Թեզեր անկախության 26-ամյակի առթիվ. Հատված Ա

1. Անկախության խնդիրն ունի դիտարկման երկու կողմ՝ արտաքին եւ ներքին, եւ երեքական առում յուրաքանչյուր կողմի համար՝ ձեւական, կառուցվածքային, բովանդակային:

2. Անկախության արտաքին ձեւական կողմը պետության միջազգային իրավական կարգավիճակն է՝ նրա ճանաչումն այլ պետությունների եւ միջազգային կառույցների կողմից:
Սա անկախության առավել մակերեսային եւ անբովանդակ կողմն է: Չնայած դրան, ավելի ստույգ՝ հենց շնորհի՛վ դրա այն հաճախ նույնացվում է բուն երեւույթին, քանի որ կենցաղային մտածողությունը հակված է նույնացնել երեւույթները նրանց ձեւական արտահայտությանը:
Հավելում
Մակերեսայինն ու անբովանդակայինը չի նշանակում անկարեւոր եւ անարժեք: Սակայն դա նշանակում է, որ այս կողմը գոյություն ունի ոչ թե ինքն իրենով, այլ որպես արտաքին դրսեւորում եւ վերջնական ձեւակերպում ավելի խորքայի՛ն՝ կառուցվածքային եւ բովանդակային առումների, եւ արժեք է հե՛նց որպես դրսեւորում, այլ ոչ թե ինքնաբավ երեւույթ:

3. Անկախության արտաքին կառուցվածքային կողմը պետության տեղն է տվյալ պահի միջազգային քաղաքական համակարգում:


3.1. Խոսքը պետությունների ձեւական իրավական հարաբերությունների մասին չէ (միմյանց իրավականորեն համահավասար ինքնիշխանություններ), այլ փաստացի ուժային աստիճանակարգային փոխհարաբերությունների:

3.2. Միջազգային համակարգը ոչ թե ձեւական հարաբերություն է, այլ օրգանական՝ կենդանի միություն, այսինքն՝ այնպիսի փոխհարաբերություն, որի անդամները կապված են միմյանց հետ միասնական ճակատագրով՝ «ծնվում», «ապրում», զարգանում եւ անկում են ապրում միասի՛ն, ենթակա են միեւնո՛ւյն միտումների եւ օրինաչափությունների՝ նման կենդանու, որի առանձին մասերը, թեեւ ունեն միմյանցից տարբեր արտաքին ձեւեր ու գործառույթներ, սակայն գոյություն ունեն ո՛չ թե որպես բացարձակ ինքնուրույն միավորներ, այլ միեւնո՛ւյն ինքնության մասերն են:

3.3. Համաշխարհային պատմությունը ո՛չ միայն, եւ ո՛չ այնքան առանձին պետությունների եւ ազգերի, այլ միջազգային համակարգերի՝ դրանց ձեւավորման, զարգացման, ճգնաժամերի, անկման եւ նորոգման պատմությունն է: Դա նշանակում է, որ առանձին պետությունների եւ ազգերի պատմությունը լիարժեքորեն հասկանալի միայն որպես տվյալ շրջանի միջազգային համակարգի մաս: Ամեն տվյալ պատմական փուլի եւ մեծ տարածության միջազգային համակարգի անդամ պետությունները ձեւավորվում, զարգանում եւ անկում են ապրում ոչ թե առանձին-առանձին, այլ որպես կենդանի միասնություն՝ ենթակա միասնական ճակատագրի:

3.4. Չկա բացարձակ անկախություն՝ ո՛չ իսկ մեծ տերությունների, ո՛չ էլ առավել եւս փոքրերի համար՝ կան միայն տվյալ միջազգային համակարգի շրջարկում՝ տվյա՛լ պահի եւ տվյա՛լ տեղի ուժային փոխհարաբերությամբ ձեւավորված անկախություններ, որոնք կամ անկում են ապրում եւ վերանում, կամ արմատապես վերաձեւակերպվում եւ վերածնվում են իրենց բնիկ համակարգի անկմամբ եւ նորի ստեղծմամբ:

3.5. Մեծ տարածքներ զբաղեցնող միջազգային քաղաքական համակարգերը հայտնի են հնագույն ժամանակներից, եւ դրանց կառուցվածքին եւ զարգացմանը բնորոշ հիմնական օրինաչափությունները չեն փոփոխվել դարերի ընթացքում:

3.5.1 Այսպես՝ դեռեւս մ.թ.ա 2-րդ հազարամյակում Մերձավոր Արեւելքում՝ ձեւավորվել էր Փոքր Ասիան (այդ թվում՝ Հայկական լեռնաշխարհի արեւմտյան եւ հարավային ծայրամասերը), Միջագետքը, Ասորիքը, Եգիպտոսը ընդգրկող միասնական քաղաքական համակարգ՝ իր մե՛ծ, միջի՛ն եւ փո՛քր հզորության պետություներով, որը, թերեւս, կարող ենք համարել պատմությունից հայտնի առաջին իրապես միջազգային համակարգ: Սրա մեջ մեծ տերությունների՝ Եգիպտոսի եւ Խեթական թագավորության ուժային կշռույթով պայմանավորված էր միջինների եւ փոքրերի դերը համակարգում եւ զգալի չափով՝ ներքին կյանքը, բայց մեծերն էլ իրենց հերթին բացարձակապես ինքնաբավ չէին, այլ կախված էին միջին եւ փոքր պետությունների համատեղ ուժային կշռույթից:

3.5.2 Այդ ժամանակվանից ցայսօր նույն օրինաչափություններով ձեւավորվում եւ անկում են ապրում միմյանց ժամանակի մեջ փոխարինող՝ միմյանց ժառանգող միջազգային համակարգեր: Կարող ենք պնդել, որ ուղիղ գծով ժառանգական կապ կա մինչեւ մեր օրերը. Եվրասիայի Արեւմուտքում՝ Մերձավոր Արեւելքում, Եվրոպայում եւ Հյուսիսային Աֆրիկայում մեկը մյուսին առանց ընդհահումների փոխանցելով «գահը», հերթով ձեւավորվել եւ անկում են ապրել միջազգային համակարգեր, որոնց հերթականությունը կարող ենք կոչել Մեծ Արեւմուտքի քաղաքակրթություն
Հավելում
Խոսքը եվրասիական մասշտաբով Արեւմուտքի մասին է, որն ընդգրկում է ոչ միայն Եվրոպան, այլեւ Մերձավոր ու Միջին Արեւելքը, եւ իր պատմական ճակատագրով ու մշակութային հիմքով հակադրվում է Հեռավոր Արեւելքին, ուր զուգահեռ զարգանում էր միջազգային քաղաքական համակարգերի ուրույն հաջորդականությունը՝ կենտրոնում ունենալով Չինաստանը:

3.5.3 Ժամանակի ընթացքում Մեծ Արեւմուտքի միջազգային համակարգերի տարածքը լայնացել է, բայց ժառանգական գիծը չի խզվել: Եթե ամենառաջին՝ մ.թ.ա 2-րդ հազարամյակի համակարգն ընդգրկել է միայն Մերձավոր Արեւելքը, ապա հաջորդ մեկ-երկու հազարամյակներում՝ հույների, ապա հռոմեացիների եւ սրանց միջոցով էլ մնացյալ Եվրոպայի, մյուս կողմից էլ արեւելքում՝ Իրանի ներգրավմամբ Արեւմտյան համակարգն ընդգրկել է Մերձավոր եւ Միջին Արեւելքը, Եվրոպան եւ Հյուսիսային Աֆրիկան ամբողջությամբ:
Այդ մեծ տարածքում ապրող ժողովուրդները, որքան էլ այս կամ այն պատմական փուլում որոշ չափով հեռվացել են միմյանցից, իսկ մյուսներում՝ առավել մերձեցել են իրար, մշտապես եւ անընդատ եղել են միեւնույն քաղաքական մեծ համակարգերի մաս, եւ ձեւավորել են միասնական մեծ քաղաքակրթություն, որը գերիշխող կրոնների անվմաբ կարող ենք կոչել՝ միաստվածական կրոնների քաղաքակրթություն, կամ գերիշխող գրական համակարգի անվամբ՝ այբբենական համակարգերի քաղաքակրթություն:
Առանձին համակարգեր են ձեւավորվել դեպի ավելի արեւելք ընկած Հնդկաստանում եւ Չինաստանում:

3.5.4 Վերջապես նոր ժամանակներում՝ մեծ աշխարհագրական հայնտագործությունների եւ եվրոպական գաղութատիրության արդյունքում բոլոր տեղական մեծ համակարգերը միաձուլվել են մեկ միասնական համաշխարհային քաղաքական համակարգի: Չնայած ծավալական այդ մեծ փոփոխությունների՝ համակարգերի ներքին կառուցվածքի եւ զարգացման օրինաչափություններում որեւէ էական փոփոխությոն չի եղել:

3.6 Հայաստանը հնագույն ժամանակներից ի վեր ընդգրկված է եղել Մեծ Արեւմուտքի քաղաքական համակարգերում: Արդեն ամենառաջին՝ «խեթա-եգիպտական» համակարգի շրջանակներում Հայկական Լեռնաշխարհի առանձին տարածքներ ներգրավված են եղել դրա մեջ՝ որպես միջին եւ փոքր չափի անախություններ: Հաջորդ՝ «ասորեստանյան» համակարգի սահմաններում Հայկական Լեռնաշխարհը միավորվում է մեկ պետության մեջ (Ուրարտու կամ Վանի թագավորություն)՝ որպես պատասխան Ասորեստանից եկող մարտահրավերի: Մեր ամբողջ մնացած պատմությունը մինչեւ այսօր հասկանալի է միայն ամեն տվյալ պատմական փուլի համակարգի պատմության մաս եւ երբեք բացատրելի չէ միայն ներսից՝ միայն հայկական ներքին զարգացումներից: Բնականաբար նույնը վերաբերում է ներկային:

3.7 Միջազգային քաղաքական համակարգերը կարելի է նմանեցնել աստեղային-մոլորակային համակարգերին՝ մեծ, միջին եւ փոքր երկնային մարմինների ձգողական ուժերի նուրբ հավասարակշռության: Երկնային համակարգերը ձեւավորվում են մե՛կ (ինչպես մեր Արեգկնային համակարգն է), կամ երկու եւ ավելի (ընդհուպ մինչեւ 7) աստղերի շուրջ. եթե ապրեինք բազմաստղ համակարգում, ապա մեր երկնքում կլիներ մեկից ավելին Արեւ: Աստղերի շուրջ պտտվում են մեծ եւ փոքր մոլորակներ, իսկ մոլորակների մեծ մասի շուրջ՝ արբանյակներ, եթե չհիշատակենք նաեւ աստղակերպերը, թզուկ մոլորակները, գիսավորները, երկնաքարերը եւ այլ մարմինները:
Չնայած ուժային աստիճանակարգի՝ ուժեղների գերակայությանը թույլերի նկատմամբ, համակարգի անդամ յուրաքանչյուր լիարժեք մոլորակ՝ անկախ իր չափից՝ ի՛ր գոտում եւ ի՛ր ներսում ինքնաբավ եւ «ինքնիշխան» միավոր է: Որեւէ պայմանական Յուպիտեր չի կարող խախտել կամ արմատապես փոխել իրենից բազմակի անգամ ավելի փոքր որեւէ պայմանական Մարսի դիրքը, հարաբերություններն իր անմիջական շրջապատի (օրինակ արբանյակների) հետ, ներքին օրինաչափությունները:

3.8 Միջազգային համակարգերը նույնպես կարող ենք նկարագրել որպես մեծ, միջին եւ փոքր ուժերի նուրբ հավասարակշռություն, ուր ոչ միայն ավելի փոքրերն են կախված մեծերից, այլեւ որոշ չափով՝ մեծերը փոքրերից, քանի որ համակարգն իր ամբողջության մեջ կազմված է բոլորի ուժային ներդրումից, այլ ոչ թե զուտ կենտրոնաձիգ համակարգ է, ուր կարեւոր է միայն առավել ուժեղի ձգողականությունը:

3.9 Որպես կանոն միջազգային համակարգերը ձեւավորվում են մեկ, երկու կամ նույնիսկ մի քանի մեծ ուժերի գերակայությամբ: Ուշագրավ է, որ հաճախ (բայց ոչ միշտ) երկու մրցակից ուժերից մեկի անկմամբ, անկում է ապրում եւ մյուսը, այսինքն՝ մրցակցությունը երկբեւեռ համակարգերում միշտ չի բերում բեւեռներից մեկի հաղթանակի, այլ երկուսի ծաղկումն ու անկումը տեղի է ունենում զուգահեռ, իսկ անկումից հետո գերակայությունն անցնում է ոչ թե երկուսից մեկի, այլ մի նոր՝ երրորդ ուժի:

3.10 Համակարգի միջին ուժերը գերակայում են իրենց անմիջական շրջապատում, եւ կարող են այդտեղ մրցակցել ոչ միայն միմյանց, այլեւ մեծ տերությունների հետ: Սրանք տարածաշրջանային, բայց ոչ համաշխարհային տերություններն են, որոնք չեն հավակնում գերակայության ամբողջ համակարգի ծավալով, բայց կարող են սուր մրցակցության մեջ մտնել մեծ տերությունների հետ իրենց միջավայրում:
Հավելում
Հաճախ տվյալ համակարգի միջին ուժերը՝ նախորդ համակարգերի մեծերն են, ավելի հազվադեպ՝ ազդեցությունը որակապես ավելացրած նախկին փոքրեր: Միջազգային համակարգերի ժառանգականութանն ավելի բնորոշ է ուժի պակասեցումը՝ թուլացումը՝ մեծից դեպի միջին եւ փոքր, քան ավելացումը: Նոր մեծերը հաճախ ձեւավորվում են ոչ թե համակարգի ներսից՝ ուժի ավելացմամբ, այլ ծայրամասային, սահմանային գոտիներից, յուրահատուկ ուժի ռեզերվուարներից (այս օրինաչափությունը, թերեւս, պակաս կիրառելի այսօրվա նկատմամբ):

3.11 Փոքր պետությունները ձեւավորվում են ուժի հավասարակշռման գոտիներում՝ այնտեղ ուր երկու կամ մի քանի մեծ կամ միջին տերոթյունների ազդեցություները չեզոքացնում են միմյանց, ի զորու չլինելով հասնել վճռական առավելության: Ազդեցությունների չեզոքացմամբ, հավասարակշռմամբ ձեւավորվում է ուժի պակասորդ, «վակուում», որն էլ իրենով լրցնում է «փոքր անկախությունը»:
Փոքր պետությունների անկախությունները հենց այդ ուժային հավասարակշռության կենդանի մարմնավորումն են: Որտեղ ազդեցություններից մեկն ի զորու է լինում հաստատել իր լիարժեք գերակայությունը, այնտեղ որեւէ իրավական ձեւակերպում եւ սկզբունք այլեւս ի զորու չէ պահպանել անկախությունը:

3.12 Ավանդական կայսերական աշխարհայացքի տեսակետից փոքրերի անկախությունը երբեք իրապես օրինակարգ չէ ՝ դրա ճանաչումը միշտ էլ ժամանակավոր փոխզիջում է կայսրության կողմից: Միայն ուժի, ազդեցության պակասն է ստիպում նրանց հաշտվել փոքր անկախությունների հետ:
Հավելում
Իմաստ չենք գտնում այստեղ ծավալվել կայսերական կամ մեծապետական քաղաքականության տարբեր ավանդույթների մասին, որոնց միջեւ կարող են լինել էական տարբերություններ փոքր պետությունների անկախությունների ձեւեկանա ճանաչման կամ չճանաչման նկատմամբ վերաբերմունքում: Տվյալ դեպքում որպես առավել տարածված եւ մեզ համար առացել արդիական վերցնում ենք՝ «ցամաքային կենտրոնացված կայսրության» կամ «հռոմեական» կաղապարը, որի համար իր գոտում իրենից դուրս ցանկացած ինքնիշխանություն ժամանակավոր չարիք է:

3.13 Փոքր պետությունները կարող են կայուն կողմնորոշված լինել մեծերից կամ միջիններից մեկին, բայց ավելի հաճախ փոքրերի հիմնական արվեստը ոչ թե կողմնորոշումն է, այլ մանեւրը խաչվող ուժային ազդեցությունների միջեւ: Մեծերի տեսակետից սա երկդիմությունն եւ մշտական դավաճանություն է, բայց հաճախ հենց այստեղ է քաղաքական մարտավարության հմտությունը հասնում կատարյալ նրբության՝ դրդված կենսական անհրաժեշտությունից:

3.14 Փոքր պետությունների հակամարտությունները նույնպես արտահայտում են ոչ միայն ներքին խնդիրները, այլեւ արտաքին ուժային հավասարակշռությունները: Հաճախ փոքրերի հակամարտությունը լինում է մեծերի բախման պարզ արտացոլանք՝ փոքրերի ձեռքերով իրենց հաշիվներն են մաքրում ավելի մեծերը, բայց միաժամանակ ճիշտ է եւ հակառակը՝ մեծերի աջակցությունից օգտվելով իրենց խնդիրներն են լուծում փոքրերը:
Սակայն այս առավել կոպիտ եւ պարզ ձեւը հակամարտության միակ տարբերակը չէ:

3.14.1 Փոքրերի հակամարտությունները գոյանում եւ կարծրանում են այնպիսի գոտիներում, ուր գերակայության համար մրցակցող տերությունները մի կողմից ունեն որոշակի ազդեցություն՝ հակամարտության ընթացքն ու կարգավիճակը վերահսկելի պահելու համար, մյուս կողմից էլ այնքա՛ն ազդեցիկ չեն, որպեսզի անմիջական եւ ամբողջական գերիշխանություն հաստատեն տարածաշրջանում: Այս դեպքերում, փաստորեն հակամարտությունները գոյանում են նույն սկզբունքով ինչ անկախությունները՝ ուժի պակասի գոտիներում:

3.14.2 Եթե տարածաշրջանում հաստատվում է որեւէ մեծ ուժի անմիջական գերիշխանություն, ապա դա իր հետ բերում է Pax Romana` կողմերին պարտադրված «հռոմեական» (կայսերական) խաղաղություն, որով որեւէ հակամարտություն հռչակվում է ավարտված եւ վերջնականապես ու ցհավետ լուծված: Իրականում խաղաղությունը հաստատվում է ճիշտ այնքան ժամանակով, որքանով պահպանվում է կայսրության անմիջական գերակայությունը: Սակայն երբ մեծ ուժը ստիպված է լինում նահանջել՝ կորցնելով իր անմիջական գերակայությունը, հակամարտությունների մեծ մասը վերածնվում են այս կամ այն չափով՝ ճիշտ այն կետից, որում կանգ էին առել նախորդ աշխարհաքաղաքական անկայունության փուլում, ըստ որում՝ ոչ առանց կայսրության միջամտության: Պարզվում է, որ կայսերական խաղաղությունը չէր վերացրել հակամարտության ներքին հիմքերն, այլ ընդամենն պարտադրել էր արտաքին լուծում, այսինքն՝ միայն նախապատրաստել էր նոր բախումը:
Հավելում
Իհարկե սա որոշ չափով պայմանական ընդհանրացում է, որը ստիպված ենք անել՝ առանց մանրամասնելու նրբերանգները, ինչի համար ստիպված պետք է լինեինք քննարկում ծավալել որեւէ հակամարտության առարկայորեն արդար լուծման հնարավորության շուրջ, որով էլ պետք է մուտք գործեինք՝ ինքնին արդարի եւ ինքնին անարդարի զուտ փիլիսոփայական-բարոյագիտական տարածք: Տվյալ դեպքում բավական է իմանալ, որ կայսերական խաղաղությունն արտաքին լուծում է, որը կարող է պատահականորեն համընկնել կամ չհամընկել հակամարտության հիմնարար՝ արդար կամ ներքին լուծման հետ: Սակայն կայսերական խաղաղության նպատակը ոչ թե բուն լուծումն է եւ բուն արդարությունը, այլ կայսերական գերիշխանության հաստատումը:

3.14.3 Եթե որեւէ արտաքին հզոր ուժ չունի բավականաչափ ազդեցություն հակամարտության տարածքում, ապա հակամարտությունը լուծվում է իր առավել բնական կերպով: Խնդիրն այն է, որ որեւէ սուր հակամարտություն, որը վերածվում է պատերազմի չի կարող ունենալ անվերջ կամ չափից ավելի երկար տեւողություն՝ ռազմական բախումն արագ սպառում է կողմերի ուժերը, եւ պատերազմն ինքն իրենից անխուսափելիորեն ծնում է խաղաղություն (այս իրողությունը հատկապես լավ է նկարագրված Լյուտվակի «Ստրատեգիայում», բայց ուշադիր ընթեցողը կգնտի նույն տրամաբանությունը նաեւ Կլաուզեվիցի «Պատերազմի մասին» գրքում եւ այլուր): Այդ՝ «բնական» խաղաղությունը հիմնվում է պատերազմի արդյունքների վրա, այսինքն՝ հարցը լուծվում է պարզ ուժով՝ հաղթողը ստանում է այն ինչ ի զորու է եղել նվաճել, պարտվողը գոնե առժամանակ հաշտվում է կորուստների հետ:
Հավելում
Իրականում հենց այս՝ առավել պարզունակ եւ «կոպիտ» թվացող լուծումներն են առավել կայուն եւ տեւական խաղաղության եւ նույնիսկ թշնամանքի վերացման հիմք դառնում՝ անկախ նրանից, թե բարոյական տեսակետից որքան արդար կարող ենք համարել զուտ ուժային կարգավորումը (բնականաբար, հաճախ, դա լինում է չափազանց անարդար, սակայն այստեղ խոսում ենք ոչ թե արդարության, այլ խաղաղության կայունության եւ տեւականության մասին): Պատճառն ավելի քան պարզ է. քանի որ պատերազմն իր էությամբ ուժային խնդիր է, ապա հենց ուժով էլ այն լավագույն լուծումն է ստանում՝ պարտվածն այլեւս ի զորու չէ կռիվ տալ իր սկզբունքների համար, որով էլ՝ ստիպված է խաղաղության: Եվ որքան ավելի ուժեղ է պարտությունն, այնքան ավելի տեւական է խաղաղությունը: Տեւական խաղաղությունն իր հերթին թուլացնում է ռեւանշի ցանկությունը՝ քանի՞ հայ կա ասյօր, որ դեռ երազում է պարսիկներից վրեժ լուծել Շահ Աբբասի արշավանքների համար:

3.14.4 Նույնիսկ եթե թշնամությունը եւ ռեւանշի ցանկությունը պահպանվում է, միեւնույն է ոչինչ չի խանգարում մարդ էակներին անցած եւ ապագա արյունալի բախումների միջեւ հաստատել սովորական փոխշահավետ հարաբերություններ՝ տնտեսական, քաղաքական, մշակութային եւ այլն, եթե իհարկե ժողովուրդների «արանքում» չեն հայտնվում միջազգային «խաղարարներ», որոնք կասեցնում են հակամարտության բնական ընթացքը, սառեցնում են այն, եւ զբաղվում են դրա «լուծման» միջնորդմամբ, այսինքն՝ գերակայության համար մեծապետական պայքարով տարածաշրջանում:
Բնական ընթացք՝ սկիզբ, զարգացում եւ ավարտ ունեցող պատերազմը, այդու, չի հանգեցնում բացարձակ եւ անվերջ թշնամանքի ժողովորդների միջեւ: Եթե նույնիսկ նոր պատերազմն անխուսափելի է ապագայում, ապա երկու պատերազների միջակայքում հաստատվում է սովորական, առօրյա խաղաղ վիճակ:

3.14.5 Եթե, սակայն, որեւէ մեծ տերություն չունենալով անմիջական գերիշխանություն տարածաշրջանում, միաժամանակ պահպանում է բավականաչափ ազդեցություն, կամ եթե մեկից ավելի տերություններ մրցում են գերակայության համար տարածաշրջանում, ապա տեղական հակամարտությունները կարող են շեղվել իրենց բնական ընթացքից, եւ մտնել «սառեցման» փուլ: Սառեցումը, որը ենթադրում է հաշտություն ամեն գնով հակամարտության ցանկացած փուլում, մի կողմից բերում է խաղաղության, մյուս կողմից, եթե հակամարտությունն ընդհատվել է այնպիսի կետին, երբ կողմերից ոչ մեկը դեռ չի կորցրել դիմադրելու կամքը եւ իր նպատակներին ուժով հասնելու հույսը նշանակում է պատերազմի «հավերժացում»: Հետեւաբար, եթե մի կողմից հաշտեցումը վերադարձնում է ժողովուրդներին խաղաղության բարիքների մի մասը, ապա մյուս կողմից՝ ստեղծում է «ոչ լիարժեք պատերազմ, ոչ լիարժեք խաղաղություն» լարված մի իրավիճակ, որը դանդաղորեն մաշեցնում է ժողովուրդների ուժերը, սակայն, մյուս կողմից էլ առիթ կարող է դառնալ ներուժի համախմբման եւ կենտրոնացման:

3.14.6 Չնայած անընդատ խոսվում է սառեցված հակամարտության լուծման մասին, սակայն, դա սկզբունքորեն չունի գրեթե որեւէ լուծում, քանի որ որեւէ հակամարտության լուծում չի կարող իրացվել թղթի վրա հանուն վերացական արդարության: Քանի դեռ հակամարտության կողմերից գոնե մեկը չի համոզվել, որ ուժով չի կարող հասնել իր նպատակներին, իրական խաղաղությունը հնարավոր չի դառնում: Իսկ որքան անցնում է ժամանակն, այնքան ավելի դժվար է լինում հիմնել լուծումը այն ուժային կշռույթի վրա, որն առկա էր հաշտության կնքման պահին, քանի որ փոխվում են բազմաթիվ պայմաններ: Գայթաղկիչ է դառնում կարճատեւ կայծակնային պատերազմի տարբերակին դիմելը, որը պետք է ստիպի դրանում պարտված կողմին վերջապես համաձանել զիջումների: Նման փորձերը վկայում են սառեցումն ապահովող հավասարակշռության ճգնաժամի մասին, սակայն, իրական մեծ պատերազմը կարող է լինել ոչ թե ճգնաժամի, այլ արտաքին կշռույթի արմատական փոփոխության, կատարյալ փլուզման դեպքում:

3.14.7 Բայց կա ավելին: Ի վերջո «կարգավորումը» գերնպատակ չէ ոչ մեկի համար, եւ առաջին հերթին արտաքին խաղացողների համար: Մեծ տերությունների գերնպատակը կարող է լինել միայն սեփական ազդեցության ապահավումը եւ մրցակցի ազդեցության չեզոքացումը՝ որպես ռազմվարական հեռանկար ունենալով հնարավորության դեպքում միահեծան գերիշխանության հաստատումը տարածաշրջանում: Կարգավորում-չկարգավորումը, միայն գործիք կարող է լինել այստեղ, ընդ որում կարգավորուման տարբերակը իմաստ ունի միայն միահեծան գերիշխանության հեռանկարի բացման դեպքում, իսկ մրցակցության վիճակի պահպանումը գրեթե երաշխավորում է սառեցման տեւականացումը: Կարգավորման անվերջ գործընթացը, միջնորդումը, այդու, վերածվում է պարզապես մեծատիրական գերակայության, վերահսկողության մի գործիքի:
Իրական լուծումը միայն հետաձգվում է, խաղաղությունը վարկով է վերցվում ապագայից: Հետաձգված պատերազմը մի օր վերադառնում է՝ տոկոսով պահանջելու համար իրենից պարտքով վերցված ժամանակը: Խնդիրը լուծվում է կամ նոր ուժային բախմամբ կամ տերություններից մեկի լիարժեք գերակայության հաստատմամբ, որն իր հերթին կարող է լինել ժամանակավոր եւ թվացյալ լուծում միայն:

3.14.8 Եթե «բնական»՝ արտաքին միջամտությամբ արմատապես չձեւափոխված, համեմատաբար արագ ընթացք ունեցող եւ կողմերից մեկի ճանաչված պարտությամբ ավարտված պատերազմից հետո ժողովուրդների միջեւ թշնամանքն ու ատելությունը որպես կանոն բուռն վերելք ապրելով, եթե ոչ պարտադիր վերանում է, բայց գոնե մեղմանում է, ապա աշխարհաքաղաքական հավասարակշռության գոտում հայտնված հակամարտության դեպքում ատելությունը նույնպես կայունանում եւ բյուրեղանում է: Ոչ թե ատելությունն է հիմքը հակամարտության, ինչպես ուսուցանում են մեծապետական մարդասիրության բարի հրեշտակները, այլ ատելության բյուրեղացումը հետեւանք է հակամարտության սառեցման, որն էլ իր հերթին հետեւանք է մեծատիրական քաղաքականության: Չպարպված ատելությունը սառչում եւ կայունանում է որպես գաղափարախոսություն:

3.14.9 Սառեցված հակամարտությունը չունի իրական լուծման գրեթե ոչ մի տարբերակ տվյալ աշխարհաքաղաքական պայմաններում (միակ հնարավորության մասին՝ ստորեւ): Հանգուցալուծման տեսական երեք տարբերակ կարելի է պատկերացնել, որոնցից առնվազն երկուսը ենթադրում են եղած հավասարակշռության կտրուկ խախտում:
Առաջին տարբերակ. ուժերի դասավորության կտրուկ, արմատական փոփոխությունը հոգուտ մեծ տերություններից մեկի, որն ինքնաբերաբար ենթադրում է այդ մեծ ուժի անմիջական եւ ամբողջական գերիշխանության հաստատում տարածաշրջանում: Այս դեպքում վճռական գերիշխանության հասած մեծ ուժն ինքնիշխանորեն, ելնելով միայն իր հաշվարկներից եւ արդարության մասին պատկերացումներից, առանց որեւէ մեկից՝ մեծից կամ փոքրից թույլտվություն հարցնելու պարտադրում է այնպիսի լուծում, որն «արդար» է համարում: Այս նոր խաղաղությունը տեւում է այնքան, որքան պահպանվում է մեծ ուժի անմիջական եւ լիարժեք գերակայությունը, եւ այսպիոսով ստեղծվում է փակ շթղա, քանի որ գերակայության հերթական փլուզումը կարող է բերել հակամարտության վերածննդի:
Խոսքը, կրկնե՛նք, հենց անմիջական եւ ամբողջական գերիշխանության հաստատման մասին է, որով եղած հավասարակշռությունը վերջնականապես խախտվում եւ վերանում է: Ժամանակավոր ուժեղացումը կամ թուլացումն չի կարող շփոթվել սրա հետ:

3.14.10 Լուծման երկրորդ տեսական տարբերակը նույնպես ենթադրում է առկա աշխարհաքաղաքական հավասարակշռության կտրուկ փոփոխություն, բայց այնպե՛ս, որ մի որոշ, քիչ թե շատ տեւական ժամանակով տարածաշրջանում ստեղծվում է ուժի վակուում՝ ո՛չ որեւէ մեծ ուժ հասցնում է հաստատել իր լիարժեք գերակայությունը, ո՛չ էլ երկու կամ ավելի արտաքին ուժեր հասցնում են ձեւավերոլ մրցակցության կայուն, հավասարակշիռ համակարգ: Այս դեպքում հակամարտող կողմերը իրենք իրենցով կամ տարածաշրջանային այլ ուժերի ներգրավմամբ կարող են նոր պատերազմի միջոցով հասցնել հակամարտությունը տրամաբանական մի ավարտի՝ դրանում հաղթողի նպատակների մասնակի կամ ամբողջական իրավական ձեւակերպմամբ:

3.14.11 Չի բացառվում, սակայն, նաեւ մեկ այլ հնարավորություն՝ տարածաշրջանի փոքր եւ միջին պետությունները, աշխարհակարգի արմատական փոփոխության, աշխարհաքաղաքական հեղափոխության անկանխատեսելի մարտահրավերների առջեւ կարող են խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով՝ նոր պայմաններում հին վեճն այլեւս ոչ արդիական եւ պակաս կարեւոր համարելով ի համեմատություն անկայունության այն մեծ ալիքի, որը սովորաբար ուղեկցում է աշխարհակարգի արմատական փոփոխությունները: Առավել լավատեսական տարբերակում կարելի է նույնիսկ պատերացնել, որ խաղաղությունը կարող է կնքվել համատեղ ջանքերով նոր՝ ինքնիշխան, մեծապետական միջամտությունը բացառող տարածաշրջանային քաղաքականություն մշակման շրջարկում: Այս վերջին՝ թեեւ քիչ հնարավոր զարգացումն էլ հենց կարող ենք համարել լուծման երրորդ տարբերակ՝ նախնական ձեւակերպմամբ: Սա առավել բարդ, առավել անհնարին թվացող, բայց իրականացման դեպքում առավել հիմնարար խաղաղության հաստատումն է, որը հիմնվում է բացառապես կողմերի ներքին ջանքերի վրա, որում կարելի է պատկերացնել նաեւ զուտ տարածաշրջանային մի որեւէ տերության աջակցությունը:

3.14.12 Խաղաղության այս տարբերակը հիմնված է պատմական եւ մանավաննդ ռազմական իրականության հարակարծիք՝ պարադոքսալ բնույթի վրա: Հակամարտությունը, այն էլ՝ եթե դա տեւական է ոչ միայն բաժանում, այլեւ … միավորում է ժողովուրդներին, ընդ որում՝ ավելի քան որեւէ այլ հարաբերություն: Միայն առաջին հայացքից է սա հակատրամաբանական պդնում: Իրականում, եթե լինենք ավելի ուշադիր, ապա ոչ միայն հակասական չէ, այլեւ ինքին պարզ է, որ պատերազմը ժողովուրդների հարաբերության ձեւ է՝ այն էլ առավել ուժգին, խորքային, ընդգրկուն:
Մանավանդ արդիական պատերազմներում չափվում են միմյանց հետ ո՛չ միայն բանակները, ո՛չ միայն ռազմական ուժը, այլեւ պատերազմող ժողովուրդների կողմից ստեղծված համակարգերն ամբողջությա՛մբ՝ քաղաքական եւ հասարակական կառուցվածքը, տնտեսությունը, աշխարհայացքները եւ այլն: Կա՞ արդյոք մեկ այլ ոլորտ, որտեղ ժողովուրդները հարաբերվում են նույն ուժգնությամբ եւ նույն ամբողջականությամբ քան պատերազմը, առավել եւս՝ սառը պատերազմը:
Հավելում
Առավելագույնի է հասնում նաեւ հուզական-զգացմունքային կողմը՝ թշմանանքն ու ատելությունը պակաս խորքային զգացումներ չեն եւ պակաս կապ չեն ստեղծում քան կրքոտ սերն ու հավատարիմ ընկերությունը, եւ այդ առումով ավելին են քան, օրինակ, զուտ առեւտրային, հաշվարկային, տնտեսական հարաբերությունը, որոնց մեջ մտնելով անհատներն ու հասարակությունները կարող են պահպանել անտարբերությունը միմյանց նկատմամբ: Պատերազմն ամենից քիչ անտարեբորություն է միմյանց նկատմամբ, այն ուժգին հարաբերություն է, այսպես ասած՝ բացասական միություն:

3.14.13 Կամա թե ակամա միմյանցից մրցակցային կախման մեջ են հայտնվում պատերազմող կողմերի համակարգերը՝ մեկի որոշումը, քայլը, գործողությունն անհրաժեշտաբար պետք է արձագանքվի մյուսի կողմից: Համակարգերը՝ քաղաքական, տնտեսական, մշակութային ընկնում են համաժամանակյա կապի մեջ (սինխրոնացվում են): Ստեղծվում է այսպես ասած հայելային միություն, երբ հակամարտող կողմերը դառնում են միմյանց հայելային արտացոլանքները՝ վերարտադրելով հակամարտ երկվորյակների հին առասպելը:

3.14.14 Տեսականորեն, ուրեմն, խաղաղության խնդիրն է՝ միության նշանը բացասականից փոխել դրականի: Այլ կերպ ասած պետք չէ ստեղծել որեւէ նորույթ, այլ վերցնելով այն ինչ արդեն ստեղծվել է հակամարտությամբ՝ միությունը՝ վերաձեւակերպել այն որպես դրական: Իհարկե այս զուտ տեսական, վերացական պնդումը կարիք ունի մանրամասն բացահայտման, բայց այստեղ նման խնդիր չենք դնում, եւ բավարարվում ենք միայն տեսական հնարավորության նշմամբ:

Հավելում
Ավելացնենք միայն, որ եթե կողմերը գործեին արտաքին մեծապետական ազդեցություններից դուրս, ապա հակամարտության այս հեղափոխումը, թերեւս, այնքան դժվար չէ, որքան թվում է առաջին հայացքից: Խնդիրը պետք է լինի տեսանկյունի փոփոխությունը, եւ գիտակցումն այն հանգամանքի, որ քաղաքականությունը հաճախ առաջ է տարվում ոչ թե կենցաղային «ռացիոնալության», այլ հեգելյան իմաստով տրամախոսական (դիալեկտիկ) բանականությամբ՝ յուրաքանչյուր երեւույթ ինքն իր մեջ է կրում իր ժխտումը, իր հակասությունը, եւ ինքն իրեն հաղթահարելու ներուժ ունի:


3.14.15 Ցանկացած խաղաղություն այսպես թե այնպես ծնվում է պատերազմից, ինչպես եւ ցանկացած պատերազմ խաղաղության ընթացքում կուտակված հակասությունների պոռթկում է: Խաղաղությունը եւ պատերազմը ոչ թե բացարձակ հակադիրներ են, այլ միասնական համակարգ՝ մեկը չկա առանց մյուսի, եւ այդ իմաստով հենց պատերազմական իրավիճակի ստեղծած իրողություններից խաղաղություն կերտելը ոչ թե տեսական հակասություն է, այլ օրինաչափություն: Իրական խնդիրն այստեղ ո՛չ թե ներքին է, այլ արտաքին՝ դրսի՛ց է գալու խաղաղության ցանկացած ներքին ջանքի իրական դիմադրությունը, քանի որ դրսի դրսի գերակայությանն է մարտահրավեր նետում խաղաղության ներքին ջանքը: Հետեւաբար պետք է վերադառնանք արտաքին հարաբերությունների դիտարկմանը:

Շարունակելի 

Հրանտ Տեր-Աբրահամյան

Comments