Search This Blog

2013-01-21

Սևերով խաղը 2. հասկանալու խնդիրը



Նոր տարվանից առաջ գրված նյութումս (http://ustahrant.blogspot.com/2012/12/blog-post_27.html)  խոստացել եմ շարունակություն: Միանգամից շեշտեմ, որ բարձրացված և հարակից թեմաներով խոսակցությունը լինելու է երկար ու հանգամանալից: Ծրագրում եմ մի քանի հոդված՝ նվիրված հակահեղափոխական դիսկուրսի ապակառուցմանը (դեկոնստրուկցիային): Իմ խորին համոզմամբ՝ այս «սև» աշխատանքից հետո միայն հնարավոր կլինի նորից զբաղվել կառուցմամբ: Ես հասկանում եմ, որ շատերը գրվածը հակափաստարկներով ժխտելու փորձի փոխարեն կենտրոնանալու են այն կետի վրա, որ նյութերիս շարքը քննադատում է՝ առանց դրական լուծումներ առաջարկելու, իսկ քննադատությունն էլ առայժմ սահմանափակվում է միայն հակահեղափոխության ճամբարով: Բայց պնդում եմ, որ այս փուլում դա բացարձակ անհրաժեշտություն է:
Գոնե այս անգամ իրավիճակը պետք է փորձենք վերլուծել ու հասկանալ հնարավորինս մանրամասն և հնարավորինս լայն ընդգրկմամբ, այլապես միշտ նույն տեղում ենք դոփելու: Հայաստանի հասարակական կյանքում չկա այսօր ավելի մեծ խնդիր, քան հասկանալու՛ խնդիրը: Բոլոր մյուսները, այդ թվում՝ գործելու խնդիրը, տվյալ պահին ածանցյալ են այդ գերխնդրից: Իսկ հասկանալու համար միայն մեկ ճանապարհ կա՝ կազմաքանդում և ապա նոր՝ սինթեզ. սկզբում սև, հետո միայն «սպիտակ» գործ: