Թղթե տրամաբանությունն ու իրականությունը. քաղաքական հաշվարկի ներքին հակասությունները


Ղարաբաղյան շարժման երեսնամյակին: Հատված Բ



Թղթե տրամաբանությունն ու իրականությունը. քաղաքական հաշվարկի ներքին հակասությունները



Նախորդ հատվածում, վերլուծելով Կարեն Դեմիրճյանի խոսքը, տեսանք արդեն, որ դրանում կա ոչ միայն ասված, այլեւ չասված, բայց վերլուծությամբ վերականգնելի մաս: Շեշտե՛նք, որ մեր կարծիքով, ընդհանրապես, Դեմիրճյանի հիմնական ասելիքն ձեւակերպված է հենց այդ ենթադրյալ չասվածով: Այդ չասվածի որոշ տարրեր ներկայացրեցինք հընթացս, բայց այժմ փորձենք վերհանել ոչ միայն առանձին տարրերը, այլեւ՝ ամբողջական տրամաբանությունը: Խնդիրը լուծելու համար, պետք է Հայաստանի ԿԿ առաջին քարտուղարի խոսքը տեղադրենք 1988-ի սկզբի կոնկրետ իրավիճակում եւ փորձենք վերականգնել այն ուժային պարզ հաշվարկը, որն իր մտքում ուներ Դեմիրճյանը, երբ խոսում էր Համբարձում Գալստյանի հետ:


Հարցերը սեսիայով չեն լուծվում, այսինքն՝ լուծվում են ուժով, կռվով: Կռվով ո՞ւմ դեմ: Հասկանալի է, որ նախ՝ Ադրբեջանի: Բայց պարզ է նաեւ, որ իրական խնդիրն այստեղ ոչ միայն, եւ ոչ այնքան Ադրբեջանն էր, այլ Մոսկվան: Նույնիսկ զուտ տեսականորեն էլ Մոսկվան որպես կայսերական կենտրոն չէր կարող միանշանակ կողմ կանգնել իրեն ենթարկված երկու ազգերից մեկին, այլ պետք է գոնե ըստ ձեւի խուսանավեր՝ պահպանելու համար իր գերակա դիրքը: Իսկ փաստացի, տարբեր պատճառներով նախապես պետք է պարզ լիներ, որ Մոսկվան՝ խուսանավելով հանդերձ պետք է ավելի շահագրգիռ լիներ պաշտպանելու Բաքվի դիրքերը՝ հենց թեկուզ որպես ավելի պահպանողական, չնայած նույնիսկ հայերի կողմից արտահայտված ողջ հավատարմությանը կայսրության հանդեպ, որի տակ, սակայն, թաքնված էր իրականում հեղափոխական մի դիրքորոշում: Սրա պատճառների մանրամասն վերլուծությունը թողնենք մյուս առիթի:
Ուրեմն, սեսիայի, այսինքն՝ ինչպես տեսանք իրականում՝ պայքարի պահանջ դնողը, պետք է պատրաստ լիներ բախվելու ոչ միայն Բաքվի, այլեւ Մոսկվայի դիմադրությանը: Այսինքն՝ դնելով առաջին հայացքից զուտ «ազգային» հարց՝ Ղարաբաղի միացում, եւ այն էլ միանգամայն օրինական, խաղաղ ճանապարհով եւ կայսրությանը հավատարմության հաստատումներով հանդերձ, պահանջատեր հայությունն իրականում ակամայից շատ ավելի մեծ խնդիր էր դնում՝ կռվի եւ անկախության, եւ դա հենց սկզբից, հենց 1988-ի փետրվարից:

Հայաստան-Ադրբեջան ուժային կշռույթը 1988-ի սկզբին

Հիմա, հարց տանք, թե 1988-ի փետրվարի դրությամբ որեւէ տրամաբանական թվացող հաշվարկի տեսակետից, որքա՞ն մեծ պետք է լինեին Հայաստանի հնարավորություններն Ադրբեջանի եւ Մոսկվայի դեմ կռվում: Հենց սա է իրականում Դեմիրճյանի հիմնական «չասված ասվածը»: Ուրեմն, պետք է նախապես հաշվարկել կողմերի ուժային հարաբերությունները: Փորձենք մենք էլ դա անել՝ պատկերացնելով մեզ 1988-ի փետրվարին (որքան էլ պատասխանն ինքնին պարզ թվա): Նախ վերցնենք միայն Հայաստան-Ադրբեջան հարաբերակցությունը:
Ինչպիսի՞ն էին Հայաստանի հնարավորություններն Ադրբեջանի դեմ տեսական, բայց ի վերջո անխուսափելի կռվում 1988-ի սկզբի հեռանկարից դիտած: Իհարկե մեծ չէին: Հայաստանի եւ Ադրբեջանի ռեսուրսաային անհավասարությունը խոսակցությունների թեմա էր արդեն այն ժամանակ, ճիշտ է՝ այլ մասշտաբներով: Օրինակ, մենք Թիֆլիսում ունեինք մի հարեւան թուրք՝ շատ բարի եւ լավ մարդ: Երբ նոր էր սկսվել Ղարաբաղյան շարժումը, նա եկավ մեր տուն, եւ շատ վրդովված շեշտով «զգուշացրեց»՝ մենք 6 միլիոն ենք, իսկ դուք՝ 3, դուք չեք կարող մեր դեմ կռվել: Կռիվ այն ժամանակ չկար էլ, բայց նա արդեն խոսում էր հենց կռվից, եւ բերում էր շատ բնական՝ քանակային փաստարկ: Իհարկե, կռվում, միայն քանակը չի որոշող, բայց վստահաբար այն առաջնային գործոններից է:
Կարող ենք խորանալ նաեւ այլ տվյալների մեջ, օրինակ՝ աշխարհագրական՝ Ղարաբաղի մեկուսցվածությունը ու շրջապատվածությունը, Հայաստանի աշխարհագրական «հաշմանդամությունը»՝ «բարալիկ» Զանգեզուրը՝ ճզմված Նախիջեւանի եւ «մայր Ադրբեջանի» միջեւ, թուրքական բնակչության անկլավները Հայաստանում եւ այլն: Ի դեպ մեր այդ նույն հարեւանը հետագա տարիներին այդ թեման էլ էր շահագործում՝ եթե դուք Ղարաբաղն եք ուզում հանեք Ադրբեւանի կազմից, մենք էլ Մասիսն ենք անկախ հայտարարելու: Եվ սա էլ անտեսելի փաստարկ չէր: Նույնիսկ զուտ իրավական-ձեւական տեսակետից՝ ինչո՞ւ Ղարաբաղի հայերն իքնորոշվելու իրավունք ունեին, իսկ Մասսի թուրքերը՝ ոչ: Այնպես որ Հայաստան-Ադրբեջան կռվում գոնե առաջին հայացքից Հայաստանի վրա դրվելիք խաղադրույքները, մեղմ ասած, շատ խոստումնալից չէին: Բայց խնդիրն, ինչպես, նշեցինք, միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չէր, եւ չէր կարող լինել այդպիսին:

Հայ-ռուսական հարցը

Ընդհանրապես ղարաբաղյան, եւ ավելի լայն՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցն իր գրեթե բոլոր վճռական փուլերում (18-րդ դարի վերջ, 1905-07, 1920, նաեւ հենց՝ 1988-ից, վերջապես՝ 2016) բացահայտվել է որպես հայ-ռուսական (կամ հայ-ռուս-ադրբեջանական) խնդիր (իրականում նաեւ ավելի լայն միջազգային եւ տարածաշրջանային կապերով, բայց այստեղ վերցնում ենք նվազագույնը):
88-ին սկսած «կռիվն» էլ լինելու էր ո՛չ միայն, եւ ո՛չ այնքան Ադրբեջանի, այլ նաեւ կամ հենց նախ՝ Մոսկվայի դեմ, ինչպես եւ եղավ իրականում: Այսինքն՝ դա լինելու էր անկախության կռիվ, այլ ոչ թե «միջէթնիկ բախում», եւ ոչ թե պտահականորեն՝ հանգամանքների բերմամբ, այլ ըստ հարցի ներքին օրիանաչափության:
Այստեղ «կռիվը» մի փոքր ավելի լայն իմաստով պետք է հասկանանք: Մի կողմից որպես կողմերի բախում, պայքար, բայց մյուս կողմից որպես ընդհանրապես ուժային փոխհարաբերություն, որտեղ բախման փուլերը կարող են հետեւել խաղաղության եւ համագործակցության փուլերի: Սակայն այս երկու փուլը միավորում ենք որպես «կռիվ», որովհետեւ դրանք մեկը մյուսից բխող են, միմյանցից միանգամայն անկախ չեն, միեւնույն ուժային փոխարաբերության արտահայտություն են: Այսպես՝ հայերի ուժային գործոն դառնալը Ղարաբաղյան շարժման ընթացքում եւ մյուս կողմից՝ Ռուսաստանի թուլացումը ՍՍՀՄ փլուզումից հետո, փոխեցին ուժային հարաբերությունների քարտեզը եւ իր կասերական խուսանավման մարտավարության մեջ Ռուսաստանը որոշ չափով թեքվեց ավելի դեպի հայկական կողմը: Խոսքը հենց խուսանավման շրջարկում թեկվելու մասին է, ինչը նշանակում է, որ հայ-ռուսական դաշնակցությունը ոչ միայն երբեք չի եղել, այլ չի էլ կարող լինել լիարժեք դաշնակցային ըստ սահմանման, եւ երկու հակամարտող կողմերի միջեւ որոշակի հավասարակշռություն կայսերական կենտրոնը միշտ էլ պետք է պահի: Հարցը միայն այդ ընդհանուր կշռույթի՝ այս կամ այն կողմ թեքվելը կարող է լինել:

Ի դեպ, մեզանում տարածված պատկերացումները, թե Ռուսաստանում այն ժամանակ այնպիսի «բարդակ» էր, որ տարբեր ուժային կենտրոնները կարող էին տարբեր դիրք ունենալ, գուցե եւ ունի լուրջ հիմք, որը հերքել կամ հաստատել իմ փորձից եւ գիտելիքների հնարավորություններից դուրս է, սակայն, զուտ տիպաբանորեն դա գոնե մասամբ կարող է լինել ավելի հայկական հայացքի պատրանք, «փոքր» ազգի դիտակետի աբերացիա կայսերական քաղաքականության նկատմամբ, քանի որ երկուսը՝ ազգայինն ու կայսերականն ընդհանրապես դժվար են հասկանում միմյանց: Այսօր էլ որոշ դեպքերում հայտնվում են մարդիկ, որոնք ասում են, բա գիտեք, Ռուսաստանը բազմակենտրոն է: Իհարկե, կարող է բազմակենտրոն լինել, բայց կայսերական քաղաքականությունը բնազդ է, քաղաքական «ԴՆԹ» եւ նույնիսկ եթե իրացվում է չգիտակցված ու «պատահականորեն»՝ ուղղություններն ու արդյունքները նույնն են, եւ բնազդորեն «ճիշտ»:



Կարո՞ղ էր արդյոք Հայաստանը կռվել Ռուսաստանի դեմ

Կարո՞ղ էր արդյոք Հայաստանը կռվել Ռուսաստանի դեմ: Մի հարց, որն ինքին այնքան անհեթեթ է, որ կարող է ձեւակերպվել միայն որպես ճարտասանական: Հենց այս՝ չասված, բայց ենթադրվելիք հարցի անհեթեթությունն է, որ ստիպում է Դեմիրճյանի եւ Գալստյանի խոսակցությանը ներկա բյուրոյականներին քմծիծաղել, իսկ Գալստյանին զգալ իրեն «խոնարհի» դիրքում:
Իրոք, եթե հենց այսօր էլ նույն հարցը տրվի հայաստանցուն՝ սովորական քաղաքացուն թե գործչին կամ քաղաքագետին, ապա արձագանքը նույնն է լինելու: Եվ սա չնայած նրան, որ մեր իսկ ապրած կյանքի փորձը հակառակն է հուշում՝ հնարավոր է կռվել եւ հաջողության հասնել հայ-ռուսական «կռվում», եւ մենք հենց դա էլ փաստացի արել ենք 1988-91 թթ.-ին: Արդյո՞ք՝ հակառա՞կ տրամաբանության եւ հաշվարկի:
Եթե այսօր ինչ որ հրաշքով տեղափոխվենք 1988-ի փետրվար, ապա, ունենալով մեր թիկունքում անկախ Հայաստանի փաստացի 30-ամյա պատմության փորձը՝ փորձ, որը ներառնում է նաեւ հաղթականը հանուն Ղարաբաղի ազատագրման եւ Հայաստանի անկախության պայքարում, այդ թվում՝ ռազմի դաշտում, ի՞նչ կպատասխանենք մենք նույն այդ հարցին՝ հնարավո՞ր է, որ Հայաստանը պայքարի Ադրբեջանի եւ Ռուսաստանի դեմ միաժամանակ եւ հաջողության հասնի: Վստահորեն կարելի է ասել, որ պատասխանը լինելու է՝ ո՛չ, չի կարող:
Ավելին՝ կարելի է նույնիսկ ենթադրել, որ հենց այսօրվա հայաստանցին ավելի մեծ հավանականությամբ կպատասխանի ո՛չ, որովհետեւ այսօրվա հայաստանցին չնայած հաջողված պայքարի եւ հաղթանակի փորձի չկարողացավ իր աշխարհայացքը կառուցել իր իսկ վերապրածի շուրջ, այլ ապրեց ու ապրում է իր իսկ չիմաստավորված փորձի եւ փոխառած, գրքային, թղթային գիտակցության հակասության մեջ: Տարբեր պատճառներով՝ նա ավելի անինքնավստահ է քան 88-ի «միամիտ» հայաստանցին: Այդ պատճառներ էլ առանձին խոսակցության թեմա են:

Գայթակղությունը՝ «ոգին», «խենթությունը», «խելագարությունը» որպես կեղծ բացատրություններ

Պետք է ողջ խորությամբ վերապրել ու գիտակցել այս հարցը՝ ինչպե՞ս է, որ մի ժողովուրդ կարողանում է հաղթել հակառակ ակնհայտ թվացող տրամաբանության: Սա հարցերի հարցն է: Արդյո՞ք պատմությունն անտրամաբանական է, ապաբանական:
Այստեղ ամենակարեւորն է նախ դիմանալ հեշտ ճանապարհի՝ պարզ թվացող, բայց միաժամանակ տափակ ու փակուղային պատասխանների գայթակղությանը: Այստեղ չպետք է լինի ոչ մի «խենթ» «հերոսականություն», ոչ մի «ամբոխները խելագարվածների» քնարականություն, ոչ մի խելահեղբերը հաղթում են հակառակ տրամաբանության եւ հաշվարկի դատարկաբան ռոմանտիկա: Հակառակ տարածված պատկերացումների՝ գժությունը, հոգեխանգարմունքը, խելառությունը ոչ մի դեր չունեն եւ երբեք չեն ունեցել պատմության մեջ՝ ո՛չ դրական, ո՛չ բացասական իմաստով: Ոչ մի իրական պատմական հերոս չի եղել «խենթ», եւ ոչ մի «արյունոտ բռնակալ» հոգեկան հիվանդ: Դրանք հեքիաթներ են մեծերի համար՝ սովորաբար կոչված թաքցնելու կամ պարզեցնելու պատմա-քաղաքական իրականությունները: Չպետք է լինի եւ ոչ մի «որովհետեւ Ոգին հաղթում է քանակին, նյութին» եւ նման կեղծ խորհդապաշտություն, «միստիկա»: Հոգին իրոք հաղթում է, բայց հոգին անմարմին ու անբանական մի ուրվական չէ, այլ նյութական ուժ եւ սթափ բանականություն: Հակառակ ռոմանտիկ շտամպերի՝ հոգին պատմության խաչմերուկներում քաշ եկող հարբեցող չէ:
Պատմություն եւ քաղաքականությունը տրամաբանական են եւ բանական: Նրանք այդպիսին են ավելի քան որեւէ բան այս աշխարհում: Բայց ինչպիսի՞ տրամաբանություն է դա: Պետք է տարբերենք թղթե տրամաբանությունը՝ վերացական հաշվարկը «վակուումի» մեջ, եւ իրականության տրամաբանությունը, որը միշտ նյութական է, կոնկրետ է՝ հաշվարկ այս կոնկրետ իրավիճակում, եւ միաժամանակ ունի ոչ թե մեկ, այլ միանգամից մի քանի չափումներ, այսինքն արտացոլում է իրականության բազմաշերտությունը, նրա հակասություններից հյուսված լինելը: Իրական տրամաբանության մեթոդն ու կարգախոսն է՝ ոչ թե տեսությունը պարտադրել իրականությանը, այլ հակառակը՝ իրականությունից բխեցնել տեսությունը:

Թղթե տրամաբանությունն ընդդեմ նյութականի

Ի՞նչ է բան է նյութական, կոնկրետ տրամաբանությունը: Խոսենք պատմա-քաղաքական օրինակներով: Պատմական փորձից բոլորս գիտենք, որ միշտ չէ, որ ուժեղը՝ նույնիսկ բացարձակ ուժեղը հաղթում թույլին, նույնիսկ՝ բացարձակ թույլին: Գիտենք, որ ԱՄՆ-ի պես գերտերությունը պարտվել է Վիետնամի դեմ պատերազմում, ԽՍՀՄ պես գերտերությունը ձախողվել է Աֆղանստանում եւ այլն: Բնականաբար կան եւ հակառակ օրինակներ՝ երբ ուժեղն «օրինաչափորեն» հաղթում է թույլին, բայց դրանք մեզ այստեղ հետաքրքիր չեն: Ինչո՞ւ ենք «օրինաչափորենը» դնում չակերտների մեջ: Որովհետեւ օրինաչափությունը չի կարող լինել մասնակի՝ եթե կան բազմաթիվ հայտնի դեպքեր, երբ հակառակ «օրինաչափության» հաղթում է թույլն, ուրեմն, ուժեղի հաղթանակը որպես օրինաչափություն թվացյալ է, չկա նման օրինաչափություն:
Հենց այստեղ է թղթե, վերացական եւ իրական, նյութական տրամաբանության տարբերության մեխը: Առաջինի համար օրինաչափ է ա՛յն, ինչ թվում է ճիշտ ըստ վերացական՝ պայմաններից կտրված հաշվարկի, երկրորդի համար օրինաչափը պետք է բխի՛ փորձից եւ համապատասխանի՛ փորձի: Փորձը ցույց է տալիս, որ ուժեղի եւ թույլ բախման արդյունքները տարբեր են լինում՝ մե՛րթ մեկն է հաղթում, մե՛րթ մյուսը: Սովորաբար այստեղից առօրյա, թղթե տրամաբանությունն այն եզրակացությունն է անում, որ, ուրեմն, պատմությունն ու քաղաքականությունն օրինաչափությունից, տրամաբանությունից դուրս են, «ճշգրիտ» գիտություն չեն (ստացվում է, որ ճշգրիտն առավել պարզունակն ու տափակն է: Բացի այդ, մոռանում են, իհարկե, որ բնագիտությունը, որը համարվում է «ճշգրիտ», ամենեւին էլ այդպիսին չէ՝ մի քանի ամենա պարզ դպրոցական բաժիններից դուրս: Ի՞նչ ճշգրիտ բան կա, օրինակ, աստղագիտության կամ կենսաբանության առավել հետաքրքիր մասերի մեջ):
Նույնիսկ այն հանրույթները, որոնք անմիջապես անցնում են «թույլը հաղթում է ուժեղին» փորձի միջով, չգտնելով տրամաբանական բացատրություն սեփական փորձին, չկարողանալով այն վերածել գիտակցության եւ տեսության, իմաստավորում են իրենց իսկ հետ եւ իրենց իսկ ջանքով տեղի ունեցածն ապաբանական, առասպելաբանական եզրաբանությամբ՝ որպես հրաշք, կամ որպես աննյութական ու աննկարագրելի «ոգու հաղթանակ» (աստվածային ոգի կամ ժողովորդի ոգի՝ նայած ճաշակի: Երկու դեպքում էլ նվաստացվում է ակամայից աստվածայինն ու ժողովրդականը, որն այս մեկնաբանությամբ դառնում է ինչ որ ապաբանական, անիրական ուժ) կամ խենթություն, այսինքն՝ եթե հանենք խենթության ռոմանտիկ աուրան՝ հիմարություն: Ստացվում է, որ մարդիկ իրենք իրենց վերագրում են հիմարություն, որովհետեւ իրենց իսկ գործը հակասում է վերացականորեն հասկացված «տրամաբանությանը»:

Ուժի եւ թուլության փոխակերպումները

Հիմա նորից դառնանք օրինակներին: Ինչո՞ւ իրականում հակառակ թվացյալ տրամանությանը ոչ բոլոր դեպքերում է ուժեղը հաղթում թույլին: Կարո՞ղ է արդյոք ընդհանրապես ուժեղը պարտվել, իսկ թույլը հաղթել: Իհարկե՝ ո՛չ, դա իրոք անհեթեթություն է: Պարզապես կոնկրետ իրավիճակում ուժեղը եւ թույլը կարող են փոխվել տեղերով՝ ընդհանրապես ուժեղը, կարող է այս մի մասնավոր դեպքում եւ այս մի մասնավոր կետում լինել թույլ եւ հակառակը: Վերցնենք հենց ԱՄՆ-Վիետնամ դեպքը: Իհարկե, ԱՄՆ-ն ընդհանապես ավելի ուժեղ էր եւ է՛ քան Վիետնամը, բայց երբ կոնկրետացնում ենք իրավիճակը, ապա, տեսնում ենք, որ ուժեղն ունի իր թուլությունները, իսկ թույլն իր ուժը: Այսպես՝
ա. Ուժեղը բոլոր դեպքերում չէ, որ կարող է գործել իր ողջ ուժով: Նույնիսկ ավելին՝ դեպքերի մեծ մասում, ուժեղը չի կարող գործադրել իր ուժի ողջ ծավալը: Պարզ է, որ եթե, օրինակ, ԱՄՆ-ը Վիետնամի վրա մի քանի կամ նույնիսկ մեկ ատոմային ռումբ գցեր, ապա, Վիետնամի դիմադրությունը կհաղթահարվեր՝ որքան էլ քաջ ու նվիրաված լինեին վիետնամացիները: Բայց պարզ է, նաեւ, որ ԱՄՆ-ը չէր կարող Վիետնամի դեմ ատոմային զենք գործադրել: Եվ ոչ միայն ատոմային զենք օգտագործել, այլեւ, իր այլ կարողությունների մի զգալի մասը: Օրինակ, չէր կարող իր զինված ուժերի մեծ մասն ուղարկել Վիետնամ՝ ստեղծելով անբեկանելի քանակական առավելություն:
Նույնը եւ ուժեղ-թույլ բախման ցանացած դեպքում: Տարբեր պատճառներով առավել ուժեղը որպես կանոն չի կարող իր ուժերի ամբողջոթյունը կենտրոնացնել թույլ դեմ, այսինքն՝ ուժեղն այս դեպքերում գրեթե երբեք չի գործում իր ողջ ուժով: Նույնն օրինաչափությւոնն է գործում, ասենք, ԽՍՀՄ-ԱՖղանստան բախման դեպքում: Բականաբար նույնն է եղել եւ Ղարաբաղյան շարժման ժամանակ, երբ բախվում էին հայերի եւ Մոսկվայի շահերը՝ հո ատոմային զենք չէի՞ն օգտագործելու հայերի դեմ:
Պատմա-քաղաքական տրամաբանության բարդություններից, հակասություններից մեկն, ուրեմն, այն է, որ թույլի դեմ պայքարում ուժեղը ստիպված է գործել սահմանափակ՝ թույլին համապատասխան ուժով: Այսինքն՝ թույլի դեմ պայքարում, ուժեղն ինքն է մասմաբ վերածվում ավելի թույլի, հարաբերականորեն հավասարվում է նրան: Ուժեղն ուժեղ է ուժեղների դեմ, եւ ավելի թույլ՝ թույլերի:


Ուժեղի եւ թույլի պայքարը վակուումի մեջ չի ընթանում

բ. Ուժեղի եւ թույլի պայքարը տեղի չի ունենում վակուումի մեջ, ինքն իրենով: Նախ՝ միշտ կան այլ դերակատարեր, որոնք իրենց շահը կտեսնենք երկուսի պայքարում՝ հոգուտ պայքարող կողմերից մեկի կամ մյուսի, կամ էլ՝ հոգուտ պայքարի ինքնին: Հատկապես, ուժեղը որպես կանոն ունենում մրցակիցներ, որոնք պատրաստ են այս կամ այն կերպով աջակցել թույլի պայքարին ուժեղի դեմ, եթե հանգամանքները դա թույլ են տալիս:
Եթե ուժեղի եւ թույլի միջեւ պայքար է ծավալվում, դա նշանակում է ինքնին, որ ուժեղը լիովին չի վերահսկում պայքարի տարածքը: Եթե ուժեղի վերահսկողությունը լինում է լիարժեք, պայքարի հնարավորությունը խեղդվում է սաղմի մեջ: Եթե սկսվում է պայքար, ուրեմն կամ դա ընթանում է ուժեղի ազդեցության սահմանային գոտում, ուր նրա ուժն ու ազդեցությունը բացարձակ չեն, եւ կան այլ ազդեցություններ, կա ուժի պակաս:
Օրինակ, նույն Ղարաբաղյան շարժումը չէր կարող ծավալվել, ասենք, 1952 կամ 1980 թավականին, որքան էլ հայերի համար այդ հարցը լիներ ցավոտ եւ արդիական՝ պարզ է, որ սովետական կենտրոնական իշխանությունը կճնշեր ցանկացած նման փորձ իր ամենա նախնական փուլում: Անհրաժեշտ էր սովետական իշխանության որոշակի թուլացում, որպեսզի ծավալվեր Ղարաբաղյան շարժումը:
Եթե ուժեղի եւ թույլի պայքարի ծավալում իսկ ինքնին ենթադրում է դրա մեջ ներգրավված ուժեղի որոշակի թուլացման միտում, ուժի պակասուրդ պայքարի տարածքում, ուժային դիրքերի վիճարկում, ապա դա բնականաբար նաեւ նշանակում է մեկ այլ՝ երրորդ ուժի միջամտության հնարավորություն: Հատկապես, եթե ուժեղի դեմ պայքարում ավելի թույլը որոշակի դիմացկունություն, համառություն եւ կենսունակություն է դրսեւորում, եթե պայքարը տեւական բնույթ է ստանում, ապա վաղ թե ուշ նա ձեռք է բերում ուղղակի կամ անուղղակի դաշնակիցներ, աջակիցներ դրսից: Դրանք կարող են լինել կամ թույլի դեմ պայքարի մեջ մտած ուժեղի մրցակիցները՝ այլ ուժեղ կամ միջին տերություններ, կամ էլ մյուս համեմատաբար թույլ ուժերը, որոնք զուգահեռաբար պայքարում են ուժեղի հետ:
Այսինքն՝ ցանկացած քիչ թե շատ տեւական պայքար ինչ որ պահից այլեւս հնարավոր չի լինում նկարագրել միայն տեղական կամ միայն երկակի ուժային հավասարակշռությամբ, այլ անհրաժետ է լինում հաշվարկի մեջ ներառնել հավելյալ՝ դրսի ուժեր:
Եթե վերհիշենք Վիետնամական պատերազմի օրինակը, ապա Վիետնամը երբեք չէր կարող հաղթել այդ պատերազմում, եթե չլիներ ԽՍՀՄ ներգրավվածությունը: Դա չի նշանակում, թե բուն վիետնամացիների դիմադրությունն արժեզրկվում է: Հակառակը՝ ԽՍՀՄ աջակցությունը հնարավոր էր միայն տեղացիների դիմադրության կամքի առկայության հիմքով: Բայց մյուս կողմից, որքան էլ ուժեղ լիներ այդ կամքը, այն չէր կարող մեն-մենակ հաղթել ԱՄՆ-ի նման դիմադրությանը:
Սրանք պարզ ճշմարտություններ են, հեռու որեւէ «միստիկայից», բայց որոնք սակայն, շատ հաճախ մոռացվում են, երբ վերացական տրամաբանությունը փորձում է նախապես հաշվարկել ուժեղի եւ թույլի բախումը:

Ուժեղի թուլությունն ու թույլի ուժը

գ. Ուժեղն ունենում է իր թույլ կետերը, եւ հակառակն՝ թույլն ունի իր ուժեղները: Դրանք կարող են լինել ընդհանրապես թույլ կետեր, կամ տվյալ պահի միտումներ: Վերջիններս հատկապե՛ս կարեւոր են կոնկրետ իրավիճակում եւ առավել նուրբ ու բարդ է դրանց հաշվարկումը: Այսպես նույն ԱՄՆ-ը Վիետնամական պատերազմից մեկ տասնամյակ առաջ կարողացավ ապահովել Կորեայի հարավում իրեն դաշնակից պետության գոյությունը, չնայած պայմանները շատ նման էին վիետնամական պատերազմի պայմաններին: Այստեղ էլ ԱՄՆ-ը չէր կարող իր ողջ ուժը դնել պայքարի մեջ, եւ այստեղ էլ կար ԽՍՀՄ աջակցությունը կորեացիների պայքարին: Սակայն այսօր կա Հարավային Կորեա, բայց չկա Հարավային Վիետնամ: Երկուսի միջեւ տարբերություններից վճռական է ժամանակաշրջանի տարբերությունը: Վիետնամական պատերազմը համընկավ 60-ականներին ԱՄՆ-ում ձախ, հակապատերազմական տրամադրությունների աճի հետ, եւ պատերազմը հանդիպեց ուժեղ դիմադրության հասարակության որոշ, ընդ որում՝ վերնախավային, լավ կազմակերպված եւ իր տեսակետը տեղ հասցնելու լայն կարողություններ ունեցող հատվածի կողմից:
Հակառակը՝ բուն Վիետնամում պատերազմն ընկալվում էր որպես արդար, հայրենասիրական եւ զոհողությունների արժանի, իսկ եթե եղել էլ է այլ ընկալում, ապա շնորհիվ վիետնամական ռեժիմի կոշտ եւ փակ բնույթի, մենք դա չենք կարող իմանալ: (Բավական չէ, որ հասարակության ինչ որ հատված ունենա տեսակետ, այն պետք է ունենա նաեւ իր տեսակետն արտահատելու կազմակերպված խողովակներ: Որպես կանոն այդպիսի խողովակներ ունենում են հանրության վերնախավային շերտերը, որոնք էլ իրենց տեսակետը պարտադրում են մեծամասնությանը, կամ «նաղդում են» մեծասմանության տեսակետի փոխարեն):

Հակասությունների տրամաբանությունը

Ինչպես տեսնում ենք, ուժն ու թուլությունը ոչ թե մնայուն են՝ ստատիկ, այլ շարժունակ՝ դինամիկ, ոչ թե բացարձակ են, այլ հարաբերական, ոչ թե անփոփոխ են, այլ փոփոխական: Չի լինում ընդհանրապես ուժեղ եւ ընդհանրապես թույլ՝ այդպես լինում է միայն պայմանական վակուումի մեջ, թղթի վրա, միաչափ հաշվարկում: Լինում է ուժ եւ թուլություն այսինչ իրավիճակում, եւ այդ իրավիճակում էլ նույնպես՝ փոփոխական:
Է. Լյուտվակը սա համարում է ռազմավարական ոլորտին բնորոշ հարակարծիք (պարադոքսալ) տրամաբանություն: Իր «Ռազմավարություն» ծավալուն աշխատության մեջ, ուր նա մանրամասն վերլուծում է այդ տրամաբանությունը, նա տալիս է հետեւյալ պատկերավոր ձեւակերպումը՝ ռազմավարությունն այն միակ ոլորտն է, ասում է նա, ուր վատ ճանապարհը կարող է ավելի լավը լինել քան լավ ճանապարհը: Այս միայն առաջին հայացքից տարօրինակ պնդումը շատ պարզ հիմք ունի՝ թշնամու դեմ գործողությունը, որն օգտագործում է լավ ճանապարհը կանխատեսելի է թշնամու համար, եւ նա նախապես պատրաստ է դրան, մինչդեռ վատ ճանապարհով գործողությունն անսպասելի է, եւ որպես այդպիսին հաճախ բերում է հաջողության: Թեեւ Լյուտվակն այս տրամաբանությունը համարում է բնորոշ հատկապես ռազմական ոլորտին, սակայն, իրականում այն ցանկացած պայքարի հատկանիշն է, այսինքն՝ դրանով նկարագրելի են ոչ միայն ռազմական գործողությունները, այլեւ, օրինակ քաղաքականությունը:
Բայց ավելի ընդհանուր վերցված՝ այն ինչ Լյուտվակը բացահայտում է որպես ռազմավարության հարակարծիք տրամաբանություն, այլ բան չէ քան հեգելյան իմաստով տրամախոսություն՝ դիալեկտիկա, մի մեթոդ, որը Հեգելից ժառանգել է նաեւ մարքսիզմը, եւ որին գոնե անվանապես անընդատ ղհում էր կատարվում սովետական իրականության մեջ (իհարկե առավել հաճախ հենց անվանապես, այլ ոչ թե իրապես օգտագործվելով): Անվանի մարքսիստ գործիչների քաղաքական եւ պատմական վերլուծությունները հենց նրանով են արժեքավոր ու այսօր էլ՝ ուսանելի անկախ նրանց գաղափարական ուղղվածությունից, որ հենվում են վերլուծության տրամախոսական (դիալեկտիկ) մեթոդի վրա:
Ի դեպ հայերեն տրամաբանություն բառը, որն այսօր օգտագործում ենք որպես լոգիկայի համարժեք, բառացի պատճեն է, ոչ թե հունարեն լոգիկայի այլ՝ դիալոգ բառի: Լոգիկայի բառացի թարգմանությունը հենց բանականությունն է: Դիալոգ բառին շատ մոտ կազմություն ունի՝ դիալեկտիկա բառը, որը բառացի նույնպես նշանակում է՝ երկխոսել, հին հայկական թարգմանությամբ՝ տրամախոսել: Դիալեկտիկ կամ տրամախոսական մեթոդը հին հունական իմաստով նշանակում է՝ զրույցի մեջ կամ զրույցի միջոցով, հակադրելով իրար տեսակետները, վերլուծել երեւույթը, բացահայտել նրա տարբեր կողմերը:
Բայց 1988-ի դրությամբ ե՛ւ սովետական գործիչների, ե՛ւ սովետական պատմաբանների համար այս մեթոդն արդեն վաղուց միայն մի ձանձրալի անուն էր, պաշտոնական ճարտասանության բովանդակազուրկ ծիսական ոգեկոչումների մասը, որի իրական իմաստը մթագնել էր: Այնպես որ, ո՛չ Դեմիրճյանը, ո՛չ էլ ղարաբաղյան շարժման ներկայացուցիչները չէին կարող դա օգտագործել գոնե գիտակցորեն եւ ամբողջական ուժով:
Բայց իրականում պարտադիր էլ չէ խորանալ հեգելյան բարդ ձեւակերպումների մեջ, ընկալելու համար այս մեթոդը, որովհետեւ ի տարբերություն թղթե, ձեւական տրամաբանության, դա ամենօրյա կյանքի, ամենօրյա փորձի տրամաբանությունն է, ուր իրար հակադիր բեւեռները միշտ էլ բխում են մեկը մյուսից, գոյություն ունեն ոչ թե առանձին-առանձին՝ վերացականորեն, այլ փոխկապակցված: Ոչ ոք չի զարմանում այն հակասությունից կամ հարակարծությունից, որ լույսը ծագում է մթից, օրը վերածվում է գիշերվա՝ առանց հստակ սահմանի, կամ որ ժամանակն անընդատ հոսում է՝ ապագան վերածելով նեկայի, իսկ ներկան՝ անցյալի, եւ ոչ մի վայրկյան հնարավոր չէ կանգնեցնել այդ հոսքը, եւ այլն, եւ այլն: Այս բոլոր «հակասությունները», կառուցում են մեր կյանքը, բայց թղթե տրամաբանության համար անլուծելի են՝ չէ՞ որ օրն ու գիշերը, կյանքն ու մահը, ներկան ու անցյալը հակադիր են միմյանց:

Ամփոփում. ինչպե՛ս վատ ճանապարհը դարձավ լավագույնը

Մոտենում ենք, ուրեմն, մեր շարադրանքի հիմնական հակասության բացահայտմանը: Վերլուծելով Կարեն Դեմիրճյանի հարցադրումը Ղարաբաղյան շարժմանը, տեսանք, որ այն փաստացի առարկություն է ընդդեմ թղթե քաղաքականության: Դեմիրճյանն ուզում է ասել, թե հնարավոր չէ թղթերով պայքարել, որ իրական պայքարը ուժային է, իսկ թուղթը միայն դրա ձեւական արտահայտությունն է: Հռչակելով մի բան թղթի վրա, պետք է այդու, թղթե որոշումն իրացնել ուժով, բայց այդ ուժը հայ ազգը չունի: Այս առարկությանը Շարժման ներկայացուցիչ Գալտսյանը պատասխան չունի, եւ թվում է, թե հարցը միանշանակ լուծված է հոգուտ Դեմիրճյանի: Սակայն, գիտենք, որ հետագա զարգացումների փորձը ցույց տվեց, որ գործնականում ճիշտ էր ոչ թե Դեմիրճյանն, այլ Ղարաբաղյան շարժումը: Ինչպե՞ս բացատրել այս հակասությունը, չէ՞ որ ի սկզբանե թվում էր, որ հենց Դեմիրճիանի տրամաբանությունն էր կենսական, իրական, եւ դա հաստատվում է հենց այն փաստով, որ դրան չի գտնվում պատասխան:
Հետագա վերլուծությունը, սակայն, ի հայտ բերեց Դեմիրճյանի անհաղթաարելի թվացող փաստարկի ներքին հակասությունը: Տեսանք, որ Հայաստանի ղեկավարը թղթե քաղաքականությանն առարկում է փաստացի... թղթե տրամաբանությամբ, թղթե հաշվարկով: Իրականության տրամաբանությունն ավելի բարդ էր քան այդ ըստ ձեւի տրամաբանությունը: Եվ համաձայն ռազմավարության հարակարծիք բնույթի՝ վատ ճանապարհն ավելի լավը դուրս եկավ քան լավը. տվյալ դեպքում՝ պատասխան չունեցողն ավելի ճիշտ դուրս եկավ քան անվիճարկելի հարցադրում անողը:
Ուրեմն, հետագա շարադրանքում, պետք է վերադառնանք Համբարձում Գալստյանի, իմա՝ Ղարաբաղյան շարժման դիրքին, եւ հասկանանք, թե ինչպիսին էր դրա իրական՝ չասված, բայց իրականացված պատասխանը Կարեն Դեմիրճյանի առարկությանը: Ինչպե՞ս ստացվեց, որ ձեւական, «տրամաբանական» պատասխան չունեցողն, իրականում, ուներ պատասխան, որը գործնականորեն, այլ ոչ միայն ըստ ձեւի ժխտեց Դեմիրճյնաի պես հմուտ գործչի անառարկելի առարկությունը: Այս ճանապարհին մենք դեռ շատ հակասություններ պետք է լուծենք՝ հասնելով մինչեւ մեր օրերը:


Comments

Popular Posts