Search This Blog

2013-02-27

"ՍեՅվերով" խաղը. որոշ կանոններ




Քանի, որ գործընթացներն արագ տեմպով են զարգանում, եւ շատերը չեն հասցնում նորմալ հետեւել ու հասկանալ դրանք, կամ էլ՝ պարզապես ժամանակ չունեն դա անելու, իսկ ես էլ, ինչպես խոստացել եմ՝ դեռ ձեռնպահ եմ մնում ավելի ամբողջական գնահատականներից, որոշեցի ամեն դեպքում ընթացիք զարգացումներում իմ համեստ լուման ներդնելու համար մի փոքրիկ սեւագիր ուղեցույց կազմել այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են իրավիճակին հետեւել հնարավորինս քիչ ռեսուրս ծախսելով եւ միաժամանակ հնարավորինս արդյունավետ: Այս ուրվագիծը նվիրում եմ ինքս ինձ՝ այն Հրանտին, ով 6 տարի առաջ սկսելով գրել հասարակական թեմաներով եւ ապա ներգրավվելով հասարակական գործընթացների մեջ՝ շատ ու շատ բան չէր հասցնում ընկալել, մարսել, հասկանալ հընթացս, եւ հիմա էլ դեռ սովորելու ընթացքի մեջ է: Այն փոքրիկ փորձցս, որ հասցրել եմ կուտակել այս տարիներին, կներկայացնեմ ձեզ մի քանի կետերով:

2013-02-25

Րաֆֆու եւ Լեւոնի հարցի մասին



Վերջին օրերին քննարկվում է հրապարակային պայքարին Լեւոն Տեր-Պետրոսյանի միանալու հարցը: Իմ ֆեյսբուքյան էջում էլ նման հարց ինձ տվել է Տիգրան Խալաթյանը, որին խոստացել եմ պատասխանել ավելի մանրամասն:
            Տեր-Պետրոսյանն, ինչպես գիտենք, արդեն հայտնել է իր կարծիքը ծավալվող գործընթացների եւ իր հնարավոր միանալ-չմիանալու վերաբերյալ: Ես այդ տեսակետը մեկնաբանելու մեծ իմաստ չեմ տեսնում, մանավանդ, որ դա արդեն մեկնաբանվել է շատերի կողմից տարբեր տեսակետներից՝ դրական, չեզոք, բացասական եւ կարծես քիչ թե շատ հստակ վերաբերմունք արդեն կա: Ես կփորձեմ ներկայացնել իմ անձնական կարծիքը, այլ ոչ թե Տեր-Պետրոսյանի ասածի իմ մեկնաբանությունը:
            Եկեք մի պահ իրական պատկերացնենք Տեր-Պետրոսյանի գալը եւ միանալը հանրահավաքին: Համացանցում տեսել եմ քննարկվելիք երկու տարբերակ: Առաջինը կարծեմ Մարինե Մանուչարյան-Գիրագոսյանն էր առաջ քաշել, որի համաձայն Լեւոնը կարող է գալ, բայց հարթակ չբարձրանալ: Երկրորդը, որը կարծես նկատի ունեն Լեւոնի միացումն ակնկալողների մեծ մասը, առաջին նախագահի հարթակ բարձրանալն է: Երկու տարբերակն էլ, ըստ իս, այս պահին խնդիր են առաջացնում:

2013-02-22

Կարմիրներով խաղը սեւ երանգներով



Ժամանակն է արդեն հույզերը, հույս-սեր-հավատը (Պողոս առաքյալը թող ինձ ների), բարի ժպիտները եւ այլ քաղցրավենիքը մի կողմ թողնել ու «տղավարի» հասկանալ՝ ի՛նչ է կատարվում այս օրերին՝ հիմնվելով զուտ բանականության վրա, որպեսզի հետո ո՛չ զարմանանք, ո՛չ էլ իրար մեղադրենք:

Րաֆֆի Հովհաննիսյանը հռչակեց հեղափոխական գործընթաց: Լավ արեց, թե վատ արեց՝ ա՛յլ հարց է, բայց փաստ է, որ հռչակեց: Ինչպե՞ս հռչակեց: Երբ կանգնում ես Ազատության հրապարակում եւ հայտարարում, որ գործող նախագահն այլեւս նախագահ չէ եւ պետք է «փոխանցի իշխանությունը ժողովրդին», եւ որ դու պատրաստ ես այդ գործընթացը պաշտպանել կյանքի գնով, պայքարել մինչեւ հաղթանակ՝ վերջնագիր ես ներկայացնում գործող նախագահին, նաեւ՝ ոչ այնքան հստակ, բայց հայտարարում ես անժամկետ գործողություն հրապարակում, դա ոչ այլ ինչ է, քան հեղափոխության հռչակում: Այս պահին չենք քննարկում այդ ամենի ճիշտ կամ սխալ լինելը, հետագա քայլերը եւ այլն: Միայն կարող ենք փաստել, որ այդ քայլն առարկայորեն արտահայտում է մեր հասարակության ընդդիմադիր հատվածի, այդ թվում նաեւ Րաֆֆուն այս ընտրությունների ընթացքում ձայն տվածների մեծ մասի պահանջը: Կամ, եթե ավելի զգույշ ձեւակերպենք, արտահայտում է այն մարդկանց պահանջը, ովքեր այս օրերին պատրաստակամություն են հայտնել հրապարակայնորեն աջակցել նախագահի այս թեկնածուին, որը, ըստ իս, իրո՛ք փաստացի հաղթած թեկնածուն է: Համենայն դեպս, հռչակելով հեղափոխական գործընթաց, Րաֆֆին հենց այս պահանջարկի կրող մարդկանց է, այսպես ասած, մարտակոչ անում:
            Հիմա, նախքան մնացածը շատ կարեւոր է հասկանալ այս ամենի տեսական մասը, որպեսզի դրա հիման վրա կարողանանք սթափ գնահատել իրավիճակը. ի՞նչ գործոններ կան փաստացի հեղափոխական առաջնորդ հռչակված գործչի «խաղասեղանին»: