Search This Blog

2013-04-25

Ինչո՞ւ կուսակցական. հանրային հաշվետվություն 2




Շարունակություն. սկիզբն այստեղ՝ http://ustahrant.blogspot.com/2013/04/blog-post.html

Այս նյութը այս բլոգից դուրս տարածելու բացառիկ իրավունքը ilur.am կայքինն է, որից էլ կարող են ցանկության դեպքում վերցնել մնացածները: 

2. Ճակատագրի խաղը

Խնդիրը, որի լուծումը տալիս է ՀԱԿ կուսակցության ստեղծումը, նոր չի դրվել:
Ո՞րն է այդ խնդիրը: 2008-ից ի վեր Կոնգրեսի գործունեության ողջ ծավալին՝ փողոցային պայքարից մինչև ծրագրային փաթեթների մշակմանը մասնակցողների և աջակիցների զգալի, եթե ոչ մեծ մասը եղել են անկուսակցականները: Ստույգ թվերի չեմ տիրապետում, բայց կարծում եմ կարող եմ վստահորեն պնդել սա՝ չնսեմացնելով կուսակցականների դերը: Այդ մարդկանց մեծ մասը 2007-08 թթ.-ին Տեր-Պետրոսյանի նախընտրական և հետընտրական պայքարին միացան քաղաքացիական հիմունքներով՝ հաճախ նույնիսկ լուրջ վերապահումներ ունենալով Տեր-Պետրոսյանի նախկին ղեկավարման շրջանի նկատմամբ: Բայց շարժման ծավալումն ու ներուժը շատ արագ հարթեցին բոլոր նախավոր տարաձայնություններն ու վերապահումները:

Այս մարդիկ են եղել շարժման կորիզը՝ «խելառների» և «ուրախամիտների» այն յուրահատուկ ակումբը, որի ջերմ կամ ցուրտ, այլ ոչ գաղջ մթնոլորտը ծանոթ է շատերին, ով Կոնգրեսը ներսից է ճանաչում:
Փորձը ցույց տվեց, որ այս մարդիկ էին նաև, որ մինչև վերջ մնացին հավատարիմ: Ճիշտ է, հավատարմությունը գուցե հարգի արժեք չէ հետարդիական «աղավաղված աշխարհներում», բայց մենք միջնադարի ազատանու պես մեր դրոշին կարող ենք գրել՝ հավատարմություն, կյանքի ազարտ և ճակատագիր:

2.1. Վոժդերը, խմբակները և ընկերությունը

Երբ ասում են, թե շատերը Կոնգրեսը լքեցին, մի կարևոր հանգամանք հաշվի չեն առնում: Նախկին ՀԱԿ դաշինքը լքեցին հիմնականում մանր ու միջին կուսակցապետերը, ինչպես նաև ԶԼՄ դաշտի մի քանի ներկայացուցիչներ այսպես ասած՝ ԶԼՄ էլիտայից: Կոնգրեսին աջակցող անկուսակցական զանգվածի մեծ մասը, ինչպես նաև երկու ամենախաշոր կուսակցությունները՝ ՀԺԿ-ն և ՀՀՇ-ն, մնացին իրենց տեղում: Ավելին՝ հենց անկուսակցականները, որոնք հարկ եղած դեպքում չեն վարանել իրենց քննադատությունը բարձրաձայնել նաև Կոնգրեսի ներքին խնդիրների վերաբերյալ, ի վերջո մնացին Կոնգրեսի հետ, մինչդեռ տարիների ընթացքում Կոնգրեսի ներսում որևէ բանին դեմ ձեն-ծպտուն չհանած ու Հռոմի պապից կաթոլիկ «վոժդերը» լքեցին նավը ճգնաժամային պահին, ինչպես հարիր է հայաստանյան քաղաքական դաշտի վատագույն ավանդույթները կրողներին:
 Եթե ուշադիր և սթափ նայեք, լքողների մեծ մասն այս կամ այն «վոժդի» շուրջ համախմբված փոքր խմբակներ են: Հատկանշական է, որ այդ խմբակների ներսում խիստ աստիճանակարգ է և այսպես ասած զինվորական կարգապահություն, այսինքն՝ բացակայում է ընկերական՝ հորիզոնական, համահավասար հարաբերություննը:
Ընկերներիցս մեկը վերջերս մի հետաքրքիր միտք տվեց. ասում է, թե, եթե ընկերություն չես կարող անել, ընկերական կապեր չես կարող հաստատել ու պահպանել, քաղաքականության մեջ էլ կտապալվես:
Եվ հենց լայն իմաստով ընկերական (հիշենք, որ ընկերականը նշանակում է նաև սոցիալական, հասարակական)՝ հորիզոնական հարաբերությունների ձևաչափը ճգնաժամային պահին փրկեց Կոնգրեսը: Երբ շենքի վերին ու միջին մասերում փլուզումներ եղան, ընկերական հարաբերություններով փոխկապակցված ամուր հիմքը պահեց շենքի կայունությունը և վերածնվեց որպես նորացված Կոնգրես:
Պատկերն ամբողջացնելու համար հարկ է նկատել, որ Կոնգրեսից այս կամ այն պատճառով տարանջատվածների մեջ արժանապատիվ վարք ունեցողները եղել և մնում են ոչ թե խմբով դուրս եկածները, այլ անհատապես բաժանվածները, որոնց մեծ մասը, այսօր էլ մնալով քննադատական դիրքերում, չի ընկնում «խմբայիններին» բնորոշ նվնվան, «նավսալաչառ», նաեւ ենթատեքստով, ոչ ուղիղ հարվածող ինքնարտահայտման կերպի մեջ:

2.2. Լծակները և լուծումը

Դառնանք բուն խնդրին. անկուսակցական աջակիցներին կազմակերպելու, նրանց ձայնը որոշումների ընդունման գործընթացում ավելի ազդու դարձնելու խնդիր կար: ՀԱԿ դաշինքում որոշումներն ընդունվում էին քաղխորհրդի կողմից կոնսենսուսով: Անկուսակցականները չունեին որոշումների վրա ազդելու որևէ ձևական, օրինակարգ լծակ: Նրանց ձայնը լսելի էր որպես ընկերական խորհուրդ միայն: Սա ստեղծում էր բավականին անհամաչափ իրավիճակ, երբ գործողությունների զգալի մասն ապահովվում էր քաղաքացիական հիմքերով ներգրավված անկուսակցականների կողմից, իսկ որոշումների վրա ազդելու օրինակարգ լծակները միայն կուսակցականների ձեռքում էին, որոնց զգալի մասն աստիճանաբար ներգրավվում էր ինտրիգների, հետագայում էլ՝ առնետավազքի մեջ:
Այս խնդիրն, ուրեմն, պետք էր լուծել: Այն բարձրաձայնելու փորձեր եղել են դեռևս 2008-ին և հետագայում: Թեև այսօր հետադարձ հայացքով երբ նայում եմ, կարծում եմ, որ այն ժամանակ դրանք վաղաժամ էին՝ հաշվի առնելով նաև մեր անփորձությունը: Հարցն է՛լ ավելի արդիական դարձավ 2012-ի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ դա արդեն ներգործուն կերպով քննարկվում էր շատերի կողմից:
Իսկ ինչո՞ւ կարիք կար ՀԱԿ-ին աջակցող անկուսակցական զանգվածը միավորել հենց առանձին կազմակերպությամբ, այլ ոչ թե ասենք օգտագործել արդեն եղած կազմակերպությունները: Բացատրությունը կարծում եմ, բավականին պարզ է եւ ընկած է հասարակական հոգեբանության տիրույթում: Հասարակական պայքարի սեփական փորձ եւ ուրույն ճանապարհ անցածների համար, որոնք այսպես թե այնպես արդեն միավորված են այդ փորձով եւ ուղով, եւ այսպես թե այնպես այդ ընթացքում ձեւավորել են որոշակի փոխհարաբերություն եւ ավանդույթ, ընդամենը իրավական տեսակետից արձանագրում եւ ամրապնդում են այն ինչ կյանքի իրողություն է: Այլ՝ արդեն գոյություն ունեցող ձեւաչափին սովորոկան կցումը կամ ձուլումը կլիներ արհեստական քայլ, որն ի չիք կարող էր դարձնել սեփական ուրույն փորձի ամրապնդման եւ հաստատության վերածելու ջանքերը:
Հարցը մնում էր կազմակերպման ձևաչափը: Երբ այդ խոսակցություններում ներգրավված էի 2008-ին կամ 2012-ին, իմ և շատերիս պատկերացրածը կուսակցություն չէր, այլ կազմակերպման կամ միավորման ինչ-որ այլ՝ ավելի լայն ձևաչափ, և անձամբ ես կուսակցականացումը համարում էի Կոնգրեսին սպառնացող վտանգներից մեկը: Պատճառը պարզ է. դասական իմաստով կուսակցությունը կարող է արդյունավետ գործել միայն իրապես մրցակցային քաղաքական դաշտում: Մեր տիպի երկրներում, ուր մրցակցությունը ձևական է, այսինքն՝ խաղում են բոլորը, բայց հաղթում է միշտ միևնույն թիմը, նեղ կուսակցական ձևաչափն իր տեղը բնականից զիջում է լայն համախմբման և միության փորձերին: Ինքս էլ այս հարցի շուրջ բազմիցս արտահայտվել եմ, ու թեև հայաստանյան ընթերցողը ներողամիտ է, բայց ես այնքան ներողամիտ չեմ ինքս իմ նկատմամբ, որպեսզի մի քանի անգամ հրապարակայնորեն հանդես գալով նեղ կուսակցական ձևաչափի դեմ՝ առանց բացատրության անցնեմ առաջ և ասեմ՝ չէ, կուսակցությունն է ճիշտը: Բայց իրականում այս թվացյալ հակասությունը շատ ավելի հեշտ է լուծվում, քան առաջին հայացքից կարող է թվալ: (Իհարկե, գիտակցում եմ, որ մեր անմակարդակ լրատվա-քաղաքական դաշտում, որտեղ խաղում են առանց կանոնների, իմ այս խոստովանությունը կօգտագործեն իմ դեմ մարդիկ, որոնք ինքնուրույն, առանց իմ օգնության երբեք չէին հիշի կամ իմանա այս հանգամանքը, բայց ես վաղուց եմ սովորել գործել կանոններից դուրս այս խաղին հակառակ և հանգիստ վերաբերվել ռամկական ամենաթողության այս դրսևորումներին):

2.3. ՀԱԿ, թե՞ ՀԱԿԿ

Նորացված ՀԱԿ-ի դեպքում «կուսակցություն» ձևաչափն ընդամենը իրավական անվանումն է, բայց ոչ էությունը: Խնդիրն այն է, որ ՀՀ օրենքը չի նախատեսում քաղաքական կազմակերպության այլ ձևաչափ, քան կուսակցությունն է: Հետևաբար քաղաքական կազմակերպություն գրանցելու համար ստիպված ես իրավական տեսակետից այն «կուսակցություն» ձևաչափով գրանցել և անվանել: Սակայն այս կազմակերպության բուն անվանման մեջ «կուսակցություն» բառը բացակայում է՝ «Հայ ազգային կոնգրես»՝ սա է միակ ճիշտ և պաշտոնապես ամրագրված անվանումը: Ինչպես որ չենք ասում՝ ՀՅԴԿ, ԱԺՄԿ, ԱԻՄԿ, փոխանակ՝ ՀՅԴ, ԱԺՄ, ԱԻՄ՝ ի տրաբերություն, օրինակ, ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի, նույնպես և իրավաբանորեն սխալ է ասել ՀԱԿԿ-ը, ինչպես հիմա անում են շատերը: Եթե ՀՀԿ-ի և մյուսների դեպքում կուսակցությունը պաշտոնական անվանման մասն է և մտնում է հապավման մեջ, ապա ՀՅԴ-ի, ԱԺՄ-ի, ՀՀՇ-ի, ԱԻՄ-ի, ՀԱԿ-ի և մյուսների դեպքում կուսկացությունն ընդամենը իրավական ձևաչափի ցուցիչն է, իսկ քաղաքական ձևաչափն ու պաշտոնական անվանումը ոչ թե նեղ կուսակցական, այլ ի սկզբանե ավելի լայն քաղաքական միավորում ենթադրող եզրեր են՝ դաշնակցություն (այսինքն՝ դաշինք, քանի որ ի սկզբանե ՀՅԴ-ն ստեղծվել է որպես բոլոր հեղափոխական ուժերի ենթադրվող դաշինք և կոչվել է «Հայ հեղափոխականների դաշնակցություն»), միություն, շարժում, միավորում, կոնգրես և այլն: «Կոնգրես» անվանումը, որը բառացի նշանակում է համաքայլ կամ համախումբ, ենթադրում է սովորական կուսակցականից ավելի լայն քաղաքական կազմակերպում՝ միության կամ դաշինքի պես: Այսինքն՝ այստեղ կարող են միավորվել ոչ միայն միևնույն գաղափարախոսության կրողները, այլև բավականին լայն գաղափարական ներկապնակի անձինք՝ հանուն միասնական և ընդհանուր քաղաքական նպատակի  (մանրամասները տե՛ս այստեղ՝ http://www.ilur.am/news/view/8695.html):

2.4. Կպել ես՝ խաղա՛

Հիմա անցնեմ անձամբ ինձ համար կարևոր մյուս կետին: Ինչպես նշեցի, դեռևս 2008-ից, իսկ ավելի ակտիվորեն՝ 2012-ից ներգրավված եմ եղել Կոնգրեսի անկուսակցական համակիրների կազմակերպման մասին խոսակցություններում: Անձամբ պաշտպանել եմ քաղաքականություն մշակելու և որոշելու գործընթացում անկուսակցականների՝ ավելի կարևոր տեղ ու լծակներ ունենալու իրավունքն ու անհրաժեշտությունը: Բնական է, որ երբ վերջապես այս հարցը լուծում ստացավ, իմ կողմից անպատասխանատու կլիներ այս գործին չմասնակցելը:
Եվ այստեղ արդեն զուտ անձնականից վեր՝ ընդհանրական ու շատ կարևոր մի թեմա է առաջ գալիս: Հիշում եմ, երբ մի լրագրողուհի ինձ հարցրեց, թե՝ «ինչպե՞ս որոշեցիք մտնել կուսկացություն», և ես, քանի որ կարճ հարցազրույց էր, փորձեցի նշել ինձ համար ամենակարևորը՝ մտել եմ, որովհետև, եթե նախկինում այդքան խոսել եմ, որ պետք է Կոնգրեսի համակիրների անկուսակցական հատվածի կազմակերպում, ուրեմն այժմ՝ երբ այդ փորձն արվում է, սեփական խոսքի նկատմամբ անպատասխանատու կլիներ չմասնակցել այդ ընթացքին: Զգացի, որ լրագրողուհու հայացքը ոչ այն է հիասթափություն, ոչ այն  է անտարբերություն արտահայտեց: Չգիտեմ՝ անարժե՞ք թվաց նրան ասածս, թե՞ մտածեց՝ ցրում եմ հարցը, բայց կարծես թե միանշանակ է, որ պատասխանս նրան թույլ թվաց: Մենք, իհարկե, շատ ենք սիրում քննադատել մեր քաղաքական դաշտը, և առավել հաճախ այդ քննադատությունն արդար է, սակայն իրականում մի զգալի չափով էլ մենք ենք մեղավոր քննադատելի իրավիճակի համար, որովհետև միշտ չէ, որ ճիշտ հարցեր ու պահանջներ ենք դնում հրապարակային դեմքերի առջև: Իսկ այդ կարևոր պահանջներից է խոսքի հետևողականությունը, խոսքի և գործի միջև եղած կապը: Իհարկե, դա չի նշանակում, որ որևէ մեկի հրապարակային մոտեցումն այս կամ այն հարցի շուրջ եթե փոխվում է, ապա դա միանշանակ պարսավանքի է արժանի: Հակառակը՝ չափից ավելի քարացած, երբեք չփոխվող խոսքն ու տեսակետը հրապարակային դաշտում նույնքան անհեթեթ է, ինչքան դրա հակադիրը՝ չափից ավելի հաճախ և կտրուկ փոփոխվող դիրքը: Հարցն այստեղ բոլոր քայլերի՝ փոփոխելի, թե անփոփոխ, բացատրելիությունն ու հաշվետվողականությւնն է: Այսինքն՝ եթե դիրքդ թեկուզ կտրուկ փոխվել է նախկինի համեմատ, պարտավոր ես ինքդ, առանց հարցի սպասելու, հանրությանը ներկայացնել դրա պատճառները, և հանրությունն էլ պարտավոր է դա պահանջել: Սա հանրային խոսքի պատասխանատվության մի մասն է: Մյուսը հետևողականությոնն է՝ «կպել ես՝ խաղա» սկզբունքով: Եթե մի բան տարիներ շարունակ պնդել ես, և դա իրականություն է դառնում, ուրեմն անկախ քո տվյալ պահի կամքից իսկ պետք է կա՛մ մասնակցես գործընթացին, կա՛մ էլ բացատրես չմասնակցելուդ պատճառները:

2.5. Ճակատագիր, ազարտ և խաղադրույք

Եվ այստեղից է՛լ ավելի կարևոր, արդեն ոչ միայն զուտ հասարակական, այլև գոյութենական՝ էքզիստենցիալ հարց է ծագում: Ճակատագրապաշտ չեմ, բայց նաև չեմ սիրում, երբ գերագնահատվում են ամեն կոնկրետ անհատի հնարավորությունները՝ համեմատած իր ապրած ժամանակի, մյուս անհատների հավաքականության, առարկայական պայմանների, ընդհանրապես՝ աշխարհի և կյանքի նկատմամբ: Որքան էլ մարդկային անհատականությունն ուժեղ գործոն է, այնուամենայնիվ՝ համարժեք, առանց այս կամ այն կողմ չափազանցությունների մեջ ընկնող ինքնագնահատականի դեպքում, ըստ իս, պետք է ընդունել, որ նա չի կարող լինել իր ճակատագրի լիարժեք տերը: Գուցե տարօրինակ է այս հոդվածում այսպիսի քնարական զեղումը, սակայն չկա քաղաքականն առանց իր գոյութենական հիմքի: Մարդն առնվազն չպետք է խանգարի ճակատագրին և չպետք է կարծի, թե հենց ինքն է միայն որոշում իր կյանքի ընթացքը, այլ ոչ թե կյանքն է տանում իրեն իր ուղով: Մարդուց պահանջվում է միայն այս ողջ ընթացքում պահել բացությունը, չկորցնել նորն ընկալելու կարողությունը, ճկունությունը, խաղադրույք և ընտրություն անողի ազարտը: Երբ տրվում ես կյանքի այդ ընթացքին միայն մի քանի վերահսկողական լծակ պահելով սեփական ձեռքումդ, ապա չկա ավելի հետաքրքիր բան, քան այն տեսարանները, որոնք կյանքը բացում է քո առջև: Երբեք որևէ մեկը, վստահելով կանխատեսման ու ընտրության միայն սեփական հնարավորությանը, չի գտնի այն գաղտնի ուղիներն ու արահետները, այն գեղատեսիլ գետափերն ու ուղենիշ-ժայռապատկերները, որոնք կյանքը պատրաստ է բացել նրա առջև, ով պատրաստ է վստահել ճակատագրերին: Միակ սահմանափակումը բարոյական և գեղագիտական բարձր արժեքներն են, որոնք երբեք չպետք է խախտվեն: Կոնգրեսն այս առումով ճակատագիր է, խաղադրույք է և հաղթելու ազարտ: 

Շարունաելի: Վերջին հատվածը՝ վաղը: 

No comments:

Post a Comment