Search This Blog

2012-12-27

Սևերով խաղը. հայկական հակահեղափոխությունը



Հայաստանում տեղի է ունեցել հակահեղափոխություն:

Որպեսզի հասկանալի լինի, թե ինչի մասին է խոսքը, նախ մի երկու բառով քննենք, թե ինչն է՛ և ինչը չէ՛ հեղափոխություն:
Նախ՝ հեղափոխությունն այն չէ, ինչը հայ լրագրության մեջ սովորաբար կոչվում է «սոցիալական բունտ»: Պատմությանը, իհարկե, հայտնի են դեպքեր, երբ չունևորները, ցածր խավերի ներկայացուցիչները, ստրուկները, գյուղացիներն իրենք իրենցով, առանց այլ՝ միջին կամ բարձր դիրք ունեցող հասարակական շերտերի ներկայացուցիչների կազմակերպման, ապստամբում են իշխող վերնախավի դեմ: Սակայն ես գոնե չեմ հիշում որևէ դեպք, երբ այդ ապստամբությունները հաջողությամբ են պսակվել: Գուցե կան այդպիսիք, բայց բացառություն են:
Հեղափոխության խաղաղ կամ ոչ խաղաղ ձևերի տարբերակումը տվյալ դեպքում անկարևոր է, քանի որ զուտ տեխնիկական հարց է՝ էությունը նույնն է: Այնպես որ մեծ հետաքրքրություն չեն ներկայացնում նաև «սահմանադրակա՞ն, թե՞ ոչ սահմանադրական ճանապարհի» մասին մեզանում նույնպես մոդայիկ խոսակցությունները:
Հեղափոխությունը նախ գիտակցության և այդ գիտակցությունը կրող դասի, շերտի, հասարակության հատվածի խնդիր է: Իհարկե, անհրաժեշտ են նաև առարկայական պայմաններ, բայց դրանք կարող են դարերով անգամ գոյություն ունենալ և ոչնչի չբերել, եթե չկա գիտակցությունը և այն կրող ու ձևակերպող «առաջապահը» (ավանգարդը): Հեղափոխության մասին խոսելիս չփորձենք ավելի խելոք լինել կամ թվալ, քան այդ գործի վարպետներ ու տեսաբաններ Լենինն ու Գրամշին:

2012-12-24

Սերժը փրկի՞չ: Օ, ո՛չ:



Առաջ ասում էին մոտավորապես այսպես. քանի որ պատերազմի վտանգ կա, ապա հանո՛ւն ազգային միասնության, հանո՛ւն Արցախի եւ այլն, մի կողմ ենք դնում մեր սկզբունքային տարաձայնությունները իշխանության հետ: Կամ. քաղաքացիական բախումների, ցնցումների, արյունահեղության, պատերազմի վտանգերից խուսափելու նպատակով եւ հետո էլի նույնը: Հիմա ավելի մոդայիկ տարբերակ է շրջանառության մեջ դրվում՝ բացահայտորեն կամ էլ ակնարկներով: Այն է՝ Սերժ Սարգսյանը մեզ փրկելու է Պուտնինից, ռուսներից, Եվրասիական միությունից եւ այն, հետեւաբար հանուն այդ վեհ նպատակի, պետք է մի կողմ դնել բոլոր նախկին տարաձայնությունները եւ.....: Շարունակությունը պարզ է: Տեսնենք, թե ի՞նչ է սա նշանակում: