիս է առաջադիմականության անունից: Այն ունի իր սուռոգատ-տեսությունը, որն առանձին վերլուծության է ենթակա, բայց որի հիմնական բաղկացուցիչ տարրերն են՝ գավառական անգրագիտություն, «ինտելեկտուալիզմի» անհամարժեք մեծ հավակնություններ, աներևակայելի էկլեկտիզմ և արդյունքում՝ մի ծաղրանկար, ուր «առաջադիմականությունը» սահմանակցում է գործակալի հայտ ներկայացնելուն: Բայց այս մասին՝ իրոք առանձին:
ե. Հաշիվը: Հակահեղափոխությունը հաղթում է: Սերժը գնում է ընտրությունների գրեթե առանց լուրջ այլընտրանքի: Բայց շենքը կառուցված է ավազի վրա: Գալիս է ու դեռ գալու է իրերը նորից իրենց անուններով, որոշ դեպքերում՝ անուն-ազգանուններով կոչելու ժամանակը: Առաջնային նպատակ է դառնում քանդել հակահեղափոխության սարդոստայնը: Միայն դրանից հետո հնարավոր կլինի խոսել Հայաստանում իրական քաղաքացիական հասարակության ձևավորումից:

Սա համարեք պատերազմի պաշտոնական հայտարարություն:

Հ.Գ. Այս տեքստը գրելիս գիտակցաբար խախտեցի կոնկրետ անուններ չտալու հայկական ավանդույթը: Իհարկե, իմ նշած անունները Պոլիշինելի գաղտնիք են, բայց, ըստ իս, կարևոր է վերջապես խոսել անուններով՝ թույլ չտալով, որպեսզի մարդիկ իրենց շլանգի տեղ դնեն, իբր չեն հասկանում, թե ու՛մ մասին է խոսքը: Հայ քաղքենին շատ է վախենում բացությունից, ինչպես խլուրդը լույսից:

Հ.Գ. 2. Այսքանով թեման ոչ միայն չի ավարտվում, այլև նոր է սկսվում: Բայց սա չի նշանակում, թե մենք առիթ չենք ունենալու խոսել նաև մյուս կողմի՝ ընդդիմության թույլ տված հատկապես տեխնոլոգիական սխալներից, որոնք, անշուշտ, նպաստեցին, որ հակահեղափոխությունը ժամանակավորապես հաղթանակի:

6 comments:

  1. ՀՐԱՇԱԼԻ՛ հոդված է:

    ReplyDelete
  2. Շատ-շատ լավ հոդված է։

    ReplyDelete
  3. լուրջ էր, մտածելու շատ տեղ կա

    ReplyDelete
  4. ...ուզում եք ասել երեք-չորս փորձնական ֆեյքով "հակահեղափոխություն" արեցին ;) իհարկե ավելի հեշտ է ասել, որ PR-ով եք պարտվել, ինտրիգով եք պարտվել, քան խոստովանել, որ դուք չկարողացաք ապացուցել, որ իսկապես արժանի եք՝ անգամ իշխանության համար էդքան ծանր, անհավասար պայմաններում...

    Ձեր թվարկած PR-ի ժամանակները վաղո՜ւց անցել են:

    Ու ոչ ոչ հաղթել կամ պարտվել են սպիտակները կամ սեւերը, այլ ընդամենը էդքան գավառական, էդքան կիսատ-պռատ, հաճախ կարճատես, բայց ինքնապաշտպանական ռեֆլեքս ունեցող հայերը ձեզ իրենց պարզագույն գնահատականին են արժանացրել: Հեղափոխականները չապացուցեցին, որ ավելի լավն եք, քան իշխանությունը, որ ի տարբերություն կեղծ-սուտ-ճոռոմ ճառեր ասողների, իրենք իրենց ձայնի, իրենց խոսքի, իրենց գործի, կամ իրենց պրինցիպների տերն են... ավելին՝ հակառակն արեցին համագործակցելով, բաժանվելով ու դավաճանելով:

    Իսկ PR-ը երկու կողմից էլ ամենապրիմիտիվն էր, ու երկու կողմի համար էլ ավելի շատ վնասակար, քան օգուտ տվող... եթե չգիտեք ինչու, նախ PR-ի տարականագույն կանոնները սովորեք... ու դուրս եկեք ձեր վիրտուալ վիճակներից:

    Մարդիկ տաքսի են քշում, առեւտուր անում, դաս տալիս, սերյալ նայում, կարդում, էլի ինչ որ բան անում ու հեգնում ե՛ւ իշխանություններին, ե՛ւ ընդդիմությանը: Հայ գավառական, կիսատ-պռատ, չարքաշ մարդը գուցե ոչ միշտ մտքով, բայց զգում է կեղծիքը, ու դա ոչ այնքան իր շնորքն է, որքան գործիչների անշնորքությունը: Դուք ձեզանից բացի ոչ մեկին չեք խափում: Ու դուք էլ գիտեք, որ կեղծում եք:

    Իրականում մեծագույն չարիքը ոչ թե սեւերն, կամ սպիտակներն են, այլ նրանց գործողությունների անգրագետ գնահատականները՝

    • ընդդիմությունը չի պարտվել, խոսեք ցանկացած հայ մարդու հետ անկեղծ, կտեսնեք - ընդդիմությանը՝ ծայրահեղ ընդդիմութանը (եւ դրա անունը ամենեւին էլ հակ, բհկ կամ մի ուրիշ հնարովի հապավում չէ):

    • իշխանությունն էլ չի հաղթել՝ որովհետեւ ինքն իրեն դատապարտում է զգոնության կորստի, մոռանալով, որ բոլորը իրեն կամ ատում են, կամ վախենում, կամ ստիպված համակերպվում... ու նման անուշադրության, ինքնախաբեության, անկազմակերպության, անգրագիտության պայմաններում ցանկացած պահի կարող է ինչ որ մի ավելի ուշադիր, խելոք ու գիտակ գալ-գլխիդ տալ տանել: Կամ էլ քեզ քաղաքացիական պատերազմի մեջ քաշել: Հակառակ դեպքում լճացած բռնապատությունը կա ու կա:

    Իսկ դուք PR-ում դեռ Տրոցկու բառախաղերը ցիտելու եւ դրան հիմնվելով մտահանգում անելու մակարդակին եք: Հեղափոխությունն էլ իրերը իրենց անուններով կոչելը չէ, այլ իրերին նոր անուններ հնարելը՝ ստերեոտիպները փոխելը, ու դուք էլ գիտեք, որ էդպես է, ես էլ գիտեմ, բոլորս էլ գիտենք...

    Մնացածը կեղծ միզանսցեն է եւ մեյմուն պաթետիզմ՝ տարբեր երանգներով – իսկ իրականում՝ ինքնաարդարացման պրիմիտիվ ճիգ:

    ReplyDelete
  5. «Հեղափոխության» ձախողման պատճառը պետք չէ ուրիշ տեղ փնտրել։ Պատճառը հենց ինքը՝ գլխավոր «հեղափոխականն» էր, նույն ինքը ԼՏՊ-ն։ Պարզապես դա իր և իր նեղ շրջապատի անձնական ամբիցիաներից բխող, զուտ իշխանություն ձեռք բերելուն մղված սուտ հեղափոխություն էր, որը կամաց կամաց պարզ դարձավ իր շուրջ հավաքված ուժերին։ Քանի որ չկար իրական հեղափոխություն, չէր կարող նաև լինել հակահեղափոխություն, որը հեղինակը փորձում է փնտրել ի դեմս այս կամ այն լրատվական ծառայությունների ու անձանց։ Հակահեղափոխությունը հենց ինքը ԼՏՊ-ն էր։ Իսկ թէ դա ինչու ակնհայտ չէր հարյուր հազարավոր մարդկանց հենց սկզբից, այդպես էլ մնում է առեղծված։ Այսինքն, ինչու մեր ժողովուրդը ունի այդքան կարճ հիշուղություն որ մոռանում է, որ հենց այդ հեղափոխական կոչվածն ինքն է հիմնադրել արատավոր իշխանական համակարգը, որ այդպիսին չի կարող երբեք լինել հեղափոխական այս բառի ճշմարիտ իմաստով։

    ReplyDelete