Search This Blog

2013-03-20

Քաղաքացիական vs քաղաքական





 Մետաֆորա 

Քաղաքականի ու քաղաքացիականի հարաբերությունը կարելի է մոտավորապես հետեւյալ փոխաբերությամբ բնորոշել: Մաքուր քաղաքականը՝ 100 տոկոսանոց մաքուր սպիրտի է նմանվում: Անխառն վիճակում դա խմելը դժվար է, թեեւ փորձի տեսակետից գուցե հետաքրքիր՝ https://www.youtube.com/watch?v=klD6OcPItk0: Քաղաքացիականը՝ մաքուր ջուր է: Դա, իհարկե, խմել ի տարբերություն 100 տոկոսանոց սպիրտի հնարավոր է («հնարավո՞ր է»), բայց խնջույքի միջինացված սեղանին (հեղափոխությունը մեր քեֆի սեղանն է) ցանկալի է երկուսի՝ սպիրտի ու ջրի ինչ-որ կշռույթ (տվյալ դեպքում՝ բալանս). թե ի՞նչ տոկոսով՝ ամեն մեկի ճաշակի հարցն է՝ մեկը կնախընտրի 70 տոկոսանոց հոնի օղի, մյուսի համար 7 տոկոսանոց գարեջուրն է լավ, երրորդն էլ կարող է ալկոհոլը խմել ու վրայից էլ «զապիվատ» անել ջրով կամ հյութով: Քչերը քեֆ կանեն միայն ջրով կամ հյութով, թեեւ այդպիսիք էլ կլինեն:


Տեսություն

Հիմա գանք տեսական մասին:
Քաղաքականն ինքն իրենով ազատություն չի կարող բերել: Քաղաքականը ձգտում է երկբեւեռ պայքարի (երրորդ բեւեռը գրեթե մշտապես ձախողվող նախագիծ է, որովհետեւ երբ քաղաքականը ծավալվում է, նմանվում է պատերազմի կամ թիմային սպորտի, որտեղ երրորդ կողմ չի կարող լինել ըստ սահմանման): Դա ո՛չ լավ է, ո՛չ վատ, պարզապես քաղաքականի կառուցվածքն է: Ոնց-որ ֆուտբոլում չի լինում երրորդ կողմ, նույնպես եւ բուն քաղաքական պրոցեսի մեջ երրորդ կողմը կեղծիք է: Հանգիստ, այսպես ասած խաղից դուրս ժամանակներում դեռ կարող են լինել երրորդ քաղաքական նախագծեր, բայց գագաթնակետային պահերին բնականից մնում են միայն երկուսը` https://www.youtube.com/watch?v=psSy1asRleM: Դա կոշտ պայքար է, ուր կան միայն ընկերներ ու թշնամիներ: Ընկեր-թշնամի հակադրությունը նույնքան բնական է քաղաքականի համար, որքան բարոյականի համար՝ բարին ու չարը, գեղագիտականի համար՝ գեղեցին ու տգեղը եւ այլն: Ցանկացած բան քաղաքականացվում է, երբ մտնում է ընկեր-թշնամի բաժանումը: Սա նման է պատերազմի, միայն թե ոչ-բռնապետական կարգերում դա կարգավորվա՛ծ պատերազմ է:
Պարզ է, որ այդ կոշտ հակադրությունից ազատություն ինքնին չի կարող ծնվել:
Ազատությունը կարող է գալ երրորդից: Բայց երրորդն արդեն քաղաքական չէ, այլ այն, ինչ լայն եւ պայմանական իմաստով կարող ենք կոչել քաղաքացիական, այսինքն հասարակական մի գործընթաց, որտեղ ընկեր-թշնամին չի գործում: Ուրեմն երրորդը՝ բուն ազատության միջավայրն է: Բայց ի՞նչ անի ինքը երկու բեւեռների հետ:

Չնայած երկբեւեռ համակարգը ազատության չի բերում, բայց որպեսզի երրորդը ծնվի ու զարգանա, նրա կենսական շահերից է բխում, որ քաղաքական դաշտում ծնվի եւ գոյատեւի երկրորդ՝ ընդդիմադիր բեւեռը, ընդ որում այնպիսինը, որը բավականաչափ ռեսուրս ունենա առաջինի՝ իշխանականի առջեւ լուրջ խնդիրներ առաջ քաշելու համար:
Այլ կերպ ասած՝ ազատությունը կծնվի երրորդից, բայց եթե նախապես երկրորդն առաջ չգա ու չուժեղանա, երրորդը չի ծնվի: Յուրահատուկ հասարակական Երրորդություն: Աստվածաբանության մեջ էլ ազատությունը երրորդն է՝ Սուրբ Հոգին, բայց նա չի կարող գալ առանց երկրորդի՝ Որդու՝ Բանի նախապես հայտնման: Որդին սերն ու պայքարն է, Հոգին՝ սերն ու ազատությունը: https://www.youtube.com/watch?v=CFi94V3jIUg
Եթե երկրորդը չկա, իշխանությունն իր ռեսուրսներն ուղղում է քաղաքացիականի դեմ եւ գործում ավելի կոշտ: Ցանկացած իշխանության բնական ձգտումն է տարածվել այնքան, ուր կհանդիպի սահմանի: Դա կապ չունի անձերի հետ: Մենք էլ լինեինք, նույնն էր լինելու: Սահմանները կարող են լինել երկրից դուրս. օրինակ, ամեն դեպքում որքան էլ եվրոպացիներին քննադատենք, եթե նրանք չլինեին, մեզ բոլորիս պատի տակ սատկացրել էին, եւ իհարկե՝ երկրի ներսում: Քաղաքացիները որքան առաջ տանեն ներքին սահմանը, այնքան իշխանությունը, դիմադրություն զգալով, կկանգնի: Եթե իշխանությունն ունի քաղաքական ընդդիմություն, ինքն իր ուժերի մի զգալի մասը ստիպված է ծախսել ընդդիմադիր ճակատում, եւ դա արդեն լուրջ սահման է: Այդ արանքում քաղաքացիականը կարող է հասնել հաջողությունների, ինչպես վերջին տարիներին եղավ մեզ մոտ:
Ուրեմն քաղաքացիականը մի կողմից պիտի գիտակցի իր ինքնուրույնությունն ու կարեւոր առաքելությունը՝ չձուլվելով քաղաքական ուժերին, այլապես երրորդ դաշտը չի ծնվի, բայց մյուս կողմից՝ պիտի գիտակցի նաեւ իր շահերը՝ հնարավորինս չխփելով որեւէ առկա երկրորդին: Որոշ հարցերում նրանք կարող են համագործակցել, որոշներում՝ բանավիճել կամ անտեսել միմյանց: Բայց խփելը խաղի կաննոներից դուրս է:

Կարեւոր է նաեւ սահմանազատել նպատակները:
Ի՞նչ կարող է անել քաղաքականը եւ ինչ չի կարող անել, եւ նույնը՝ քաղաքացիականի վերաբերյալ:
Քաղաքականը կարող է խաղաղ իշխանափոխություն անել: Այն բոլոր խոսակցությունները, թե քաղաքական դասական ճանապարհով հնարավոր չէ այդ նպատակին հասնել, թե հանրահավաքները, ընտրությունները եւ մնացածը հնացած «ծիխնոլոգիաներ են» եւ այլն՝ հայկական գեղական ֆուֆլո են: Եթե Հայաստանում ցայսօր դա չի ստացվել, դա դեռ ոչինչ չի նշնակում: Ամբողջ աշխարհում իշխանությունը փոխվել է մեկ պարզ ճանապարհով՝ հզոր շուրջօրյա միտինգային ալիք, դրան զուգահեռ դասադուլներ, գործադուլներ, ամենատարբեր ուժերի միավորում՝ անկախ իրար նկատմամբ անցյալում ունեցած վերաբերմունքից: Նպատակն է՝ իշխանության ներսում պառակտում ստեղծելը, որպեսզի իշխանության մեջ եղած տատանվողները կա՛մ բացահայտ միանան ժողովրդին, կամ էլ վճռական պահին հրաման չկատարեն: Ամեն տեղ այդպես է փոխվել իշխանությունը՝ վերջին պահին բռնության հրամանները չեն կատարվել: Եթե մեզ մոտ դա չի ստացվել, դա մեր պրոբլեմն է:
Ինչ չի՛ կարող անել քաղաքականը: Իշխանափոխությունն այլ հավասար պայմաններում կարող է երկրին առաջընթաց ապահովել, բայց չի կարող ինքնին ազատություն ստեղծել, ոչ էլ Հայաստանի պես երկիրը  մեկ օրում հրաշքով դարձնել Շվեյցարիա: Կա Վրաստանի փորձը: Այո՛, երկիրն ակնհայտ առաջ գնաց, բայց մնաց կիսաբռնապետական: Իշխանափոխությունը ինքնանպատակ չէ: Այստեղ էլ գալիս է քաղաքացիականի անելիքը:
Քաղաքացիականը չի կարող ինքն իրենով իշխանություն փոխել: Դա ուտոպիա է, ոչ մի տեղ նման բան չի եղել: Հայաստանում առավել եւս չի լինի: Բայց հեչ էլ պետք չէ, որ քաղաքացիականն այդ նպատակը դնի: Այն ավելի կարեւոր առաքելություն ունի, որոնք են երկարատեւ, հեռանկարային փոփոխությունները, որոնց հասնում է քայլ առ քայլ, տեղական փոքր հաղթանակներով, որոնք, հետեւողական լինելու դեպքում, փոխում են մարդկանց գիտակցությունը եւ հասարակության կառուցվածքը:
Ուրեմն կարեւոր է, որ ամեն մեկն իր նպատակները, իր կարողություններն իմանա եւ սխալ պահանջներ չդնի:

Իրականություն
/https://www.youtube.com/watch?v=ndPWuTvppfQ/

Հայաստանը բավականին է փոխվել այս տարրիների ընթացքում: Պատճառը հասարակության ակտիվությունն է՝ ե՛ւ քաղաքական, ե՛ւ քաղաքացիական: Նույնիսկ իշխանությունն արդեն հին լեզվով չի խոսում: Նա կեղծում է հասարակության լեզուն եւ պահանջները:
Բայց կան կարեւոր ծուղակներ:
Հիմնականը, երեւի գաղտնիք չէ, քաղաքականի ու քաղաքացիականի հակադրման փորձն է:
Սա ունի իր երանգները, ոնց-որ ասենք եկեղեցու եւ պետության բաժանման խնդիրը:
Բոլորս էլ ասում ենք ու գիտենք, որ քաղաքականն ու քաղաքացիականը պետք է ինքնուրույն գործեն, քաղաքացիականը չպետք է միաձուլվի քաղաքականի հետ, որպեսզի իր դեմքը չկորցնի եւ իր առաքելությունը պահի:
Բայց այդ արանքում անպայաման պետք է փորձեն մտնել ու մտնում են քաղաքական շահեր հետապնդողները ու նախեւառաջ՝ իշխանական տարբեր թեւերը:
Բռնապետական իշխանությունը նախեւառաջ վախենում է քաղաքական ընդդիմությունից: Ինչո՞ւ: Որովհետեւ բռնապետությունը հեռանկարով առաջնորդվող համակարգ չէ: Իրանը «նաղդն» է: Նաղդը իշխանության եւ կապիտալի կորստի վտանգն է: Իսկ քաղաքացիականը հեռանկարային գործընթաց է, որի պտուղները ուշահաս են: Հետեւաբար բռնապետությունը նաղդի հարցն է նախ ուզում լուծել: Ի՞նչ պիտի անի: Մի երկու պարզագույն քայլ՝ https://www.youtube.com/watch?v=qrHdOSez6wg:
Նախ՝ քաղաքացիականին պուպուշ անի՝ ամեն գնով այն հակադրելով քաղաքականին: Իշխանական այսպես կոչված երիտասարդական թեւի քարոզչությունը հիմա զբաղված է նրանով, որ քաղաքացիական մեթոդները հակսդրում է քաղաքականին. իբր՝ քաղաքականը սուտ է, հնացած է, չի աշխատում, քաղաքացիականն է միայն ճիշտ եւ այլն: Այսինքն՝ ոչ թե երկու զուգահեռ ճանապարհ՝ ամեն մեկն իր մեթոդով ու նպատակով, այլ մեկը մյուսով նենգափոխելու ուղի: Այս ամենը գրվում է վերլուծության տեսքով, բայց իրականում հիմնավորումները զուտ աֆորիստիկ են, դեմագոգիկ, նենգափոխված ու էմպիրիկ. ոչ մի տեսություն ու իրական վերլուծություն չկա: Դե ռեսուրսն էլ իրենց ձեռքում է, բնականաբար «Աշտարակի բեսեդկան» ու մի քանի այլ անկախ ու կիսանկախ «բեսեդկաներ», որքան էլ փորձեն, չեն կարող նույն քանակով տեքստ արտադրել: Արդյունքում այդ դիսկուրսը մտնում է դաշտ ու ինքնատարածվում է արդեն ազնիվ մարդկանց միջոցով:
Դրա համար քաղաքացիական հատվածը պետք է նվազագույն պատկերացում ունենա քաղաքական գործընթացներից:
Ի՞նչ է հիմա տեղի ունենում: Նախկին միասնական իշխանական համարագն այս պահին բաժանված է թեւերի: Ենթադրաբար պայքար է նախապատրաստվում հանուն իշխանության եւ սեփականության: Այդ ամենը հեշտությամբ կարելի է անել «օլիգարխիայի» դեմ պայքարի կարգախոսով: Իհարկե, սա միայն ծրագիր է, այն, կարող է, չստացվի իրականացնել կամ իրականացնելուց այնպիսի անկանխատեսելի հետեւանքներ լինեն, որ սցենարը վերահսկողությունից դուրս գա:
Այդ սեցնարի մեջ պիտի փորձեն օգտագործել քաղաքացիական եւ մասամբ քաղաքական շարժումները՝ որպես ֆոն անունով միայն առաջադիմական ռեֆորմների անցկացման համար, որի արդյունքում կարող է լինել իշխանության էլ ավելի ուժեղ կենտրոնացում: Բայց, միեւնույն է, նույնիսկ այս ծրագրից հասարակությունը կարող է տեսականորեն օգտվել, միայն թե գիտակցված օգտվի, այլապես ոչ թե կօգտվի, այլ կօգտագործվի, իսկ հետո կզրկվի նույնիսկ այն նվազագույն հարթակներից, որ այսօր ունի:
Ի դեպ հարթակների մասին: Այսօր արդեն այդ խնդիրը կա, եւ չնայած թվում է, որ մեդիա դաշտն ավելի ազատ է եւ բազմազան քան նախկինում, իրականում շատ առումներով է՛լ ավելի կենտրոնացած է ու կոշտ բաժանված երկու-երեք խմբերի միջեւ՝ մեկի ճնշող առավելությամբ: «Օլիգարխիայի» դեմ հուժկու պայքարի արդյունքում, կարող է այդ՝ համեմատաբար ապակենտրոնացված վիճակն էլ վերանա եւ մնան միայն ֆեյսբուքն ու բլոգները, ընդ որում՝ այստեղ էլ կես-կես բաժանված կարմիրների ու սեւերի միջեւ:

Հիմա երկրորդ պահը՝ քաղաքացիականի օգտագործումը եւ «կոնտրաբանդային» քաղաքականացումը: Դրա ականատեսն էլ եղանք: Ամենավառ օրինակը Մաշտոցի պուրակի եւ Թռչկանի պայքարը Սերժի հոլովակում օգտագործելն էր: Սա փոքր բան չէ: Իրենք այսօր փորձում են ներկայանալ որպես առաջադեմներ, օգտագործում են ազնիվ պայքարն իրենց նպատակներով ու ստացվում է, որ քաղաքացիական դաշտը ինքն իր կամքից անկախ քաղաքականանում է, այն էլ վատագույն տարբերակով՝ իշխանական քաղաքականության մասն է դառնում, ու արդյունքում շատերն ինձ նման սկսում են կասկածանքով վերաբերվել ցանկացած քաղաքացիական գործընթացին: Այս ծուղակն էլ պետք է հաշվի առնել:

Քաղաքացիական պայքարը պետք է կարողանա հմտորեն մանեւրել, իր ինքնուրույնությունը պահել երկու ճակատով ու չտրվել «պուպուշ»-ի գայթակղությանը:


No comments:

Post a Comment