Search This Blog

2013-05-31

Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա


Այս նյութը բլոգից դուրս տարածելու բացառիկ իրավունքը ilur.am կայքինն է:



        Ուր խոսվում է պուբլիկայի եւ ռեսպուբլիկայի, բռանպետության եւ բռնաբարության, ընտրական համակարգի, պապու հարսանիքի չերվոն մատանու, պատրոնների եւ կլինտուրայի, քյոռ-թոփալ-քյաֆտառ դաշինքի, հարակարծությունների եւ տարակարծությունների եւ այլ հոգեխրատ բաների մասին ի շահ եւ ի լուսավորություն ազգիս Հայոց Մեծաց:


      Նախորդ հոդվածում խոսեցինք այն բանի մասին, որ հասարակության առավել չքավոր շերտն ի զորու չէ խռովության միջոցով լուծել պետության արմատական բարեփոխման խնդիրը, քանի որ չունի դրա համար անհրաժեշտ ռեսուրսներ, եւ միայն միջին դասի համախմբումը, կարող է հիմք դառնալ երկրի (այդ թվում չքավոր շերտի) խնդիրների լուծման: Մինչ անդրադառնալը միջին դասին, սակայն, կարեւոր է նաեւ հասկանալ, որ չքավորությունը ոչ միայն հեղափոխության հիմք չէ, այլեւ առավել հաճախ ճիշտ հակառակը՝ բռնապետության ամուր հենարան: Մի կողմից չքավորության հիմքի վրա առաջանում են բռնապետական համակարգեր, մյուս կողմից էլ բռնապետությունը հաճախ «բազմացնում» եւ ամրապնդում է չքավորությունը: Իհարկե այս առումով պատմական փորձը բազմազան է եւ նրբերանգային, բայց, կարծում եմ մի քիչ անսպասելի համաբանությամբ Հին Հռոմի պատմությունը կարող է օգտակար լինել ներկայիս հայկական իրողություններն ավելի լավ հասկանալու համար:

            Պուբլիկան ընդդեմ ռեսպուբլիկայի

Հռոմեական պլեբսի եւ գյուղացիների աղքատացման եւ վերնախավի մի մասի աննախադեպ հարստացման պայմաններում ծավալվեց Հռոմեական Հանրապետության վերջին շրջանի քաղաքական հիմնական երկու խմբավորումների՝ պոպուլյարների (ժողովրդականների) եւ օպտիմատների (ազնվագույնների) պայքարը (նշեմ, որ 19-րդ դարի հայտնի պատմաբան Մոմզենի ժամանակվնաից պատմագիոտթյան մեջ դասական դարձած այս բաժանումն այսօր շատերի կողմից վերանայվում է եւ կասկածի տակ է դրվում, սակայն, զուտ մասնագիտական այս բանավեճը խոչընդոտ չէ մեր ոչ մասնագիտական զրույցի ծավալմանը): Պոպուլյարներն, ինչպես կարելի է կռահել անվանումից հանդես էին գալիս ժողովորդի լայն շերտերի շահերի անունից: Օպտիմատները ներկայացնում էին հին հռոմեական ազնվականության շահերը, որի հենարանը հռոմեական սենատն էր (արդի լեզվով ասած՝ խորհդրանաի վերին պալատը): Այս պայքարի արդյունքում էլ կործանվեց Հռոմեական Հանրապետությունը*, ուր իշխանությունը ձեւավորվում էր ազատ քաղաքացիների ընտրության միջոցով, եւ հաստատվեց կայսերական բռնապետությունը, ուր փաստցի իշխանությունը պատկանում էր կայսրին (կայսրության առաջին շրջանի եզրաբանությամբ՝ պրինցեպսին), իսկ ընտրական մարմիները աստիճանաբար վերածվեցին փաստացի իշխանությունից զուրկ դատարկ ձեւերի:
Կարծում եմ, որ դուք արդեն ենթադրեցիք, թե Հանրապետության կործանման եւ փաստացի միապետության հաստատաման կողմնակից էին ազնվականության շահերը ներկայացնող օպտիմատներն, իսկ պլեբսի պաշտպան պոպուլյարները մինչեւ վերջ պաշտպանում էին Հանրապետությունն ու ժողովրդավարությունը, սակայն այսպես ասած ընկան անհավասար մարտում: Նրբությունները մի կոմղից թողած, իրականում ամեն բան ճիշտ հակառակն էր: Հանրապետության, հետեւաբար Հռոմի համար ավանդական ընտրովի իշխանության վերջին մարտիկները՝ Պոմպեոսից մինչեւ Հուլիոս Կեսարին սպանող Բրուտոսը ազնվական օպտիմատներն էին, իսկ կայսերական համակարգի հիմնադիր՝ Հուլիոս Կեսարը պոպուլյարների խմբավորումից էր: Հետագայում էլ՝ առաջին կայսրների օրոք վերջին կատաղաի հանրապետականները հռոմեական հին ազնվական տոհմերի ներկայացուցիչներն էին, որոնց ոչնչացմամբ էլ մարեց հանրապետական գաղափարը Հռումում, եւ որոնց ոչնչացումն էլ դաժան բռնակալների համբավ բերեց պլեբսի կոմղից այդքան սիրված առաջին կայսրերին՝ Տիբերիոսին, Կալիգուլային, Ներոնին, Դոմիկիանոսին ((հատկապես Ներոնը մեծ ժողովրդականություն էր վայելում «հասարակ» բնակչության շրջանում)): Ինչեւէ, սրանք մանրամասներ են, իսկ փաստն այն է, որ հռոմեական ժողովրդավարությունը տապալվեց ժողովուրդի անունից խոսացող պոպուլյյարների, եի մինչեւ վերջ պաշտպանվեց ազնվականների շահերը ներկայացնող օպտիմատների կողմից: Ինչո՞ւ:


* Պետք է ասել, որ հռոեմացիների յուրահատուկ իրավական ընկալումներում Հանրապետությունը ձեւականորեն շարունակում էր պահպանվել նաեւ կայսերական համակարգի հաստատման առնվազն առաջին 280 տարվա ընթացքում՝ մինչեւ վերջերս մեր ԱԺ-ում հիշատակված Դիոկղետիանսոի` «հայերեն ասած»՝ Ձիոկլեծիանոսի կառավարումը: Այդ ընթացքում կայսրը ձեւական իմաստով պետության գլուխ չէր, այլ միայն առաջին պատիվը եւ սենատում առաջինը քվերակելու իրավունքն ունեցող քաղաքացին, որը կարող էր նաեւ զբաղեցնել կամ չզբաղեցնել Հանրապետության կարեւոր պետական, այդ թվում պետության իրավականորեն առաջին՝ կոնսուլի պաշտոնը, բայց փաստացի հենց կայսրն էր պետության գլուխը: Այս իրավիճակը ծանոթ է նախկին սովետական քաղաքացիներիս. այսպես սովետական ղեկավարներից Ստալինը ձեաւկան իմաստով երբեք չի եղել պետության առաջին դեմքը: Կայսերական իշխանության փոխանցումը նույնպես չուներ կայացած ձեւական ընթացակարգ, որի պատճառով էլ հաջորդ կայսր մերթ կարող էր դառնալ տվյալ կայսրի զավակը կամ որդեգիրը, մերթ էլ որեւէ մեկն ով զինված ուժով՝ ուղիղ բռնությամբ կգրավեր փաստացի իշխանությունը: Այդու հռոմեական կայսերական համակարգը փաստացի զուրկ էր ներքին կայուն լեգիտիմությունից եւ շատ մոտ էր մաքուր բռնապետության:

            Եվ ոչ մի «Ձիոկլեծիանուս» ինձնից բացի

    Պատճառները բավականին պարզ են: Հանրապետության ծաղկուն շրջանում հռոմեական ցածր խավը՝ գյուղացին կամ քաղաքային պլեբսը, թեեւ ոչ հարուստ, բայց տնտեսապես համեմատաբար ազատ էր՝ իր հողի կամ իր արհեստի տերն էր: Մյուս կողմից էլ վերնախավում չկային հետագա շրջանի գերհարուստները: Դրան հակառակ՝ հանրապետության անկման շրջանում առաջացավ մի կողմից բուն չքավորների խավը՝ հողից կամ այլ ունեցվածքի զուրկ մարդիկ, եւ մյուս կողմից ռազմական նվաճումների արդյունքում գերհարստացած փոքր շերտը: Բնական է, որ առաջինները կախման մեջ են ընկնում երկրորդներից: Չքավորներին, որոնք ունեին օրվա ապրուստի խնդիր, քաղաքական իրավունքներն այլեւս պետք չեն, եւ նրանք պատրաստ են դրանք զիջել կամ վաճառել: Իսկ գերհարստացած շերտի համար էլ հնաոճ դարձող քաղաքական հաստատությունները խոչընդոտ են իրենց հարստությունը իշխանության վերածելու բնականից առաջացած հավակնության իրացման ճանապարհին: Որքան աճում է չքավորությունն ու բեւեռվածությունը գերահարուստների եւ աղքատների միջեւ, այնքան ավելի թուլանում է հռոմեական ժողովրդավարության հասարակական հիմքը: Արդյունքում հռոմեական պլեբսը զիջում է իր քաղաքական իրավունքները ամենօրյա ձրի հաց ստանալու դիմաց:
Անշուշտ ճոռոմ բարոյախոսություններն այստեղ անիմաստ են՝ սա առարկայան հասարակական գործըթնաց էր, այլ ոչ թե ինչ որ մեկի չար կամքի կամ էլ բարոյական անկման հետեւանք: Չքավոր դարձաց զանգվածը չուներ այլ ելք, քան զիջել իր իրավունքները, քանի որ մարդիկ սնվում են ոչ թե բարձր գիտակցոթյամբ, այլ հացով: Եվ պլեբսի աղքատացած հատվածը բավականին լավ գնով կարողացավ* վաճառել իր քաղաքացիական իրավունքները՝ կայսրության շրջանում նրա հացը ձրի էր, իսկ ապրուստն ուրախ:

*Քանի որ հանրապետական ավանդույթնենրը հռոեմացիների ինքնագիտակցության տեսակետից չափազանց կարեւոր էին (հռոմեացին հպարտ էր որ ի տարբերություն բարբարոսների նա թագավորի հպատակ չէ, այլ ազատ քաղաքացի), հնարավոր եղավ վաճառքի գինն բավականին բարձր սահմանել, բայց վաճառքից հետո էլ, ինչպես նշեցի, ձեւական իմաստով Հանրապետությունը ոչ միյան չվերածվեց, այլ մի բան էլ կայսերական համակարագի փաստացի հիմնադիր, Հուլիոս Կեսարի որդեգիր եւ ժառանգ՝ Օկտավիանոս Օգոոստոսը հայտարարեց, որ ինքը վերականգնեց Հանրապետությունը, ճիշտ այնպես ինչպես ստալինայն սահմանադրությամբ վերականգնվեցին սովետական քաղաքացիների համընդհանուր ընտրության եւ այլ իրավունքներ, որոնք վերացվել էին վաղ հեղափոխական շրջանում. միեւնույնն է այդ պայմաններում այդ ձեւական իրավունքներից այլեւս իրապես օգտվելու հնարավորություն ոչ ոք չուներ, թե՛ Օգոստոըս, թե՛ Ստալինը, չզբաղեցնելով իսկ պետության գլխավոր պաշտոնը, փաստացի կենտրոնացրել էին ամբողջ իշխանությունն իրենց ձեռքերում:

            Այրարատյան հարակարծություններ եւ տարակարծություններ

            Հիմա դառնանք Մեծ Հայքի Այրարատ նահանգ, եւ տեսնենք, թե ինչ է կատարվում մեզանում: Սոցիալական խնդրները կամ ավելի մարդկային լեզվով ասած՝ չքավորությունը զգալի տարածում ունի մեր հասարակությունում: Շատերը՝ ընդդիմաիր թե իշխանամետ դա գնահատում են որպես հեղափոխական անկայունության հիմք: Դրան զուգահեռ, սակայն, իշխանափոխության միակ նախադեպը, որին ծանոթ է անկախ Հայաստանի պատմությունը՝ 1998-ի պալատական հեղաշրջումն էր: Հայտնի հարակարծություն է՝ մեզնից շատ ավելի բարեկեցիկ երկրներում մեկ տասնամյակի ընթացքում մեկ-երկու, նույնիսկ ավել իշխող ուժ կարող է փոխվել, իսկ ահա Հայաստանում, ուր խնդիրներն անհամեմատ ավելի շատ են ու խորը, միեւնույն իշխող ուժը տարիներով ոչ միայն պահպանում է, այլեւ է՛լ ավելի կենտնրոնացնում է իր իշխանությունը. ոչ միայն կորուստներ չի ունենում, այլեւ ավելի ու ավելի տպավորիչ արդյունքների է հասնում ամեն հերթական ընտրական փուլի արդյունքում (որոշ բացառություն են միայն նախագահական ընտրությունները, սակայն ԱԺ եւ Երեւանի ավագագանու ընտրությունների հիմնական միտումն՝ իշխող ուժի դիրքերի ամրապնդումն է): Բոլորն, այդ թվում իշխող ուժի ներկայացուցիչները գիտեն եւ բարձրաձայնում են, որ երկրում կա դժգոհության մեծ տոկոս, նունիսկ դժգոհության աճ, սակայն, «զարմանալիորեն» դա միայն դրական է ազդում իշխող ուժի պաշտոնական ընտրական արդյունքի վրա՝ ամրագրված ընտրությունների պաշտոնական տվյալներով:
Իհարկե, այս «զարմանահրաշության» պատճառը՝ Պոլիշինելի գաղտնիք է, եւ բոլորն էլ գիտեն, որ ընտրություները մեր երկրում կեղծվում են, եւ հենց թեկուզ միայն այն, որ տարիներ շարունակ նույն ուժը ոչ միյան մնում է իշխանության ղեկին, այլեւ հավելում է ընտրական իր տոկոսներն ինքնին կարող է ընտրությունների կեղծման, թեեւ անուղղակի, բայց շատ համոզիչ փաստարկ լինել: Ինչպե՞ս կարող է, ասենք, Մեծ Բրիտանիայում կառավարություն փոխվել մի քանի տարին մեկ, իսկ Հայաստանում անընդատ վստահություն ստանալ միեւնույն ուժը: Ստացվում է, որ Բրիտանիայում մարդիկ ավելի դժգոհ են իրենց կյանքից: Իհարկե, դա ծիծաղելի է: Բայց....:
Բայց ճշմարտության որոշ հատիկ այս զավեշտի մեջ, այնուամենայնիվ կա: Այո՝ հայաստանյան բնանկչուքյան չքավորությունը բերում է ոչ թե իշխանափոխուայն, այլ ճիշտ հակառակը՝ բռնապետության կայացմանն ու ամրապնդմանը: Եվ եթե դա հակասական է թվում առաջին հայացքից, եւ որոշ իմաստով իրոք հակասական է, սակայն, մյուս կողմից համապատասխանում է հասարակագիտական որոշ օրինաչափությունների: Բրիտանիայի քաղաքացին ի զորու է հասնել իշխող ուժի փոփոխության (չենք խոսում համակարգի փոփոխության մաիսն, որն, իհարկե այլ խնդիր է), որովհետեւ ավելի ունեվոր է եւ ավելի ազատ է, իսկ Հայաստանի քաղաքացու համար նույնին հասնելը շատ ավելի բարդ է, քանի որ նա ավելի աղքատ է եւ ավելի կախման մեջ գտնվող: Սա ընդհանուր առմամբ: Հիմա մի քիչ ավելի կոնկրետանանք:

            Քյոռ + քյավթառ + թոփալ = ՀՀԿ

          Ցանկացած ընդդիմաիր տրամադրություններ ունեցող մեկը, ով ընտրություների օրն անցկացրել է տեղամասում՝ դիտորդ, վստահվաձ անձ, հանձնաժողովի անդամ գալիս է տուն տատիկներին, պապիկներին, հաշմանդամներին, ակնհայտ ազքատներին «հայհոյելով»: Իհարկե, երբ հաջորդ օրը՝ հույզերից պարպված, սկսում ես մտածել սառը բանականությամբ, այդ այսպես ասած հակահումանիզմը տեղիք է տալիս ավելի լուրջ եւ առարկակայան մտորումների: Դեռեւս 2012-ին ինձ համար վերջնականապես գրանցեցի՝ քյոռ, թոփալ, քյավտառ նաեւ խելապակաս (բառիս բուն իմաստով), ընդհանրապես՝ ակհնահյտ նյութական, մարմնական կամ հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ մեծամասամբ Հնարապետականի ընտրող են:
Իհարկե շատ ցավալի է, որ հնարավորություն չունենք այս ամենի մասին խոսել գիտականորեն անցկացված հետազոտությունների նյութի հիման վրա, թվերի եւ վերլուծության լեզվով. նման նյութ մատակարարող հետազոտությունները շատ թանգ են, եւ ցավոք մեզանում հասու են միայն իշխող շերտին (նույնիսկ, եթե ընդդիմությունը կարողանա մեկ-երկու այդպիսի հետազոտություն անել, չնայած բացի ֆինանսականից դա ունի նաեւ տեխնիկական լուրջ խոչընդոտներ, միեւնույնն է, քանի որ իշխանությունը հնարավորություն ունի դրանք անելու եւ անում է համակարգված, մշտական ժամանակացույցով, այդ հարցում ստիպված կլինենք ունենալ շատ ավելի մոտավոր տվյալներ, քան ունի ինքը իշխանությունը): Ամեն դեպքում, սակայն, կարծում եմ գոնե հրապարակախոսական ձեւաչափի համար ունենք բավարար հիմք, ենթադրելու, որ Հանրապետականի գլխավոր ընտրողը, ավելի շատ հենց չքավորն է, քան հայաստանյան չափանիշներով համեմատաբար ունեվորը (դա չհաշված պետծառայողներին, որոնց մեծ մասը նույնպես շատ էլ մի հարուստ կյանքով չի ապրում): Ի վերջո հենց այսօր կարկուտից տուժած բերքի դիմաց փոխհատուցում պահանջող գյուղացիների գյուղերում հենց ՀՀԿ-ն կամ Սերժն է տպավորիչ պաշտոնական հաղթանակ տարել:
Չքավոր եւ ձայնն իշխանությանը բաշխող այդ շերտին, կոչում ենք հաճախ՝ «ծախված ժողովուրդ», որի շուրջ էլ ծավավում են բարոյախրատական բնույթի բանավեճ- ճակատամարտեր հայաստանյան հարթակներում: Մեկը, թե ժողովուրդը ծախվում է, ու տեղն է իրեն, մյուսն էլ, թե ժողովորդին մի մեղադրեք, նա «սուրբ է», եւ ծախվում է միայն քաղաքական համապատասխան հեռանկար չտեսնելու արդյունքում: Թեեւ երկրորդ տեսակետն ավելի մոտ է նաեւ ինձ, սակայն, այդ հանրային խոսքի (ձեր խաթր, որ չկարծես, թե անգրագետ եմ՝ դիսկուրսի) ընդհանուր բարոյախրատական բնույթը մեծ հաշվով տանում է երեւույթի չհասկացվածության փակուղի: Եթե մեր մտավորական խավը մի օր իրոք ուզում է արժանի լինել մտավորական անվանմանը, ապա իրերի ընկալման բարոյախրատական եւ հռետորական ոճը, պետք է փոխարինվի իրատեսական վերլուծության ոճով: Ես իհարկե չեմ հավակնում հենց հիմա եւ այստեղ ինչ որ հիմնարար վերլուծություն ներկայացնել, միայն կփորձեմ փոխանցել տարիների ընթացքում կուտակված տպավորություններս ու մտորումներս:


            Ձայն հառաչանաց հեծութեան

     Եվ այսպես արդյո՞ք ծախված ժողովուրդ: Առաջին հայացքից, թվում է, թե պատասխանն ակնհայտ է: 5 հազար դրամով իր ձայնը վաճառող քաղաքացին հենց ծախված է: Բայց փորձենք ավելի ուշադիր քննել երեւույթը: Առեւտրական գործողությունը ենթադրում է երկու ազատ եւ հավասար անձերի հարաբերություն: Եթե ես վաճառում եմ իմ ապրանքը, նույնիսկ, եթե այդ ապրանքը ընտրելուս իրավունքն է կամ «ձայնս»*, ապա նորմալ առեւտրական գործարքի դեպքում ես ազատ եմ սահմանել իմ գինը, գնի շուրջ «բազառ» անել, սակարկել, հրաժարվել գործարքից եւ այլն: Ակնհայտ է, որ հայաստանյան ձայն վաճառող ընտրողը զուրկ է այդ հնարավորություններից: Նախ՝ նա չի սահմանում գին՝ գինը նրան պարտադրվում է գնորդի կողմից: Նա սակարկելու հնարավորություն էլ մեծ հաշվով չունի, իսկ որոշ վայրերում, հատկապես գյուղերում կամ Երեւանի ոչ կենտրոնական թաղերում ձայնի վաճառկիքց հրաժարվելու հնարավորույթյունն էլ խնդիր է, քանի որ նա ով չի վերցնում ընտրակաշառք դառնում է կասկածելի անձ, պոտենցիալ ընդդիմադիր եւ ուրեմն՝ «հակա»: Փաստորեն ազատ եւ հավասար կողմերի առեւտրական գործարքի կանոններն այստեղ չեն գործում: Ուրեմն, «ծախված ժողովուրդ», «ձայն վաճառող ժողովուրդ» արտահայտությունները միայն շատ մոտավոր եւ անստույգ են արտահայտում երեւույթի էությունը: Չկան ազատ գործարքի պայմանները՝ չկա առեւտուր: Իր առեւտրական ավանդույթներով հպարտացող ազգը, պետք է, որ ավելի շուտ կռահած լիներ այս նրբությունը: Բայց իրականությունն ամեն անգամ մութ է մնում հայ մտավորականության համար ոչ միայն այն պատճառով, որ այն սովոր է մտածել բարոյախրատաան եւ հռետորական-բանասիրական սոտորգումներով (հայարեն ասած՝ «կածիգորյաներով»), այլեւ որովհետեւ նա քողարկված գաղութատիրոջ վերաբերմունք ունի Հայաստանի բնակչության նկատմամբ՝ որպես վայրի բնիկների է ընկալում հայաստանցիներին:

*Այսինքն՝ լայն իմատով իմ ձայնավոր լինելը. ձա՛յն՝ խոսքի, ասելու կարողություն եւ իրավունք ունենալը, ոչ ան-ասուն՝ «ասուն» լինելը. բանականության կրող լինելը, քանի որ ձայնը՝ մարդկային խոսքն է՝ բանականության հիմքը: Իսկ է՛լ ավելի լայն իմաստով նույնիսկ ոչ մարդուն՝ ամեն արարածին բնորոշ կոչելու, ձայնելու, հաղորդակցվելու հնարավորությունը՝ Նարեկացու «ձայն հառաչանաց հեծութեան ողբից սրտից աղաղակի» առ Աստված, ուր բացի հոդաբաշխ ձայնից նկատի է առնված նաեւ անհոդաբաշխ հառաչանքն ու հեծությունը. ի դեպ Նարեկացու այս հատվածը եւս նկարագրում է մի գործարք, ուր կողմերը՝ ձայնող մարդն ու ընկալող Աստված, թեեւ հավասար չեն առաջին հայացքից, սակայն, հավասարությունը դրվում է որպես խնդիր՝ բանական զոհի դիմաց ձայնող ու հառաչող սուրբը ակնկալում է Աստծո բարեհաճություն եւ գթություն: Իսկ հոդաբաշխ խոսքի՝ ձայնի տեր մարդը ձայնում է ոչ միայն իր, այլեւ անհոդաբաշխ ձայների՝ հառաչանքների եւ հեծեծանքների անունից:

            Բռնապետությունը եւ բռնաբարությունը

            Եթե մեկն ինձ առաջարկում է իր սահմանած գնով առնել ինձ պատկանող որեւէ իր, ընդ որում ինձ չթողնելով ոչ միայն գինը փոխելու՝ սակարկելու, այլեւ վաճառքից հրաժարվելու հնարավորությունը, եւ ավելին՝ մեծ հաշվով չհարցնելով իսկ, թե արդյո՞ք ես ցանկություն ունեմ այդ իրը վաճառել (գուցե դա ինձ համար արժեքավոր է ոչ միայն զուտ նյութական տեսակետից, այլ ասենք ընտանեկան կարեւոր հուշ է կամ էլ սիրելի խաղալիք), ապա արդյո՞ք դա կոչվում է առեւտուր, թե՞ առեւտրի անվան տակ սովորական կողոպուտ է՝ պարզապես գողն այնքան «մարդասեր է», որ պարտադրանքով խլածի դիմաց պատըրաստ է վճարել իրեն հարմար փոխհատուցում: Ասենք՝ 5.000 դրամ պապու հարսանիքի «չերվոն» մատանու դիմաց: Եվ եթե ո՛չ հրաժարվել եմ կարող, ո՛չ գին բարձրացնել, ո՛չ էլ ռիսկ ունեմ հակադրվելու, եւ վաճառում եմ պապուս մատանին, ապա արդյո՞ք իմ անունն է ընտանեկան արժեքների վաճառող: Կամ, եթե ձայն վաճառելը համեմատում ենք պոռնկության հետ, ապա արդյո՞ք չկա տարբերություն այն դեպքի միջեւ, երբ պոռնիկն իր կմաքով ու իր ուզած գնով վաճառում է ձեզ իր սերը, եւ այն դեպքի միջեւ, երբ նույն այդ պոռնիին պարտադրում եք ձեր սերը՝ փոխարենը վճարելով ձեր ուզած գինը: Կարծեմ վերջին դեպքը կարելի է սահմանել որպես բռնաբարություն:
5000 դրամանաոց ընտրակաշառքն էլ ոչ այլ ինչ է քան քողարկված բռնություն դիմադրելու հնարավորություն չունեցող քաղաքացու նկատմամբ:

            Պատրոններն ու կլիենտները

            Իհարկե կան հավելյալ եւ կարեւոր նրբություններ: Գիտենք, որ Հայաստանում ընտրակաշառքը վաղուց ոչ թե ընտրություններին նախորդող միանգամյա գործողություն է, այլ մի ամբողջ համակարգի մաս միայն: Այդ համակարգը գործում է ոչ միայն ընտրությունների միջեւ ընկած ժամանակահատվածում, այլեւ դրանից դուրս: 5000-ով քվեարկողները մասն են մշտական ցանցի, որը ստեղծվել է եւ գործարկվում է իշխող ուժի կողմից: Այդ ցանցը ենթադրում է, որ դրա մասնկիցները փոխադարձ շփման եւ միմյնաց ծառայություններ մատուցելու գործըթնացի մեջ են: Ինչպես կոչե՞նք այդ հարաբերությունները: Ոմանք ասում են ստրկություն, ոմանք ճորտություն, ոմանք ֆեոդալական բառն են նախընտրում եւ այլն: Դրանք սակայն ավելի շատ հուզական (հայաստանյան իրականուայն մեջ ամեն ինչ էլ կարող է վերածվի հուզականի, նույնիսկ ֆեոդալիզմի պես նեղ մասնագիտական եզրը) բնութագրիչներ են: Ավելի հստակ եզրեր թող փնտրեն եւ գտնեն մեր հասարակագետները: Իմ մտքիս առաջինը գալիս է եւս մի հռոմեական համաբանություն (հայերեն ասած՝ անալոգիա):
Այն ինչ ասյօր ունենք, կարծես որոշ գծերով նման է Հին Հռումում գոյություն ունեցող պատրոն-կլինետ հարաբերություններին: Միգուցե դրա համառոտ նկարագրությունն օգնի մեզ բացելու մեր այսօրվա իրավիճակի որոշ երանգներ: Պատրոնաժը հասարակական հարաբերության ոչ ֆորմալ կերպ էր Հին Հռոմում, որը միավորում էր մեծահարուստ ազդեցիկ պատրոնին իրենից հասարակական դիրքով ավելի ցածր գտնվող կլիետների հետ: Կլիենտները ստրուկներ չէին՝ իրավաբանորեն ազատ մարդիկ էին՝ կամ Հռոմի քաղաքացիներից կամ էլ ազատարձակ ստրուկներից: Իրավական տեսակետից պատրոն ու կլինետները հավասար էին, եւ չունեին իրար նկատմամբ որեւէ ձեւական կամ օրենքով պարտադրված պարտականոույթյուն. նրանց հարաբերություններն, ինչպես նշեցի ոչ ձեւական էին, այսպես ասած մարդկային՝ նկարագրվելով ավելի ընտանեկան բառապաշարին բնորոշ եզրերով: Պատրոնը որպես ավելի ազդեցիկ եւ հարուստ մեկը հովանավորում էր կլիետներին, իսկ կլիետներն էլ իրենց հերթին զանազան ծառայություներ էին մատուցում իրենց պատրոնին, օրինակ, հանդես էին գալիս որպես վկաներ հոգուտ նրա դատարաններում:
Ինչը մեզ համար ավելի հետաքրքրիր է, կլիետները ոչ ֆորմալ պարտականություն ունեին ընտրությունների ժամանակ իրենց ձայները տալ պատրոնին, եթե վերջինս առաջադրոյմ էր իր թեկնածությունը որեւէ ընտրությունների ժամանակ: Պատրոն-կլիենտ հարաբերությունը ցանցային էր՝ մեկը կարող էր ունենալ մի քանի պատրոններ, մյուս կողմից էլ պատրոնն ինքը կարող էր ունենալ իր պատրոնին եւ այլն: Ի դեպ, այս պատճառով մի քանի պատրոններ ունեցող կլիետների համար խնդիր էր դառնում ընտրություններին իրենց ձայնը բաշխելը, եւ այդ խնդիրը լուծվեց հոգուտ կլիետների, երբ ընտրության ընթացքը Հռումում դարձավ գաղտնի, եւ այլեւս հնարավոր չէր ստուգել, թե ով ում է տվել իր ձայնը:
Այստեղ գալիս ենք հետաքրքրիր պահի: Հռոմեական կլիենտները խնդրի առջեւ էին կանգնում երբ ունենուոմ էին միանգամից մի քանի պատրոն, եւ դրանցից երկուսը կամ ավելին մասնակոցում էին ընտրությունների, բայց ամեն դեպքում նրանք ձայնը տալիս էին իրենց պատրոնին կամ պատրոններից մեկին, նույնիսկ երբ քվեարկությունը դարձավ գաղտնի: Իհարկե վիճակագրական տվյալներ չեն պահպանվել, բայց եթե թեկուզ գաղտնի քվեարկության ժամանակ կլիետներն իրենց ձայները չտային պատրոններին, ապա պատրոնաժի համակարգը կփլուզվեր, եւ մենք դրա մասին կիմանայինք: Արդյո՞ք սա ծանոթ վիճակ չէ:

            «Մարդկայինն» ընդդեմ իրավականի

    Հայաստանում եւս ընտրությունները գաղտնի են: Բացառությամբ փոքր բնակավայրերի, ուր ընտրությունները կարող են նույնիսկ օրենքի խախտմաբ՝ բաց անցկացվել, տեղամասերի մեծ մասում հնարավոր չէ իմանալ, թե ով ում է ձայն տվել իրականում (իհարկե մի քանի «նորագույն տեխնոլոգիաներ»՝ գունավոր գրիչներ, հատուկ կերպով ծալած քվեաթերթիկներ եւ այլն մի կողմ թողած): Բայց կաշառք վերցնող միջին վիճակագրական ընտրողը իր ձայնը տալիս է նրան ում խոստացել է: Անշուշտ, մանավանդ վերջին շրջանում եղան որոշ նշանակալից բացառություններ: Բայց փաստ է նաեւ, որ կա կայուն զանգված, որը չի խաբում եւ կարծես չի պատրաստվում խաբել իր «պատրոնին» եւ դա նույնիսկ համարում է անազնիվ քայլ (չնայած որ ընտրությունների միջեւ ընկած ժամանակահատվածում այդ նույն մարդը ինձանից ու ձեզանից շատ կարող է բողոքել «էդ դրանցից», ու խոսել պետության կործանումից, բայց սա էլ մի առանձին պատմություն է): Մարդիկ գնում եւ քվեարկում են այնպես ինչպես խոստացել են կաշառք տվողին ոչ միայն որովհետեւ վախենում են (այդ պահն էլ իհարկե կա) կամ չեն գիտակցում, որ իրենց քվեարկությունն անվերահսկելի է, այլ որովհետեւ համարում են այդպես վարվելը անազնիվ քայլ, խաբեություն, կամ գոնե հաճախ այդպես են ներկայացնում իրենք իրենց կամ այլոց: Իսկ «ինչպես» ներկայացնելն՝ անկախ իրական դրդապատճառներից անկարեւոր գործոն չէ հասարակական հարաբերությունների տեսակետից՝ որեւէ հասարակական համակարգ նկարագրելիս մենք նախ հաշվի ենք առնում դրա ինքնանկարագրությունը, իդեալական պատկերը, որը թեեւ կարող է մասամբ կամ նույնիսկ մեծամասմաբ չհամընկնել իրականության հետ, սակայն պակաս կարեւոր չէ քան այդ իրականությունը:
            Ստացվում է, որ նույն մարդիկ, որոնք չեն գիտակցում որ ընտրակաշառքը քրեական հացնանք է իսկ ընտրակեղծարարությունը պետական հանցագործություն, անբարոյական ու անազնիվ են համարում խաբել ընտրակաշառք տվողին: Ինչո՞ւ: Պատասխանը մեկը կարող է լինել՝ նրանք չեն նկատում կամ կենսական չեն համարում իրենց համար պետության ձեւական իրավական համակարգը, որի տեսակետից նրանք հանցանք են գործում, սակայն, իրական, կենսական եւ նույնիսկ գոյութենական են համարում «մարդկային» ոչ ֆորմալ համակարգը, որի շրջարկում փող վերցելը եւ ձայն չտալը կեծղիք է: Անշուշտ սա իդեալականացված պատկեր է, եւ իրականությունը շատ ավելի բարդ է, սակայն, այս պատկերը հաստատ առնչվում է մեր իրականության հետ:
            Հետեւաբար մենք ունենք պետականից եւ իրավականից դուրս գործող հասարակական հարաբերությունների մի համաիարգ, որը որոշ կետերում շատ նման է հին հռոմեական կլիենտ-պատրոն հարաբերությունների՝ ոչ ֆորմալ է, ենթադրում է իրավականորեն երկու հավասար սուբյեկտների փաստացի անհավասար հարաբերություններ՝ հովանավորի եւ հովանավորվողի, փոխադարձ ծառայություններ, փոխադարձ «մարդկային վերաբերմունք», ցանցային համակարգ եւ այլն: Եվ այդքանից հետո ի՞նչ ազատ առեւտրի կամ ձայների վաճառքի մասին խոսք կարող է լինել:

            Ամփոփիչ նրբություններ

         Ամփոփենք: Հայաստանում չքավորությունը, սոցիալական խնդիրները, սոցիալապես անապահով խավը վերածվում են բռապետության եւ իշխող ուժի հասարակական հենարաններից մեկի: Որքան որ գերհարուստները, նույնպես եւ գերաղքատները բռնապետության ե՛ւ զոհն են, ե՛ւ հենասյունը միաժամանակ: Հասարակության չունեվոր, անապահով, անպաշտպան մասը ցանցային ոչ ֆորմալ հարաբերությունների մեջ է իշխող վերնախավի հետ՝ հարաբերություն որը կանոնակարգվում է չգրված օրենքնենով եւ «մարդկային» հարաբերություններով, բայց որի հիմքում քողարկված բռնությունն է հովանավորի կողմից հովանավորվողի նկատմամբ: Սպասել, որ անապահով խավը կարող է իրավիճակ փոխել երկրում, «սցոիալական բունտ» իրականացնել՝ որեւէ բանի վրա չհիմնված երազանք է:
Բայց կա կարեւոր նրբություն: Ասածս ամենեւին էլ չի նշանաւոմ, որ մարդկանց դժգոհությունն իրավիճակից անիրական է: Այն շատ իրական է, սակայն կլիենտների վերածված «հասարակ» խավն միայն իր ուժերով ի զորու չէ որեւէ բան հակադրել բռնապետությյանը, որի պատճառով էլ գնում է ստիպողական գործարքի: Փորձը ցույց է տալիս, որ երբ հասարակության միջին եւ վերին խավերի ներկայացուցիչները կարողանում են ներկայացնել ստորին խավին արժեքավոր թվացող քաղաքական կամ հասարակական փոփոխության առաջարկ՝ ապա պատրոնների իշխանությունը սկսում է տատանվել, մանավանդ, որ իշխանության մեջ էլ միշտ կարող են գտնվել քողարկված դաշնակիցներ:
            Այդպես եղավ 2008-ին, երբ միայն ուղիղ եւ անմիջական բռնությունը կարողացավ ապահովել Սերժ Սարսգյանի նապագահացումը: Այդ ժամանակ հասարակության լայն զանգվածերը, այդ թվում «կլիենտուրայի» մի մասը միացավ հասարակության միջին եւ բարձր խավերի կողմից կազմակերպված շարժմանը. իշխանական վերնախավում նույնպես որոշակի շարժ եղավ, չնայած ոչ այն ծավալի որպեսզի հնարավոր լիներ իշխանափոխությունը եւ բռնության կիրառման հրամանները չկատարվեին: Նույնը կլինի եւ այն ժամանակ, երբ միջին խավը նորից կարողանա ինքնակազմակերպվել եւ առաջարկել իր ծրագիրը: Ընդ որում այս անգամ իշխանական վերնաշերտի ճեղքերը կարող են ավելի էական լինեն: Հետեւաբար, եթե ուզում ենք հասարակական արմատական փոփոխություն, պետք է հույսներս դնենք ոչ թե տարրերային ու անկառավարելի առասպելական բունտի, այլ գիտակցված եւ ծրագրավորված քաղաքական եւ հասարակական կամքի վրա, որն ի զորու կլինի համախմբել հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների զգալի մասին: Ինչպե՞ս՝ դա էլ մի քանի առանձին խոսակցության թեմա է:
 

No comments:

Post a Comment