Search This Blog

2010-08-18

Քաղաքականությունը եւ պառակտումը

Քաղաքականութունն անընդհատ դիրքորոշվելու «արվեստ է»: Տվյալ դեպքում նկատի ունեմ ոչ թե «բարձր քաղաքականությունն», այլ քաղաքական գործընթացների մեջ այս կամ այն կերպ ներգրավված կամ քաղաքական համակրանքներ ունեցող անձի «արվեստը»: Քաղաքական տարերքը նրբերանգներ չգիտի, եւ առավել հաճախ սեւ ու սպիտակի՝ «կողմ ու դեմ»-ի, «այո կամ ոչ»-ի լեզվով է խոսում: Քաղաքականը չկա նաեւ բաժանումից ու տարանջատումից դուրս: Իրական քաղաքական առաջնորդը նա է, ով «պառակտում է», ում խոսքերի, գործերի, կերպարի շուրջ ծավալվում է բանավեճը, իսկ ավելի ստույգ՝ դիրքավորումը: Եվ կարեւոր չէ՝ արդյո՞ք գործ ունենք ծավալուն եւ «խելոք» փաստարկներով հագեցած բանավեճի, թե ուղղակի պարզագույն՝ «այո կամ ոչ»-ով արտահայտված «լեզվակռվի» հետ: Էականը հստակ ընտրության պահն է: Էականը երկու դրոշակներից մեկի կողմից լինելն է: Իհարկե, կարելի է երկու դրոշակներն էլ մերժել, բայց այդ դեպքում, բնականաբար հայտնվում ես խաղից դուրս վիճակում:
Հաճախ բողոքում ենք. ե՞րբ պիտի վերջապես գա այն պահը, երբ ստիպված չենք լինի ընտրել երկու չարյաց փոքրագույնների միջեւ: Ճիշտն ասած, կարծում եմ, որ այդ պահը երբեք չի գա: Մեծ հաշվով, թե՛ պետությունը, թե՛ քաղաքականությունն իրենք իրենցով չարյաց փոքրագույնն են: Նրանցից չի կարելի սպասել ավելին, քան նրանք ի զորու են տալ՝ վերագրելով քաղաքականությանը (կամ առնվազն պետությանը) վախճանաբանական նպատակներ (ազատության, արդարության եւ խաղաղության արխետիպերի վերջնական հաստատում): Ընտրության պահն ինքնին ենթադրում է սկզբնական երկատվածություն, հետեւաբար իդեալի՝ միասնականության եւ խաղաղության բացակայություն: Աշխարհը սկսվում է երկատումից, եւ դա, ըստ հին ուսմունքների, «չարի», բայց նաեւ արարման, սկիզբն է: