Թեզեր անկախության 26-ամյակի առթիվ. Հատված Բ


3.15 Սառեցված հակամարտությունը ոչ միայն արտաքին մեծապետական ազդեցության հետեւանք է, այլեւ նույն այդ մեծապետական ազդեցության պահպանման եւ զարգացման կարեւոր գործիք՝ նպաստավոր պայմաններում անմիջական գերիշխանություն վերահաստատելու ռազմավարական հեռանկարով:

3.15.1 Մեծատիրական մրցակցությունը հանուն գերիշխանության հակամարտության գոտում իրավականորեն ձեւակերպվում է որպես խաղաղասիրական միջնորդություն: Որպեսզի միջնորդությունը հիմնավորվի որպես անհրաժեշտություն եւ արդարություն, այն պետք է հատուկ տեսական հիմնավորում ստանա: Դեռ առնվազն հռոմեական կայսերականության ժամանակներից կայսերական գաղափարախոսությունը ոչ օրինակարգ է հռչակում «բարբարոսների» միջեւ հակամարտությունները՝ համարելով դրանք բանական հիմքից զուրկ, միմիայն ստորին կրքերով եւ նյութական ցածր շահերով պայմանավորված վայրենի բախում: Իհարկե նույնը չի տարածվում կայսերական պատերազմների վրա, որոնք վարվում են բացառապես հանուն վերին արդարության եւ հիմնավորված են բանականությամբ ու վեհ նպատակներով: Այստեղ արտացոլվում է ավելի խորը մի իրականություն, քան զուտ կայսերական քարոզչության կեղծավորությունը:

3.15.2 Առաջին հայացքից ունենք հումանիստական մի մոտեցում, որով քարոզվում է, թե որեւէ խնդիր չունի ուժային լուծում: Հնչում են բուռն ծափահարություններ, թափվում են հիացմունքի եւ համաձայնության քաղցր արցունքներ: Իրականությունը, սակայն, ավելի բարդ է, քան այս պիոներական հոգեվիճակը:
Ուժային լուծմամբ՝ պայքարով եւ դրա առավել սուր դրսեւորմամբ՝ պատերազմով սեփական նպատակներին հասնելու իրավունքը որեւէ ենթակայի (սուբյեկտի) ինքնիշխանության, անկախության անքաքտելի բաղադրիչն է, նույնիսկ դրա հիմքը՝ այն ինչ նախեւառաջ բնորոշում է ինքնիշխանությունն եւ բուն իսկ սուբյեկտությունը: Ինքնիշխանությունը նվաճվում է պայքարով եւ ուժի կիրառման բացառիկ իրավունքն իր տարածքում մնում է ինքնիշխանության կարեւարագույն դսրեւորումը:
Սա պատահական, անցողիկ եւ զուտ իդեոլոգիական սահմանում չէ, այլ բխում է ինքնիշխանության էությունից՝ ինքնիշխանությունը ուժի դրսեւորում եւ հաստատում է որոշակի տարածքում եւ որոշակի սահմանների մեջ: Դա նշանակում է որ ա՛յդ տարածքում եւ ա՛յդ սահմաներում հաստատվում եւ գործում է միմիայն տվյալ ուժը, որը պետք է մշտապես պատրաստ լինի ապացուցել ուժի կիրառման իր բացառիկ իրավունքն իր տարածքում, ընդ որում սեփական տարածքի սահմանները նույնպես գծվուն ուժով եւ պայքարով, օրինակ, համաշխարհային գերտերության համար սեփականն ամբողջ աշխարհն է եւ այլն: Սա ճիշտ նույն սկզբունքն է, որով որեւէ երկնային մարմին ճանաչվում է որպես մոլորակ՝ որքան էլ մոլորակը փոքր լինի՝ ի՛ր օրբիտայում նա պետք է լինի բացառիկ ուժի կենտրոն: Ո՛չ մի իդեոլոգիա, ո՛չ մի հերթական «հիմա այլ ժամանակներ են» չի կարող փոփոխել այդ սկզբունքը:
Ուժային լուծման բացառման սկզբունք նշանակում է սահմանփակ ինքնիշխանություն: Չարժե միանգամից ազնիվ ոգու ամբողջ վրդովմունքն ուղղել այս պնդման դեմ՝ վրդովմունքը, ազնիվ մղումները եւ զարկերակի բաբախումների քանակի ավելացումն ընդհանրապես ինքնին փաստարկներ չեն: Փորձենք նախ հասկանալ օրինակներով:

3.15.3 Ո՞ւմ, ո՞ր ամենալուսավոր եւ առաջադեմ մեկի մտքով, թեկուզ հետին թվով, պիտի անցնի Երկրորդ համաշխարհային պատերազմը կոչել գերման-անգլիական կամ ռուս-գերմանական էթնիկ բախում՝ բխած անգլիացի, գերմանացի եւ ռուս ժողովուրդների կույր ատելությունից միմյանց նկատմամբ: «Ազգերի Լիգայի Պինսկի խումբը եւս մեկ անգամ հասատում է, որ խնդիրը չունի ուժային լուծում՝ կոչ անելով կողմերին անհապաղ դադարեցնել բռնությունը, նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ բոլոր հարցերը լուծել փոխզիջմամբ՝ հանուն անգլիական ազնվապետության, գերմանական նացիոնալ-սոցիալիզմի եւ ռուսական բոլշեւիզմի փոխշահավետ եւ խաղաղ համագործակցության: Պինսկի խմբի նախագահ՝ Հայաստանի ներկայացուցիչ Գեղամիկ Սարմագլցյանը նաեւ հայտնել է, որ մոտ ժամանակներս կկայանա գերմանացի, ռուս եւ անգլիացի ժողովուրդների առաջնորդներ Հիթլերի, Ստալինի եւ Չերչիլի եռակողմ հանդիպումը: Ըստ որոշ լուրերի նոր առաջարկներով նախատեսվում է գերմանական զորքերի դուրս բերումը սովետական տարածքից մինչեւ Մինսկ-Կիեւ գիծը, ռուսական զորքերի հետ քաշումը մինչեւ Սվերդլովսկ, այդ արանքում չեզոք գոտու ստեղծումը, ուր կտեղադրվեն հայ, վրացի եւ թուրքմեն խաղաղապահները, ապա նաեւ գերմանական զորքերի դուրս բերումը Ֆրանսիայից եւ անգլիականների՝ Հնդկաստանից, ուր նույնպես կտեղակայվեն հայ-վրացական խաղաղապահներ: Սրանից հետո կողմերն արդեն կբանակցեն վերջնական խաղաղության հաստատման մասին»:
Ինչո՞ւ այս՝ մի պատերազմական իրավիճակից մյուսը գրեթե բառացիորեն տեղափոխված մոտեցումը ընկալվում է որպես անհեթեթություն եւ հեգնանք: Ինչո՞ւ մոտեցումը նույնը չէ՞ բոլոր դեպքերի համար՝ մի դեպքում լուրջ է՝ նույնիսկ սրբության, տաբուի աստիճան, իսկ մյուս դեպքում՝ ծիծաղելի ակնհայտ անհեթեթության աստիճան: Ինչո՞ւ չկա հավասարություն իրավիճակների միջեւ՝ չէ՞ որ արդարությունն ու սկզբունքը նրանով են արդար եւ սկզբունքային, որ չեն ճանաչում տարբերություն՝ համահավասար են բոլորի համար:
Ինչո՞ւ նույնիսկ աշխարհիս ամենաառաջադեմ ու լուսավոր ճակատները, եւ հատկապե՛ս նրանք երբեք կասկածի տակ չեն դրել եւ այժմ էլ չեն դնում տասնյակ միլիոնների զոհվելու անհրաժեշտությունը մարդկային պատմության ամենադաժան պատերազմի ընթացքում: Արդյո՞ք միայն այն պատճառով, որ զոհաբերումը հանուն «ֆաշշշիզմի» դեմ պայքարի էր:

3.15.4 Այս հեգնանքով չենք ժխտում խաղաղության արժեքը: Նույնիսկ հակառակը՝ կարծում ենք, որ գալու է մի օր երբ երկու համաշխարհային պատերազմները, եթե ոչ դրանց ծագման օրվանից, ապա գոնե այն պահից երբ ակնհայտ դարձավ զոհերի անհամաչափությունը դրված նպատակների համեմատ (եւ ի՞նչ ողջախոհ նպատակ կարող է արդարացնել ժողովորդների երիտասրադության սպանդը միլիոններով եւ տասնյակ միլիոններով), ճանաչվելու է հանցանք, որի պատասխանատուն են հավասարապես բոլոր պատերազմող երկրների քաղաքական վերնախավերը, նաեւ հասարակական կարծիքն առաջնորդող մամուլը, մտավորականությունը եւ այլն: Հաղթողների մանկամիտ վարկածը միայն մեկ կողմի մեղավորության եւ մյուս կողմի արդարության մասին կարող է ապրել միայն այնքան ժամանակ քանի դեռ աշխարհը կառավարվում է այդ նույն հաղթողների կողմից:
Ավելին՝ ի տարբերություն «առաջադեմ մարդկության», տողերիս հեղինակը վստահ է, որ Երկրորդ համաշխարհայինի ընթացքում հակագերմանական կոալիցիայի կողմից որպես պատերազմի նպատակ Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիան հռչակելը, որով ի սկզբանե բացառվեց արժանապատիվ որեւէ խաղաղության հնարավորությունը գերմանացիների համար եւ հանուն որի իրականացման նորանոր միլիոներ զոհվեցին՝ հաղթահարելով վաղուց պարտված, բայց ստիպողաբար մինչեւ վերջին շենքը դիմադրող աշխարհի լավագույն բանակի դիմադրությունը, ահա այդ սրբասուրբ անվերապահ կապիտուլյացիան որպես նպատակ հռչակելը մարդկության դեմ երկակի հանցանք էր:

3.15.4 Խնդիրը, սակայն դա չէ տվյալ դեպքում, այլ վերադառնալով նախորդիվ ձեւակերպված հարցերին, ա՛յն, թե ինչո՞ւ է ինքնին ծիծաղելի, երբ «փոքր» կոնֆլիկտի լուծմանն ուղված ստանդարտ առաջարկները վերահասցեվորում ենք են «մեծ պատերազմի» նկատմամբ, որի կողմերն արդեն հենց այն մեծերն են, որոնք խաղաղության միջնորդ եւ խաղաղարարության հավակնորդն են փոքրերի պատերազմներում: «Ժամանակները փոխվել են» սովորական ոչմիբանությունն այստեղ ակնհայտորեն չի աշխատում՝ թող ժամանակն իրոք փոխված լինի, ինչո՞ւ է նույնիսկ հետադարձ կիրառումն անընդունելի թվում: Միայն առաջին հայացքից է թվում, թե պատճառը «ֆաշշշիմզի» դեմ պայքարի նվիրականությունն է: Իրականում «ֆաշշիզմը» միայն հարցի մակերեսն է, եւ ինքը հենց արդյունք ավելի խորքայինի՝ աշխարհաքաղաքական բախմանը իդեոլոգիական, նույնիսկ՝ բարոյական փառք եւ փայլ տալու կարողության եւ իրավունքի: Ո՞ւմն է այդ իրավունքը, եւ ո՞վ դա չունի: Կարծում եմ, հարցը գրեթե հռետորոկան է:

3.15.5 Ծիծաղն ընդհանրապես բնազդական արձագանք է, որը բացահայտում է իրականության հակասությունները՝ ծիծաղում ենք այն դեպքերում, երբ զգում ենք անհամարժեքություն իրականության եւ դրա ներկայացման կամ մեկնաբանության միջեւ, նույնիսկ, եթե չենք գիտակցում թե ո՛րն է տվյալ դեպքում անհամարժեքությունը: Բնազդային, ոչ գիտակցական մակարդակում մարդը միշտ էլ ունի իրականության ճշգրիտ պատկերացում, մինչ գիտակցությունը հակված է կառուցել ինքնախաբեական համակարգեր՝ իրականության «պաշտոնական», «ճիշտ», «գեղեցիկ» բացատրություններ: Հետեւաբար տվյալ դեպքում էլ բացահայտվում է մի հակասություն, մի անհամարժեքություն:
Իրոք, եթե պատերազմների, ուժային լուծումների նկատմամբ մեր վերաբերմունքն ունիվերսալ է, անաչառ է, բոլորի համար է, ապա ինչո՞ւ իսկապես մի հրաշքով հայտնվելով 1941 թվի ամռան կամ աշնան մեջ, մենք չպետք է կոնֆլիկտի կողմերին հնչեցնեինք այն բոլոր խաղաղասիրական կոչերը, որոնք սովոր ենք հնչեցնել: Որովհետեւ մեր ծիծաղը բացահայտում է գիտակցության կողմից ընդունված «պաշտոնականով» ճնշված եւ քողարկված մեր իրական գիտելիքը՝ միայն մեծերին, ուժեղներին եւ ինքնիշխաններին է վերապահված հարցերն ուժով լուծելու իրավունքը, եւ ծիծաղելի է նրանց նկատմամբ կիրառել նույն պահանջները ինչ ուղղված են փոքրերին: Մեծերինն է նաեւ իրենց եւ այլոց պատերազմների մեկնաբանման իրավունքը՝ որպես անխուսափելի պայքար հանուն արդարության եւ ընդդեմ չարիքի, թե՛ որպես վայրենիների անմիտ կռիվ:

3.15.6 Ոչ պաշտոնական միջազգային կարգավիճակից է կախված պատերազմելու իրավունքն ու դրա «պաշտոնապես» արդար (պաշտպանական), անարդար (ագրեսիվ) կամ անմիտ (անհապաղ դադարեցման ենթակա) ճանաչելը: Գերիշխող եւ հաղթող տերությունների պատերազմներն արդար են, գերիշխանությունը վիճարկողներինը եւ պարտվածներինը՝ ագրեսիվ, հովանավորյալներինը եւ բարբարոսներինը՝ անմիտ:
Մեծերի պատերազմները վարվում են բացառապես հանուն մարդասիրության, բարձր գաղափարների, ընդդեմ բացարձակ չարիքի, ընդդեմ «ֆաշիզմի»: Հայ ժողովուրդը կարող էր տասնյակ հազարավոր (ստույգ թիվը կարծես պարզ չէ ցայսօր) զոհեր տալ հանուն «ֆաշիզմի նկատմամբ հաղթանակի», եւ դա ցայսօր էլ համարվում է ոչ միայն արդարացված, այլեւ հերոսական եւ տոնելի իրադարձություն, կարծես, հայ ժողովրդն ընդհանրապես ընտրության հնարավորություն ուներ՝ մասնակցել թե՞ չմասնակցել այդ համաշխարհային հրավառությանը, եւ եթե մասնակցել ապա ո՞ւմ կողմից:
Հավելում
Իհարկե, փորձել են ստեղծել մի արդարացում, թե բա թուրքերը 42 թվին պատրաստվում էին պատերազմել ՍՍՀՄ հետ: Իբր հայերն էլ հենց այդ պատճառով մասնակցեին պատերազմին: Ճիշտ է, մոռանում են իրենք իրենց հարցնել, իսկ երբ 1940 թվականին Թուրքիան համարվում էր գերմանացիների դեմ անգլիական առավել հնարավոր դաշնակիցներից մեկը, կամ երբ ի վերջո 45-ին Թուրքիան պաշտոնապես պատերազմ հայտարարեց Գերմանիային, ի՞նչ պետք է աներ հայ ժողովուրդը՝ արդյո՞ք պետք է այդժամ էլ ճամբարափոխ լիներ եւ անցներ գերմանացիների կողմը:

3.15.7 Ոչ ոք չի ուզում տալ ստուգիչ հարցը՝ իսկ ի՞նչ կլիներ Հայաստանի եւ հայ ժողովորդի ճակատագիրը, եթե որեւէ ուժեղ հայ կառավարություն կարողանար ստիպել հայ ժողովորդին 100.000 զոհ տալ 1920-ին Կարսի պատերի տակ (հենց ստիպել, այսինքն՝ այլընտրանք չթողնել, որովհետեւ որեւէ ժողովուրդ կամովին երբեք այդ քանակի զոհ չի տա, եթե չկա այնպիսի պետություն, որին չենթարկվելն այդ հարցում անհնար է): Հարցը հռետորական է, որովհետեւ այդ դեպքում հայ ժողովորդը կունենար ոչ միայն Կարսը, այլեւ մնացած ամենն՝ ինչ կցանկանար: Ավելին՝ այսքանից հետո հայ ժողովուրդը կարող էր այլեւս դարեր շարունակ չմտածել որեւէ խոշոր զոհաբերության մասին, որովհետեւ իր անկախությունը չեր կորցնելու եւ Երկրորդ Համաշխարհայինին կարող էր հանգիստ չմասնակցել:
Բայց այն ինչ թույլատրելի է ընկեր Ստալինին եւ նույնիսկ գովասանքի արժանի է, չի կարող ներելի լինել անկախ Հայաստանին: Անշուշտ համազգային նզովքի կարժանանար այն հայկական կառավարությունը, որը կպահանջեր հայ ժողովորդից 100.000 զոհ հանուն ազգային նպատակների: Հայ ժողովուրդն իրավունք եւ պատվավոր պարտք ունի տասնյակ հազարավոր զոհեր տալ հանուն «մարդկության» (մարդկությունը միշտ նախ՝ մեծ տերություններն են), հանուն «ֆաշիզմի» (այսինքն՝ համաշխարհային գերիշխանությունը վիճարկող ուժերի) դեմ պայքարի, եւ դա այսօր էլ չի վիճարկի ոչ միայն նեոստալիսնիտը, այլեւ ամենառաջադեմ հակաստալինիստ իսկ, որովհետեւ հայ ժողովրդի կրթյալ, կարծիք ձեւակերպող եւ գնահատական տվող խավը ներկայացնում է ոչ թե հայ ժողովրդին եւ հայ պետությունը, այլ մեծապետական ուժերի սպասարկու է երեկ եւ այսօր:

3.15.8 Թվում է, սակայն, որ այսօր ուրիշ է....: «Այսօր» միշտ ուրիշ է եղել՝ 2-ր դարում, 19-ում, 20-ի սկզբին: «Այսօր» հարցերն այլեւս ոչ թե ուժով են լուծվում, այլ՝ բարի կամքով եւ բանակցություններով՝ դա է այսօրվա աշխարհի սկզբունքը, որը հաղթահարելով ֆաշիզմի չարիքն, այլեւս արել է ճիշտ եզրակացություններ: Այդ թվացյալությունն այնքան ակնառու է հերքվում միջազգային լրատվության ամենօրյա փորձով, որ նույնիսկ անհարմար է դա վկայակոչել:
Այսօրվա միջազգային համակարգն ունի մե՛կ գերտերություն, եւ դժվար է նույնիսկ հականե-հանվանե վերհիշել պատերազմների այն քանակը, որոնք նախաձեռնել, վարել կամ որոնց այս կամ այն կերպով մասնակցել է այդ գերտերությունն այն պահից, երբ համաշխարհային անվիճելի գերիշխանությունն անցել է իրեն: Բոլոր այդ պատերազմները վարվել են բացառապես հանուն բարձր գաղափարների, համամարդկային արժեքների եւ արդարության: Դա չի խանգարում նույն ԱՄՆ-ին միջնորդ լինել փոքրերի պատերազմում՝ դատապարտելով հարցերն ուժով լուծելու որեւէ տարբերակ: Ամենա զավեշտալին կլիներ այս առթիվ բարոյական քարոզներ կարդալը՝ աշխարհի միակ գերտերությունն ըստ սահմանման չի կարող չտանել այդ երկակի դերը՝ վարել պատերազմներ, հաստատել իր գերակայությունը ուժային միջոցներով, եւ միաժամանակ միջնորդել այն հակամարտություններում, ուր հավասարկշռվում են իր եւ տեղական որեւէ տերության ազդեցությունները: Սա ոչ թե բարոյականի կամ անբարոյականի, այլ քաղաքական օրինաչափության հարց է: Ցանկացած գերտերություն վարվել եւ վարվելու է այդպես:
Հավելում
Իհարկե ԱՄՆ այս մեղմ ասած ռազմատենչ քաղաքականությունն անընդատ քննադատվում է խստորեն տարբեր կողմերից: Բայց սա էլ ոչ թե ժամանակների փոփոխության նշան է, այլ խաղի կանոնների մաս: Դրսում ԱՄՆ-ը քաղաքականությունը քննադատվում է այն ուժերի կողմից, որոնք աշխարհի այս կամ այն կետում մրցում են ամերիկացիների հետ գերակայության եւ ազդեցության համար: Այդ քննադատությունը կարող է պատահականորեն համընկնել կամ չհամընկել առարկայական արդարության հետ, բայց իր սկզբունքով որեւէ կապ չունի արդարության հետ, այլ աշխարհաքաղաքական քարոզչության բնիկ մասն է:

3.15.9 Քննադատվում է նաեւ Ռուսաստանի նոր քաղաքականությունը՝ ռազմական ուժի ակտիվ կիրառմամբ երկրի սահմաններից դուրս՝ Վրաստան, Ուկրաինա, Սիրիա: Արդարացնել կամ դատապարտել այս նոր քաղաքականությունը իրականում անմտություն է, եթե, իհարկե արդարացնողը կամ դատապարտողն ինքը մաս չէ աշխարհաքաղաքական քարոզչության: Իրականությունն այն է, որ նոր քաղաքականությամբ Ռուսաստանն ինքնիշխանության հայտ է ներկայացնում, չվարանենք ասել՝ անկախության պայքար է մղում (սա իհարկե տարբեր է մեր պատկերացրած անկախությունից): Անկախության պայքար չի նշանակում լավ կամ վատ բան, այլ պարզապես փաստ, որը կապ չունի մեր համակրանքների եւ հակակրանքների հետ:
Ի՞նչ անկախության մասին է խոսքը: ԽՍՀՄ փլուզումը նշանավորեց Սառը պատերազմում այդ պետության պարտությունը: Որպես պարտվածի անմիջական ժառանգորդ նոր միջազգային քաղաքական համակարգում Ռուսաստանին սահմանված էր «խաղաղ»՝ այսինքն՝ սահմանափակ ինքնիշխանությամբ տերության դեր: Ռուսների ռազմական միջամտությունը Վրաստանում, Ուկրաինայում եւ Սիրայում նշանավորեց հենց այդ չգրված կանոնի խատումը, համաշխարհային կարգի դեմ ըստ էության ապստամբական գործողությունը, որով հայտ է ներկայացվում պայքարով լայնացնել ինքնիշխանության սահմանները, բարձրացնել միջազգային կարգավիճակը: Եթե ռուսները կարողանան հաղթել այս կռվում, ապա անշուշտ նրանց նոր կարգավիճակը ճանաչվելու է:
Հավելում
Սա հայտ չէ լիարժեք մրցակցության համաշխարհային գերիշխող ուժի հետ, այսինքն՝ նոր Սառը պատերազմ չէ, ոչ էլ «Երրորդ համաշխարհային»՝ ռուսները չունեն էլ այդ ուժը: Նաեւ հայտ չէ Ռուսական կայսրության վերականգման նախկին ծավալով, որի ներուժը նույնպես չկա, այլ, ինչպես արդեն ասացինք, հայտ է դուրս գալու պարտվածի, «խաղաղի»՝ կիսանկախի կարգավիճակից: Ռուների «ապստաբությունը» սահմանափակ է, դա ավելի ճիշտ կլիներ կոչել տեղական խռովություն, որը չի վիճարկում համաշխարհային կարգի հիմքերը, որով նրանց հակամերիկանիզմն իրականում շինծու է, մակերեսային՝ անկախ նրանից թե որքան ամպագորգոռ քարոզչություն է տարվում: Ռուսները ոչ միայն մնում են աշխարհակարգի դեմ նախորդ խոշոր ապստամբության՝ «ֆաշիզմի» դեմ հաղթականի կոնսեսուսի մեջ, այլեւ հպարտանում են «անգլո-սաքսոնյան» համաշխարահային տիրապետության հաստատման գործում իրենց թնդանոթի մսի դերով՝ համարելով այդ դերը մեծագույն ազգային հաղթանակ:
Հավելում 2
Իրական «ապստամբության» համար նախեւառաջ միանգամայն այլ ներքին քաղաքականություն էր անհրաժեշտ՝ ծայրահեղ քաղաքական, տնտեսական, հանրային, գաղափարական համախմբում, մոտավորապես նման 20-30-ականների ստալինյան քաղաքականությանը, եւ ավելորդ է ասել իսկ որ նման հնարավորություն Ռուսաստանն այսօր չունի, այնպես որ եղածը թեեւ լուրջ է, բայց մեծ հաշվով թեթեւ քամի է օվկիանոսի մակերեսին: Աշխարհը ստուգելու է, թե ո՞րքանի կդիմանան ռուսները, եւ ըստ այդմ նրանց կշնորհվի կամ չի շնորհվի նոր կարգավիճակ:

3.15.10 Մնում է միացյալ Եվրոպան: Ահա՛ ձեզ նո՜ր մարդկության մի օրինակ, որը սկզբունքորեն բացառում է ուժի կիրառումը եւ քարոզում դա այլոց: Եվրոպան՝ երկրային այդ նոր դրախտն իր օրինակով հաղթահարում է այդ ձեր կեղտոտ ուժային քաղաքականության օրենքները, ժողովուրդներին ցույց է տալիս հիրավի նոր ուղի .... «ի Լենին վելիկիյ նամ պուծ օզարիլ» (երջանկության արցունքները թաշկինակով սրբելով ու անսպառ հավատով դեպի պայծառ ապագա):
Նույնիսկ, եթե սա իրոք այդպես լիներ, դա ոչինչ չէր նշանակի մեր թեմայի համար, քանի որ Եվրոպան չէ, որ այսօր կրում է աշխարհի կառավարման «բեռը», հետեւաբար նրա խաղաղությունը «այսօրն» ուրիշ չի դարձնում, եթե իհարկե չտառապենք եվրոպակենտրոնության մի ծայրահեղ դրսեւորմամբ: Հակառակը՝ եվրոպացիք վերջին մի քանի տասնամյակում կարող են իրենց թույլ տալ խաղաղության եւ բարեկեցության շռայլությունը հենց ա՛յն պատճառով, որ կա մեկը, որն իր վրա է վերցրել «կեղտոտ» ուժային աշխատանքը, եւ միաժամանակ նույն Եվրոպայի անվտանգության երաշխավորն է համարվում: Այսինքն՝ համաշխարհային մասշտաբով որեւէ օրինաչափություն չի փոխվում, Երկրային դրախտ չի կառուցվում, ուր գառներն ու առյուծներն ապրում են միասին, այլ մի բան էլ հաստատվում է հին ու անփոփոխը՝ չկա խաղաղություն եւ բարեկեցություն առանց ուժային ապահովման եւ չկա ուժային ապահովում առանց անմիջական ուժի արտահայտման՝ առանց ռազմական բաղադրիչի, այսինքն՝ միայն տնտեսականը, դիվանագիտականը, մշակութայինը դեռ ուժ չեն, այլ այդպիսին են դառնում ռազմականի եւ քաղաքականի հետ միասին: Աշխարհը միասնական է, սիրելի համամարդկային արժեքների ջատագովներ, այն իրո՛ք միասնական է, եւ մեկուսի երեւույթներ չկան, մեկուսի Եվրոպա չկա, այլ կա միասնական համակարգ ուր մեկի խաղաղությունը հիմնված է մյուսի ռազմուժի վրա երեկ, այսօր եւ վաղը՝ ցաշխարհի կատարում:  

3.15.11 Եվրոպական ճանապարհը հնարավոր է միայն ի հաշիվ հրաժարման սեփական ինքնիշխանության մի մասից: Եվրոպան այսօր սահմանափակ ինքնիշխանությամբ տարածք է, ավելի սահմանափակ քան Ռուսաստանը (որովհետեւ ավելի կատարյալ էր Եվրոպայի պարտությունը 1945-ին, եւ սա է, ի դեպ պատճառը, սիրելի երեխաներ, որ ստալինյան հանցանքների մարդկության դեմ իրենց Նյուրնբերգը չունեցան, եւ երբեք չեն ունենա՝ դրա համար անհրաժեշտ էր ԽՍՀՄ բաց եւ կատարյալ ռազմական ջախջախում՝ նորից, ո՜վ սարսափ, ոչ թե վերացական արդարության, այլ նյութական ուժի հարց):
Կարելի է քննարկել լավ է դա թե վատ, բայց դա պարապ հարց է, իսկ էականն այն է, որ եվրոպական մոդելը ո՛չ ունիվերսալ է, ո՛չ էլ բխում է ինչ որ վեհ գաղափարներից, այլ ժամանակավոր մի կացություն է՝ պայմանավորված եզակի պատմական հանգամանքներով, որն ավարտվելու է ճիշտ այն պահին, երբ պատմական իրավիճակը փոխվի, եւ այդ ժամանակ ոչ մի վեհ գաղափար, այլեւս ի զորու չի լինի դիմադրել այդ փոփոխությանը: Այսինքն՝ ոչ թե գաղափարները, իդեոլոգիաներն են ստեղծել աշխարհը, այլ հակառակը՝ իդեոլոգիան է արտացոլում եւ արդարացում իրականությունը: Այս պնդումից շատ կուրախանար Կարլ Մարքսը:
Հավելում
Ավելի պարզ ասած՝ եվրոպական ներկա դրախտը կարող է գոյություն ունենալ ճիշտ այնքան ժամանակ, քանի դեռ պահպանվում է ամերիկյան համաշխարհային գերակայությունը, քանի դեռ ԱՄՆ պատրաստ է ամեն պահին եւ ամեն տեղ ուժ կիրառել հաստատելու համար իր գերակայությունը, միով բանիվ՝ քանի դեռ ամերիկյան զինվորը պատրաստ է իր եւ այլոց արյունը թափել: Որեւէ նշանակություն չունի, թե նույն եվրոպացիները քննադատելու են ամերիկյան ուժային քաղաքականությունը «վեհ» դիրքերից՝ այդ դիրքն էլ իր հերթին ապահովված է նույն ամերիկյան ուժով, յուրահատուկ բոնուս է, շռայլություն: Բարի, լավ ու մարդասեր լինելու համար պետք է նախ դրա հնարավորությունն ունենալ՝ քաղաքական աշխարհում թե ամենօրյա կյանքում: Եվրոպական այսօրվա դիրքն ընդամենը ֆունկցիա է, հետեւանք է յուրահատուկ աշխարհաքաղաքական կարգավիճակի, այլ ոչ թե հիմնարար դիրքորոշում, եւ այն անհրաժեշաբար փոխվելու իր հակադիրի պայմանների փոփոխության հետ:

3.15.12 Կա ավելին: Եվրոպական հրաժարումն աշխարհաքաղաքական ինքնիշխանությունից, նրա խաղաղեցումը ոչ թե կամավոր, այլ պարտադրված ընտրություն է: Այնպես չէ, որ եվրոպացիները մի օր հավաքվեցին եւ որոշեցին լինել պուպուշ՝ հասկանալով իրենց պապերի մեղքերը: Նման սրտաճմլիկ եւ անճաշակ հրաշապատումներն գուցե սազական լինեին կրոնական դարձի մի որեւէ պատման, բայց ոչ համաշխարհային պատմությանը, որն ուժի բացահայտման եւ ուժերի բախման դրամա է, այլ ոչ թե մանկական Աստվածաշունչ: 
Եվրոպան երկու աշխարհամարտերի արդյունքում փաստացի պարտված կողմ է, եւ նրա խաղաղեցումը բխում է այդ հանգամանքից: Այո, ոչ թե Գերմանիան, այլ հենց Եվրոպան որպես ամբողջություն, որպես յուրահատուկ բազմաբեւեռ գերտերություն, որպես նախկին աշխարհակալ ուժ պարտվել եւ զրկվել է աշխարհաքաղաքական իր կարգավիճակից 1945-ին (որն էլ իր հերթին նախապատրատտվել է 1918-ով): Սա միայն առաջին հայացքից է տարօրինակ պնդում, իսկ եթե նայենք փաստերով, ապա դժվար է վիճարկել այն իրողությունը, որ երկու համաշխարհային պատերազմենրի արդյունքը եղավ եվրոպական տերությունների կողմից իրենց համաշխարային գերակայությայն կորուստը, Եվրոպայի ավերումը, բաժանումը հաղթողների միջեւ, եւ եթե ավելի կոշտ ասենք՝ գրավումը, օկուպացիան երկու նոր գերտերությունների՝ ԽՍՀՄ եւ ԱՄՆ կողմից: Այս պայմաններում էլ ձեւավորվեց ներկա եվրոպական մոդելը՝ պարտվածի, ստիպողաբար խաղաղասերի, գերտերությունների կողմից հովանավորյալի, սահմանափակ ինքնիշխանությամբ միավորի մոդելը:

3.15.13 Միամիտ են նրանք՝ եվրոպասերները թե եվրոպատյացները, որոնք կարծում են, որ եվրոպական այս կարգավիճակը հավետ է եւ պայմանների անխուսափելի փոփոխությամբ՝ ստիպողաբար թե կամովին եվրոպական քաղաքական վերնախավերը չեն վերագտնելու իրենց ինքնիշխանության, հետեւաբար եւ նոր ուժային քաղաքական ճանապարհը:
Հավելում
Ի դեպ սա կանխատեսել է ոչ այլ ոք քան ընկեր Ստալինը, որն իր հետպատերազմյան ելույթներից մեկում հայտնում է այն միտքը, որ գերմանացի եւ ճապոնացի ժողովուրդները պայքարում էին հանուն իրենց անկախության (նկատի ունի հենց Երկրորդ համաշխարհայինը): Բառացի՝ «Германия поднялась и стала на ноги как великая держава через каких-либо 15-20 лет после своего поражения, вырвавшись из неволи и став на путь самостоятельного развития» (խոսքը 1930-ականների մասին է): Մի այլ տեղ նա գրում է, թե գերմանացիներն ու ռուսներն այն երկու ժողովուրդներն են, որոնք վերջին պատերազմի ժամանակ ապացուցեցին, որ պատրաստ են առավել զոհաբերությունների հանուն իրենց իդեալների: Բառացի՝ «Опыт последней войны показал, что наибольшие жертвы в этой войне понесли германский и советский народы, что эти два народа обладают наибольшими потенциями в Европе для совершения больших акций мирового значения»:
Սրանք սկանդալային հայտարարություններ են նույնիսկ այսօրվա դրությամբ, որոնք կարող էր իրեն թույլ տալ միայն ընկեր Ստալինը որպես հրապարակային առարկողներ չունեցող ըստ սահմանման: Իրոք, ստացվում է, որ գերմանական եւ ճապոնական ֆաշիզմի, միլիտարիզմի եւ այլնի դեմ ամբողջ պաթոսն ընդամենը աղմկալից շղարշ էր՝ կոչված քողարկելու կռիվն ընդդեմ անկախության ձգտման: Իրավիճակի նրբությունն, ի դեպ այն է, որ այս հայտարարություններից մեկը Ստալինն անում է գերմանացի կոմունիստներին գրված մի պաշտոնական շնորհավորական նամակում: Կարելի է միայն պատկերացնել խեղճերի բաց ու խուփ եղած աչուքները նման հայտնություններ կարդալուց՝ ստացվում է, որ իրենք եղել են հանուն անկախության պայքարած իրենց երկրի դավաճաններն ու հինգերորդ շարասյունը նույն ընկեր Ստալինի հովանավորությամբ: Այո՛՝ առողջ ցինիզմը կփրկի տափակության մեջ ընկղմված այս աշխարհը:
Բայց ընկեր Ստալինն այսքանով չի սահմանափակվում: Նա կանխատեսում է, որ գերմանացիների եւ ճապոնացիների պարտությունը ժամանակավոր է, եւ որ այդ ժողովոդրնեն անշուշտ նորից բռնելու են անկախության պայքարի ուղին: «Спрашивается, какая имеется гарантия, что Германия и Япония не поднимутся вновь на ноги, что они не попытаются вырваться из американской неволи и зажить своей самостоятельной жизнью? Я думаю, что таких гарантий нет»:
Իհարկե, Իոսիֆ Վիսարիոնովիչը մի քիչ շտապում էր՝ կարծելով, որ դա տեղի կունենա դեռ իր կյանքի օրոք: Նա նաեւ մի փոքր կեղծում էր եւ այսպես ասած՝ կուտ տալիս, փորձում էր իրեն ազատարարի դերում՝ մինչ հենց ինքը «իմպերիալիստներից» մեկն էր: Բայց պատմությունը չի սիրում շտապողականություն՝ նրա ռիթմը կոտրտված է՝ մերթ դանդաղում է կանգնելու աստիճան, մերթ գերարագություն է հավաքում: Այնպես որ շուտ է Ստալինին հեգնել որպես չկայացած մարգարե: Ավելի ճիշտ կլիներ հեգնել այն դիրքորոշումը, որը կարծում է, թե աշխարհի բարձրագույն հոգեւոր արժեքները՝ միջնադարյան ճարտարապետությունից մինչեւ դասական երաժշտություն, եւ աշխարհի մեծագույն նվաճումները կատարած եվրոպական ազգերը մնալու են հավետ խաղաղվածի, «աղոթվածի» կարգավիճակում: Այդպես կարծել, նշանակում է ոչինչ չհասկանալ եվրոպական ոգուց, չսիրել այն, մանկամտորեն մտածել, թե վերջին մի 50 տարին որեւէ քաղաքակրթության պատմության մեջ կարող են ավելին նշանակել քան նախորդ 1500-ը:
Հոգին երբեք անջատ չի նյութից ու ուժից, այլ հենց ինքը ուժն է՝ եւ նույն հոգին, որը մի ձեռքով կառուցել է գոթական տաճարներ, նկարել է Ռեմբրանդտի նկարները, գրել Բեթհովենի սիմֆոնիաները, նույն այգ հոգին է մյուս ձեռքով նվաճել եւ գաղութացրել մայրցամաքներ, ստեղծել զենքեր, վարել պատերազմներ: Դրանք տարբեր հոգիներ չեն, այլ նույն մեծության, ուժի տարբեր դրսեւորումներն են, եւ ուր չկա մի դրսեւորումը, չի լինում նաեւ՝ մյուսը: Այն պահին, երբ աշխարհաքաղաքական ժամացույցը ցույց կտա հերթական 12-ից 5 պակասը, եվրոպական նոր քաղաքականությունը կանգ չի առնելու ուժի որեւէ դրսեւորման առջեւ, իսկ այսօրը մոռացվելու է որպես ժամանակավոր մի կացություն, ստվերային մի գոյություն, ծաղրածվի մի դիմակ՝ հագած Ռուբիկոնն անցնող Հուլիոս Կեսարի կիսանդրիի վրա:


Շարունակելի

Հրանտ Տեր-Աբրահամյան

Comments