Search This Blog

2013-04-26

Ինչո՞ւ կուսակցական. հանրային հաշվետվություն 3


Շարունակություն. սկիզբն այստեղ՝ http://ustahrant.blogspot.com/2013/04/blog-post.html եւ երկրորդ մասն այստեղ՝ http://ustahrant.blogspot.com/2013/04/2.html

Այս նյութը այս բլոգից դուրս տարածելու բացառիկ իրավունքը ilur.am կայքինն է, որից էլ կարող են ցանկության դեպքում վերցնել մնացածները: 


3. Պոստապոկալիպսիս

Ի՞նչ է նորացված Կոնգրեսը հասարակական տեսակետից: Նախևառաջ տարիների քաղաքական պայքարի փորձի ամրապնդում և վերածում կայուն հասարակական հաստատության՝ ինստիտուտի: Ի՞նչ փորձի մասին է խոսքը և հանուն ինչի՞ է այն պետք վերածել կայուն գործող հաստատության:
ՀԱԿ դաշինի գործունեությունը անկախ Հայաստանի պատմության մեջ իրապես աննախադեպ մի փորձ էր քաղաքական ընդդիմության հնգամյա անընդմեջ և մեծամասամբ ներգործուն պայքարի  ու աշխատանքի: Մեր բոլոր ընդդիմությունները հիմնականում ներգործուն են եղել ընտրություններին անմիջապես նախորդող և հաջորդող կարճ շրջաններում: ՀԱԿ դաշինքն առաջինն էր, որ ի զորու եղավ հաղթահարել այդ ավանդույթը և չնայած վերելքներին ու անկումներին՝ միշտ մնալ քաղաքական դաշտի կարևոր խաղացող: Տարին 12 ամիս քարոզվող ՀԱԿ թաղումն այդպես էլ իրականություն չդարձավ և, մեր մեջ ասած, մոտակա շրջանում չի դառնա նույնիսկ ամենաբարդ իրավիճակում: Անկախ Հայաստանի պատմության մեջ բացառիկ այս իրավիճակն ուղղակի կամ անուղղակի նպաստեց երկրի հասարակական կյանքի եթե չասենք արմատական, ապա զգալի փոփոխությանը. քաղաքացիական տարաբնույթ շարժումները դարձան հայաստանյան կյանքի առօրյան: Ուժեղ ընդդիմության առկայության պայմաններում իշխանությունը ոչ միայն ի զորու չէր իր ռեսուրսը ծախսել քաղաքացիական անկախ շարժումները ճնշելու վրա, այլև հաճախ ստիպված էր սիրաշահել նրանց, որպեսզի հիմնական հարվածը հասցնի քաղաքական ընդդիմությանը:


3.1. Ձեր ԲՈՒՀ-ն ազատության հրապարակն է

Քաղաքական տարաբնույթ գործընթացներին 5-6 տարի գրեթե անընդմեջ մասնակցությունը Կոնգրեսի համակիր անկուսակցականների համար յուրահատուկ բաց համալսարան էր, ուր ընդհանուր քաղաքացիական «բարի ցանկություններ» ունեցող մեկը, ընդունվելով և առաջինից հինգերորդ կուրս սովորելով, դուրս է գալիս արդեն ոչ միայն քաղաքացիական, այլև քաղաքական բավականին հասուն գիտակցությամբ: Որոշները, իհարկե, կեսից դուրս մնացին, սակայն մեծ մասն այս կամ այն գնահատականով, ուսման այս կամ այն պատմությամբ ավարտեց այս համալսարանը:
Սա նշանակում է, որ այս պահին Հայաստանում ունենք մարդկանց բավականին մեծ զանգված, որոնք բարի ցանկություններն ի զորու են համադրել իրապաշտական քաղաքական վերլուծության և ծրագրման հետ:
Մեր հասարակության մեծ մասն է դժգոհ առկա վիճակից և փոփոխություններ է ցանկանում՝ ունենալով այս կամ այն չափով ձևակերպված ընդհանուր պահանջներ՝ արդարություն, օրինականություն, սահմանադրականություն: Սակայն նրանց մեծ մասն առայժմ չի կարող ինքնուրույն անցում կատարել ցանկություններից դեպի ընթացիկ քաղաքականություն, վերլուծել այն և դրա հիման վրա փորձել հիմնական ու միջանկյալ նպատակներին հասնելու իրապաշտական մեթոդներ մշակել: Այս ուղղությամբ հասարակությանը հասունացնելը, դաստիարակելը, ձևավորելը պետք է լինի Կոնգրեսի՝ որպես հասարակական հաստատության կարևոր գործառույթներից մեկը:

3.2. Իդեալիզմի և ռեալիզմի կշռույթը

Հասարակական և քաղաքական կուտակված փորձը պետք է նախ հղկվի, ձևակերպվի, ապա և փոխանցվի: Դրա համար այն պետք է կազմակերպվի և գործի որպես կայուն ու շարունակական հասարակական հաստատություն՝ տվյալ դեպքում «ՀԱԿ» կուսակցություն:
Ո՞րն է այս փորձի կորիզը: Ոչ միայն քաղաքական դաշտում, այլև առհասարակ հասարակական կյանքում (իսկ հասարակականից դուրս չկա մարդկային գոյություն և չի կարող լինել) կա երկու ծայրահեղ բևեռ՝ նպատակների իդեալիզմն ու բացարձակությունը և միջոցների ու պայմանների ռեալիզմն ու սահմանափակվածությունը: Մաքուր իդեալիզմը բերում է նպատակների անիրագործելիության, մյուս կողմից էլ՝ փոխզիջում չճանաչող բռնության՝ հանուն բարձր իդեալների, ինչպես և պատմության մեջ հաճախ եղել է հեղափոխական շարժումների հետ: Իսկ անիդեալ իրապաշտությունը՝ ռեալիզմը, հանգեցնում է անգործունյա հարմարվողականության (կոնֆորմիզմի), ստեղծագործական ջանքի զրոյացման՝ հանուն տվյալ պահի իրողությունների սոսկական արձանագրման ու շահագործման:
Կարծում եմ՝ 5 տարվա քաղաքական անընդմեջ պայքարի փորձը ձևակերպելու դեպքում կհանգենք երկուսի՝ իդեալիզմի և ռեալիզմի կշռույթի (բալանսի) գաղափարին: Մի կողմից՝ իդեալիստական նպատակներ՝ մեր հասարակական կյանքը բարեփոխելու, նույնիսկ հեղափոխելու ձգտում՝ համապատասխան Սահմանդրության մեջ ամրագրված բարձր սկզբունքների և համամարդկային արժեքների, որոնք ընկած են քաղաքացիական դիրքորոշման հիմքում, մյուս կողմից՝ նպատակի իրագործման ճանապարհին ամեն տվյալ պահին ուժերի բաշխման իրատեսական գնահատում, վերլուծում և դրա վրա հիմնված իրատեսական մարտավարության առաջարկ: Ահա, իդեալիզմի և իրապաշտության այս կշռույթն է, որը, կազմելով նորացված Կոնգրեսում անդամագրված մարդկանց վերջին հինգ տարիների փորձի էությունը, պետք է դառնա այն հիմնականը, ինչն ունեն նրանց փոխանցելու մեր հասարակությանը, և որի միջոցով պետք է փորձենք իրապես փոխել մեր հասարակությունը:


3.3. Avant-garde. արվեստ և քաղաքականություն

Այս իմաստով Կոնգրեսը պետք է փորձի ստանձնել հասարակության յուրահատուկ ավանգարդի դերը: Կռահում եմ, որ տարիքով ավելի մեծ ընթերցողների շրջանում կուսակցության վերաբերյալ ավանգարդ բառի կիրառումը կարող է ոչ այնքան ցանկալի կապեր ստեղծել՝ հիշեցնելով անցյալում մեր երկրում ոչ անհայտ կուսակցության ինքնաբնութագրականը: Եվ այնուամենայնիվ, հաշվի առնելով այդ տհաճ կապերը, ես ներմուծում եմ ավանգարդ բառը՝ ցանկանալով ոչ այնքան քաղաքական, որքան արվեստի ոլորտից կապեր որսալ:
Արվեստի մեջ հա՛տկապես 20-րդ դարի առաջին կեսին ծավալված ավանգարդիստական շարժումն ուզում եմ կարևորել տվյալ շրջարկում նրանով, որ ավանգարդը փորձում էր ծրագրային, գիտակցված մոտեցում որդեգրել արվեստի ոլորտում, որը, ըստ մինչ այդ գործող վիպապաշտական կաղապարի, տարերային էր և խորթ բանականությանն ու գիտակցությանը: Այս իմաստով որքան էլ ձևով տարբեր, սակայն էականորեն մերձ են արվեստի հանդեպ ավանգարդիստական և դասական մոտեցումները: Երկուսն էլ հակադրվում են վիպապաշտությանը՝ ռոմանտիզմին: Բացի ծրագրայինից՝ և՛ ավանգարդին, և՛ դասականությանը, ի հակադրություն վիպապաշտության, բնորոշ են արվեստի հասարակական դերի և արվեստագետի՝ որպես հասարակության միջինացված մակարդակից մեկ-երկու քայլ առաջ գտնվողի առաջնորդող դերակատարման շեշտումը:
Արվեստի և հայաստանյան քաղաքական իրողության այս համաբանությունը կարևոր է, քանի որ մեր քաղաքական մտքի, խոսքի և գործի հիմնական մարտահրավերը քաղաքական վիպապաշտությունն է: Այն պետք չէ ի դեպ շփոթել իդեալիզմի հետ և հակադրել չոր պրագմատիզմին: Իդեալիզմի և ռեալիզմի խնդրին արդեն անդրադարձել եմ:
Քաղաքական վիպապաշտությունն իդեալական նպատակներ հռչակելը չէ՝ մի բան՝ առանց որի չի կարող լինել քաղաքականություն, այլ միայն ցինիկ և անոգեշունչ վարչարարություն: Քաղաքական վիպապաշտությունը հուզական կոչերի, չհիմնավորված խոսքի, ողբասաց ու վախճանաբանական ոճի, չսահմանված ու անորոշ բառապաշարով հեղեղված քաոտիկ լեզվի, չափազանցության եւ հափշտակվածության գերակայությունն է վերլուծականության, չափի, կշռույթի, սթափ հայացքի, իրապաշտական միջոցներ փնտրող ծրագրերի նկատմամբ, որի արդյունքն անգործունեությունն է և անարդյունավետությունը:
Այս կետում քաղաքական վիպապաշտությունն իր հետևանքներով զարմանալի կերպով համընկնում է իր թվացյալ հակադրության՝ ցինիկ կոնֆորմիզմի հետ, և պատահական չէ, որ անկախ Հայաստանի հենց ամենառոմանտիկ գործիչները, որոնք թվում է թե ամենից շատ են հայհոյանքներ շռայլել գործող իշխանությանն ու ամենից շատ են գուժել երկրի մոտալուտ կործանումը, այդքան հեշտությամբ հայտնվել են, հայտնվում են և դեռ կհայտնվեն իշխանական ճամբարում. գեղամյանների, բաղդասարյանների, սադոյանների և դեռ ապագայում սպասվելիք մեկ-երկու շատ վառ օրինակներն էլ վկա:

3.4. Վախճանաբանության մայրամուտը

Վախճանաբանության ավարտը կամ, ես կասեի, մայրամուտը կարևոր հանգրվան է հայաստանյան քաղաքական կյանքում: Խնդիրն այն է, որ մեր քաղաքական հռետորաբանությունն ու մտածողությունը, ձևավորվելով վիպապաշտական և մասամբ էլ միջնադարից ժառանգած կաղապարներով, քաղաքական խոսքը վերածում է Խորենացու ողբի՝ անընդհատ գուժելով աշխարհի վերջ, կործանում, աղետ և այլն: Այն, որ երկիրը կարող է գտնվել իրոք ծանր վիճակում և լուրջ խնդիրների առջև, այն, որ որոշ միտումներ իրոք մտահոգիչ են և զարգանալու դեպքում կարող են հանգեցնել աղետների, հարցի մի կողմն է: Հարցի մյուս և առավել կարևոր կողմը սակայն այն է, որ վախճանաբանությունը ոչ միայն կապ չունի քաղաքականության հետ, այլև հակադիր է նրան: Վախճանաբանությունը՝ որպես կրոնական մտածողության արգասիք, ենթադրում է աշխարհի ակնթարթային կործանում և նույնքան ակնթարթային ու այլևս հավետ վերափոխում: Քաղաքականությունը, սակայն, գործ ունի ընթացիկ աշխարհի հետ և գոյություն ունի այնքանով, որքանով աշխարհի վերջը դեռ տեսանելի չէ: Քաղաքականությունը ենթադրում է աշխատանքային վիճակ, որի նպատակն է եղա՛ծ աշխարհի ստեղծագործական բարեփոխումը եղա՛ծ հնարավորությունների սահմաններում, ինչը ենթադրում է տևական ընթացք, այլ ոչ թե ակնթարթային հրաշագործ պահ: Եթե մոտ է կործանումը, ուրեմն անիմաստ են այլևս բոլոր ջանքերը, մանավանդ՝ երկարատև:
Վախճանաբանական տրամաբանությունը ձևավորում է հիասթափության և ոգևորության շրջափուլեր, մինչդեռ լուրջ քաղաքական արդյունքի համար պետք է ոչ միայն պահի ոգևորություն, այլև տևական կամք և աշխատանք նպատակին հասնելու համար: Կարևորագույն դիտակետ, որը պետք է ընդունենք. Հայաստանը ոչ թե կործանվում է կամ գնում դեպի վախճան, այլ դեռ նոր է ձևավորվում որպես անկախ երկիր, որպես պետական համակարգ, և բոլոր, նույնիսկ ծանրագույն ու աղետալի հետևանքների հնարավորություն պարունակող խնդիրներն աշխատանքային են: Այսինքն՝ հարցն այն չէ, որ երկրի առջև ծառացած խնդիրները հարկավոր է թերագնահատել, այլ ա՛յն, որ պետք է փոխել մոտեցումը. ապարդյուն ողբի ու անկանոն շարժումների փոխարեն՝ տևական կամք և կազմակերպված աշխատանք դրանք հաղթահարելու ուղղությամբ:
Բացի այդ՝ վախճանաբանական մոտեցումը ենթադրում է իրավիճակի եզակիություն, ինքնակենտրոնացում սեփական «ողբ»-ի վրա, մինչդեռ աշխատանքային մոտեցումը հասկանում է, որ մեր առջև ծառացած խնդիրները եզակի չեն աշխարհում և դրանց հաղթահարման համար հեծանիվ հորինել պետք չէ:

3.5. Զոմբիների արշալույսը

Վախճանաբանության մայրամուտի փոխաբերության շրջարկում անսպասելի իմաստ է ստանում մեկ այլ փոխաբերություն, որը ես կկոչեի՝ «զոմբիների արշալույս»: Հայտնի է, որ Կոնգրեսի հակառակորդները շրջանառության մեջ են դրել «զոմբի» բառը որպես կոնգրեսականների վիրավորական բնութագրիչ: Ցանկացած վիրավորական մականուն սակայն ունի հետադարձ ուժ, եթե անհատը կամ խումբը, որին հասցված է վիրավորանքը, կարող է յուրացնել իրեն ուղղված հարվածի ներուժն ու հակադարձել հարվածողին: «Զոմբի» բառն ունի նշանակությունների բավականին լայն դաշտ, որոնցից մեկն է՝ կենդանի մեռելը, մահացած բայց կենդանի մնացած էակը:
Այս իմաստով կոնգրեսականներն, իհարկե, իսկական զոմբի են, քանի որ Կոնգրեսը թաղել են բազմիցս, թաղում են նաև այսօր ու դեռ թաղելու են երկար՝ հաճույքո՛վ, ճո՛խ, դամբանական ճառերո՛վ, անեծքներո՛վ, նզովքներո՛վ, ոգեշնչությա՛մբ, պետական միջոցներո՛վ: Ամեն անգամ, սակայն, թաղվածը կենդանի է մնում, և պետական բյուջեից ստիպված նորանոր գումարներ է անհրաժեշտ լինում հայթայթել նոր ճոխ թաղման կազմակերպման համար: Եվ որքան ավելի հաճախ է տեղի ունենում թաղման ու մեռելների հարության ծեսը, այնքան ավելի խորհրդավոր ու սարսափազդու են դառնում զոմբիները թաղողների աչքերում՝ վկա Կոնգրեսի համագումարին հաջորդած արդեն լրիվ հիստերիկ այն վիճակը, որը միավորել է «աղավաղված աշխարհի» ԶԼՄ դաշտի ահելին ու ջահելին. տպավորություն կա, որ որոշներն արդեն ոչ թե թանաքով են գրում, այլ մաքուր զտված թույնով և մտարտադրությունը փոխարինել են թքարտադրությամբ: Սա արտահայտումն է այն վախի, որը գնալով ուժգնանում է զոմբիների նկատմամբ «զոմբի» բնութագրիչը մտցնողների ու տարածողների իսկ շրջանում:
Հաճախ է պատահում, որ մարդու ստեղծածը դուրս է գալիս իր իսկ վերահսկողությունից. հենց սա է տեղի ունենում զոմբիներին հորինած մեր ԶԼՄ-ների ու գործիչների հետ: Փափկասուն տղաներն ու աղջիկներն իրենք իրենց այնքան են սարսափեցրել իրենց իսկ ստեղծած լևոնական զոմբիի կերպարով, որ հիմա ստիպված են մոբիլիզացնել իրենց ողջ թուքն ու մուրը, որպեսզի քողարկեն իրենց մղձավանջն ու անքուն գիշերները զոմբիների գալստյան ահից: Պարզապես հանցանք կլիներ չօգտվել այս ինքնաբուխ վախից, մանավանդ որ փափկասուններն այնքան անմեղսունակ են, որ նույնիսկ երբ այս ամենը կարդան սևով սպիտակի վրա, միևնույն է, կշարունակեն նույն մարտավարությունը:
Բայց սա զոմբիզմի միայն մեկ կողմն է: Զոմբիների թեման ավելի կարևոր է հետվախճանաբանական տրամաբանության մեջ: Կա կինոյի և գրականության առանձին ճյուղ՝ «զոմբի-ապոկալիպսիս»: Աշխարհի վերջը վերապրում են զոմբիները: Կամ վերապրածները վերածվում են զոմբիների: Հայտարարելով վախճանաբանության մայրամուտը կամ աշխարհի վերջի վերջը հայաստանյան քաղաքական դաշտում՝ հետվախճանաբանական աշխարհն ինքնաբերաբար թողնում ենք զոմբիներին՝ միակ էակներին, որոնք դուրս են ապոկալիպսիսի տրամաբանությունից և ի զորու են ապրել աշխարհի վերջից հետո:
Զոմբիները վերադառնում են և հաղթում: Զոմբի արշալույսը բարձրանում է հայոց սեգ լեռներում:

3.6. Ուժն է ծնում իրավունքը

Որպես հետվախճանաբանական ուժ՝ Կոնգրեսը ապագայի, հեռանկարի կազմակերպություն է: Անկախ անկումներից ու վերելքներից, անկախ նույնիսկ ավագանու առաջիկա ընտրությունների արդյունքներից՝ հիմնական միտումը լինելու է ուժեղացումն ու համախմբումը, իհարկե, այն պայմանով, որ Կոնգրեսն իր ներսում էլ աստիճանաբար կվերածվի է՛լ ավելի արդյունավետ կառույցի:
Գաղտնիքը պարզ է: Հաշվի առնելով հայաստանյան քաղաքական դաշտի վիպապաշտական պատկերը, որը թելադրում է ոգեշնչումների ու հիասթափությունների շրջապտույտ, անսպասելի անցումներ մեկ դաշտից մյուսը, անպատասխանատու խոսք և անկազմակերպ գործ, ինչպես նաև կամային առանցքի, հետևողականության ու բանականության բացակայություն՝ հեռանկարում շահելու է այն կառույցը, որն ունի հակառակ որակները զարգացնելու ներուժը:
Հասարակությունը կարող է պահի տակ տարվել այս կամ այն ընթացիկ շարժումով կամ էլ «դվիժենիով» կամ էլ «հերոսով», բայց ի վերջո միշտ էլ համախմբվում է ուժեղի շուրջ: Եվ մենք համոզվելու ենք դրանում մոտակա տարիներին, քանի որ որևէ քաղաքական ուժ Հայաստանում չունի այն իտելեկտուալ, կամային, մարդկային ռեսուրսը, որն ունի Կոնգրեսը, և խնդիրը միայն այդ ռեսուրսի բացահայտումն ու կազմակերպումն է:
Ընկերս մի առիթով ասեց, որ եթե մի քաղաքական նախագիծ չես ստեղծում նախատեսելով մի 100 տարվա հեռանկար, ուրեմն առանձնապես մեծ իմաստ չկա ջանքերիդ մեջ: Ես լիովին համաձայն լինելով այդպիսի մոտեցման հետ՝ ուզում եմ, որպեսզի ՀԱԿ-ի նախագիծը լինի ներկայիս հայաստանյան քաղաքական դաշտում այն բացառություններից, որը ոչ թե մեկ-երկու, այլ 100 տարվա խնդիր իր առջեւ դնի: Այդ 100 տարվա խնդիրն է անկախ Հայաստանի կայացումը որպես պետություն, որպես հասարակություն, եւ մա՛սնավորապես իրատեսական, ստեղծագործ եւ հետեւողական քաղաքական մտքի եւ գործի կայացումը Հայաստանում՝ մի երկրում, ուր, տասնամյակներ, եթե ոչ մի քանի հարյուրամյակ շարունակ որոշ հարգանքի արժանի բացառություններով վերլուծական մտքի եւ քաղաքական գործի տեղը զբաղեցրել է գեղարվետսական գրականությունն ու իրականության վիպապաշտական կամ կենցաղային ընկալումը: Ուրեմն, այսօր պետք է գործել այնպես, որ 100 տարի անց էլ մեր գործը լինի ոչ թե պատմական հուշ կամ հանրագիտարանային տեղեկություն, այլ կենդանի իրողոթյուն: Պետք է գործել այնպես, կարծես ապագան արդեն ներկա է, որպեսզի ապագայում էլ այսօրը լինի ոչ թե վաղ անցյալ, այլ արդիական ներկայություն:

3.7. Մշակներն ընդդեմ հերոսների. «հաղթում է զուսպը»

Մոտ մեկ ու քառորդ դար առաջ Գրիգոր Արծրունին իր հիմնած թերթի անունը դրեց «Մշակ», որպեսզի շեշտի, որ անցել է պարապ ազգասիրության, եւ եկել է աշխատանքի դարը: Մեկ ու քառորդ դար անց, մենք նորից պետք է պնդենք, որ անհրաժեշտ են ոչ թե վիպական վիշապաքաղ հերոսներ, այլ աշխատողներ, համեստ ու արժանապատիվ մշակներ: Վիպապաշտական ընկալումը ծնում է հերոսներ ու կուռքեր, որոնք ժանրի կանոնների համաձայն ուշ թե շուտ անպայման տապալվում են, եւ երեգվա կուռքը դառնում է երեգվա կռապաշտի նզովքի առարկա: Իրապաշտությունը՝ քաղաքական թե գեղարվեստական պահանջում է նախ՝ աշխատանք եւ աշխատանքի ասպետականացում: Իհարկե, իրապաշտ դասականությունը նույնպես ունի իր հերոսներին, բայց ի տարբերություն վիպապաշտական չափազանցության եւ հափշտակվածության դասական հերոսի վարքի հիմքում ընկած է չափը, կշռույթը, զսպվածոթւյունը:
Այստեղ մի բան եմ դեպք եմ ուզում հիշել, որին անդրադարձել եմ ֆեյսբուքյան ստատուսներիցս մի քանիսում: Ապրիլի սկզբներին "Հայելի" կայքում մի նյութ էր տպվել՝ նվիրված ՀԱԿ ծրագրի քննարկմանը, որում այս առումով հետաքրքրիր հատված կար. "Իհարկե նիստի մասին պատմող տեսանյութը ի ցույց էր դնում Տեր-Պետրոսյանի, մեղմ ասած բավական համեստ շրջապատը՝ զուրկ կոլորոտից, քաղաքական հետաքրքրությունից, էլ չենք խոսում՝ ազդեցիկ, խարիզմատիկ գործիչների բացակայության մասին": Ես, իհարկե, հիմա չեմ ուզում խորանալ մանրամասների մեջ, թե այդ ինչ կոլորիտ եւ հավակնոտ դեմքերի մասին է խոսքը: Կարծում եմ ակնարկները պարզ են եւ ակնհայտ: Ավելի էական բան կա: Ինչպես հաճախ պատահում է Կոնգրեսի քննադատները հերթական շատ լավ բնորոշումն են գտել նորացված ՀԱԿ-ի համար` "համեստ", որն անձամբ ինձ ոչ թե վանում է, այլ հաճույքով ընդունելի է եւ հեղինակի կամքից էլ անկախ՝ շատ ստույգ է: Ես նոր չեմ նկատել ու նոր չեմ ասում, որ հայաստանյան հասարակական կյանքի գլխավոր հոգեբանական վիրուսն է՝ սեփական անձի անհմարաժեք գերագնահատումը, որը 90-ականներից ցայսօր ժանտախտից էլ վատթար կործանել ու կործանում է իրապես ներուժ ունեցող հրապարակայիան դեմքերի: Կործանում է թե՛ նրանց որպես անձ, թե՛ նրանց որպես հասարակությանը ծառայություններ մատուցելու ունակ միավորներ: Խնդիրն այն է, որ գերարժեքության զգացողությամբ տառապող գործիչը, որքան էլ մեծ ներուժ ունենա, ուշ թե շուտ անխուսափելիերոն կործանվում է որպես անձ, եւ մյուս կողմից էլ նրա վերջնական քաղաքական հանգրվանը "հաճախորդիզմն" է, որքան էլ դա սկզբնապես անհավատալի թվա: Սեփական հավակնությունները առարկայական իրականության հետ հավասարակշռության չբերած անձն ուշ թե շուտ խախտում է բոլոր հնարավոր բարոյական սահմանները, ինչպես նաեւ աստիճանաբար կորցնում է սթափ բանականությունը: Ցավալի է, որ անթիվ վառ օրինաներ աչքի առաջ ունենալով՝ նորանոր գործիչներ չեն դիմանում միեւնույն գայթակղությանը: Եվ այս պայմաններում, անկախ քաղաքական դիրքերից ցանկացած հրապարակային անձնավորության համար կարեւորագույն հասարակական համադարման է դառնում համեստությունը, նույնիսկ շեշտվա՛ծ համեստությունը, նույնիսկ մի փոքր չափազանցվա՛ծ համեստությունը: Համեստությունը հիրավի դառնում է կարեւոր քաղաքական գործոն, որոշ իմաստով՝ վճռակա՛ն գործոն: Մանավանդ, որ համեստությունը տվյալ դեպքում համարժեքության հոմանիշն է: Դա չի նշանակում հավակնություների ի սպառ բացակայություն: Հասարակական կյանքում հնարավոր չէ առանց հավակնությունների: Բայց դա նշանակում է հավակնությունների եւ իրականաության ճիշտ կշռույթ, որը կարող է ուշ թե շուտ արմատապես փոխել հասարակական կյանքը: Համեստության մարտահրավերն ընդունված է, իսկ անիմաստ հավակնությյունները հաճույքով զիջված են հին՝ առնտեվազքային դաշտին:
Այո՛՝ համեստների նոր շարժում ընդդեմ հիվանդագին եւ անհամարժեք ինքնասիրահարվածության մեջ խորտակված հին քաղաքական եւ հասարակական դաշտի, այո՛՝ զուսպ եւ չափված միտք, խոսք եւ գործ ընդդեմ չափազանցությունների, հափշտակվածույան, եւ ապոկալիպսիսի: Այո՛՝ նոր տիպի կլասիցիստական սրություն եւ ավանգարդիստական արմատականություն ընդդեմ ռոմանտիկ լաչառության, նվնվոցի եւ լղոզվածության: Այո՛՝ հայկական պոստապոկալիպսիս՝ հետվախճանաբանական սառը եւ հատու Արեւով, ընդդեմ հայկական պոստմոդերնիզմի՝ իր գաղջ մթնոլորթով:
«Հաղթում է զուսպը, հաղթում է ինքնավստահը, այլ ոչ թե հախուռնը եւ խելագարը»:


Հ.Գ. 1. Ազատ անկախ Հայաստան

Կոնգրեսի հիմնական խնդիրն է Հայաստանի անկախացումը: Անկախացումը ոչ թե որպես ակնթարթային հռչակագրային գործողություն, այլ որպես գործընթաց: Այն ունի մի քանի առումներ՝ քաղաքական, իրավական, հոգեբանական, մշակութային և այլն: Հայաստանի լիարժեք իրավական-պետական անկախացումը կկայանա միայն այն ժամանակ, երբ քաղաքական իրականությունը համապատասխանեցվի սահմանադրական պահանջներին: Հայաստանի անկախությունը հռչակված է ժողովրդական կամարտահայտության հիմքով և այն չի կարող լիարժեք լինել, քանի դեռ նույն հասարակության ընտրության իրավունքը խախտվում է: Հոգեբանական առումով հայ հասարակությունը պետք է հասունանա մինչև անկախ պետություն ունեցող հասարակության հոգեբանություն, որի հիմքն է քաղաքական իրատեսությունը:

Հ.Գ. 2. Բոլորը մեկի դեմ

Որպես անկախական և հայաստանակենտրոն ուժ՝ Կոնգրեսը «ձեռ չի տալիս» ոչ մեկին՝ թե՛ ներսում, թե՛ դրսում: Սա է պատճառը, որ Կոնգրեսի դեմ են բոլորը՝ արտաքին գրեթե բոլոր ուժերը՝ Արևմուտքից-Ռուսաստան, և երկրի իշխանությունը, կեղծ ընդդիմությունները, ԶԼՄ-ներն ու հասարակության վիպապաշտական մտածողություն ունեցող հատվածը, որը չնայած իրեն ընդդիմադիր է համարում, սակայն հեշտությամբ կառավարվում է իշխանության և կեղծ ընդդիմության պարզունակ հնարների միջոցով, քանի որ պաշտպանված չէ բանականությամբ և իրավիճակը սթափ վերլուծելու ունակությամբ:
Եթե հայաստանյան քաղաքական դաշտում չլինի Կոնգրեսը, մեր երկրում կտիրի գաղութատիրական շինծու և կեղծ-բարի ու բարեպաշտ հովվերգությունը: Կոնգրեսը միակ խոչընդոտն է Հայաստանում նեոլիբերալ նոր բռնակալության հաստատման ճանապարհին: Այդ նոր տիպի փափուկ բռնակալությունը, ուր թույլատրված է տեսակետների բազմազանություն վերահսկելիի շրջանակներում, և ուր բաշխված են բոլոր դերերը՝ արևմտամետներից ռուսամետներ և ընդդիմադիրի տարբեր տեսակներից մինչև իշխանամետի տարբեր տեսակներ, կարող է անհոգ գոյատևել, եթե իր դիմաց չունենա մի ուժ, որը ղեկավարվում է ոչ թե «աղավաղված աշխարհի» շինծու, այլ իրական արժեքային նորմերով: Եթե «աղավաղված աշխարհի» երիտօլիգարխյան ծրագիրը հաջողվի, ապա Հայաստանը հավետ կմնա հետամնաց գաղութ՝ առանց զարգացման հեռանկարի, թեև պատկերն արտաքուստ կարող է լինել բավականին գլամուր և պսպղուն:

Հ.Գ. 4. Դաշնակցություն - ՀԱԿ - Ժառանգություն

Ինչ-որ իմաստով Կոնգրեսի ներկա վիճակը հիշեցում է Դաշնակցության դարասկզբի վիճակը: 20-րդ դարի սկզբի Դաշնակցությունը, իր բոլոր թերիներով հանդերձ, ոչ թե սովորական կուսակցություն էր, այլ հայերի այդ պահի հավաքական ներուժի արտացոլում:
Դաշնակցության դեմ էին բոլորը՝ ռուսներ և թուրքեր, անգլիացիներ և ֆրանսիացիներ, բոլշևիկներ և կղերականներ. հաճախ նրանք արդարացի էին իրենց քննադատության մեջ, սակայն, խփելով Դաշնակցությանը, խփում էին Հայաստանին: Եվ հատկանշական է, որ հենց Դաշնակցության ներսում էլ ի վերջո ձևավորվեց կամ, ավելի ճիշտ, սաղմնավորվեց այն իրատեսական քաղաքական հայացքը, որը հետագայում ժառանգեց 88-ի Շարժումը և այսօրվա Կոնգրեսը:
ՀՅԴ-ի ներսում քաղաքական իրատեսության կրողները դարձան մարդիկ, որոնք իրապես գործում էին Երկրում (Արևմտյան Հայաստանում)՝ ֆիդայական շարժման ղեկավարներ՝ Արամ Մանուկյան, Ռուբեն Տեր-Մինասյան և այլոք, իսկ հետագայում եղան անկախ Հայաստանի ստեղծողներն ու ղեկավարները:
Սրան հակադիր էր գաղութներում գործող ՀՅԴ-ի վիպապաշտական թևը: Իրապաշտների թևը, ցավոք, ձևավորվեց ուշ և չհասցրեց այն աստիճանի գերակայող դառնալ, որ անկախ Հայաստանը կայանա: Սակայն զգալի չափով հենց ա՛յդ իրատեսական մոտեցումից ազդված 80-ականների վերջին ձևակերպվեց երրորդ ուժի բացառման օրենքը, որը Ղարաբաղյան շարժման գաղափարախոսության խտացումն էր (հատկապես կարևոր է Ռ. Իշխանյանի հրապարակախոսական ժառանագությունը):
Դա այսօր էլ արդիական է և ընկած է Կոնգրեսի գաղափարների հիմքում:


No comments:

Post a Comment