Search This Blog

2013-05-15

Հետընտրական հետգրություններ



            
     Այս նյութը այս բլոգից դուրս տարածելու բացառիկ իրավունքը ilur.am կայքինն է, որից էլ կարող են ցանկության դեպքում վերցնել մնացածները:

            Հետգրություն առաջին

Սխալվում են նրանք, ովքեր կարծում են, որ ավագանու անցած ընտրությունները ընդամենը հերթական կեղծված ընտրություններն էին եւ նոր ոչինչ չավելացրեցին հայաստանյան ներքաղաքական իրավիճակին: Քաղաքական իրավիճակը տեղում չի դոփում, եւ այսօր այն շատ ավելի կոշտ է, քան գուցե երբեւիցէ անկախ Հայաստանի պատմության մեջ:
            Այս հոդվածս ընդամենը ուրվագծի մի փորձ է, որի նպատակն է հիշատակել կամ նախանշել հիմնարար քաղաքական թեմաներից մի քանիսը, որոնց շուրջ պետք է մոտակա շրջանում ծավալվի շատ ավելի լուրջ, համակողմանի եւ իրապես բանավեճային քննարկում, եթե իհարկե ուզում ենք եւ հույս ունենք մեր երկրում երբեւէ հասնել արմատական քաղաքական փոփոխությունների: Գրածս եւ հետագա քննարկման ու բանավեճի կոչն ուղղված է նախեւառաջ մեր հասարակության այն շերտին, որն իրեն դիրքավորում է որպես մտածող, փոփոխությունների ձգտող եւ կարծիք ձեւավորող:  
        

            30 տոկոս աճ տաս տարվա մեջ

            ՀՀԿ-ն կամ ավելի ճիշտ ՀՀԿ-ի անունից գործող իշխանությունը զավթած փոքր խումբը (ՀՀԿ-ն որպես կուսակցություն վաղուց դեկորացիա է եւ որպես քաղաքական կազմակերպություն գոյություն չունի) երբեք այսքան մեծ տոկոս չի ստացել որեւէ ընտրության ժամանակ: Համեմատության համար նայենք միայն մի քանի պաշտոնական թիվ՝ 2003-ից սկսած տարբեր ընտրություններում ՀՀԿ-ի համամասնական ցուցակի հավաքած տոկոսները. 2003-ի ԱԺ ընտրություններ - 23,66%, 2007-ի ԱԺ ընտրություններ - 33,19%, 2009-ի ավագանու ընտրություներ - 47,4%, 2012-ի ԱԺ ընտրություններ - 44,02%, 2013-ի ավագանու ընտրություններ - 55,86%: ՀՀԿ-ի՝ ընտրությունից ընտրություն ստացած պաշտոնական ձայների քանակի անընդհատ աճն ակնհայտ է: Այս փաստն ունի իր բացատրությունը կարճաժամկետ եւ երկարաժամկետ շրջարկներում:
            Կարճաժամկետ գործոններն են ավագանու ընտրությունների պակաս քաղաքական լինելու ընկալումը մեր հասարակության մեջ. ընդդիմադիր տրամադրություններ ունեցող զանգվածն իր քվեն իրականացնելու լուրջ առիթ է համարում նախեւառաջ նախագահական ընտրությունները, որտեղ իշխանական թեկնածուի հաղթանակը միշտ խնդրահարույց է, նույնիսկ երբ ընտրական պայքարը չի ուղեկցվում հասարակական դժոգոհության խոշոր ալիքով (ինչպես ցույց տվեց 2013-ի փորձը):
Մյուս կողմից էլ նախագահական վերջին ընտրություններին պրեստիժային բավականին լուրջ հարված ստացած իշխանությունը ավագանու ընտրությունների ընթացքում յուրահատուկ վրեժ լուծեց հասարակությունից՝ հոգեբանորեն ամրապնդելով նաեւ իր կողմնակիցների դիրքերը:
Սխալվում են, իհարկե, նրանք, ովքեր պնդում են, թե հասարակությունն ավելի ակտիվ գործեց նախագահականի ժամանակ, որվհետեւ քաղաքական ուղերձ ստացավ, իսկ ավագանու ընթացքում այդ ուղերձը չստանալով՝ ավելի պասիվ դրսեւորվեց: Նման եզրակացությունը կա՛մ վերլուծական ամլության, կա՛մ էլ գիտակցված մանր նենգափոխության դրսեւորում է: Փաստ է, որ մեր հասարակությունը միշտ էլ իրեն ավելի ակտիվ է դրսեւորում նախագահականի ժամանակ, եւ պատճառները պարզ են. Նախ՝ մեր պետությունը նախագահական կառավարմամբ հանրապետություն է, երկրորդ՝ բոլորն էլ գիտեն, որ Հայաստանում բոլոր հարցերն ի վերջո փաստացի վճռվում են նախագահի մակարդակով:
Այլ բան է, որ ընդդիմության թերացումն էլ այն է, որ այդպես էլ չի հաջողել հասարակությանը բացատրել ոչ նախագահական ընտրությունների մարտավարական կարեւորությունը՝ թեկուզ որպես նախագահականից առաջ կամ հետո դիրքերի ամրապնդման միջանկյալ հանգրվան: Այլ բան է նաեւ, որ 2013-ի նախագահականի ժամանակ ընդդիմադիր ձայների ճնշող մեծամասնությունը ստացած թեկնածուն, այսպես ասենք, բավականին անհոգ եւ շռայլորեն վատնեց հասարակության վստահությունը եւ կամա թե ակամա դարձավ հասարակական դժգոհության գոլորշիացման գործիք:

Դեպի ալիեւյան Հայաստան

            Բայց սրանք կարճաժամկետ եւ տեղական նշանակության գործոններ են: Եթե պատկերը դիտենք ընդհանուրի մեջ եւ ավելի մեծ հեռավորությունից, ապա միակ կարեւոր գործոնը դառնում է երկրի քաղաքական համակարգի աստիճանական եւ աննահանջ մենաշնորհման միտումը, որը թերեւս մտնում է վճռական փուլ: Թվերը խոսում են հենց այդ միտման մասին: 2003-2013-ն ընկած տասնամյակում Հանրապետական կուսակցությունը բարձրացրել է իր արդյունքը 23-ից մինչեւ 55 տոկոս (կամ թեկուզ ԱԺ-ի համամասնական ցուցակի դեպքում 44 տոկոս)՝ ընդ որում դեռ 2007-ին ունենալով 33 տոկոս ձայն: Իհարկե սա չի վկայում ՀՀԿ-ի իշխանության աճի մասին, քանի որ ՀՀԿ-ն վաղուց կամ գոնե Անդրանիկ Մարգարյանի մահվանից հետո միայն դատարկ ձեւ է Սերժ Սարսգյանի շատ նեղ շրջապատի իշխանության հաստատման համար, ձեւ, որն ամենայն հավանականությամբ դեն կնետվի, երբ քաղաքական մենաշնորհը կատարյալի հասնի: Բայց սա հստակ ցուցանիշ է այն ուղու, որով մեր երկիրը շարժվում է քաղաքական հարթությունում:
            Շատերին սա կարող է անէական թվալ: - Ի՞նչ տարբերություն, - կասեն նրանք, - չէ՞ որ մեր երկիրն անկախությունից ի վեր գրեթե երբեք չի եղել իրապես ժողովրդավարական, իսկ մնացածը սոսկ մանրամասներ են:
Իրականում այս մոտեցումը շատ սխալ է, անհոգ եւ ապաքաղաքական: Այո՛, մենք երբեք չենք եղել լիարժեք ժողովրդավարական, բայց էական տարբերություն կա այսօր մեր ունեցած եւ այն՝ ավելի լիարժեք բռնատիրական համակարգերի միջեւ, որոնք գոյություն ունեն հետսովետական տարածքի այլ երկրներում: Օրինակ, չնայած Հայաստանն էլ, Ադրբեջանն էլ բռնապետություններ են՝ ակնհայտ է այդ համակարգերի տարբերությունը հօգուտ մերի: Անկախ Հայաստանում երբեք չի եղել մեկ իշխանական կուսակցություն, չի եղել բացարձակ միատարր ու միակենտրոն իշխող վերնախավ, իշխանության եւ ռեսուրսի բացարձակ կենտրանացում մեկ նեղ կլանի ձեռքերում: Միշտ էլ ունեցել ենք թեկուզ որոշ չափով ձեւական եւ օրինական իդեալից հեռու, բայց համեմատաբար ապակենտրոնացված համակարգ: Իշխող կուսակցությունները գրեթե միշտ ձեւավորել են կոալիցիաներ ու դաշիքներ, որոնք միշտ չէ, որ եղել այն աստիճանի ձեւական, որքան այսօրվա ՀՀԿ-ՕԵԿ կոալիցիան է:
Բացի այդ՝ հիմնական իշխող ուժերը՝ ՀՀՇ-ն, ՀՀԿ-ն, նաեւ նրանց գործընկերների զգալի մասը, թեկուզ իրենց ծագմամբ երբեք չեն եղել բացարձակ ապաքաղաքական ու միայն վերեւների հրամանով ստեղծված ուժեր, այլ ունեցել են գոնե քաղաքական նախապատմություն, ստեղծվել են որպես իրապես քաղաքական ուժեր: Ճիշտ է, նրանք կենտրոնացրել են իշխանությունը եւ թույլ չեն տվել, որ որեւէ ընդդիմություն իրապես իշխանափոխության հավակնի, բայց այնուամենայնիվ միշտ էլ հնարավոր է եղել հրապարակային զանգվածային ընդդիմադիր քաղաքական պայքար մեղլ՝ հաճախ իշխանությանը սպառնացող իրական վտանգներով: Իսկ ինքը՝ իշխանությունը, երբեք չի եղել բացարձակ միատարր ու գերկենտրոնացված. որոշ դեպքերում նույնիսկ հոսք է եղել իշխանությունից դեպի ընդդիմություն:
Եթե համեմատեք այս վիճակը Ադրբեջանի եւ այլ նման երկրների հետ, ուր քաղաքական մենաշնորհը բացարձակ է, իշխող կուսակցությունը՝ միակն ու անկրկնելին, քաղաքական նախապատմություն չունեցող ու ի սկզբանե զուտ չինովնիկական, իսկ քաղաքական ընդդիմություն պարզապես հնարավոր չէ՝ բացի փաստացի այլախոհական դիրքավորումից, պետք է հասկանանք նաեւ հսկայական եւ շատ էական տարբերությունը այն բաների միջեւ, թե ինչ ունենք այսօր եւ միշտ ենք ունեցել եւ նրա, թե դեպի ուր ենք իրականում գնում: Ով համարում է, որ սա էական չէ, թող նստի տանը եւ սուխարիկներ չորացնի, որովհետեւ վաղը չէ մյուս օրը նա չի ունենալու ազատ արտահայտվելու հնարավորություն նույնիսկ համացանցում՝ էլ չասած ԶԼՄ-ների կամ հրապարակների մասին:

Վերլուծական օրակարգ

Քաղաքականությունը ոչ թե իդեալի ու անգործության, այլ եղածների միջեւ ընտրության հնարավորություն է: Կարելի է օրինակ ասել, որ Ստալինն ու Խրուշչյովը մեծ հաշվով նույն սովետական բռնակալներն էին, բայց եթե ամեն մեկիս գոյութենական (էքզիստենցիալ) հնարավորություն տրվեր ընտրելու ստալինյան տեռորի եւ խրուշչովյան ավելի փափուկ ավտորիտարիզմի միջեւ, կարծում եմ ընտրությունն ակնհայտ կլիներ: Խոսքը ոչ թե վերացական, այլ իրական գոյութենակա՛ն ընտրության մասին է՝ ապրել Կոլիմայում Ստալինի ժամանակ, թե Մոսկվայում Խրուշչովի օրոք. ոչ ոք, նույնիսկ ինծիլիգենտ ֆիքստուլ նեոստալինիստները չէին ընտրի Կոլիման, եթե խոսքը վերաբերեր անձա՛մբ իրենց ու իրենց մոտիկներին:
Հետեւաբար տարբերությունն էլ հայաստյան ապագա ալիեւիզմի եւ ցայսօր գոյություն ունեցած համակարգի միջեւ ահռելի է եւ արժանի  ընտրության ու պայքարի: Իհարկե՝ ոչ թե հանուն այսօրվա վիճակի պահպանման, այլ իրավիճակի բարեփոխման: Իրականում այսօրվա իրավիճակը հնարավոր էլ չէ պահպանել, այն ստատիկ չէ, դինամիկ է, տեղում չի դոփում, այլ արագացող տեմպով ընթանում է դեպի բացարձակ քաղաքական մենաշնորհի հաստատում:
            Ահա հայ մտավորականների, վերլուծաբանների, հասարակագետների համար մի մեծ հիմնարար թեմա:
Նախ՝ վերջապես վերհանել անկախ Հայաստանի քաղաքական համակարգի դինամիկան 1995-ից ցայսօր կամ գոնե վերջին մի 10 տարվա մեջ, ապա անել անհրաժեշտ եզրակացությունները եւ համապատասխան գործնական առաջարկները. ծիսական նվնվոցն այլեւս արդիական չէ, իսկ ինծիլգենտական մաքրամոլությունը հանցավորության աստիճանի անհոգ է:
Երկրորդ՝ բացահայտել եւ կանխագծել այն մենաշնորհային համակարգը, որը մեզ սպասում է, որովհետեւ այսօր արդեն երեւում են դրա տարրերը: Վստահ եմ, որ քչերը կլծվեն այդ գործին, դրա համար խոստանում եմ է՛լ ավելի հիմնարար կերպով անդրադառնալ խնդրին, երբ ավարտեմ ընթացիկ թեմաների մշակումը: Ավելի կարեւոր խնդիր այսօրվա մեր հասարակական կյանքում չկա:

Շարունակելի

No comments:

Post a Comment