Search This Blog

2013-03-01

Փետրվարի 28. անպատասխան հարցեր



Մի քանի նկատառում փետրվարի 28-ի երեւանյան հանրահավաքի հետ կապված: Կարեւոր եմ համարում կիսվել դրանցով, քանի որ նկատելի է, որ քաղաքացիական ակտիվիստների մի մասի մեջ տարածվում են ուշագրավ թեզեր առ այն, թե իբր ընդդիմադիր պայքարը կարող է հաջողության հասնել ինչ-որ նոր՝ աշխարհում չտեսնված «կրեածիվ», «ասիմետրիկ» մեթոդներով: Սրա մասին դեռ առիթներ կունենանք խոսելու, բայց նկատենք, որ հենց ընտրությունների հաջորդ օրվանից Րաֆֆի Հովհաննիսյանին այս ճանապարհով էին խորհուրդ տալիս ընթանալ «երիտօլիգարխիայի» վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ները: Ուզում եմ շեշտել, որ քաղաքական պայքարն առանց հստակ նպատակների, հստակ թիրախների, հստակ կողմ ու դեմի կամ քաղաքական չէ, կամ էլ իր նպատակները քողարկող քաղաքական է:

            Հրաժարականի եւ ինքնաբացարկի կազուիստիկան

            1. Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը: Կարծում եմ շատերն էին սպասում՝ արդյո՞ք այսօր կպահանջվի դա, թե՞ ոչ: Հստակ պատասխան, փաստորեն, չստացանք: Ի՞նչն է խնդիրը:
            Մարզային այցելությունների ժամանակ նույն պարոն Հավհաննիսյանը շատ հստակ ուղերձներ հղեց:
            ա. Ընտրակեղծիքներում մեղադրեց տեղական ուժերին՝ մարզպետերին, գյուղապետերին կամ այս, կամ այն տարածքում ազդեցություն ունեցող անձերին, օրինակ, Արտաշատում, որքան կարելի էր հասկանալ, ակնարկելով Հովիկ Աբրահամյանին:
            բ. Նա հստակ պահանջեց որոշ մարզպետերի (Սյունիքի եւ Կոտայքի) հրաժարականը: Բացի այդ, Քաջարանում առաջարկեց «ռադ լինել», թե ո՛ւմ այդքան էլ պարզ չդարձավ, բայց այնպես պետք է հասկանալ, որ Քաջարանի իշխանությանը եւ դրանցով միջնորդավորված՝ Քաջարանի կոմբինատի ղեկավարությանը: Բացի այդ, չբացառվեց, որ կարող է պահանջել նաեւ Քաջարան գյուղի գյուղապետի հրաժարականը:
            գ. Այսքանից հետո ակնկալելի էր շատերի կողմից, ովքեր հետեւում են քաղաքական գործընթացներին, որ նախ՝ գոնե Երեւանում կխոսվի, թե ընտրակեղծիքների գլխավոր պատասխանատուն ո՛վ է (հո տեղականներն իրենք իրենց հավեսով չե՞ն կազմակերպել դա), եւ երկրորդ՝ նույն հստակությամբ կպահանջվի Սերժ Սարգսյանի հրաժարականը:
            դ. Մի ճշտում: Երբ ասում ենք Սերժի հրաժարական, շատերը պատկերացնում են, թե ուզում ենք, որ Րաֆֆին, հակառակ իր սովորության, ինչ-որ ավելի կոշտ հռետորաբանութան անցնի: Կարծում եմ կոշտությունը զուտ ոճական հարց է, չնայած, մեր մեջ ասած, «ռադ եղեք»-ը, «Սերժիկ հեռացիր»-ից ավելի մեղմ չէ, փոխարենն ավելի անհստակ է: Խնդիրն, ուրեմն, ոչ թե ոճաբանական է, այլ քաղաքական: Կարելի է շատ կոպիտ ու անհստակ ասել «ռադ եղեք», կարելի է շատ հարգալից եւ հստակ պահանջել հրաժարական, ինչպես Սյունիքի մարզպետի դեպքում է պահանջվել: Այսինքն՝ էական չէ՝ ինչպես կձեւակերպվի՝ «Հարգարժան պարոն Սարգսյան՝ Արցախյան ազատամարտի ռահվիրա, պահանջում ենք ձեր հրաժարականը՞», թե՞ «Սերժիկ, հրաժարական տուր»: Կարեւորը բուն պահանջն է:
            ե. Ինչո՞ւ է սա այդքան կարեւոր: Պետք չէ մեծ ջանք գործադրել հասկանալու, որ եթե մարզերում շատ հստակ պահանջում ես տեղական կառավարիչների հրաժարականը, ապա համապետական մակարդակով պահանջը պետք է առնվազն համարժեք լինի. որն է՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը:
            զ. Եթե Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ հստակորեն չի դրվում, ապա բնական տարակուսանք է առաջացնում, որ հռչակված նպատակը՝ ընտրված նախագահի հաստատումը իշխանության ղեկին, տարբերվում է փաստացի նպատակից եւ կարող է մասը լինել այլ՝ քողարկված ծրագրի կամ էլ պարզապես համահունչ լինել դրան:
            է. Կասկածներն ավելանում են այն պատճառով, որ լրատվական դաշտը դիտարկողների համար նորույթ չէ, որ իշխանության թեւերից մեկի կողմից վերահսկվող ԶԼՄ-ները վաղուց են ակնարկում, թե Սարգսյանի երկրորդ ժամկետի ընթացքում նա պետք է ազատվի հին կադրերից, իսկ հենց այս օրերին, Րաֆֆու մարզային ելույթներին զուգահեռ, նույն այդ ԶԼՄ-ները սկսել են հատկապես մարզպետերի եւ Հովիկ Աբրահամյանի դեմ մի արշավ: Չեմ ասում, թե դա ինքնին վատ է կամ լավ, որովհետեւ գնահատելուց առաջ պետք է նախ հասկանալ այդ արշավի մոտիվացիան, իսկ դա մեր տվյալ թեմայից դուրս է: Ի դեպ, այստեղ կան եւ բազմաթիվ այլ ուշագրավ համընկումներ, բայց դրանց մասին էլ առանձին կխոսենք, եթե դրա կարիքը լինի, եւ իրավիճակը շարունակվի նույնը մնալ:
            ը. Այս պայմաններում, երբ ոչ միայն մարզերում, այլեւ հենց երեւանյան հանրահավաքում Հովհաննիսյանը հստակորեն խոսում է Լիցկայի հրաժարականից (Կապանում ասել էր Լիցկա, Երեւանում՝ լավ չեմ ֆիքսել, բայց ինչու՞ Լիցկա, այլ ոչ «հարգարժան պարոն Խաչատրյան»՝ պարզ չէ «Սերժիկ հեռացիր»-ի արգելքի տրամաբանության մեջ, բայց չմանրանանք), իսկ հետո ասում է, թե Սերժ Սարգսյանը պետք է ինքնաբացարկ հայտարարի Համալսարանից սկսած (ախպոր պես, ի՞նչ Համալսարան) մինչեւ Բաղրամյան 26, ասելիքը մնում է անհամարժեք, լղոզված ու անհասկանալի: Հիմա հրաժարակա՞ն, թե՞ ոչ: Բառերից չեմ կառչում, հասկացեք: Քաղաքական խոսքը, ուղերձը, թիրախը պետք է հնարավորինս հստակ լինի. առանց դրա կամ քաղաքականություն չկա, կամ քողարկված քաղաքականության նշան է: Ես հիմա էլ համարում եմ, որ պետք է հստակ հնչի հրաժարականի պահանջը հենց նույն խոսքերով եւ հստակությամբ, ինչ մարզպետերի դեպքում:
            թ. Ի պատասխան սրա՝ շատերն այն թեզն են առաջ քաշում, թե Րաֆֆին ընտրված նախագահ է, իսկ Սերժի պաշտոնավարման ժամկետը լրանում է ապրիլի 9-ին, հետեւաբար Րաֆֆին Սերժի հրաժարականը պահանջելու «չունի»: Կներեք, բայց այս թեզից հետո այնքան կազուիստիկ խնդիրներ են առաջանում, որ ավելի լավ է դա մի կողմ թողնենք, թե չէ սքոլաստիկայի վատագույն ավանդույթների մեջ կընկնենք: Միայն, օրինակի համար, մի քանի հարց տամ այս կապակցությամբ:
            ժ. Եթե հրաժարականի պահանջը նշված հիմնավորմամբ սխալ է համարվում, ապա ի՞նչ է նշանակում ինքնաբացարկը: Ո՞րն է տարբերությունը հրաժարականի եւ ինքնաբացարկի: Ինչո՞ւ է պետք առանձին բառով՝ ընդ որում բոլորին սպասելի եւ հստակ բառով նշել մարզպետի «հեռացման» պրոցեդուրան, իսկ նախագահինը ինչ-որ այլ՝ ավելի անորոշ եւ տարբեր բառով: Կարծում եմ սա անլուրջ է: Արդ, ի՞նչ է ինքնաբացարկը, ինչո՞վ է Սերժի ինքնաբացարկը տարբերվում Լիցկայի հրաժարականից, ի՞նչ կապ ունի այստեղ Սերժի ոչ ընտրված լինելը: Ինչու՞ ընտրված նախագահը չի կարող պահանջել հրաժարական, բայց կարող է պահանջել ինքնաբացարկ: Մի խոսքով հարցերի մի ողջ փակուղի, որոնք կարող են վերանալ միայն հստակ խոսքով՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի աներկբա պահանջով:
            ի. Եթե ընկնենք ընտրված-չընտրված, փաստացի-եւ այլ տիպի նախագահների դասակարգման ետևից, ապա կարող ենք երեք առանձին ցուցակ կազմել: Առաջինը՝ ընտրված եւ փաստացի՝ 1991-ին Տեր-Պետրոսյան, երկրորդ՝ կասկածելի լեգիտիմությամբ եւ փաստացի՝ 1996-ին նույն Տեր-Պետրոսյանը, հետո Քոչարյանն ու Սարգսյանը, երրորդ՝ ընտրված համարվող հասարակության մի զգալի մասի կողմից, բայց փաստացի չկառավարած՝ Մանուկյան, հայր եւ որդի Դեմիրճյաններ, նույն Տեր-Պետրոսյանը (միակը, ով կա բոլոր ցուցակներում) եւ վերջապես՝ Հովհաննիսյանը: Հետո՞: Եթե Սարգսյանը չի ընտրվել 2013-ին, բա 2008-ին, ի՞նչ է, ընտրվե՞լ է: Եթե ոչ, ապա ինչու՞ եք համարում, թե մինչեւ ապրիլի 9-ը դեռ պաշտոնավարման ժամկետ ունի:
լ. Եթե համարում ենք, թե քանի որ Րաֆֆին ընտրված նախագահ է, ապա չպետք է պահանջի Սերժի հրաժարականը (բայց չգիտես ինչու՝ պահանջի ինքնաբացարկը), ապա նույն տրամաբանությամբ նա չպետք է պահանջի Լիցկայի հրաժարականը, այլ, քանի որ մարզպետերի հրաժարականը վերաբերում է կառավարությանը, ապա ընտրված նախագահը սկզբում պետք է ձեւավորի կառավարություն, որը հետո կընդունի մարզպետերի հրաժարականը, իսկ ընտրված նախագահն էլ կհաստատի (եթե ընթացակարգի ինչ-որ մանրամասն սխալ նկարագրեցի, ներեք, բայց հարցադրմանս էությունը հասկանալի է): Հասանք տեղ չէ՞, ոնց-որ թե: Դրա համար էլ ասում եմ. եկեք չշարունակեմ, քանի որ այս տիպի հարցերն անվերջ են ու կազուիստիկան միայն ավելորդ ռեսուրս է խլելու այնտեղ, ուր անհրաժեշտ են հստակ խոսքեր եւ գործեր:
            խ. Եկեք պարզապես փաստենք, որ այս ամենի փոխարեն ավելի ճիշտ է, ավելի պարզ ու թափանցիկ, ավելի հստակ եւ ժողովրդին հասկանալի սովորական մարդկային հրաժարականը: Կամ գոնե, եթե ընտրվել է ինքնաբացարկը, ապա այդ դեպքում, թող Լիցկան էլ ինքնաբացարկ տա, այլ ոչ հրաժարական:
           
            2. Սահմանադրական դատարանի հարցը

            ա. Ինչպես եւ հրաժարականի հարցում, շատերն ինձ պես սպասում էին ՍԴ հարցով հստակ դիրքորոշման: Կա կարծիք, որ ՍԴ դիմել պետք չէ եւ, որքան նկատել եմ, դա հիմնավորվում է հետեւյալ երկու փաստարկով:
            բ. Փաստարկ առաջին: ՍԴ դիմելու բոլոր նախորդ փորձերն ավարտվել են անհաջողությամբ, եւ ՍԴ որոշումն էլ նախօրոք պարզ է՝ ընդդիմության նկատմամբ անբարենպաստ՝ անկախ վերջինիս կողմից ներկայացված հայտի հիմնավորվածությունից:
            գ. Փաստարկ երկրորդ: Նույնն է, ինչ հրաժարականի մասով: Րաֆֆին ընտրված նախագահ է եւ խնդիր չունի դիմելու ՍԴ, քանի որ դրանով ընդունում է, որ խնդիրը վիճարկելի է: Թո՛ղ Սերժը դիմի ՍԴ:
            դ. Ես իրավաբան չեմ եւ գուցե որոշ նրբությունների չեմ տիրապետում, բայց տրամաբանությունը լավագույն օգնականն է ցանկացած հարցում: Փորձենք հակափաստարկել: Երկրորդ փաստարկի՝ Րաֆֆու ընտրված նախագահ լինելու մասով, կարծում եմ, հակափաստարկելն ավելորդ է, քանի որ ընկնում ենք նույն կազուիստիկայի մեջ, որն արդեն վերը քննել ենք: Էլ չասած, որ այս դեպքում դա է՛լ ավելի անլուրջ տպավորություն է թողնում:
            ե. Առաջին փաստարկի՝ նախորդ փորձերի անհաջող լինելու հետ կապված: Նախ՝ այդ տրամաբանությամբ մինչեւ վերջ գնալու դեպքում պետք էր ո՛չ ընտրություններին մասնակցել, ո՛չ հետո հանրահավաք անել, ո՛չ պահանջներ դնել, որովհետեւ նախորդ բոլոր նմանատիպ փորձերն ավարտվել են անհաջողությամբ: Իհարկե, չնչին հավանականություն կա, որ այս մեկը կտարբերվի նախորդներից, բայց տրամաբանությունը պետք է հետեւողական լինի. իսկ որքա՞ն հավանականություն կա, որ հանրահավաքային պայքարի հենց ա՛յս փորձը պետք է պսակվի հաջողությամբ: Այնուամենայնիվ, մարդկությունը խաղաղ իշխանափոխության այլ միջոց դեռ չի գտել՝ բացի հանրահավաքային ալիքից:
            զ. Երկրորդ եւ կարեւոր. չդիմելով ՍԴ ֆորմալ՝ Սերժ Սարգսյանի օրինակարգությունը իրավական առումով կասկածի տակ չես դնում եւ ընդունում ես ընտրությունների արդյունքները: Հետո որքան ուզում ես դա կարող ես հիմնավորել քո ընտրված լինելով եւ այլնով, բայց փաստով Սերժ Սարգսյանը դառնում է ՀՀ առաջին նախագահը 1991-ից այս կողմ, որի ընտրվելը կասկածի տակ չի դրվել ընդդիմության կողմից, իսկ 2013-ի ընտրությունները՝ առաջինը նույն 1991-ից այս կողմ, որոնք չեն վիճարկվել ընդդիմության կողմից: Լավ է սա, թե վատ, բայց այլ բան չէ, քան նախընտրական շրջանի «լազաթ», «հովվերգական», «ամենալավ» ընտրությունների թեմայի ուղիղ շարունակություն: Ի դեպ՝ դրսի համար ընդհանրապես որեւէ փաստարկ չես ունենում այլեւս: Եթե, իհարկե, մեր նպատակը Սերժ Սարգսյանի լեգիտիմության ամրապնդումն է, ապա սա լավագույն ճանապարհներից է: Այստեղ ՍԴ որոշումը՝ բացասական կամ դրական, էական չեն: Կարեւորը փաստն է՝ վիճարկվե՞լ է ընտրությունը, թե՞ ոչ:
            է. Չդիմել ՍԴ նշանակում է դուրս գալ պայքարի հռչակված իրավական, սահմանադրական դաշտից եւ մտնել անհասկանալի տեղ: Եթե պահանջում ես իշխանությունից գործել իրավական հարթությունում, ինքդ պետք է օրինակ ծառայես՝ անկախ արդյունքից, առաջինն այստեղ ավելի կարեւոր է, քան երկրորդը: Այլապես ֆորմալ տեսանկյունից ավելի թույլ դիրքում ես հայտնվում:
            ը. Ենթադրենք չդիմեցինք ՍԴ: Հետո՞: Ծրագիրը ո՞րն է: Սերժը ապրիլի 9-ից հետո մնում է իր տեղում: Ի՞նչ ենք անում: Ի՞նչ ենք պահանջում: Այլ կերպ ասած՝ ի՛նչ թեկուզ փոքր, բայց կարեւոր առավելություն է տալիս ՍԴ դիմելը հասկացանք, բայց ի՞նչ առավելություն է տալիս չդիմելը՝ ո՛չ մի՝ բացի իրավականորեն անհասկանալի վիճակից:
            ը. Այնքան էլ ճիշտ չէ, որ ՍԴ դիմելու բոլոր նախորդ փորձերը ավարտվել են կատարյալ ձախողմամբ: Ճիշտ է, ՍԴ-ն երբեք չեղյալ չի հայտարարել ընտրությունների արդյունքները, սակայն պետք է հիշենք, որ օրինակ 1996-ին ՍԴ-ի որոշումը պնդում էր, որ 30-ից ավելի տեղամասերում ընտրությունների արդյունքները խնդրահարույց են: 2003-ին ՍԴ-ն առաջարկել էր մեկ տարվա ժամկետում նախագահի վստահության հանրաքվե անցակցնել՝ առաջարկ, որը չիրագործվեց, բայց ներքաղաքական նոր ճգնաժամի առիթ հանդիսացավ: 2008-ի ՍԴ դիմումի փաստարկների մի մասը հասել է Եվրադատարան: Իհարկե, սրանք չեն բերել իրավիճակի արմատական փոփոխության, բայց բոլորն էլ ունեցել են որոշ հետեւանքներ՝ քաղաքական եւ իրավական:
            թ. Ի դեպ՝ 2008-ի մասին: Այդ թվի ՍԴ դիմումը, եթե հիշում եք Վիկիլիքսի բացահայտված աղբյուրներից, Փենթինգթոնի վերլուծության մեջ գնահատվել է որպես շատ լուրջ եւ փաստարկված: Կարծում եմ պատահական չէ, որ խաղաղ ցույցը բռնի ուժով ցրվեց ՍԴ-ում ընդդիմության դիմումի քննարկումից մի քանի օր առաջ: Արդյունքում ՍԴ-ի լսումները տեղի ունեցան արտակարգ դրության պայմաններում: Համաձայնեք, որ հասարակական լայն մոբիլիզացիայի եւ Հրապարակի ճնշման պարագայում ՍԴ որոշումները կարող էին, եթե ոչ արմատապես, ապա գոնե զգալիորեն տարբեր լինել, քան եղան: Հետեւությունները, կարծում եմ, ինքներդ կարող եք անել:
            ի. Ի՞նչ ունենք հիմա: Նախ՝ ցայսօր անորոշություն է տիրում ՍԴ դիմելու հարցում՝ չնայած այս տողերը գրում եմ մարտի 1-ին՝ վերջնաժամկետից մեկ օր առաջ: Այնպիսի տպավորություն է, որ ՍԴ դիմելու հարցում չկողմնորոշվածությունը դարձել է այս ընտրարշավի նախընտրական եւ հետընտրական սյուժեի դեժավյուն: Կարծում եմ, որ դիմելու-չդիմելու որոշումը վաղուց արդեն պետք է կայացված լիներ, քանի որ դա լուրջ մարտավարական հարց է:
            լ. ՍԴ դիմելը ենթադրում է, որ մինչ այդ պետք է արդեն լուրջ աշխատանք կատարված լինի, համապատասխան իրավական փաթեթ կազմված լինի: Կարծես որեւէ հստակ լուր չկա այդ գործընթացից:
            խ. ՍԴ դիմելը հանրահավաքին քվեարկության դնելն ու դրանից հետո էլ անորոշ թողնելը բավականին տարօրինակ տպավորություն թողեց: Արտաքուստ սա ուղիղ ժողովրդավարության ողջունելի քայլ է: Շատ լավ: Բայց այդ դեպքում, եթե հարցը դրվում է հրապարակային քվեարկության, ուրեմն, քանի որ խնդիրը լուրջ իրավական եւ քաղաքական մանրամասներ է պարունակում, քվեարկությունից առաջ անպայման պետք է հանրությանը մանրամասն ներկայացվեին կողմ եւ դեմ փաստարկները, ելույթ ունենային երկու տեսակետներ ներկայացնող անձինք, որպեսզի քվեարկողները, որոնք պարտավոր չեն տեղյակ լինել այդ ամենից, կարողանային ճիշտ որոշում կայացնել: Բացի այդ՝ լավ կլիներ խոսել վերը հիշատակված փաթեթի առկայության եւ մանրամասների մասին, ներկայացնել դրանում եղած փաստարկները: Իսկ երբ այդ ամենը չի արվում, եւ լուրջ հարցը, առանց նախնական ներկայացման եւ փաստարկման, դրվում է քվեարկության, ապա դրանից, կներեք, ամբոխավարության հոտ է փչում, էլ չասած՝ քաղաքական պատասխանատվությունը ժողովորդի վրա գցելու տպավորության մասին: Պետք է հիշենք նաեւ, որ արդեն երկրորդ անգամ պարոն Հովհաննիսյանն ասում է, թե ՍԴ դիմելուն դեմ է Նիկոլ Փաշինյանը: Բայց ճիշտ կլիներ, որ դա մենք հենց Նիկոլից էլ լսեինք փաստարկների հետ միասին: Թե չէ սա էլ մի տեսակ պատասխանատվությունից խուսափելու տպավորություն է թողնում:

           
            Բանակցությունների հարցը
           
            ա. Փետրվարի 28-ի ցերեկը լուրեր տարածվեցին եւ հաստատվեցին, որ Ժառանգության, Դաշնակցության եւ Հանրապետականի ԱԺ պատգամավորների միջեւ բանակցություններ են ընթանում ԱԺ արտահերթ ընտրությունների, խորհրդարանական կառավարմանն անցնելու եւ ընդդիմությանը հավելյալ լծակներ տրամադրելու օրակարգով: Բանակցությունն ու փոխզիջումն ինքնին նորմալ քաղաքական երեւույթներ են, սակայն այս պարագայում եւս մի քանի հարց է առաջանում:
            բ. Նախ՝ մարտի 1-ի իր ասուլիսում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ ինքը կապ չունի այդ գործընթացի հետ եւ որ դա Ժառանգության խմբակցության գործընթացն է: Սա էլ, իհարկե, կարելի է համարել այսպես ասած «կրեատիվ» քայլ կամ հայտարարություն, բայց, անշուշտ, այն հնչում է տարօրինակ եւ ապակողմնորոշող: Պատճառներն ինքնին պարզ են:
            գ. Բայց ենթադրենք մի պահ, որ Րաֆֆին իրոք կապ չունի այդ բանակցությունների հետ, կամ էլ ինչ-որ «կրեատիվ», «ասիմետրիկ» քայլեր է անում, սակայն եթե այդ բանակցությունների հետ հանրության մեջ հարց կա եւ եթե դրանում ընդգրկված է Ժառանգության խմբակցությունը, որն ամեն դեպքում, հույս ունենանք, եթե ոչ Րաֆֆու, ապա գոնե հանրահավաքի հետ «կապ ունի», ապա, ըստ իս, պարտադիր էր բանակցությունների թեման բացատրել եւ մանրամասն ներկայացնել հանրությանը՝ այն էլ բացատրելով դրա կապն ու անկապությունն ընթացիկ հրապարակային գործընթացի հետ:
           
            Մարտի մեկի հանրահավաքի շուրջ

            ա. Այստեղ մտնում ենք գոնե առաջին հայացքից անբացատրելիի ոլորտը: Հիշեցնեմ, որ դեռ մեկ ամիս առաջ ՀԱԿ-ը մարտի 1-ին ժամը 18.00 Ազատության հրապարակում հանրահավաք անելու հայտ էր ներկայացրել քաղաքապետարան, որն ընդունվել էր ի գիտություն: Հավաքից հետո նախատեսվում էր երթ դեպի Մյասնիկյանի արձան: ՀԱԿ-ի այդ ակցիան ամեն տարի արվել է 2009-ից սկսած:
            բ. Մի քանի օր առաջ Ժառանգությունը (գուցե նորից խմբակցությու՞նը) իր հայտը ներկայացրեց քաղաքապետարան նույն մարտի 1-ին, ժամը 17.30-19.45-ը հանրահավաք անցկացնելու վերաբերյալ, որը քաղաքապետարանը նույնպես ընդունեց ի գիտություն (ի դեպ՝ օրենքի խախտման եզրին, եթե զգույշ ձեւակերպենք, քանի որ ի գիտություն ընդունելու մերժման իրավական կետերից մեկը նույն վայրում միաժամանակ տարբեր միջոցառումների անցկացումից խուսափելն է): Բնականաբար առաջացավ տարօրինակ վիճակ՝ երկու ընդդիմադիր միջոցառում նույն թեմայով, նույն տեղում... Ինչո՞ւ դրանցից երկրորդը իր սեփականը հայտարարելու փոխարեն չգար չմիանար արդեն եղածին, ո՞րն է խնդիրը, եթե խոսվում է միասնության անհրաժեշտությունից: Ինչեւէ, մեկն ու մեկը պետք է զիջեր, քանի որ պարզ է, թե իշխանական քարոզչությունը դա ինչպես էր օգտագործելու:
            գ. Հաշվի առնելով այսօրվա կոնկրետ իրավիճակը՝ ՀԱԿ-ը որոշեց զիջել եւ չեղյալ հայտարարեց իր միջոցառումը՝ կոչ անելով իր կողմնակիցներին միանալ Ժառանգության հավաքին: Դա ողջունելի եւ պարզ քայլ էր, եւ կարծես սրանով թեման պետք է փակվեր դեռ չբացված:
            դ. Սակայն ամսի 28-ի հանրահավաքին Րաֆֆի Հովհաննիսյանը բոլորովին անսպասելի հայտարարում է, որ մարտի 1-ին ժամը 12.00-ին ասուլիս է տալու Ազատության հրապարակում, որից հետո իրենք երթով շարժվելու են դեպի Մյասնիկյանի արձան: Այսինքն՝ Ժառանգության միջոցառումը եւս փաստացի չեղյալ հայտարարվեց: Թե սա ի՞նչ է նշանակում, նույնիսկ չեմ ուզում հասկանալ եւ խորանալ: Ինչի՞ համար էր պետք այս ամբողջ անհստակությունն ու «սպոնտանությունը» զոհերի հիշատակի օրը՝ թող ընթերցողն ինքը մտածի, ես չեմ ուզում ավելին ասել եւ ավելին ենթադրել: Միայն հիշեցնեմ, որ պարոն Հովհաննիսյանին չեմ նկատել Մարտ 1-ի առիթով նախորդ տարիներին կազմակերպված՝ դեպի Մյասնիկյանի արձան որեւէ երթին: Մնացածն իմ գործը չէ. ամեն մեկի խղճի եւ Աստծո առաջ պատասխանելիքն է: Այսպես եմ գրում, քանի որ թեման զուտ քաղաքական չէ. զոհերի հիշատակի օր է:



           


           

3 comments:

  1. հիանալի է, օրինակ քո վրա կարող եմ հղվել, երբ զրույցում ինչու է պետք դիմել սահմանադրական դատարան։
    հավես է որ կրկին գրում ես։
    ու տենց

    (անոնիմ եմ, քանի որ չի լինում օփենայդի֊ով էս բլոգերում մեկնաբանել։ հա, աներես չեմ, Նորայրն եմ, սակայն դա չի լինի ապացուցել բնավ)

    ReplyDelete
  2. ասք իդենտիֆիկացիայի մասին՝
    Նորայրն եմ որը բնակվում է (կտուրում) այստեղ ու տենց

    ReplyDelete
  3. ով բնակվում է․․․

    ReplyDelete